Արցախը Հայաստանից հստակ դիրքորոշում է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Արցախում տիրող իրավիճակին և Բերձորի միջանցքի շրջափակմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին։

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի նամակում հիմնականում ներկայացվել են շրջափակման մարդասիրական հետեւանքները՝ առանց քաղաքական ու իրավական պահանջների։ Սա շատ փորձագետների առիթ տվեց թերահավատորեն վերաբերվել նիստի արդյունքներին: Վերլուծաբաններն ասում են, որ ամեն ինչ կախված է հայկական կողմի դիրքորոշումից։

Ի պատասխան Step1.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Արցախը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիրքորոշումից, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասաց.

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պատշաճ կերպով կներկայացնի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կանի հնարավոր ամեն ինչ՝ այլ երկրների հետ միասին, որ ընդունվի մի այնպիսի բանաձև, որը կսահմանի գործնական քայլեր և միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը։ Մենք Երեւանին տվել ենք սրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Վթարից զոհված Հելեն Դադայանն Արցախից էր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։

«Հիմա Երևանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքն ուզում է Արցախում հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռևս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրա հետ  չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակի իր խնդրանքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորվել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

 

Հեմոդիալիզ ստացող եւս 10 հիվանդ ԿԽՄԿ առաքելության միջոցով տարհանվել է Երևան

Հեմոդիալիզ ստացող ևս 10 հիվանդ ԿԽՄԿ առաքելության միջոցով տարհանվել է Երևան

Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդներ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ  ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան` հետագա բուժման համար՝ հույս ունենալով, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Այս որոշմանը շատ մեծ դժվարությամբ ենք հանգել, սակայն մեր հիվանդների առողջությունը մեզ համար առաջնային է։ Կան հիվանդներ, ովքեր, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում ուղևորվել Երևան, և ստացվում է, որ նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն այստեղ, ինչը շատ մեծ դժվարությամբ կկատարվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով` սկսել ենք աշխատել խիստ խնայողաբար։ Եթե մեր բուժառուները սովորաբար  գալիս էին շաբաթական երեքանգամյա սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս։ Այդ ամենն, իհարկե, խիստ բացասաբար է ազդում  նրանց առողջական վիճակի վրա, և, ցավոք, ունենք երկու հիվանդ, ովքեր հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Եղած դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ կարող ենք աշխատել միայն երկու շաբաթ»,-մանրամասնել է Ք. Ավագիմյանը։

Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, հեմոդիալիզ ստացող  քսանինը հիվանդ է ուղևորվել ՀՀ բուժհաստատություններում բուժումը  շարունակելու, իսկ տասը հիվանդ կտրականապես հրաժարվել է մեկնել Երևան։

Բուժառու Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 2004 թվականից տառապում է  երիկամների անբավարարությամբ և ստանում համապատասխան բուժում։

«Մինչ շրջափակումը Մաղավուզից կարողանում էի հասնել քաղաք և բուժում ստանալ, բայց այսօր այն անհնար է դարձել` տրանսպորտի չգործելու պատճառով։ Ինձ հետ ուղևորվում է նաև կինս՝ որպես խնամակալ։ Մեր երկու տղաները՝ ութ և չորս տարեկան, մնացել են ծնողներիս խնամքին, թույլ չեն տվել մեզ հետ տանենք։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, և կվերադառնանք տուն»,-նշել է Ս. Ավանեսյանը։

Մանրամասն Artsakhpress-ում

ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: «Արմենպրես»-ը Արցախի ԱԳՆ-ի հայտարարություն ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:

Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:

Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։

Այսպիսով, միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապաարգելափակման վերաբերյալ։

Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից, անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:

Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապաարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»:

Արարատ Միրզոյանը կարող է բարձրացնել նշաձողը ՄԱԿ-ում․ բայց “դուխը” կհերիքի՞

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտի խնդրանքով Երևանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ քննարկել Արցախում տիրող իրավիճակը և Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցը։ Նիստը նախատեսված է օգոստոսի 16-ին։

Ի՞նչ է պահանջում Հայաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի ներկայացուցչի նամակը պարունակում էր բացառապես մարդասիրական պահանջներ՝ առանց քաղաքական և իրավական պահանջների։ Հայկական օրինական իրավունքների և պահանջների մասին հայտարարությունները կհակասեն Փաշինյանի «խաղաղության օրակարգին», ըստ որի հայկական շահերը հետևողականորեն զիջում են։ Մինչդեռ Բաքուն և Մոսկվան բազմաթիվ անգամ խոստովանել են իրենց մեղքերը, “հիմնավորելով” ՄԱԿ-ին Հայաստանի օրինական դիմումը։

Առաջին կետը՝ հակամարտության ուժային լուծումն է, որն Ալիևը բազմիցս խոստովանել է։

Պատերազմից անմիջապես հետո՝ այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ «տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման արդյունք է։ Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի»-, ասել է Այվազյանը, ով 2021 թվականի հունվարին եղել է Ստեփանակերտում։

