Արցախի նախագահը կոչ է արել ստեղծել միջազգային մանդատով օժտված բանակցային ձևաչափ

Վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում գործուն և արդունավետ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախի ժողովուրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր տեսաուղերձում։

Նա նաեւ Հայաստանի Հանրապետությանը հորդորեց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով:

“Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր արգրեսիվ գործողություններին»,- ասաց Հարությունյանը:

«Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ պահանջել կառավարություններից խստիվ դատաարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլ դերակատարներից՝ ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին, պահանջել կառավարություններից՝ քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:

Հարությանը կոչ արեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-պետություններ իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու: Կոչ եմ անում անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին»,- ընդգծեց Հարությունյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին Հարությունյանը հորդորեց անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն և գործի քնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը: Կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին և այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական և իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմնի ձևավորման գործընթացում: Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապությունը փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետևանքը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին. պահանջում եմ իրենց մանդատների շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին և այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամաս փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքներին խորացող ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը Եվրոպական միությանը կոչ արեց օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով: Հորդորում եմ՝ հավատարիմ մնալ Եվրոպական միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին, զերծ մնալ Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը, մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային այլ դերակատարներին հորդորում եմ ակտիվորեն ներգրավել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին, տալով հստակ իրավական որակումներ և պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից՝ իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում, խնդրում եմ՝ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը: Արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները: Արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու է նորանոր հանցագործություններ, գուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է: Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը:

«Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում: Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետեւանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախը մշտապես հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ կենսունակ եւ առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության եւ հավասարության համընդհանուր սկզբունքներին:

«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրա այլապես առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձավոր Ալեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի:

«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է փակել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի հարցով։ 2 տարի անց չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին հասնելու համար ոչ ռազմական, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով»,- ասաց Հարությունյանը։

Ռուսական զորքերը չեն կարողանում գլուխ հանել, և այլ կոնտինգենտներ են անհրաժեշտ

Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Step1.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության պատասխանը «Միջանցքի ապաշրջափակման համար» ժողովրդական շարժման շտաբի նամակին.

-Անկեղծ ասած, մենք այլ պատասխան էինք սպասում։ Մտքովս մերժման տարբեր տարբերակներ էին անցնում, բայց չէի սպասում, որ այդքան անլուրջ կմերժեն։ Սակայն սա շատ հարցերի պատասխան է տալիս, օրինակ՝ իրենք արդեն գիտեն, որ գնալու ենք Հաքարի կամուրջ, և հրաժարվում են ուղեկցել, պաշտպանել, քանի որ գիտեն, որ վտանգ կա։ Սա վկայում է այն մասին, որ նրանք Լաչինի միջանցքի նկատմամբ, ինչպես ասվում է, վերահսկողություն չունեն։

-Ձեր կարծիքով՝ նրանք չե՞ն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները, թե՞ չեն կարող։

-Կարծում եմ՝ չեն կարող։ Այո, մենք հասկանում ենք, որ նրանց նույնպես դուր չի գալիս, թե ինչպես է իրենց հետ վարվում Ադրբեջանը, բայց նրանք զինվորներ են և առանց վերևից հրահանգի ոչինչ անել չեն կարող։ Բայց, այնուամենայնիվ, դա չի փոխում պատկերը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում իր պարտավորությունները։

– Դուք և Ձեր թիմն էլ ասացիք, որ ժամանակն է մտածել միջազգային ուժերի ներկայության մասին, ճի՞շտ է։

-Իհարկե, փաստն այն է, որ ճանապարհը փակ է, եւ պատասխանառուները չեն ուզում կամ չեն կարողանում բացել։ Նման իրավիճակում, երբ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչինչ չի անում, մարդիկ նպատակահարմար են համարում ներգրավել նաև այլ խաղաղապահների։ Մենք նամակ էինք գրել՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների կոնտինգենտը, եթե դա է խնդիրը, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի միջոց չի ձեռնարկվում, իսկ մարդիկ անվտանգություն են ուզում։ Ռուսական զորքերը չեն կարողանում գլուխ հանել, և այլ կոնտինգենտներ են անհրաժեշտ։

-Հաջորդ հարցը վերաբերում է խորհրդարանի նախագահի ընտրությանը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում:

