Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները. ՀՀ ՏԿԵ փոխնախարար

Քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու փորձ եղել է խորհրդային տարիներին։

«Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան։ Մենք նաև կարող ենք տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարման համար։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք այդ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,– ասել է Վարդանյանը։

ՏԿԵ փոխնախարարը շեշտել է` քանի որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, արևելյան և արևմտյան երկրների հետ սահմանների բացումը կարող է ավելի մեծ հնարավորություններ տալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դեր խաղալ Ադրբեջանից Թուրքիա, ինչպես նաև հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի արտահանման և տեղափոխման գործում։ Վարդանյանի խոսքով` ՀՀ–ն կարող է էլեկտրաէներգիա արտահանել այդ 2 երկիր։ Փոխնախարարը հավելել է` Հայաստանն ամենակարճ և արագ միջանցքն է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Վրաստանի և Իրանի համար։
Հիշեցնենք` «Մետաքսի ճանապարհ» համաժողովը մեկնարկել է այսօր և կշարունակվի նաև վաղը։

Սեպտեմբերի 20-ին զանգեցի 911 և հարցրի տարհանման մասին․ ասացին, որ այդպիսի բան չկա

Արցախում հայտնի զումբայի մարզիչ Իննա Գրիգորյանի սեպտեմբերի 19-ը սկսվել  է սովորականի պես՝ տնային մարզումներով։ Նախօրոք պլանավորած կարևոր անելիքներ կային, որ այդ օրն անկատար մնացին:

Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ կամավորությամբ էին զբաղվում․ ոտքով կամ հեծանիվով սնունդ էին առաքում կամ աշխատում պահեստում։ Իննան նրանցից մեկն էր։ Այդ չարաբաստիկ օրն էլ 5-6 ընտանիքներ ճաշի ժամին սպասում էին հերթական այցին: «Արդեն պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ լսեցի բարձր ձայներ և հայրիկիս դեմքին նայելով հասկացա, որ նորից սկսվել է․․․Զանգեցի իմ թիմակիցներին, և բոլորս որոշեցինք սպասել․․․»,-ասում է նա:

Այստեղ՝ Երևանում, իր պարային ունակություններին և սպորտային գիտելիքներին համապատասխան աշխատանք են առաջարկել ֆիթնես ակումբում: Իննայի խոսքով՝ ընտանիքի բոլոր անդամները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետք է շուտափույթ աշխատանք գտնեն: Ինչքան էլ ջերմությամբ և հոգատարությամբ են շրջապատել մեր հայրենակիցները, բայց հայրենիքի և նույնիսկ՝ շրջափակման օրերի կարոտն ուժեղ է:

«Ուտելիք գրեթե չկար, բայց մի կերպ գտնում էինք և հասցնում կարիքավորներին: Ոտքով քայլելուց ուժասպառ էինք լինում: Սկզբից այդ ամենին դժվար էր հարմարվել, բայց հետո արդեն հաճույք էինք ստանում՝ փորձելով բացասականի մեջ էլ դրական բան գտնել»,- հավելում է նա:

Շրջափակման բոլոր նեղությունները հաղթահարել են առանց նվնվալու, դիմացել առանց էլեկտրականության, գազի,  մի կտոր հացը կիսել դրացու հետ՝ հույս ունենալով, որ վերջը լավ կլինի:

Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամների հետ նկուղում էին․ «Զոհերի մասին էինք մտածում: Հեռախոսակապ և համացանց չկար, փորձում էի բոլորի հետ կապվել, գրում էին նաև դրսի հարազատներս․․․ Մեր տունը գտնվում էր Հայկավանում, իսկ թշնամին արդեն մտել էր Կրկժան  …Մարդիկ խուճապահար դուրս էին գալիս: Զանգեցի 911 ու հարցրի էվակուացիայի մասին: Ասացին, որ այդպիսի բան չկա, իսկ մեքենայում բենզին չկար: Ճշտեցինք, որ բենզին էլ չեն տրամադրելու: Ականատես եղանք գյուղերից տեղահանված ոտաբոբիկ մարդկանց: Ոչինչ չէին հասցրել վերցնել։ 2-3 օր այստեղ էինք, բակում վառարանների վրա հաց էինք պատրաստում։ Մարդիկ ահավոր վիճակում էին, նեղվածք էր, պիտի բոլորս դուրս գայինք․․․Մինչև քաղաքի կենտրոնը մեքենաները կանգնած էին՝ խցանում էր: Սարսափելին դեռ առջևում էր:

Սեպտեմբերի 25-ին երեկոյան ժամերգության ժամանակ ուժեղ պայթյուններ լսվեցին: Կարծեցինք՝ կայծակի ձայներ են: Սոցցանցերից իմանալով վառելիքի բաքի պայթյունի մասին, վազեցինք հիվանդանոց: Այդ օրն առաջին անգամ ասացի, որ հայտնվել եմ դժոխքում․․․»: Բժիշկների մի մասն արդեն հեռացել էր քաղաքից և հիվանդանոցում կամավորների խիստ կարիք կար: Դեղորայք նույնպես առկա չէր՝ նույնիսկ պանտենոլ դժվար էին գտնում: Պետք էր անջատել զգացումները և գործել սառը ուղեղով»,-այդ օրերին կանգուն մնալու մասին պատմում է Իննան:

Կամավորները թեթևություն զգացին միայն այն ժամանակ, երբ իմացան, որ ուղղաթիռները ժամանում են: «Միշտ ասել եմ՝ ինչ ուզում է լինի, միայն թե ստիպված չլինենք կորցնել մեր հայրենիքը, այստեղից հեռանալ․․․»,-խոստովանում է նա:

Սեպտեմբերի 25-ին վերջին անգամ մենակ  է մտել տուն և չի հասցրել վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը: Ըստ սովորության դուռը կողպել է, բանալին վերցրել և մեքենայի կողային ապակիով երկար նայել հեռվում մնացող տանը:

Այդտեղ արդեն առաջին անգամ ազատություն է տվել արցունքներին: Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին՝ վերջին ալյուրով թխած կարկանդակները ձեռքին: Մեքենան ինքն էր վարում և ստիպված էր «Արցախ» մակագրությամբ եկեղեցու պատկերով գեղեցիկ դիզայներական պիտակը պոկել, որպեսզի վտանգի տակ չդնի իր ընտանիքի անդամներին:

«Սահմանն անցնելու պես կորավ մտերիմներիս համար անհանգստությունը, բայց իսկույն եկավ կորստի, ցավի զգացողությունը: Այն, որ հայրենիքը մնացել է հետևում: Ինձ հույս է տալիս մի բան, որ բոլոր արցախցիներն այստեղ են»,- խոստովանում է Իննան:

Տաթև Ազիզյան

Տարբեր ժամանակների փախստականներ, բայց խնդիրներն ու մտքերը նույնն են՝ բնակարան, աշխատանք, կարգավիճակ, տուն, վերադարձի հույս

Տիկին Արինայի ընտանիքը 44-օրյա պատերազմի արդյունքում արտաքսվել է Հադրութի շրջանից։ 5 երեխաներից և մեկ տասնյակից ավելի թոռներից բաղկացած ընտանիքը, կորցնելով ամեն ինչ, սկսեց Հայաստանում գոյատևելու հնարավորություններ փնտրել։ Երեխաներից ոմանք ընտանիքներով վերադարձել են Ստեփանակերտ 2020 թվականին, իսկ մնացածները մնացել են Հայաստանում՝ ծնողների մոտ։

Ըստ Տիկին Արինայի՝ դժվար էր, բայց աստիճանաբար կյանքը սկսեց կարգավորվել. նրանք աշխատանք գտան և սկսեցին փոքր բիզնես՝ պատրաստելով ղարաբաղյան խոհանոցի հիմնական ուտեստը՝ «Ժենգյալով հացը»։

Կինը խոստովանում է, որ զարմացել է, թե ինչպես են Հայաստանի բնակիչները հավանել ժենգյալով հացը և ինչ հաճույքով են դրանք գնում։ «Ժենգյալով հացն օգնեց ոչ միայն մեր ընտանիքին ոտքի կանգնել, այլ նաև մյուս ընտանիքներին, ովքեր որոշել էին նման բիզնես սկսել»:

Նրա խոսքով, այն գնում են նաև ղարաբաղցիները, որոնք միշտ պահանջում են, որ թվարկեն միջուկի մեջ դրված կանաչեղենի բոլոր տեսակները։ Օրինակ՝ հադրութցիները հացի մեջ կնձմնձուկ են ուզում, մարտունեցիները՝ պառավի պորտ կամ ճռճռոկ, իսկ մարտակերտցիներն առնում ու հաճույքով ուտում են, բայց ափսոսում են, որ ամեն տեսակ կանաչեղեն չէ, որ ուտեստի մեջ կա։ Ցավոք, ժենգյալով հացի համար անհրաժեշտ կանաչի 20 տեսակներից ոչ բոլորն են աճում Հայաստանում։ Միայն կեսը կարելի է գտնել:

2023 թվականի սեպտեմբերին ամբողջ Արցախը տեղահանվեց։ Հարազատներն ու ընկերները կրկին հանդիպել են Հայաստանում։ Տիկին Արինան ասում է, որ 2020 թվականին արտաքսվածներին անվանում են «առաջին փուլի փախստականներ», իսկ 2023 թվականին արտաքսվածներին՝ «նոր փախստականներ»։ «Բոլորն էլ նույն խնդիրներն ունեն՝ բնակարան, աշխատանք, կարգավիճակ: Մտքերը նույնն են՝ տուն, Հայրենիք, վերադարձի հույս։ Բայց իմ սեփական փորձից գիտեմ, որ արցախցին գոյատևելու և ապրելու համար պետք է լինի համբերատար, աշխատասեր և զուսպ ամեն ինչում»:

Ալվարդ Գրիգորյան

Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, ներկայում չի դիտարկվում․ ՌԴ փոխվարչապետ

Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, ներկայում չի դիտարկվում Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում են ռուսական զլմ-ները։

«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ, մինչ այժմ նրանք վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող մայրուղու շինարարությունը և հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման վերաբերյալ։

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է ՀՀ հարավով անցնող ճանապարհից:

«Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու երկարությունը, ըստ հաշվարկների, կկազմի 42 կմ, իսկ Իրանի տարածքով՝ մոտ 50 կմ։ Սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ», ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական. Արդարադատության նախարար

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց  ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հետևյալ անձանց.

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,

3) այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

«Բոլորիս հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ի ողջ բնակչությունն իրենց կամքին հակառակ բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում։ Միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար բնակիչ։ Բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների և Ադրբեջանի Հանրապետության հայատյաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու պատճառով։  Փաստացի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր»,-ասաց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և դրանով իրենց իրավունքների ու պարտականությունների շրջանակը։

«Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,-եզրափակեց նախարարը։

 

ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ու  Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության  պաշտպանության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ հոկտեմբերի 26-ին Մատենադարանում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այս թեման այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից էր, որի մասին մենք շարունակելու ենք խոսել այցի օրերի շրջանակներում։ Պետք է փորձենք գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, և թե դրանով իսկ կօգնեն բարձրացնել նաև պաշտպանվածությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը՝ կարևորագույն խնդիրներից համարելով  ԼՂ-ում մշակութային ժառանգության վտանգվածության հարցը։

Նա ընդգծեց, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում միջազգային առաքելություն ուղարկել, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում, և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո։

«Հինգ հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ տարածքում, և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-շեշտեց Անդրեասյանը՝ կարևորելով նաև վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության խնդրի լուծումը։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը, անդրադառնալով թեմային, իրազեկեց, որ ԼՂ-ում մշակութային ժառանգության հարցով  իրենց կողմից պաշտոնական հայց է ներկայացվել  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա թույլտվություն ձեռք բերել՝ այցելելու այդ տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են։

«Այդպիսով մենք կկարողանանք նույնականացնել և պատկերացում կկազմենք եղածի մասին։ Մեր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ ԱԼԻՖ-ը կարողացել է  արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան  այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել»,-մանրամասնեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ մինչ այժմ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր, մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է․մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,-նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ-ի դեմ

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել  Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը  խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը՝ ափսոսանք հայտնելով մարդասիրական հետևանքների վերաբերյալ  և Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ԼՂ  բոլոր ներկայացուցիչներին։

2023թ. հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը

2023թ. հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ նախկինում ՌԴ քաղաքացու հետ 3 տարվա գրանցված ամուսնությունը հիմք էր պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության ձեռք բերման համար, նոր օրենքով՝ գրանցված ամուսնությունից բացի պետք է ունենալ ընդհանուր երեխա(ներ) ՌԴ քաղաքացու հետ: ՌԴ քաղաքացի երեխաներ ունեցողները (հանվել է տարիքային ցենզը, նախկինում միայն չափահաս երեխա ունեցողները կարող էին) կարող են դիմել ՌԴ քաղաքացիության ձեռք բերման համար, բայց այս հիմքով այլևս ուղիղ քաղաքացիություն չի տրվի, այլ կտրվի սկզբում կացություն (ВНЖ), հետո նոր՝ քաղաքացիություն:

Ռուսաց լեզվի կրողները, քննություն հանձնելուց և սերտիֆիկատ ստանալուց հետո կարող են ստանալ միայն կացություն (ВНЖ): Քաղաքացիություն ձեռք բերելու համար, բացի ռուսաց լեզվից, պետք է քննություններ հանձնել նաև Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից:

Հանվել է ներդրումների և ձեռնարկատիրության համար պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:

Ըստ փորձագետի՝ ավելացել են քաղաքացիությունից զրկելու հիմքերը։ «Արդեն եղած հիմքերը կպահպանվեն, ինչպես օրինակ՝ կեղծ տեղեկության (օրինակ՝ քաղաքացիության դիմումի մեջ չի նշել իր եղբոր անունը) կամ կեղծ փաստաթղթերի միջոցով քաղաքացիության ձեռք բերման, պետության անվտանգությանը սպառնալիք հանդիսանալը և այլն: Այժմ քաղաքացիությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր կմեղադրվեն հետևյալ հանցագործությունների մեջ՝ բանդիտիզմ, զինված ուժերի վարկաբեկում, մասսայական անկարգությունների կազմակերպում, դավաճանություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Եթե կեղծ փաստաթղթերով քաղաքացիություն ձեռք բերելու համար կա վաղեմության ժամկետ՝ 10 տարի, ապա նոր ավելացած հիմքերի պարագայում նշանակություն չունի, թե երբ են կատարվել այդ հանցագործությունները՝ այսօր, երեկ, թե 25 տարի առաջ»,-նշեց Տաթևիկ Բեժանյանը՝ տեղեկացնելով, որ համաձայն նոր օրենքի՝ նախագահը պահպանում է միայն բացառիկ հիմունքներով քաղաքացիություն շնորհելու իրավասությունն այն անձանց, ովքեր Ռուսաստանին մատուցել են բացառիկ ծառայություններ  կամ հետաքրքրություն են ներկայացնում իրենց մասնագիտության, որակավորման կամ այլ պատճառներով: (Նախկին օրենքի համաձայն՝ նախագահին էր վերապահված քաղաքացիության շնորհման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքացիության շնորհում ընդհանուր ձևով): Մնացած դեպքերում քաղաքացիության հարցերը կորոշեն ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները։  Հայտերի քննարկման ժամկետը կրճատվել է մեկ տարուց մինչև երեք ամիս:

«Միաժամանակ պետության ղեկավարը նոր լիազորություն է ձեռք բերել. նախագահը կսահմանի այն անձանց կատեգորիաները, ովքեր իրավունք կունենան պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու: Դրա համար բավարար կլինի նախագահի հրամանագիրը, օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում արագ կհամալրվի նման անձանց ցանկը, իսկ չափանիշները կարող են լինել ցանկացած տեսակի՝ սկսած տվյալ տարածքում անձի բնակությունից մինչև կոնկրետ մասնագիտություն ունենալը»,-հավելեց Տաթևիկ Բեժանյանը։

Փաշինյանը խոստովանեց, որ չգիտի, թե ուր է տանում հայկական նավակը. Ուրեմն ո՞րն է Արցախից հրաժարվելու պատճառը

Տարածաշրջանային կարգավորման հարցում դադար է՝ կապված իսրայելա-պաղեստինյան պատերազմի և դրա արդյունքների անորոշության հետ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում ու Ուկրաինանում, մեծապես կախված է մերձավորարևելյան կարգավորման վեկտորից։

Ալիեւը բացահայտորեն մերժում է Եվրոպայի առաջարկած կարգավորումը՝ առաջ քաշելով կա՛մ ռուսական, կա՛մ վրացական հարթակը, կա՛մ 3+3։ Ալիեւը չի ստորագրում եվրոպական հարթակում առաջարկվող փաստաթուղթը, թեեւ կարծես թե այն պարունակում է այն ամենը, ինչ նա պահանջում էր նախկինում։ Սա նշանակում է, որ ծրագրերը փոխվել են, և այժմ Ալիևն ու Էրդողանը՝ Պուտինի, Նեթանյահուի և մյուսների հետ համատեղ ցանկանում են ոչ միայն գրավել Հայաստանը, այլև պառակտել Իրանը։

Ըստ ամենայնի, Թեհրանի 3+3 հանդիպումը հապճեպ հրավիրվել է հենց Իրանի կողմից՝ հյուսիսային և արևմտյան հարևաններից հավաստիացումներ ստանալու համար, որ նրանք չեն օգտվի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից և չեն ներխուժի Իրան։ Հնարավոր է, որ Իրանը նման հավաստիացումներ ստացել է, բայց որքա՞ն արժեն Պուտինի ու Ալիեւի խոստումները։ Եւ արդյո՞ք դրանք դարձյալ Հայաստանի հաշվի՞ն են լինելու։

Այս պայմաններում Հայաստանն իր չկողմնորոշված ​​կառավարությունով թղթե նավակի պես լողում է աշխարհաքաղաքական փոթորկոտ ծովում՝ ամեն րոպե շրջվելու վտանգով։ Հայաստանի իշխանությունը մերթ դեմ է Ռուսաստանին, մերթ Ռուսաստանի կողմ է, մերթ կողմ է տարածաշրջանային համագործակցությանը դեսպոտիաների հետ, իսկ երբեմն դեմոկրատիայի ու եվրոպական փողերի կողմնակից է:

Նիկոլ Փաշինյանը երեկ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում փաստացի խոստովանեց, որ չգիտի, թե ուր է տանում Հայաստանը։

«Ես հենց այս տրամաբանությունն եմ առաջ քաշում. մենք պետք է աշխատենք առաջին հերթին մեր տարածաշրջանում հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Սա շատ կարևոր կետ է, և, անկեղծ ասած, ես այս հարցի պատասխանը չունեմ, և աշխատում եմ այս հարցի պատասխանը գտնել Հայաստանի մասով կամ այն ​​առումով, թե ինչ կարող է անել Հայաստանը: Շատ կարևոր է, թե որքանով կարող ենք ձևակերպել տարածաշրջանային շահերը։ Բանն այն չէ, որ մենք խնդիր ենք դրել, բայց չենք կարողանում լուծել, նույնիսկ խնդիր չենք ձեւակերպել ինչպես հարկն է, այն նույնիսկ անուն չունի։ Հիմա կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք այս խնդիրը և փորձենք այս վերնագրի ներքո բովանդակություն ստեղծել։ Չեմ կարող ասել, թե ինչ բովանդակություն կլինի և ինչ պետք է լինի, քանի որ դա կարող է լինել միայն համագործակցության, իսկ որոշ դեպքերում՝ համատեղ աշխատանքի արդյունք։ Ես չեմ կարող պարծենալ, որ մենք այդ աշխատանքը բավականաչափ իրականացնում ենք տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը չի էլ ձևակերպել տեսլականը, թեև Փաշինյանն ասել է՝ «մենք գիտենք՝ ինչ ենք անում»։ Իսկ եթե 2020-ի պատերազմը, Եռակողմ համաձայնագիրը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնալը,  Արցախն «Ադրբեջանի մաս» ճանաչելը և Արցախի շրջափակման, օկուպացիայի և տեղահանման նկատմամբ անտարբերությունը մաս չեն կազմել ինչ-որ ընդհանուր տեսլականի, հայեցակարգ, ուրեմն, ինքնաբուխ քայլե՞ր են:

Ի՞նչն է այդ դեպքում թելադրել նման ճակատագրական քայլեր: Վախը, թուլությունը, կառավարելու անկարողությունը, «հատուկ» վերաբերմունքը Արցախի նկատմամբ, թե՞ դավադրությունը, հրահանգները Մոսկվայից, Բաքվից, Անկարայից։

Փաշինյանն արցախցիների ապագայի մասին․ շատ բան կախված կլինի, թե ինչ կառաջարկի Բաքուն

Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ի՞նչ ապագա է սպասում այն 100 հազար անձանց, որոնք ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը:

«Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:

Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի:

Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել. «Առաջինը՝ ինչքանո՞վ իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»:

Դանդաղ գործողության ական Հայաստանի և Արցախի իշխանությունների տակ

Աշխատավարձերի, ծերության կենսաթոշակների, պահեստազորի զինծառայողների կենսաթոշակների, երեխայի նպաստների, հաշմանդամության նպաստների և այլ վճարումների հարցը դանդաղ գործողության ական է դառնում Արցախի և Հայաստանի իշխանությունների տակ։

Կարելի է ամբողջությամբ մոռանալ Արցախի իշխանությունների մասին, քանի որ այդ մարդիկ չեն ծառայել սեփական ժողովրդին, անգամ Ստեփանակերտում նստած իրենց պաշտոնական աթոռներին։ Հայաստանի իշխանությունների պարագայում իրավիճակն այլ է։

