Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Analyticon

Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ հեռուստադիտողին պատմեր այդ արյունալի հակամարտության մասին։  Այդ տեքստի վրա աշխատելիս հասկացա, թե որքան դժվար է գրել «ուրիշների» հակամարտությունների մասին։ Մենք սովոր ենք, որ յուրաքանչյուր հակամարտության մեջ պետք է գտնենք մի կողմ, որը մեր տեսակետից ճիշտ է, և այդ կողմին աջակցենք։ Սակայն, եթե փորձում ես առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ և բարոյականությամբ, հասկանում ես, որ յուրաքանչյուր հակամարտություն շատ բարդ էթիկական հարցեր է բարձրացնում։ Հոկտեմբերի 7-ից սկսված ողբերգական իրադարձությունները ևս բարդ էթիկական հարցեր են բարձրացնում մեր առջև։  Ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ, ո՞րն է արդարությունը, ու՞մ աջակցել, ու՞մ դատապարտել։

Մի բան ակնհայտ է, որ այս մղձավանջի պատճառով տուժում են անմեղ մարդիկ։ Համասի հարձակման առաջին օրերի ընթացքում սպանվել, գերեվարվել, ահավոր տառապանքների և բռնության են ենթարկվել հազարավոր իսրայելցիներ։ Ամենազանգվածային կոտորածի վայրերից մեկը դարձավ էլեկտրոնային երաժշտության փառատոնը, որն անցկացվում էր Գազայի հատվածի սահմաններից ոչ հեռու, որտեղ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին հարյուրավոր երիտասարդներ։ Համասի կողմնակիցները սպանում և գերավարում էին երեխաների, իսկ գերեվարված կանանց սեռական բռնության ենթարկում։ Այդ դաժանությունները ցույց տվող տեսանյութերը տարածվում էին համացանցով՝ ընկճող ազդեցություն ունենալով ցանկացած մարդու վրա, ով դրանք դիտում է։ Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգում այդ տեսանյութերը տեսնելիս զոհերի և պատանդների հարազատները։

Իսրայելի զինված ուժերի պատասխանը ոչ պակաս զարհուրելի էր։ Գազայի հատվածի ռմբակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ, հիմնականում քաղաքացիական բնակչություն՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Խաղաղ մարդկանց դիակները, վիրավոր երեխաներին պատկերող տեսանյութերը ևս տարածվեցին ամբողջ աշխարհով։ Բացի այդ, Իսրայելը դադարեցրեց էլեկտրականության և ջրի մատակարարումը դեպի Գազա։ Ընդ որում, Գազայի բնակիչները փախչելու տեղ չունեն։ Գազայի հատվածը շատ խիտ բնակեցված, ընդամենը 365 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք է (համեմատության համար՝ Երևանի տարածքը 225 քառակուսի կիլոմետր է), որտեղ ապրում է երկուսուկես միլիոն մարդ։ Նրանք սովոր են ապրել մասնակի շրջափակման պայմաններում, որն այսօր դարձավ գրեթե ամբողջական։ Այնտեղից կա ընդամենը սահմանային անցակետ, մեկը՝ դեպի Իսրայել և մյուսը՝ դեպի Եգիպտոս։ Պարզ է, որ դեպի Իսրայել հեռանալու մասին խոսք չկա, իսկ Եգիպտոսի իշխանությունները թույլ տվեցին Գազայի բնակիչների մի փոքր մասին միայն դուրս գալ Գազայից։ Եթե Իսրայելը սկսի ցամաքային ռազմական գործողություն, ինչի մասին հայտարարում է Նեթանյահուի կառավարությունը, քաղաքացիական բնակչության համար դա կնշանակի էլ ավելի դաժան կոտորած։

Ակնհայտ է, որ այս պատերազմը սկսեց Համասը։ Անձամբ ինձ համար կրոնական ծայրահեղականությունը, թերևս, ամենաարգահատելի գաղափարախոսությունն է, առավել ևս, երբ այն ուղեկցվում է բռնությամբ (իսկ այն գրեթե միշտ ուղեկցվում է բռնությամբ)։ Սակայն, տեղի ունեցողի մասին անհնար է խոսել առանց պատմական համատեքստը հաշվի առնելու, մասնավորապես՝ առանց հաշվի առնելու Պաղեստինի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող զանգվածային բռնությունները և հայրենազրկումը։

Հակամարտության արմատները տանում են դեպի 20-րդ դարի առաջին կես, երբ հրեա ներգաղթյալները տեղափոխվում են Պաղեստին, հիմնականում Եվրոպայից։ Այս ժամանակաշրջանում Եվրոպայում ապրող հրեաներն իրենց վտանգված էին զգում՝ ահագնացող հակասեմիտիզմի պատճառով։ Նրանց շրջանում առաջացավ այսպես կոչված սիոնիստական շարժումը։ Ըստ դրա կողմնակիցների, հակասեմիտիզմից փրկվելու համար հրեաները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք՝ Պաղեստին, որտեղից արտաքսվել էին գրեթե երկու հազար տարի առաջ, և այնտեղ ստեղծեին իրենց պետությունը։ Սակայն, խնդիրն այն էր, որ Պաղեստինի տարածքում, որը գտնվում էր Բրիտանիայի տիրապետության տակ, ապրում էին պաղեստինցի արաբները։  Երբ Մեծ Բրիտանիան հրաժարվեց Պաղեստինի հանդեպ վերահսկողությունից, բախումն անխուսափելի դարձավ։ 1947 թվականին ՄԱԿ-ը որոշում ընդունեց Պաղեստինի ապագայի վերաբերյալ, ըստ որի այնտեղ պետք է ստեղծվեին երկու պետություններ՝ հրեական և արաբական։ Հրեաները ողջունեցին այդ որոշումը և հռչակեցին Իսրայել պետությունը։ Սակայն, արաբները գտնում էին, որ նրանք ամենևին պարտավոր չեն իրենց հայրենի հողը կիսել ներգաղթյալների հետ և հրաժարվեցին ընդունել այդ որոշումը։ 1948-1949 թվականներին տեղի ունեցավ առաջին արաբա-իսրայելական պատերազմը, որն ավարտվեց արաբների պարտությամբ։ Իսրայելցիները ոչ միայն ապահովեցին իրենց վերահսկողությունն այն տարածքում, որը պետք է մտներ Իսրայել պետության մեջ ըստ ՄԱԿ-ի առաջարկի,  այլև գրավեցին տարածքներ, որոնք պետք է մտնեին Պաղեստինի պետության կազմի մեջ, Պաղեստինի մնացած տարածքներն օկուպացրին Եգիպտոսը և Հորդանանը։ Հարյուր հազարավոր արաբներ ստիպված էին թողնել իրենց բնակավայրերը։ Այս իրադարձությունները պաղեստինցիներն անվանում են «Նաքբա»՝ այսինքն «աղետ»։ Այս իրադարձություններից ի վեր պատերազմները և բախումները շարունակվում են մինչ օրս։

Այսօրվա ողբերգության պատճառները հասկանալու համար, թերևս, պետք է վերհիշել ևս մի իրադարձություն՝ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը։ 1990-ականներին հույս էր առաջացել, որ կոնֆլիկտը կարող է լուծվել։ ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի կառավարությունը և պաղեստինցիներին ներկայացնող Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությունը /ՊԱԿ/ կնքեցին այսպես կոչված Օսլոյի համաձայնագիրը։ Փոխզիջման էությունն այսպես կոչված «երկու պետությունների լուծումն էր» (“two states solution»): Պաղեստինցիները պատրաստ էին ճանաչել Իսրայել պետությունը, իսկ Իսրայելն՝ իր հերթին համաձայնվեց սկսել գործընթաց, որի արդյունքում Պաղեստինը պետք է դառնար անկախ պետություն։ Որպես այդ գործընթացի առաջին փուլ ստեղծվում էր Պաղեստինի ինքնավարությունը։ Ինքնավարության ղեկավար դարձավ ՊԱԿ ղեկավար Յասեր Արաֆաթը։ Իսրայելը Արաֆաթին երկար տարիներ համարում էր ահաբեկիչ, իսկ Ռաբինը իսրայելցի գեներալ էր ու ատելի կերպար՝ արաբների համար։ Սակայն այդ երկուսը կարողացան հաղթահարել իրենց տարբերությունները և գտնել փոխզիջում, որից դժգոհ էին բոլորը, սակայն այն կարող էր դառնալ հիմք՝ խաղաղ գոյակցության համար։

Թվում էր, թե գտնված է խաղաղության բանալին։ Սակայն 1995 թ.-ին Իցհակ Ռաբինը սպանվեց իսրայելցի ծայրահեղականի ձեռքով։ Ռաբինի սպանությունը դաժան դաս եղավ Իսրայելի քաղաքական էլիտաների համար։ Նրանք հասկացան, որ պաղեստինցիների հետ խաղաղությունը կարող է շատ թանկ նստել իրենց վրա։ Արդյունքում, տարիների ընթացքում Իսրայելի քաղաքական դաշտում ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում այն արմատական մոտեցումը, որ պաղեստինցիների հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով։ Թեև տեսականորեն Իսրայելը շարունակում է ընդունել «երկու պետությունների լուծումը» որպես կոնֆլիկտի լուծման հիմք, սակայն գործնականում վարում է միանգամայն այլ քաղաքականություն։ Այս գծի վառ ներկայացուցիչ է ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը, որը հենվում է ազգայնական և կրոնական ծայրահեղականների վրա։

Նեթանյահուն աջ ազգայնական պոպուլիստ է։ Ազգայնական դեմագոգիան և կասկածելի դաշինքները Նեթանյահուին թույլ են տալիս տարիներով պահել իշխանությունը։ Նա ավելի երկար է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, քան Իսրայելի ցանկացած այլ ղեկավար (1996-1999, 2009-2021, 2022-ից մինչ օրս): Նեթանյահուի հաջողության գաղտնիքը այսպես կոչված օրթոդոքս հրեաների շահերը ներկայացնող կուսակցությունների աջակցությունն է։ Դրա շնորհիվ Նեթանյահուին հաջողվում է գրեթե ամեն ընտրությունից հետո կազմել կառավարող կոալիցիա, իհարկե, քաղաքական զիջումների գնով։ Արդյունքում Իսրայելը գնալով ավելի է շեղվում դեպի ծայրահեղ պահպանողականություն և ազգայնականություն։ Իսրայելի աշխարհիկ բնակիչներից շատերը բացասական են տրամադրված Նեթանյահուի հանդեպ, ում մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Դատական գործերից խուսափելու համար Նեթանյահուն ձեռնարկեց դատական ռեֆորմ, որի արդյունքում Իսրայելի Բարձրագույն դատարանը պետք է ենթարկվի կառավարությանը։ Այս քայլն առաջացրեց հզոր բողոքի շարժում, որի արդյունքում Իսրայելի հասարակությունը խիստ բևեռացվեց։ Նեթանյահուի անպատասխանատու քաղաքականությունը դարձավ պատճառներից մեկը, թե ինչու Իսրայելի բանակը և պետական համակարգը այդքան անպատրաստ գտնվեցին վերջին իրադարձություններին։

Իսրայելի քաղաքականության կոշտացումը նպաստեց Պաղեստինում կրոնական ծայրահեղականների հզորացմանը։ Արաֆաթի ՖԱԹՀ կուսակցությունն աշխարհիկ ուժ էր, որը ձգտում էր Պաղեստինում ստեղծել աշխարհիկ պետություն։ Սակայն, Իսրայելի հետ բանակցությունների տապալումը, ինչպես նաև ՖԱԹՀ-ի պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան բերեցին նրան, որ թափ հավաքեցին կրոնական ծայրահեղական շարժումները, մասնավորապես՝ Համաս շարժումը, որը «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության պաղեստինյան ճյուղն է։ 2006 թվականին Համասը հաղթեց Պաղեստինի ընտրություններում, սական ՖԱԹՀ-ը չցանկացավ զիջել իշխանությունը։ Փորձ արվեց ստեղծել ազգային միասնության կառավարություն, բայց ՖԱԹՀ-ի և Համասի միջև հարաբերություններն այնքան սրվեցին, որ 2007 թվականին գործը հասավ քաղաքացիական բախումների։ Արդյունքում Պաղեստինի մեծ մասում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, ՖԱԹՀ-ը այսօր էլ պահպանում է իշխանությունը։ Սակայն, Գազայի հատվածում Համասը զենքով գրավեց իշխանությունը։ 2007 թվականից ի վեր Գազայում ընտրություններ չեն կայացել։

Գազայի հատվածը շրջափակման տակ է՝ Իսրայելի կողմից, ինչի հետևանքով այդ տարածքի բնակիչների մեծ մասը դատապարտված են աղքատության և կենցաղային դժվարությունների։ Միևնույն ժամանակ, շրջափակումը, ինչպես պարզվեց, չի խանգարում Համասին զինվել․ զենքը և զինամթերքը բերվում են ստորգետնյա թունելների համակարգով։ Համարվում է, որ այդ զինամթերքի զգալի մասը տրամադրում է Համասի դաշնակից և Իսրայելի հակառակորդ Իրանը։ Համասը չունի նաև ֆինանսավորման խնդիր․ նրան աջակցում են արաբական շատ երկրներ, մասնավորապես՝ Քաթարը, որը համարվում է «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության համաշխարհային կենտրոն։ Բացի այդ, Պաղեստինը, այդ թվում Գազայի հատվածը, ստանում են արևմտյան ֆինանսական օգնություն, որի ծախսման արդյունավետության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։ Եվս մեկ հանգամանք, որը, կարծում եմ, կարևոր է նշել։ Համասի բարձրագույն ղեկավարները, մասնավորապես՝ Իսմայիլ Հանիյեն և Խալեդ Մեշալը, վաղուց արդեն բնակվում են անվտանգ Քաթարում, և այնտեղից հետևում են, թե ինչպես է Իսրայելի բանակը Գազայի հատվածում ոչնչացնում իրենց հայրենակիցներին, այդ թվում՝ իրենց մոտ ազգականներին։

Եվ, ուրեմն, փաստորեն ի՞նչ իրավիճակ ունենք Մերձավոր Արևելքում։ Մի կողմից, Իսրայելի ծայրահեղական կառավարություն, որը փաստորեն ժխտում է պաղեստինցիների իրավունքը՝ ունենալ իրենց պետությունը և ազատ ապրել իրենց հողում, կառավարություն, որի գոյատևումը պայմանավորված է ծայրահեղ ազգայնականների և կրոնական մոլեռանդների աջակցությամբ։ Մյուս կողմից՝ ծայրահեղական իսլամիստական շարժում, որը պատրաստ չէ որևէ փոխզիջման, փոխարենը պատրաստ է զոհաբերել ոչ միայն հակառակորդի, այլև սեփական ժողովրդի ներկայացուցիչների հազարավոր կյանքեր։ Եվ միլիոնավոր խաղաղ մարդիկ, որոնք դարձել են երկու կողմերի ծայրահեղականների պատանդ՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Ավելին, ծայրահեղականության հետ միահյուսված են կոռուպցիան և ժողովրդավարության պակասը։

Ի՞նչ կարող ենք ասել այս պարագայում։ Միայն մաղթել, որ Աստված գթա իսրայլելցիներին ու արաբներին և թույլ տա ազատվել նման առաջնորդներից։ Գուցե այդ ժամանակ դադարեն զոհվել անմեղ մարդիկ, և Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղություն։ Եվ, իհարկե, նույնն էլ մաղթենք մեզ և մեր հարևաններին։

 

Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

«Մտածում էի՝ նկուղից դուրս գամ ողջ մարդ չեմ տեսնելու, ահավոր էր, կյանքում չեմ մոռանա այդ օրը»

Forrights

«Ահավոր էր, կյանքում չեմ մոռանա»,-արցախցի Անուշ Ավետիսյանը չի մոռանա այն դաժանությունները, որ սկսվել են սեպտեմբերի  19-ին և դեռ վերջ չունեն։

Ժամկետային զինծառայողի մայր ու կամավորականի կին է Անուշը։ Ասում է՝ ադրբեջանական հրթիռակոծությունները հենց սկսվեցին միայն երկու ուղղությամբ սկսեցի մտածել՝ Մարտակերտի ու Մարտունու․ այս հատվածի դիրքերն էին պաշտպանում տղան ու ամուսինը։

«Կամոն (ամուսինը) Մարտունիի պոստերում էր, այնտեղ շատ վտանգավոր էր, Արմանն (որդին) էլ Մարտակերտում էր՝ զինվոր էր, 18 տարեկան, վտանգավոր էր։ Ոնց որ խելագարված լինեինք, որ պատերազմը սկսվեց։ Այնքան էին կրակում, որ մտածում էի՝ նկուղից դուրս գամ էլ սաղ մարդ չեմ տեսնի, ասում էի՝ ավելի լավ է մենք էլ նկուղում մեռնենք, որ չիմանամ, թե դրսում ինչ է կատարվում»,-պատմում է սարսափի միջով անցած կինը։

Սեպտեմբերի 20-ին, երբ հայտարարվել է հրադադարի մասին, կանայք, երեխաները և տարեցները դուրս են եկել նկուղներից ու փորձել դիրքերում գտնվող իրենց հարազատների մասին տեղեկություններ ճշտել։ Տիկին Անուշն ասում է՝ հրադադար կար, բայց միայն համացանցում, Ստեփանակերտում կրակոցները շարունակում էին լսել։

Նա էլ հրադադարի մասին պաշտոնական տեղեկությանը հավատացած հասել է Ստեփանակերտի Արմենավան թաղամասի իրենց տունը, բայց այնտեղ թշնամական կողմի զինվորականների են նկատել, որոնք անկանոն կրակոցներ են բաց թողել։

«Գնացինք մեր տուն, տեսանք, որ արդեն մտել են սեփական տների թաղամասերը՝ Արմենավան, Կրկժան, Հայկավան։ Հասանք տուն, ասացինք մի հատ կրակ անենք, թեյ խմենք, տաքանանք։ Նկուղում, որ ամբողջ գիշեր մնացել էինք, մրսել էինք։ Սկսեցին մեր թաղամասում կրակել, հենց կրակը վառեցինք, սաղ թողեցինք փախանք հրապարակ։ Ասում էին՝ հրադադար է, ինտերնետում կարդում էինք, որ հրադադար է, բայց կրակում էին»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է նա։

«Փախուստ էր սկսվել»,-ասում է նա՝ նկարագրելով անելանելի իրավիճակում հայտնված անպաշտպան արցախցիների գործողությունները։

«Սաղ փախնում էին, ասում էին գնացեք ռուսների մետ՝ Իվանյան, մամաս էլ դժվար է քայլում, ահավոր վիճակ էր։ Մեզ ասում էին տուն մի գնացեք, չեք կարողանա թուրքերին պահել, որ առաջ չգան, դրա համար մի շաբաթ մնացել ենք հրապարակում։  Ես Արցախից փախնելու մասին չէի մտածում, իմ տղան ու ամուսինը չկային, սաղ փախնում էին, ասում էի՝ էս ո՞ւր եք գնում, որ տղեքը չեն եկել, դիրքերը չեն բերել»։

Երկու օր շարունակ որդուց և ամուսնուց որևէ լուր չունենալով գրեթե ամբողջ Ստեփանակերտը ոտքով է անցել, հասել տարբեր պետական գերատեսչությունների դռների մոտ, որ մի տեղեկություն տան, սակայն, անտարբեր վերաբերմունքի է արժանացել։ Ասում է՝ չկար որևէ պաշտոնյա, որ կլսեր արցախցիներին և հույս կտար։

«Ամեն օր՝ մեկ շաբաթ, գնում էի ԱԱԾ, կառավարություն, շտաբ, ասում էի այնպես արեք, որ ճանապարհները բացվի, զինվորները գան։ Ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ շտաբում մի պաշտոնյա մարդ չենք տեսել, որ մեզ պատասխան տա, գոնե հույս տա, որ մեր տղաներին հանելու էին բերել։ Նախագահականում ախրանան չէր թողնում, ահագին կռվեցինք, լացեցինք, ասում էին՝ գնացեք այստեղից, որ նախագահը դուրս գա, գնա, մի գոռգոռացեք»,-պատմում է արցախից բռնի տեղահանված կինը։

Ստեփանակերտով շրջած կինը որդու և ամուսնու փնտրտուքների ընթացքում տեսարաններ է արձանագրել, որոնք ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ։

«Հրապարակը լիքն էր, էրեխեքը տափերին պառկած, կառավարության շենքի աստիճաններին նստած, ահավոր էր։ Մարդիկ այնքան էին ամեն ինչից հոգնել, անձրևի տակ ձեդոները նստած սպասում էին․․․»։

Վերջին բռնի տեղահանվածներից  են Անուշն ու իր ընտանիքը։ Հիմա Գառնիում են, բնակիչներից մեկը ժամանակավոր իր տունն է տվել՝ երկու-երեք ամիս ապրելու համար, հետո յոթ հոգանոց ընտանիքը չգիտի, թե ուր է գնալու։ Տիկին Անուշն Արցախի իրենց տունն է նախընտրում։