Ես հարգում եմ Դավիթ Իշխանյանին որպես մարդ, նա խորհրդարանում շատ բաներով գերազանցում է բոլորին, բայց տեղի ունեցածը մեծ հարված է մեր պետական ​​համակարգին, հետընթաց է։ Որոշ միջազգային փորձագետներ դա մեկնաբանել են՝ պնդելով, որ դա ճիշտ քայլ չէ։ Աշխարհը նայում է մեզ՝ մեր պետական ​​համակարգին, և այն, ինչ տեղի ունեցավ, անձամբ ինձ համար անընդունելի է։

Իշխանյանը համախմբում և Սփյուռք կբերի Արցախ․ Ազատ Հայրենիք-ՔՄԴ

Ինչո՞ւ իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրեց ոչ թե սեփական կուսակցությունից, այլ Դաշնակցությունից, եւ արդյոք սա Սահմանադրության խախտում չէ։

ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական միացյալ դաշինք կուսակցության անդամ Արամ Հարությունյանը Step1.am-ին տված հարցազրույցում ասել է.

-Ոչ մի հակասահմանադրական քայլ չկա։ Հիշեցնեմ, որ 2005-ից 2020 թվականներին Ազգային ժողովի նախագահը Աշոտ Ղուլյանն էր, ում կուսակցությունն այն ժամանակ նույնպես մեծամասնություն չուներ խորհրդարանում։ Այս ամենը նորություն չէ Արցախի համար։ Քանի որ մեր կուսակցության խոսնակ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել առողջական պատճառներով, Արցախի նախագահն առաջարկել է Դաշնակցության կուսակցությունից՝ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Նրա խոսքով, դա արվել է առաջին հերթին ներքին համախմբման համար։ Բացի այդ, քանի որ Դավիթ Իշխանյանը գլխավորում է Սփյուռքում ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ Արցախի կառույցը, նպատակներից մեկն էր՝ Սփյուռքի ներգրավումը Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։

«Շատերի համար սա հեշտ որոշում չէր, բայց կարծում եմ, որ իմաստությունը հաղթեց: Այսպես թե այնպես, մեր մեծամասնության կարգավիճակը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, մեր դաշինքը շարունակելու է որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով մյուս խմբակցությունների կարծիքները»,- ասաց պատգամավորը։

Խոսելով պայքարի շարունակության մասին, ինչի մասին ԼՂՀ նախագահը հայտարարել է Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատգամավորը նշել է. «Այժմ մեր բոլոր քայլերն ուղղված են նրան, որ արտաքին աշխարհն արձագանքի Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին, Ադրբեջանի անմարդկային գործողություններին։ Մենք շարունակում ենք աշխատել մեր արտաքին գործընկերների հետ՝ փորձելով հասնել նրան, որ դատապարտվի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և նրան ստիպեն կառուցողական քայլեր ձեռնարկել։ Եթե ​​դա չհաջողվի, ուրեմն պետք է փոխենք մեր գործիքները և արմատապես փոխենք մեր մոտեցումները պայքարի նկատմամբ»։

Մոսկվան վերջապես Բաքվին փոխանցեց Բերձորի միջանցքի լիազորությունները

Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման ակտիվիստների նամակին ռուս խաղաղապահների փոխհրամանատարի պատասխանից պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը պաշտոնապես թե ոչ փոխանցել է Լաչինի միջանցքով անցնող մարդկանց ու բեռները ստուգելու լիազորությունը Ադրբեջանի սահմանային ծառայության։

Այս մասին գրում է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը։

«Արդյո՞ք պետք է զարմանանք, որ Մոսկվաբադի և Պետերստանի քաղաքական գործիչները իրենց ընկերներ Էրդողանի և Ալիևի հետ տորպեդահարեցին երրորդ երկրում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու փորձերը՝ առաջարկելով հանդիպման վայրը Եվլախը», նկատում է քաղաքագետը։

Նրա խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում Մոսկվայի համար անցանկալի հետևանքներ կլինեին, եթե Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղադրվեր հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպելու և նպաստելու մեջ, այդ թվում՝ շրջափակման և ազգամիջյան բախումների կազմակերպման մեջ․ 1905-1923 թթ (Կարս, Սուրմալու, Բաքու, Շուշի, ահա մի քանի վայրերի ցանկ, որտեղ ցարիզմը կազմակերպել է շրջափակումներ, ջարդեր, հայ բնակչության տեղահանություն), ԽՍՀՄ փլուզմանը նախորդող տարիները (մեկ բառ՝ «Կոլցո» օպերացիա), 2020թ. պատերազմ եւ զինադադարից հետո Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ակտերը։

«Առանց Ռուսաստանի Դաշնության ցանկության Կովկասում ռազմական գործողություններ չէին լինի։ Սա Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտին է, որտեղ Պակիստանի և Թուրքիայի (ՆԱՏՕ-ի անդամ երկիր) զինվորականները չէին մասնակցի առանց Ռուսաստանի»,- նշել է Կարաբեկյանը։

«2023 թվականի օգոստոսի 5-6-ը Ջիդայում (Սաուդյան Արաբիա) կայացած ֆորումում, ուր Ռուսաստանը հրավիրված չէր, բոլորը պաշտպանեցին Ուկրաինայում խաղաղության բանաձեւը՝ նոր աշխարհակարգի հաստատման պայմաններում։ Բացառությամբ Չինաստանի, որը կողմնակից է 1991 թվականից հետո Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների վրա հիմնված խաղաղությանը։

Սա նշանակում է, որ մենք չպետք է վախենանք օգտվել գլոբալ գործիքներից և նոր գլոբալ աշխարհի առավելություններից, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը կարող է լինել կամ չլինել, կամ ապրելու է նոր աշխարհի կանոններով»,- նշեց նա։

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ ժամանած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը:Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, օգոստոսի 7-ին նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Օգոստոսի 7-ին պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։
ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։
Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Արցախի բնակչությունը զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Արցախի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Աղբահանությունը կատարվում է, բայց սահմանափակ ծավալներով

Արցախում վառելիքի բացակայությունը ի լրումն այլ խնդիրների բերել է նաև աղբահանության խնդրին:

Արցախում աղբահանությունը իրականացվում է բավականին քիչ հաճախականությամբ, ինչը կարող է բերել լուրջ հետևանքների, նամանավանդ, երբ այս օրերին Արցախում կտրուկ բարձրացել է ջերմաստիճանը:

Իրավիճակը առավել բարդ է երբեմնի ամենամաքուր քաղաքներից մեկում՝ Ստեփանակերտում, որն այսօր կանգնել է սանիտարահիգիենիկ խնդրի առաջ:

Կենտրոնական թաղամասի բնակիչ Ի.Վ խոսքով, կոնկրետ իրենց թաղամասում աղբահանություն այս օրերին ոչ մեծ հաճախականությամբ իրականացվում է, բայց քանի որ ամառ է, շոգ է, հոտը տարածվում է ամբողջ թաղամասով, ինչը բացի տհաճ զգացողություններից նաև կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ա.Գ.-ի խոսքով, իրենց թաղամասում իրավիճակը փոքր ինչ տարբերվում է կենտրանական թաղամասերից, աղբահանություն իրականացվում է, բայց այն ժամանակ, երբ աղբարկղերը և հարակից տարածքը արդեն լցված է լինում է աղբով:

Փաստացի ստացվում է, որ աղբահանությունը այնուամենայնիվ իրականացվում է, սակայն այնքան, ինչքան թույլ է տալիս իրականացնել վառելիքի առկա պաշարը:

Հավելենք նաև, որ այն ժամանակ, երբ մենք զրուցում էինք քաղաքացիների հետ, նրանցից ոմանք հայտնեցին, որ հենց այս պահին աղբահանման մեքենան մոտեցել է իրենց թաղամասին, իսկ մյուսները անկեղծ հույս ունեն, որ բախտը նրանց ևս կժպտա, և սպասված մեքենան նրանց թաղամասով կանցնի, և գոնե մի քանի օրով այս խնդրի մասին կկարողանան մոռանալ:

Արցախում կտրուկ աճել են մահվան դեպքերը․ առողջապահության նախարարության սարսափելի վիճակագրությունը

Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։
Այսպես՝
Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր ինֆակտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։
Հուլիս ամսվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն էլ ավելի են աճել՝ հասնելով նախնականորեն 2.6 անգամի՝ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ, ներառյալ՝ սուր սրտային անբավարարությունից մահեր՝ աճ 2.5 անգամ, սրտամկանի սուր ինֆակտից՝ 4 անգամ, Ուղեղի կաթվածից՝ 3 անգամ:
 Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով։ Մահացության դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։
Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ( ուղեղի կաթված) և սրտամկանի սուր ինֆակտի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով և 9,7%-ով։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով:
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։ Դա պայմանավորված է ոչ լիարժեք սննդով և համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։
 Չնայած առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։
Հանրապետության Շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության(կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
Հուլիս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է նաև զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5.6 անգամ աճ։
Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով, ներառյալ՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սղությամբ կամ բացակայությամբ, բնակչության թերսնմամբ, սթրեսով, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցմամբ, Հայաստանում և արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորությունների խիստ սահմանափակմամբ և այլն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:
Առողջապահության համակարգը հնարավորինս կատարում է իր առջև ծառացած այս ծանր մարտահրավերների հետևանքների մեղմացման ուղղությամբ, սակայն Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների տեղաշարժի ամբողջական արգելափակումը պարզապես անհնար են դարձնում համակարգային ու լիարժեք առողջապահական լուծումների ապահովումը:

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդությունը Երևանի և Բաքվի միջև՝ առանց Ռուսաստանի

Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի ու Բաքվի հետ՝ խաղաղության համաձայանգրին հասնելու համար, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայից հնչող տեսակետին, թե «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Բաքու հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ԱՄՆ միջնորդությամբ, խափանվել է։ Ինչպես ասել է Արցախի նախագահը, Բաքուն հրաժարվել է հանդիպել։ Ավելի վաղ հանդիպման մասին հայտարարել էր Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նույն գիշերը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդես եկավ կոշտ հայտարարություններով՝ սպառնալով «հակամարտության վերսկսմամբ», եթե կարգավորումը չկայանա «եռակողմ ձևաչափով»՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Այնուհետև տարածաշրջան է ժամանել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ԱՄՆ Մինսկի խմբի համանախագահ նշանակված Լուիս Բոնոն, ով պաշտոնապես հանդիպել է միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Փաշինյանի, Միրզոյանի կամ Արցախի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին տեղեկություններ չկան։ Բոնոն անմիջապես մեկնել է Բաքու, որտեղ նրան ընդունել են Ալիևն ու Բայրամովը։

Փորձագետները սկսեցին խոսել ամերիկյան ծրագրի տապալման մասին, և որ Ռուսաստանը կրկին նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Այնուհետեւ հնչեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Բաքուն ցանկանում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից։

Մինչդեռ ԱՄՆ-ն ասում է, որ կշարունակի ջանքերը։ Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»։

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Եվ մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», – հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ալիևը ձերբակալել է ընդդիմության առաջնորդին, ով նրան մեղադրել է կոռուպցիայի մեջ

«Голос Америки»

Բաքվի դատարանը գրեթե չորս ամսով կալանավորել է «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդ Գուբադ Իբադօղլուին, որը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող է։

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել կեղծ փողերի հետ կապված մեղադրանքով, որից հետո նրան նախնական կալանքի տակ են նշանակել մոտ չորս ամիս, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։ Նա հավելել է, որ «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության նախագահը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։

Նրա խոսքով՝ Իբադօղլուն ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա անունով գրանցված բնակարանում հայտնաբերել է 40 հազար դոլար։ Սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալն այս հասցեում չի բնակվել, և «այդ գումարը կապ չունի Գուբադ Իբադօղլուի հետ»։

Պարզ չէ՝ հայտնաբերված գումարը իրական է, թե կեղծ։

Սադիգովայի խոսքով՝ գործը հարուցելու համար հիմք է հանդիսացել մի անձի հայտարարությունը, ում Իբադօղլուն չգիտի, որն ասել է, թե  քաղաքական գործիչը իբր «իրեն դոլար է տվել»։

Իբադօղլուն զբաղվում է քաղաքականությամբ և նաև վաստակավոր տնտեսագետ է և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի անդամ: Դատարանը որոշեց նրան կալանավորել երեք ամիս 26 օրով՝ մինչև դատաքննության մեկնարկը։
Իբադօղլուի կուսակցությունը ներկայացված չէ Ադրբեջանի խորհրդարանում, մի երկրում, որտեղ այլախոհությունը դաժանորեն ճնշված է։

Մարտին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ անհանգստացած է նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված քաղաքական կուսակցությունների մասին օրենքի կապակցությամբ և կոչ արեց Ադրբեջանին «հարգել հիմնարար ազատությունները, ներառյալ միավորումների ազատությունը»:

The Washington Post-ը խմբագրականում հանդես է եկել Իբադօղլուի օգտին և Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան։

«Որպես տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հաճախ է քննադատում իր հայրենի Ադրբեջանին և նրա նավթային հարստությանը: Նա իրավացիորեն հարցրեց, թե ինչու նավթային հարստությունը չհանգեցրեց երկրում բարգավաճման և ժողովրդավարության, և խոսաց կոռուպցիայի և կլեպտոկրատիայի մասին նախագահ Իլհամ Ալիևի օրոք։ Այժմ պարոն Ալիևը պատասխան հարված է հասցնում»,- ասվում է հոդվածում։

Նյութում նաև ընդգծվում է, որ քաղաքական գործչի կալանավորման իրական պատճառը, ամենայն հավանականությամբ, կապված է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի երիտասարդական կրթական հիմնադրամի հիմնման հետ՝ ադրբեջանցի մասնագետներ պատրաստելու համար։ Իբադօղլուն նախաձեռնել է բռնագրավել «կոռումպացված ադրբեջանցի պաշտոնյաների միջոցները»՝ այն ֆինանսավորելու համար։

Ըստ The Washington Post-ի, 2012-ից 2014 թվականներին Ադրբեջանի իշխող վերնախավի անդամներն օգտագործել են գաղտնի դրամական ֆոնդ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ գնելու, փողեր լվանալու և այլ օգուտներ ստանալու համար։ Դա այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» գործն էր 2012-2014 թվականներին, որի մասին ասվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվությունների ծրագրի շրջանակներում: Պարոն Իբադօղլուն ակնհայտորեն անհանգստացրել է նախագահ Ալիևին կլեպտոկրատիայի հարստությունը երիտասարդության կրթական ծրագրի համար օգտագործելու իր ծրագրով, շեշտում է թերթը։

Ժողովրդավարության միջազգային շարժումը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Իբադօղլուի՝ նշելով, որ «միանում է նրա անհապաղ ազատ արձակման աճող միջազգային կոչին»։

«Դոկտոր Իբադօղլուի կալանավորումը նպատակ ունի ստիպել նրան դադարեցնել գործողությունները, որոնք իշխանությունների կարծիքով սպառնում են ռեժիմի կլեպտոկրատական ​​տիրույթներին, ինչպես նաև սպառնալից ազդանշան ուղարկել Ադրբեջանի առանց այն էլ փխրուն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին”, ասվում է հայտարարության մեջ։

Այժմ Միքայելն ունի իր բիզնեսը, նախատեսում է ընդլայնել այն

Միքայելն ապրում է Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում։ Մանկուց նրա մոտ ախտորոշվել է ուղեղային կաթված։ Նա երկար ժամանակ բուժվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։

Միքաելը մկանային-կմախքային համակարգի ֆունկցիայի խանգարում ունի։ Սկզբում Միշան կոմպլեքսավորված էր, ամաչում էր տանից դուրս գալ։

Վերականգնողական գործընթացում Միքայելի ենթագիտակցության մեջ շատ բան է փոխվել։ Կենտրոնի մասնագետների, ինչպես նաև հարազատների ու ընկերների օգնությամբ նա հաղթահարել է բոլոր դժվարությունները։ Սկսեց նոր, լիարժեք կյանք: Զարգանալու, նոր բարձունքների գնալու ցանկություն ուներ։ Մեկ անգամ չէ, որ մասնակցել է Bocce-ի մրցումներին։ Նա մրցանակներ ստացավ։

Bocce-ն՝ հատակին գնդակներ գլորելու հայտնի պարալիմպիկ մարզաձև է:

2011 թվականին մասնակցել է ուխտագնացության դեպի Արցախի սրբավայրեր։

Այժմ Միքայելն ունի իր սեփական բիզնեսը։ Բացել է մթերային խանութ, ապագայում նախատեսվում է ընդլայնել տեսականին։

Նաև Միքայելի գլխավոր նպատակներից է ընտանիք կազմելը։

Չնայած շրջափակմանը և կրած կորուստներին, Միքայելը շարունակում է աշխատել և ապագայի համար մեծ ծրագրեր կազմել։

Արսեն Աղաջանյան

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  օգոստոսի 5-ին  տեսակցել են Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված Արցախի բնակչին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Օգոստոսի 5-ին մեր պատվիրակները Բաքվում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին: Ընտանիքի հետ կապի հնարավորություն նամակի տեսքով տրվել է, որից քաղաքացին օգտվել է: Այլ հարցերով տեղեկատվությունը փակ է, այլ բան այս պահին չեմ կարող նշել»,- ասաց Ամատունին:

Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։