Մենք արդեն գրել ենք, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է ապաստանի հայցերի քննարկման պատասխանատվությունը։ Բայց, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները շարունակում են փախստականների խնդիրը ցրելու 30-ամյա «ավանդույթը»։ Նկատի ունենալով Ռուսաստանի շահերը առաջ տանելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ կարելի է ենթադրել, որ հենց Ռուսաստանը թույլ չի տալիս մեր վայ-ղեկավարներին երկրում փախստականների խնդիրներով զբաղվող պետական ​​մարմին ստեղծել, էլ չեմ խոսում պետական ​​ռազմավարության մասին, որը կզբաղվի 35 տարվա ընթացքում ՝ սկսած Սումգայիթից Հայաստանում ապաստան գտած փախստականների խնդիրներով։

Բառացիորեն ամեն ինչ կորցրած մարդկանց օգնելու միջոցներ վճարելուց հրաժարվելը կհանգեցնի Հայաստանից ներգաղթյալների արտահոսքի։ Եվ որքան էլ իշխանություններն իրենց հայրենակիցներին քնքշորեն «եղբայրներ և քույրեր» անվանեն, ֆինանսատնտեսական դժվարությունները կանեն իրենց սեւ գործը։

Փախստականների խնդիրների նկատմամբ Հայաստանի իշխանության «անտարբերությանը» զուգահեռ (չնայած բռնի տեղահանվածներին համառորեն փախստական ​​չեն անվանում և կարգավիճակի հարցը չի քննարկվում), Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են ասում, որ Ադրբեջանը պետք է ապահովի Արցախի բնակիչների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր։ Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ կարգավիճակով պետք է մարդիկ վերադառնան իրենց տները։

Անիմաստ է խոսել Ադրբեջանի կողմից ինչ-որ երաշխիքների մասին, գոնե արցախահայության համար։ «Խաղաղապահների» երաշխիքների մասին խոսելը նույնպես կասկածելի է, քանի որ հստակություն չկա, թե որ խաղաղապահները կարող են ադրբեջանական հրոսակներին զերծ պահել խաղաղ բնակչության սպանությունից, բռնաբարությունից և խոշտանգելուց։ Այս մասին մեկ անգամ չէ, որ Արևմուտքին զգուշացրել են Արցախի Հադրութի և Շուշայի շրջանների բռնի տեղահանված բնակիչները, ովքեր լքել են իրենց բնակավայրերը բռնի մահից խուսափելու համար։

Այնուամենայնիվ, Արևմուտքը լուրջ չընդունեց 3 տարի առաջ տեղահանվածների հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հայտարարությունները։ Թերևս 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները՝ պատերազմն ու զանգվածային գաղթը-Արցախի էթնիկ զտումները, փոխեն Արևմուտքի մոտեցումները։ Թեև, դատելով Շառլ Միշելի և Տոյվո Կլաարի հայտարարություններից, Արևմուտքը դեռ դիտարկում է արցախահայության կյանքը Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Ըստ երևույթին, Ադրբեջանի կողմից համաշխարհային հանրությունով և միջազգային իրավունքով բազմաթիվ մանիպուլյացիաները, այս ահաբեկչական, բացահայտ ֆաշիստական ​​միավորման կողմից իր պարտավորությունների չկատարելը “չեն համոզում” Արևմուտքին, բացառությամբ Ֆրանսիայի և Գերմանիայի:

Արցախ հայերի վերադարձի մասին խոսակցությունները, Ադրբեջանի «խոհեմության» հույսերը և ցեղասպանությունից փախած մարդկանց ճակատագրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների չեզոք ու անտարբեր վերաբերմունքը տանում է մեր մոլորակի ապագայի մասին տխուր մտքերի։ Ըստ երևույթին, տնտեսական շահերը գերազանցում են մարդու իրավունքների, ուժի չկիրառման և ուժի միջոցով խնդիրները լուծելու բոլոր սկզբունքները։ Մարդկային կյանքը մեր ժամանակներում դարձել է պետությունների հարաբերություններում ամենաէժան ապրանքը, որն ավելի շատ հիշեցնում է առևտրային գործարքները։

Մարգարիտա Քարամյան

Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Արցախի բնակիչներին տրամադրել «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ, ինչպես նաև դիտարկում է կենսաթոշակների վճարման տարբերակները։