«Տեղ չունենք գնալու։ Մի ձև գոնե այս ժողովրդին հետ տանեն Ղարաբաղ։ Մամաս էլ է ուզում գնա, ինքը ռուս է, ասում եմ՝ կգնաս Կալինինգրադ, ասում է՝ չէ, Ղարաբաղ եմ ուզում գնամ»։

Ընտանիքին անհրաժեշտ են կենցաղային իրեր, սակայն, անասելի բարդ է նրանց հետ սոցիալական խնդիրների մասին խոսելը։  Նրանց յուրաքանչյուր նախադասության միտքն ավարտվում է հայրենիքի կորստյան ցավի մտքերով։

Նարեկ Կիրակոսյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ նախկին պաշտոնյաներին

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց. «Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»:

Ամատունին ընդգծեց՝ հոկտեմբեր ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող բոլոր հայերին: Տեսակցությունները շարունակական բնույթ են կրելու:

Զոհվածների հիշատակին պետք է նոր ընտանիքներ ստեղծել

Արցախցի երիտասարդները այդպես էլ որոշեցին և ընդունեցին Masoor Art House-ի առաջարկը՝ իրենց համար հարսանիք կազմակերպել։

Տիգրանի և Լիլիի նշանադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում։ Նրանք ծրագրել էին մեկ տարուց հարսանիք անել։ Բայց պատերազմն ու արցախցիների հայրենի վայրերից բռնագաղթը փոփոխություններ մտցրին նրանց կյանքում։

Նրանք դարձան արցախցի առաջին զույգը, ով ընտանիք կազմեց և ամուսնացավ եկեղեցում։

Masoor Art House-ն առաջարկել է որպես նվեր կազմակերպել հարսանիք՝ հյուրասիրություն, ավանդական արարողություններ։ Ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ համույթը և Amaras Art Alliance աջակցություն:

Մաթևոսյանների ընտանիքն ունի 5 երեխա և արդեն 12 թոռ։ Հարսնացուի մայրը՝ տիկին Անուշն ասաց, որ Լիլին երեխաներից փոքրն է, և ինքն էլ արդեն ամուսնացավ։

«Տեղահանումից հետո շատ ընտանիքներ էին բաժանված՝ հայտնվելով Հայաստանի տարբեր վայրերում։ Մենք չկարողացանք կազմակերպել հարսանիքը։ Masoor Art House-ը հիանալի նվեր մատուցեց երեխաներին, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Գլխավորն այն է, որ մեր երեխաները և նրանց հետ միասին բոլոր երեխաները չիմանան, ինչ է պատերազմն ու դրա հետևանքները»։

 

Եկել եք՝ պետք է ամուսնանաք. արցախցիների հարսանիք դաժան օրերից հետո

Անգելինա Հայրապետյանը աշխատում էր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում: Ինչպես 44-օրյայի ժամանակ, այդպես էլ այս պատերազմի ժամանակ ամուսնու հետ մինչև վերջին օրը հիվանդանոցում էր:

Պիտի ամուսնանային հոկտեմբերի 10-ին։ Շրջափակմանը համահունչ փորձում էին ինչ-որ ուտելիք գտնել, նույնիսկ հաջողվել էր 10.000 դրամով 15 հատիկ բադրջան գտել։ Նաև բարեկամ ունեին, որ Երևանում էր։ Խոստացել էր Կարմիր խաչով  հարսանիքի կոնֆետը բերել:

Բայց սկսվեց պատերազմը, ամեն տեղ հիասթափություն և քաոս էր, բայց ամենադաժանը՝ էլի մահեր տեսնելն էր։ Առավել դաժան էր, երբ երեխաներ էին մահանում,  ու դու չես կարող օգնել:

Վերջին օրերին հիվանդանոցում մի քանի հոգով էին մնացել, փորձում էին աշխատանքը շարունակել: Հիշում է պայթյունի օրը․ ամենուր վիրավոր մարդիկ էին, չնայած որ բժշկական անձնակազմը արդեն քիչ էր, բայց նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի փրկեն ավելի շատ մարդկային կյանքեր:

Ասում է, որ բժիշկներ կային, որոնք մինչև վերջին վարկյանը պայքարում էին՝ նույնիսկ չմտածելով սեփական ընտանիքի անվտանգության մասին:

Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 28-ին։ Մեքենան ինքն էր վարում: Ամուսնացել են Երևանում, ծիծաղում է՝ ասում է, գնացել են ԶԱԳՍ հերթագրվելու համար, բայց աշխատողները ասացին, որ հիմա տենց բաներ չկան։ Եկել են՝ պիտի ամուսնանան:

Ասում է, որ ուրախ է, որ այդպես անակնկալ ձևով ամուսնացան՝ հիշելու բան կունենան:

Այժմ աշխատանք և բնակարան են փնտրում, որպեսզի կարողանան նոր կյանք սկսել:

Քրիստինա Ալահվերդյան

Ֆոտո Մարութ Վանյանի

Ռուսաստանը Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակ է ուզում, Արցախն արդեն տեսել է դրա հետևանքները

Ռուսաստանի Դաշնության Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը, քանի որ, ինչպես ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Հայաստանում «ռուսաց լեզվի կարգավիճակ չկա»։

Հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար։ Հենց դրա հիման վրա է, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլատրում է Ռուսաստանի տարածքում օգտագործել այլ երկրների վարորդական իրավունքի վկայականները, ասել է Վոլոդինը։

ՌԴ Պետդումայի խոսնակը, փաստորեն, Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը և ամրապնդել ռուսաց լեզվի կարգավիճակը, որն այժմ օգտագործում են հիմնականում Հայաստանում ռուս վերաբնակները։ Ռելոկանտները, հիշեցնենք, ռուսներ են, ովքեր չեն ցանկացել ապրել Պուտինի և Վոլոդինի Ռուսաստանում, որտեղ արգելված է ոչ միայն պատերազմ (հատուկ գործողություն), այլև խաղաղություն (բանակի վարկաբեկում) բառը։

Հիշվում է, որ տարիներ առաջ Ռուսաստանի ինքնագոհ կրթության նախարարը Հայաստանին «խորհուրդ» էր տվել անցնել կիրիլիցայի այբուբենին։ Նրան հիշեցրեցին, որ երբ ստեղծվեց կիրիլյան այբուբենը, հայկական Մեսրոպյան այբուբենը գոյություն ուներ արդեն կես հազարամյակ։

Հիմա, երբ Ռուսաստանը Բաքվի օգնությամբ վերջնականապես վտարել է հայերին Ղարաբաղից, իսկ Լավրովը խոսում է Արցախի՝ Ադրբեջանին «պատկանելու» մասին, Մոսկվան կրկին հիշեց իր «մեծ հզոր լեզուն»։ Լավրով-Քալանթարյանը, «մեծ հզոր ռուսերենով», ամեն օր կրկնում է, թե ում է պատկանում Ղարաբաղը՝ պաշտպանելով Բաքվին և Մոսկվային հայկական «վրեժից» և հազարամյա հայոց լեզվից։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, երբ ռուսական զորքերը հայտնվեցին Արցախում, խորհրդարանը կայծակային օրենք ընդունեց, ռուսաց լեզվին հայերենի հետ մեկտեղ պաշտոնական կարգավիճակ տալու մասին։ Սա ռուսական դանակով առաջին հարվածն էր հայկական Արցախի սրտին։ Դրան հաջորդեցին այլ հարվածներ, հետեւանքներն ակնհայտ են։

Վոլոդինը նույն գործընթացն է սկսում Հայաստանում։ Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը կհամաձայնի այս քայլին։

Ովքեր չեն կարող լինել նոր ծրագրի շահառու․ եթե քարտիդ վրա փող կա

Այսօրվա դրությամբ առաջին աջակցության ծրագրի շրջանակում 95200 բռնի տեղահանվածներ ստացել են իրենց աջակցությունը, որից 24 հազարը երեխաներ են, 71200-ը՝ մեծահասակներ: Տվյալների մշակումը շարունակվում է, և աշխատանքների վերջնականացման արդյունքում վճարումները կկատարվեն:

Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից բացի՝ մինչև տարեվերջ Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն:
«Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50-հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով»,- ասաց փոխվարչապետը, ապա մանրամասնեց, որ այս դեպքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության տրամադրման ձևաչափում:
«Շահառու կհանդիսանան նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի, բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ, հետևաբար նաև այն աջակցությունը, որը կատարվում է ամենաառաջնահերթ, հատկապես սննդի ծախսերի փոխհատուցման նպատակով, տրամաբանորեն այդ մարդկանց աջակցելու տեսանկյունից չի ունենա այնքան օգտակարություն, որը վերաբերում է մյուսներին»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված կա մեկ առանձնահատկություն ևս. «Այդ հարցը նկատել եմ, հրապարակումը տեղի ունենալուց հետո որոշակի շրջանառություն է ստացել, թե ինչպես է, որ մենք բանկային գաղտնիքի պայմաններում պետք է համադրենք այդ հայրենակիցների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները: Ուզում եմ նախևառաջ պարզաբանել, որ այդտեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմանում է լինելու ամեն ինչ: Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու:
Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ, և երբ որ Կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն և համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն:
Այնուամենայնիվ, ոչ թե մենք տվյալների հասանելիությունը կտրամադրենք այն կառույցներին, որոնք որ պետք է նույնականացնեն [տվյալները] վճարումները կատարելուց առաջ, այլ ԿԲ-ն իր իրավասության սահմաններում նախապես ստացված բոլոր դիմումների ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են լինելու տվյալ միջոցառման շրջանակում»:

Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։

Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվել էին, դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը եւ օրեր անց այդ պաշտոնում նշանակվել էր Գուրգեն Ներսիսյանը։ Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից եւ պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Աջակցություն կստանա ավելի քան 100.000 բռնի տեղահանված արցախցի,
որոնք այժմ ապրում են Հայաստանում

Հոկտեմբերի 24, 2023 թ., Բոստոն, Մասաչուսեթս. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով: Նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում եւս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաեւ երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:

«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին»,- ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։ «Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր արդեն քայլեր են ձեռնարկել, եւ դիմում ենք համաշխարհային հանրությանը՝ համախմբվելու եւ ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն մարդասիրական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:

2020 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրեց «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը: Տեղահանված մարդկանց տրամադրվել է սնունդ, կացարան եւ հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: Ծրագրի ընթացքում՝ մինչեւ 2023 թ. հունիս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատկացրել է 2.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով տեղի եւ միջազգային 70 գործընկերների կողմից իրագործվող 93 նախագծի:

Լուսանկարում՝ Արցախից տեղահանված երեխաները Գորիսում: Սեպտեմբերի 27, 2023 թ. © Նարեկ Ալեքսանյան

Իրավական որոշումները փոխարինվել են 50 հազար դրամով. Լավրովն ու Փաշինյանը տարբեր բաների մասին են խոսում

Այսուհետ Հայաստանի իշխանությունն է զբաղվելու է Արցախի ժողովրդի սոցիալական խնդիրներով։ Հայտարարվել է, որ Արցախի իշխանությունների կազմակերպած օպերատիվ շտաբը փակվելու է, և այս շաբաթվա ընթացքում գործերը կտեղափոխվեն ՀՀ կառավարությանն առընթեր Հումանիտար կենտրոն։

Հենց «հումանիտար» անվանումը հուշում է, որ արցախցիների հարցը Հայաստանում այսուհետ կրելու է զուտ մարդասիրական բնույթ՝ առանց իրավական և քաղաքական հարցերի։ Առավել եւս այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը Թեհրանում իր հայ գործընկերոջ ներկայությամբ հայտարարեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, ուստի հարցը մեծ հաշվով լուծված է»։

Արարատ Միրզոյանը չառարկեց, միայն ասաց, որ սրանից հետո տարածաշրջանում հարաբերությունները պետք է կառուցվեն «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառման, պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա», ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության»։ Միրզոյանը, իբր պատահաբար, չհիշեց ինքնորոշման սկզբունքը, ինչպես Փաշինյանը Եվրախորհրդարանում չհիշեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով միայն «ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը»։

Տարածքներն ու ինքնորոշումը՝ դա Հայաստանի իշխանության մասին չէ։

Երևանը վաղուց չի խոսում Արցախի ինքնորոշման մասին։ Ավելին, Արդարադատության միջազգային դատարանին ուղղված իր հայցով Երևանը հենց Ադրբեջանից է պահանջել ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության (ներողություն, Լեռնային Ղարաբաղի՝ Փաշինյանի մամուլի քարտուղար) կողմից տրված քաղաքացիական կացության վկայականները։ Այսինքն՝ արցախցիների փաստաթղթերը պետք է ճանաչի Բաքուն, ոչ թե Երևանը։

Այժմ Երևանը արցախցիներին վերաբերվում է որպես «եղբայրների և քույրերի», ովքեր օգնության կարիք ունեն մի քանի ամիս գոյատևելու համար, մինչ աշխատանք գտնեն և սկսեն զրոյից կառուցել իրենց կյանքը։ ՀՀ կառավարությունը հայտնել է, որ Արցախի բնակիչներին սեպտեմբեր ամսվա և այլ աշխատավարձեր վճարելու պարտավորություն չունի, և պարզ չէ, թե արցախցիները կստանա՞ն իրենց վաստակածը։ Չի խոսվում նաև թոշակների և սոցիալական այլ արտոնությունների մասին։ Բոլոր օրինական վճարումները, որոնք մարդիկ վաստակել կամ ստացել են օրենքով, փոխարինվել են երկու ամսով մեկ անձի համար 50 հազար դրամով։

Ճիշտ է, ՀՀ կառավարությունն արձանագրել է, որ մշակում են «երկարաժամկետ հումանիտար ծրագրեր», սակայն մինչ օրս կոնկրետ որոշում չկա, թե արդյոք կլինի՞ ՀՀ անձնագրերով արցախահայերի ամբողջական ինտեգրում Հայաստանի Հանրապետությանը։ Թե արցախցիները կմնան անիրավ՝ լինելով ոչ ներքին տեղահանվածներ, ոչ փախստականներ։

Ինտեգրումը որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, որոնց սոցիալական պաշտպանությունը կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը, ամենաօպտիմալ տարբերակն է, բայց դա պահանջում է քաջություն իրավական և քաղաքական խնդիրների լուծման համար։

Հայաստանի իշխանությունը դեռևս պնդում է, որ Ղարաբաղի հարցը՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է։ Լավրովն ու Բաքուն ասում են, որ սա Արցախի տարածքի պատկանելիության հարց է։ Տարբեր բաներ են ասում։

Համահայկական կոնգրեսը աջակցության ծրագրեր է առաջարկում արցախցիների համար

Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությունն ունի Հայաստանի ու Սփյուռքի աջակցության կարիքը․ նրանց անհրաժեշտ է ապահովել կացարանով, աշխատանքով և անհրաժեշտ կենցաղային միջոցներով։ Այդ նպատակով  «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․

Արցախահայերին առաջնահերթ է ապահովել բնակարաններով․ «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջարկում է այդ խնդրին իր լուծումները («Էկոավանների կառուցապատման ծրագրի» պայմաններին համապատասխան).

ԷԿՈԱՎԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ․ ձևավորվում են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացող համակեցություններ, որոնց նպատակն է ապահովել սոցիալական բարեկեցություն, մաքուր, անվտանգ, սմարթ միջավայր, զարգացում և ինքնաբավություն (Էկոավանների տեսլականը

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ քոթեջները կառուցվում են կանադական կարկասային տեխնոլոգիայով՝ ապահովելով բարձր սեյսմակայունություն, էներգախնայողություն և արագ կառուցապատում (Վեստ հաուս)։ Այս տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է կառուցապատումն իրականացնելու մոդուլներով․ թաց շինարարական պրոցեսներ բացակայում են, ուստի քոթեջները  կարող են ձևակերպվել որպես ոչ հիմնական շինություններ և տեղադրվել անգամ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա՝ ձևավորել ագրոէկոավաններ։

Կազմակերպության կողմից մշակվել է մեկ հարկանի բլոկավորված տների հատուկ նախագիծ, մեկ մոդուլի ներքին մակերեսը կազմում է 40 քմ։ Կառուցումն իրականացվում է տեղադրման թույլատվությունը ստանալուց հետո հաշված օրերի ընթացքում։  Տները հանձնվում են արտաքին երեսպատմամբ (երեսպատման վահանակներ), արտաքին դուռն ու պատուհանները տեղադրված, հիմնային պատերով  (OSB-ով պատված)։

Պետության, համայնքի կամ անհատ սեփականատերերի կողմից հողատարածքի հատկացման դեպքում  «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ արցախահայերը կարող են ձեռք բերել 11,2 մլն դրամ արժողությամբ  քոթեջը՝ վճարելով ընդամենը արժեքի 35 տոկոսը (3,9 մլն դրամ

Այս նախաձեռնության շրջանակներում «Համահայկական կոնգրեսը» կկարողանա կառուցել ամսական 100 քոթեջ, իսկ մարդկային և նյութական ռեսուրսների ընդլայնման պարագայում ամսական հնարավոր կլինի կառուցել մինչև 1000 քոթեջ։

Էկոավանների բնակեցման համար անհրաժեշտ կլինի միայն, որ պետություն կամ համայնք ապահովեն քոթեջները համապատասխան կոմունիկացիաներով։

Մանրամասներն այստեղ

Արդյո՞ք Արցախի Հանրապետության կողմից տրված փաստաթղթերն իրավական ուժ ունեն

Մինչ Արցախի բռնի տեղահանվածների մի զգալի մասը փորձում է լուծել բնակարանի, աշխատանքի, կեցության, երեխաների կրթության հետ կապված խնդիրները, մյուս մասը քաղաքական և իրավական հարցեր է տալիս և չի կարողանում դրանց պատասխանը գտնել։

Ո՞վ է սառեցրել Արցախի բյուջեի միջոցները։ Ինչպե՞ս կարող են մարդիկ փոխհատուցում ստանալ հիփոթեքային և բիզնես վարկերի, տոկոսների և գումարների համար, որոնց դիմաց տարիներ շարունակ վճարում էին Արցախում գործող բանկերին։ Իսկ եթե չստանան, ո՞ր դատարանում կարող են բողոքարկել այդ ֆինանսական գործարքները և այլն։

Եվ նորից ամեն ինչ հանգում է այն իրավական քաոսին, որը տեղի էր ունենում Հայաստանի և Արցախի միջև Արցախյան առաջին պատերազմից հետո բոլոր տարիներին։ Չնայած այն հանգամանքին, որ հայկական երկու պետություններն էլ գործում էին մեկ ֆինանսական, տնտեսական, քաղաքական, դատական, հարկային դաշտում, դե ֆակտո երկու պետությունները երբեք իրենց միջև չեն կնքել ոչ իրավական, ոչ էլ ռազմաքաղաքական համաձայնագրեր, որոնք կկարգավորեին երկու հանրապետությունների հարաբերությունները։

2020 թվականից, այսինքն՝ Արցախից բռնի տեղահանվածների առաջին ալիքից սկսած, ունեցվածքի պահանջներով հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց բնակության վայրերը զբաղեցրած Ադրբեջանի դեմ, որը փաստացի ապօրինաբար յուրացրել է Հադրութի, Շուշիյի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների և Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների որոշ բնակավայրերի բնակիչների տները, բիզնեսները, տնտեսությունները։

ՄԻԵԴ ներկայացված բոլոր փաստաթղթերը վավերացված են Արցախի Հանրապետության պաշտոնական կնիքներով։ Հայցերի փաստաթղթերը ներառում էին հազարավոր ծննդյան վկայականներ, անձնագրեր, սեփականության վկայականներ, մահվան վկայականներ, թաղման վկայականներ, բիզնեսի վկայականներ, վճարումներ, հարկերի վճարումներ և այլն:

Արդյո՞ք այդ փաստաթղթերը դատարանի կողմից կընդունվեն որպես վավեր ​​փաստաթղթեր, չնայած այն հանգամանքին, որ Արցախի Հանրապետությունը չճանաչված պետական ​​միավոր էր։ Չնայած ճանաչման բացակայությանը՝ մեր պետությունն ուներ բոլոր ատրիբուտները՝ տարածք, բանակ, օրենսդիր, գործադիր, դատական ​​իշխանություն, զինանշան, օրհներգ, դրոշ։ Արցախի պետական ​​բոլոր կառույցները խստորեն հետևել են օրենքներին, տրված բոլոր փաստաթղթերն ունեցել են օրինական ուժ։ Դրանք հիմա իրավական ուժ կունենա՞ն գոնե Հայաստանի Հանրապետությունում։

Այսօր պատմական հայրենիքից բռնի վտարված մարդիկ չգիտեն, թե ում դիմեն իրավական և իրավական օգնության համար, քանի որ չունեն կարգավիճակ։ Փաստորեն, բոլոր միգրանտները փախստականներ են, ովքեր փախել են ցեղասպանությունից և Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ հալածանքներից: Բայց Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեցող փախստականներն այսօր չեն կարող լիարժեք օգտվել և պաշտպանել իրենց իրավունքները։

Հայաստանի և Արցախի իրավական շփոթությունը մեզ համար դեռ շատ խնդիրներ կստեղծի։

Մարգարիտա Քարամյան