Այսպիսով, պատերազմից անմիջապես հետո Հայաստանը վճռական էր տրամադրված մեղադրել Բաքվին հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մեջ, ինչը միջազգային հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։ Նշաձողը դրվեց, բայց Երևանը փոխարինեց Այվազյանին և իջեցրեց բոլոր հնարավոր նշաձողերը։ Այժմ Երևանը միայն «բարոյական պատասխան» է տալիս Ալիևի խոստովանությանը։

“Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելն իր կյանքի նպատակն էր, իր քաղաքական կյանքի նպատակը…» հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր հանցագործությունների համար»,- պարզապես ասում է Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանը։ Այն ինչ նորմալ պետությունում դա Բաքվի դեմ իրավա-քաղաքական գործընթացի սկիզբ կդառնար։

Արարատ Միրզոյանը պարտավոր է կրկին բարձրացնել նշաձողը և ՄԱԿ-ում հայտարարել Ադրբեջանի կողմից՝ Մոսկվայի և Անկարայի աջակցությամբ միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտման և ահաբեկչական պատերազմի արդյունքների չճանաչման մասին։

Ինքը՝ Միրզոյանը, հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինեն միջազգային երաշխիքներ»։ «Գետնի վրա, ինձ թվում է, անհրաժեշտ կլինի միջազգային հանրության ներկայացուցիչների, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայությունը։ Ադրբեջանի հռետորաբանությունը, ագրեսիվ քաղաքականությունը ցույց են տալիս, որ Ղարաբաղում նույնիսկ խաղաղապահների կարիք կա»,- գարնանը հայտարարեց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը պարտավոր է պահել այս նշաձողը և պահանջել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն։

Բաքվի արձագանքը Հայաստանի՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումին վկայում է այն մասին, որ Բաքուն վախենում է իրավական պահանջներից և մեղադրանքներից, որոնց դեմ Ալիևն անզոր է։

Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից Զարդուշտ Ալիզադեն ասել էր, որ պատերազմի առաջին փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է բանաձևի նախագիծ, որին աջակցել են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ «Նախագծի էությունն այն էր, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։ Եթե ​​Ադրբեջանն անմիջապես չդադարեցներ պատերազմը, ապա կընդունվեր նոր բանաձևի նախագիծ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Ալիզադեն։ Բաքուն ընդունում է, որ 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 4 բանաձևերը ժխտում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանում «դուխով» իշխանության եկած ուժը ցուցադրում է «դուխի» ամենացածր մակարդակը։

 

Իրանը Հայաստանում․ հյուպատոսը հայերենում եւ պարսկերենում 1600 ավելի փոխառություն է գտել

Հայաստանի վերաբերյալ Իրանի քաղաքական դիրքորոշումը բոլոր երկրներն են ըմբռնել, և դա հենց իրենց խոսքում է լսելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Նա կրկնեց Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը` Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի ընդունի տարածաշրջանում սահմանների, քարտեզների փոփոխություններ, ու սա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Սյունիքն աշխարհի տարբեր խոշոր դերակատարների է սկսել հետաքրքրել, իրանցի դիվանագետը նշեց` ողջունում է բոլոր այն երկրներին, որոնք Սյունիք են գալիս` ի շահ Հայաստանի աշխատելու։ Շեշտում է` Սյունիքը շատ կարևոր մարզ է` ստրատեգիական նշանակություն ունեցող։
«Մենք ոչ մի երկրի հետ ոչ մի տեղ չենք մրցակցում։ Մենք բարի գալուստ ենք ասում նրանց, ովքեր գալիս են այստեղ ու աշխատում Հայաստանի շահերի համար։ Ինչ վերաբերում է Իրանի հյուպատոսությանը, ապա ես կարծում եմ` այն պետք է ավելի շուտ բացած լինեինք։ Հենց բացել ենք այս հյուպատոսությունը, մեր հարաբերությունները հայ պատասխանատուների հետ ավելի են սերտացել, մենք մշտական շփման մեջ ենք։ Պատկերացրեք` եթե հյուպատոսությունը 20 տարի առաջ լիներ, մեր հարաբերություններն էլ ավելի սերտ կլինեին»,– ասաց հյուպատոս Վարամինը։
Հայ–իրանական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի են, տարբեր պատվիրակությունների փոխայցելություններ են արվում և այլն։ Հյուպատոսը նկատում է` Իրանը բազմաթիվ երկրների հետ 100-200 տարվա հարաբերություններ ունի, մինչդեռ Հայաստանի հետ բարեկամությունը դեպի հազարամյակների խորքն է գնում։
Արդյոք հյուպատոսությունը Սյունիքում` հայ–ադրբեջանական սահմանին գրանցվող ագրեսիայի դեպքերի մասին հաշվետվություններ կամ փաստեր պաշտոնական Թեհրանին փոխանցու՞մ է։ Պարոն Վարամինի խոսքով` հյուպատոսության բացումից հետո շատ լուրջ ագրեսիաներ իրենք չենք տեսել։
«Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները դրական արդյունքներ կունենան, որովհետև բոլոր երկրները հավասար խաղաղություն են ուզում։ Հույս ունեմ, որ չենք տեսնի նյութական և մարդկային կորուստներ կամ վտանգավոր իրավիճակներ»,– հավելեց դիվանագետը։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը սկսել է հայերեն սովորել։ Նա խոստովանել է` լեզուն մի քիչ դժվար է տրվում, բայց լուրջ է տրամադրված։
Մինչ Հայաստանում դիվանագիտական ծառայության նշանակվելը մեր երկրի մասին բավականին շատ տեղեկություններ ուներ, բայց այստեղ գալուց հետո բացահայտումներ էլ արեց։ Դրանցից գլխավորը լեզվական ընդհանրություններին է վերաբերում։
«Ես չգիտեի, որ մեր լեզուներում մոտ 1640 փոխառություն կա, արտասանությունը մի քիչ ուրիշ կարող է լինել։ Երբ լսում եմ այդ ընդհանուր բառերը, շատ եմ ուրախանում։ Օրինակ` ղաշանգ, պանիր, ափսոս, բանջար, ջիգյար, ջան, խանում։ Երբ այցելեցի Կապանի Երկրագիտական թանգարան, այնտեղ նկարներ տեսա, որոնցում հայ կանայք հատուկ հագուստով էին։ Մենք էլ ենք անցյալում նման հագուստներ ունեցել, ու հիմա էլ տարբեր գյուղերում հագնում են։ Շատ նման սովորույթներ էլ ունենք»,– ասում է հյուպատոսը։
Այս ամենը մեր երկու երկրների պատմությունն է, որը պետք է լավ պահպանվի։ Հիշեցնում է` Իրանում էլ հայերի մշակույթն ու հուշարձաններն են պահպանվում։ Օրինակ, ինքն այս տարի մասնակցել է Ջուլֆայում Սուրբ Ստեփանոս Նախավկային նվիրված միջոցառմանը։ Առաջարկում է կազմակերպել նման մի ծրագիր` Սյունիքի տարբեր շրջաններից մարդիկ ուխտագնացության մեկնեն Սուրբ Ստեփանոս և Սուրբ Թադե վանքեր։ Հույս ունի, որ սա ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայության համար կլինի։
Բացի այդ, շուտով Սյունիքում կկազմակերպվի հայ-իրանական հերթական խոհանոցային-մշակութային փառատոնը, այս անգամ այն կանցկացվի Կապանում։
Կարծում է, որ այսպիսի միջոցառումները երկու ժողովուրդներին շփվելու, իրար ավելի լավ ճանաչելու լավ առիթ ու հնարավորություն են։
«Իմ` իբրև հյուպատոսի առաջնահերթ ծրագիրը հասարակական հարաբերությունների զարգացումն է»,- նշում է նա։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն էր։ Հենց բացման օրը գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։ Իրանցի դիվանագետը հույս էր հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։

Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու

Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունն  X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:

«AECID_es -ն (Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն – խմբ․ ) ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան Acontraelhambre -ի («Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» – խմբ․)՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով», – հայատառ գրառմամբ հայտարարել է գերատեսչությունը։

Պաշտոնական Բաքուն դատապարտում և անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն և ձևավորում աշխատանքային ծրագիր։

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Նյու-Յորք։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Բաքվի ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ, այդպիսով հերքելով Բաքվի ԱԳՆ հայտարարությունը սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ:

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում  է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն, մենք չենք տեսնում որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Բաքվի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին՝ հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստան տարհանելու համար

Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների վերջանալուց շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան:

Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն ԿԽՄԿ կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:

Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից:

«Մենք ստիպված ենք գնացել հիվանդներին տարհանելու քայլին, քանի որ շուրջ երկու շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ մեկ շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան: Արցախի լիակատար պաշարումը ազդել է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց կյանքի վրա նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորության բացակայությամբ, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար»,- նշել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ք. Ավագիմյանը:

«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ աշխարհին օգնել ղարաբաղցիներին, օգնել դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ՝ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, ով շաքարային դիաբետ հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և հինգ տարի շարունակ ստանում է հեմոդիալիզ:

Երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր, որպես երիկամփոխարինող բուժում իրականացվում է դիալիզ, կամ երիկամի փոխպատվաստում: Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված նյութափոխանակության արգասիքների հեռացումն է։ Այն կիրառվում է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից բացարձակապես արգելվում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ: Արդյունքում, կյանք փրկող և այլ խիստ անհրաժեշտ դեղատեսակներն ու պարագաները գնալով ավելի ու ավելի շատ են բացակայում՝ հանգեցնելով մարդկային մահերի ու առողջական վիճակի վատթարացման»: