Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները

Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ։ Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ, կազմակերպելով հանդիպումներ: Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ», – նշել է ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ կարծես միջազգային լուռ համաձայնություն կա, որպեսզի Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն մենակ, որը կօգտագործի ճնշման մեթոդներ:

«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- ասել նախագահը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու է միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմաններ:

Հարությունայն․ հաստատվել է, որ ցեղասպանություն է, եւ մենք քայլեր պլանավորում ենք

2020 թվականի պատերազմը, ցավոք, այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էր Թուրքիան, հազարավոր վարձկաններ, օժանդակում՝ մի շարք այլ պետություններ՝ տեխնոլոգիաներով և այլն։

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք էին պատճառները, որ ծնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Այն մեզ հուսադրում էր, որ ունենալով երաշխիքները, որ առկա են՝ տարածք Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ, դրանք հենման կետն էինք, որ պետք է ապահովեր հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։ Ի՞նչ փոխվեց։

Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները”, ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:

«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,-շեշտեց Ա. Հարությունյանը:

Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։

«Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է երկրի ղեկավարը։

«Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»,- ընդհանրացրել է Նախագահը։

Հաջորդ տարի STEM Expo 2024 կկազմակերպեն նորից խաղաղ և ազատ Արցախում

Արտավազդ Բոյաջյանը “Դասավանդիր Հայաստան” ծրագրով Արցախ էր տեղափոխվել դեռևս 2018թ., որպես ուսուցիչ-առաջնորդ: Երկու տարի Ստփանակերտի ֆիզմաթ դպրոցում դասավանդելուց հետո տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնք, որտեղ և դասավանդում էր, և նռան այգի էր մշակում, իսկ 2020թ. նաև հիմնել էր «Տրտու» արշավական ակումբն, որի նպատակը՝ Արցախի բացահայտումն էր:

Անցած տարի Artsakh Young Minds-ի շրջանակներում որոշել են կազմակերպել Artsakh STEM Expo գիտական, ինժեներական էքսպոն: Չնայած բոլոր դժվարություններին Արտավազդը իր թիմի հետ որոշել են այս տարի ևս կազմակերպել:

Այլոց հետ մեկտեղ թերևս ամենամեծ դժվարությունը այն էր, որ դեկտեմբերին Արտավազդը մի քանի օրով մեկնել էր ՀՀ և շրջափակման պատճառով մինչ այսօր չի կարողանում վերադառնալ Արցախ: Բայց ինչպես ասում են, բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբ կա հստակ նպատակ:

Չնայած կազմակերպիչների գլխավոր նպատակներից մեկը համայնքների զարգացումն է, ի տարբերություն 2022թ., այս տարի, հաշվի առնելով իրավիճակը, որոշել են Artsakh STEM Expo-ն կազմակերպել Ստեփանակերտում:

Նաև նշում են, որ անցած տարվա էքսպոյի ամենահավես պահերից մեկը այն էր, որ հյուրեր ունեին ՀՀ-ից, որոնք հենց մնում էին Մարտակերտում, մարտակերտցիների տներում:

Հաշվի առնելով Արցախում լույսի և համացանցի անկայուն վիճակը, որոշ գաղափարներ այդպես էլ կյանքի չկոչվեցին: Փոխարենն, ինչպես անցած տարի, այս տարի ևս էքսպոյի շրջանակներում կունենան գաղափարների մրցույթ, բայց միայն այն տարբերությամբ, որ այս այս անգամ ներգրավել են ավելի մեծ թվով խոսնակներ, քոուչներ, որոնք նպաստելու են մանակիցների հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Այս ամենի հետ մեկտեղ Արտավազդը նաև մեծ աշխատանք է կատարում, այս ծանր ժամանակահատվածում միավորելով Արցախի երիտասարդներին, որոնք իրենց հերթին հույս ունեն, որ հաջորդ տարի կազմակերպելու են STEM Expo 2024, նորից խաղաղ և ազատ Արցախում:

Քրիստինա Ալահվերդյան

Մոսկվան ու Բաքուն լուծում են երկու հարց` Արցախն ինտեգրել Ադրբեջանին, այնուհետեւ զավթել Սյունիքը

Դեռ դեկտեմբերի սկզբներին պարզ էր, որ բլոկադա է լինելու։ Քաղաքական մտածողություն չունեցող, մի օրվա համար ապրող, անհեռատես ամբոխի հետ նման կերպ են վարվում: Այդ մասին գրել է քաղաքագետ Նարինե Ներսիսյանը։

Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի եւ Արցախի միջեւ ֆիզիկական կապը եւ ինչո՞ւ են թշնամիներն ամեն կերպ փորձում կտրել այդ կապը։ Պատասխանելով Step1.am-ի հարցին, Նարինե Ներսիսյանն ասաց․

Չկա Լաչինի միջանցք՝ չկա նաեվ Արցախ: Արցախցիներին խաբեությամբ, կեղծ խոստումներով Արցախ վերադարձնելով, դրժելով նոյեմբերի 9-ի փաստաթղթերի կետերը, հրաժարվելով կատարել պարտավորությունները, Մոսկվան ու Բաքուն, պատանդ վերցնելով 120.000 արցախցիների, փորձում են լուծել երկու հարց` Արցախը ինտեգրել Ադրբեջանին, այնուհետեւ զավթել Սյունիքը:

Սա ռուս-ադրբեջանական հարյուրամյա ծրագիրն է, որը չիրագորժվեց մի մարդու շնորհիվ` Գարեգին Նժդեհի, որից վախենում եւ խորշում են թե ադրբեջանցիները, թե ռուսները:

Ո՞վ է պարտադրում Արցախի իշխանություններին, որտե՞ղ է տեղի ունեցել պարտադրանքի ակտը և ի՞նչ ձեւով

Արցախում անհամբեր սպասում են Արայիկ Հարությունյանի այսօրվա հարցազրույցին։ Ինչ-որ մեկն արդեն բացահայտ ասում է, որ նա «պարտադրված» համաձայնություն է հայտնելու «աղդամով» ճանապարհը բացելու մասին՝ չնշելով «Աղդամով դեպի ուր»։ Ոմանք ասում են, որ Փաշինյանի՝ ամերիկացիներին ներգրավելու փորձերը «հանգեցրել են նրան, որ ամերիկացիները հիմա պահանջում են «հանդիպում Եվրախում», թեև Տիգրան Պետրոսյանը խոսել է Բրատիսլավայում հանդիպելու ամերիկացիների առաջարկի մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն վերջերս հայտարարեց, որ «աջակցում է Եվլախում կայանալիք հանդիպմանը»։

«Պարտադրանքի» մասին այս ամբողջ խոսակցությունը փաստերով չի հիմնավորվում. ո՞վ է ստիպում, որտեղ է տեղի ունեցել հարկադրանքի ակտը և ի՞նչ ձևով։ Առեղծվածային ակնարկները լավ ծածկույթ են ծառայում հակազգային գործողությունները կամ հանցավոր անգործությունը արդարացնելու համար։ Բոլոր այն հարցերին, թե ինչու չի արվում այս կամ այն տրամաբանական ​​քայլը, հնչում է պատասխանը` դուք չեք պատկերացնում, թե ինչպես է մեզ վրա ճնշում գործադրվում։ Կարո՞ղ եք ասել, թե ինչպես: Թե՞ հրաժարական եք տալու։

2020 թվականի պատերազմը և նոյեմբերի 9-ի սեպարատ «խաղաղությունը» տարածաշրջանը վերածել են «գորշ գոտու»՝ միջազգային անվտանգության և իրավունքի համակարգից դուրս։ Նոր «համակարգում» հարկադրանքը կամ դրանով կոծկելը նորմ է։ Դրան կարելի է դիմակայել միայն անհնազանդությյամբ կամ գործընթացը միջազգային իրավունքի հարթություն վերադարձնելու պահանջով։ Գետոյացված Հայաստանը, ներառյալ Արցախը, ղեկավարում են այլազգի «պոլիցայներն ու զինված պահակները», այլ ոչ թե պետական ​​մարմինները։ Եվ կամ պետք է բացահայտ հայտարարել դրա մասին, կամ հիշել ամենաբարձր մանդատը և լուծել հարցերը որպես պետություն։

Ի՞նչ է անում Հայաստանում և Արցախում իշխանությունը՝ պնդելով, որ «չի ստացվում»։ Այս ամբողջ ընթացքում միայն մեկ հրաժարական է եղել. խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Լավրովը բացահայտեց Արցախն «ինտեգրելու» ռուսական ծրագիրը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Արցախի  խորհրդարանը ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու կոչ է հնչեցրել։

Ուրիշ ոչ ոք հրաժարական չտվեց։ Պետական ​​պաշտոնյաները, դուրս գալով իրենց աշխատասենյակից, ժամանակ են անցկացնում Վերածննդի հրապարակում՝ իբր նստացույց անելով։ Ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը խոսում է պետության անունից և հայտնում Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին։ Պետական ​​քաղաքականության այլ տրեկը զբաղեցրել է մյուս ընդդիմադիրը՝ Արթուր Օսիպյանը, ով Միջանցքի ապաշրջափակման շտաբի հետ միասին փորձում է «գետնի վրա» ինչ-որ քայլեր անել։

Մինչդեռ օգոստոսի 7-ին տեղի կունենան խորհրդարանի խոսնակի ընտրություններ, ում պաշտոնին հավակնում է ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը։ Ինչո՞ւ ՀՅԴ-ից, այլ ոչ խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեցող երկու կուսակցություններից, ոչ ոք չի բացատրում։ Մինչ այդ Ռուբեն Վարդանյանի Արցախի անվտանգության և զարգացման ճակատը համագործակցության հուշագիր է ստորագրել խորհրդարանական 3 կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, Դեմոկրատական ​​և Արդարության կուսակցությյունների հետ։ Հուշագրի նպատակը չի նշվում, թեև Ռուբեն Վարդանյանը ավելի վաղ խոսել էր «Արցախի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև» նոր համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, այսինքն՝ առանց Հայաստանի։

Ամեն ինչ շատ նման է Արցախում «իշխանափոխության» նախապատրաստմանը՝ Հայաստանի պրոյեկցիայով։

Իրավունքը մեր կողմն է. երկու Հայաստան չի կարող լինել

Մեր զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը։

Պարոն Կարաբեկյան, 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո տարածաշրջանում կնքված բոլոր պայմանավորվածությունները կապված չեն միջազգային իրավունքի հետ և սեպարատ համաձայնության պես մի բան են՝ Հայաստանի մասնակցությամբ։ Սա արդեն հանգեցրել է նրան, որ տարածաշրջանը վերածվել է գորշ գոտու, որտեղ գործում է ուժի իրավունքը։ Հիմա Ստեփանակերտին ստիպում են գնալ հերթական դավադիր որոշման, ինչպե՞ս կմեկնաբանեք։

Բաքվի և Ստեփանակերտի հարաբերությունների կարգավորման հիմքը կարող է լինել միայն միջազգային իրավունքը, ով դեմ է դրան՝ մեր հակառակորդն է։

Խոսելով կարգավիճակի ապագա պարամետրերի մասին, պետք է փորձել դրանք ամրագրել միջազգային փաստաթղթերում։ Խոսքը սահմանների, ինքնորոշման իրավունքի, անվտանգության միջազգային երաշխիքների, ինքնակառավարման ձեւի ընտրության եւ այլնի մասին է (որոնք ամրագրվել են ԵԱՀԿ պետությունների ղեկավարների Լիսաբոնի գագաթնաժողովում և զարգացվել Մադրիդյան սկզբունքներում):

Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը։ Կա՞ մի քայլ, որը կարող է փոխել ամեն ինչ: Օրինակ՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման գործարկումը։

Երկու Հայաստանի գաղափարը անհեթեթություն է, իսկ իրականում հակահայկական։ Նույնիսկ Սուրբ Գիրքն է սովորեցնում, որ իր մեջ բաժանված տունը կկործանվի, իր մեջ բաժանված թագավորությունը կանգուն չի մնա: Հայաստանը չի կարող ունենալ անվտանգության մի քանի համակարգ։

Դրա ապացույցը Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների նույնությունն է։ Հայաստանից այսօր պահանջում են ոչ միայն Սյունիքը՝ այն անվանելով Արեւմտյան Զանգեզուր, այլեւ Երեւանը, ինչպես նաեւ Սեւանը, Արարատը, Կոտայքը, Գեղարքունիքը։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախն նեռարյալ ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ոմանք խոսում են «ինտեգրացիայի» մասին՝ իրենց հայտարարությունները համեմելով Արցախի փաստացի շրջափակմամբ։ Լավրովը նույնիսկ Արցախի հայերին անվանել է «ազգային փոքրամասնություն»։ Իրավունքն ո՞ւմ կողմն է:

Եթե ​​բանակցային հարթակներում շարունակվի ազգային փոքրամասնությունների մասին խոսակցությունը, ապա հայկական կողմը պետք է ՄԱԿ-ում բարձրացնի Հայաստանը և Արցախը ԽՍՀՄ կազմում ընդգրկելու օրինականության հարցը։ Անհրաժեշտ է սկսել մինչեւ 1921 թ․ գոյություն ունեցած Լեռնային Հանրապետության կազմալուծումը քաղաքական տեռորի ակտ ճանաչելու ընթացակարգը, կան այլ քայլեր։ Պետք է հետ կանչվեն նաև ՀՀ վարչապետի հայտարարությունները, թե ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքը 86 600 քառակուսի կիլոմետրի սահմաններում։

Պետք է հարց դնեն ռուսական կողմի առջև՝ կամ կատարում են իրենց պարտականությունները, կամ դուրս են գալիս

Step1.am-ի զրուցակիցն է՝ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը

Պարոն Սավադյան, ձեր գնահատականը Միջանցքի ապաշրջափակման շարժման վերաբերյալ։

– Բոլոր այն շարժումները, որոնք ուղղված են ապաշրջափակմանը, միանշանակ ողջունելի են, սակայն մեր հասարակությունը պետք է մի մեխի խփի, ոչ թե մեկը նալին, մյուսը մեխին: Նաև հասարակությունը պետք է գիտակցի, որ չպետք է ամեն ինչ անել վերևից հրամանով, նախաձեռնողը պետք է հասարակությունը լինի:

Մենք այս օրին ենք նաեւ այն պատճառով, որ որոշները նույնիսկ չհասկանալով, թե ինչ է քաղաքականությունը, զբաղվում են քաղաքականությամբ: Հնարավոր է, պահ լինի, երբ իրոք միակ լուծումը, ինչպես Արթուր Օսիպյան է ասում,  Հաքարի կամուրջ գնալը կլինի, և ինչ լինում է թող լինի:

Նախագահը Արցախն հայտարարել էր աղետի գոտի, խորհրդարանն էլ հայտարարություն արեց: Չե՞ք կարծում, որ այդ ամենը ուշացած է:

Իհարկե ուշացած է: Բայց պետք է հաստատակամ լինեն, հարց դնեն ռուսական կողմի առջև՝ կամ կատարում են իրենց պարտականությունները, կամ դուրս են գալիս: Նաև հարց տանք ինքներս մեզ՝ իսկ ի՞նչ ունենք կորցնելու։ Պահը օրհասական է, մեր երեխաները արդեն սոված են:

Վերջում նշեմ, որ այժմ այն պահը չէ, որ բաժանվենք տարբեր ճամբարների, միավորվել է պետք:

Հաղթահարելով ժանտախտը. Միրան կարոտում է է ոչ միայն հայրենի Հադրութը

Միրա Բաբայանը ծնվել և ողջ կյանքն ապրել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։

Միրան մեծացել է աշխատավոր ընտանիքում եւ կրթություն է ստացել որպես բուժքույր։ Աշխատանքի է անցել Հադրութի շրջանային հիվանդանոցի մանկական բաժանմունքում, իսկ վերջին 50 տարիներին աշխատել է Հադրութի ժանտախտի դեմ պայքարի բաժանմունքում՝ որպես բիոլաբորանտ։

Միրան պատմում է, որ 1931 թվականին Հադրութում ժանտախտ է եղել. մահացել են Հադրութի հիվանդանոցի գրեթե բոլոր բժիշկներն ու բուժքույրերը։ Բայց մարդկանց կազմակերպվածությունն ու օրինապաշտությունը թույլ տվեցին կարճ ժամանակում սահմանել խիստ կարանտին և դադարեցնել համաճարակը։ Դրանից հետո Հադրութում ստեղծվեց ժանտախտի դեմ պայքարի կայան, որն ամեն օր համաճարակաբանական հսկողություն էր իրականացնում բոլոր տարածքներում՝ մինչև Արաքս գետը։

Մինչ դեռ կյանքը Ադրբեջանի իշխանության տակ գնալով ավելի ու ավելի անտանելի էր դառնում։ Լեռնային Ղարաբաղի հայությանը ճնշող քաղաքականությունը, որն իրականացվում էր Բաքվի իշխանությունների կողմից, ստիպեց մարդկանց ոտքի կանգնել եւ ազգային-ազատագրական պայքար մղել։

Միրայի ամուսինը՝ Ռոբերտը, եղել է ազատամարտի առաջնագծում։ Հենց նա էր, ով գիշերը Հադրութի կենտրոնում բարձրացրել և կախել է Հայաստանի դրոշը 200-ամյա սոսիի վրա։ Թե ինչպես է նա բարձրացել հարթ ու սայթաքուն ծառը եւ կախել դրոշը, անպատկերացնելի է։ Դրոշը կարողացել են հեռացնել միայն Ստեփանակերտից ժամանած հրշեջ մեքենայի սանդուղքի օգնությամբ։

Խորհրդային Միության իշխանությունը, Ադրբեջանի հետ միասին, արցախահայության խաղաղ պայքարին պատասխանեց Սումգայիթում, ապա Բաքվում եւ այլ հայաշատ շրջաններում կոտորածով, իսկ 1992-ին սարսափը տարածվեց բուն Արցախի տարածք։

Միրան պատմում է, որ 1992 թվականի ձմռանից Հադրութը սկսել է հրետակոծվել՝ սկզբում «Ալազանի» արկերով, հետո հաուբիցներից, տանկերից, իսկ հունիսին Հադրութը խոցվել է քառասունփողանի «Գրադ» կայանից։ Պատերազմի ամբողջ ընթացքում հարևանները հավաքվում էին Միրայի տան նկուղում, որի մեջ տղամարդիկ փայտե տախտակամածներ էին կառուցել, որոնք ծառայում էին որպես մախճակալ՝ երեխաներին քնեցնլու համար։ Մեծահասակները կարող էին հանգստանալ միայն այն ժամանակ, երբ հրետակոծություն չկար։ Մառանի դռներին մի փոքրիկ զանգ են կախել, որի միջոցով նրանց զգուշացնեում էին հրետակոծության սկզբի մասին։

Նկուղում երեխաներին որքան հնարավոր է զբաղեցնում էին, որպեսզի չվախենան, չզգան, որ պատերազմ է ընթանում։

Հունիսյան հրետակոծության ժամանակ Միրայի կրտսեր դուստրը վիրավորվել է «Գրադ» արկի բեկորից։ Հիվանդանոցում նրան առաջարկել են ուղղաթիռով տանել Երեւան, սակայն Մարինան հրաժարվել է ու մնացել ընտանիքի հետ։

Իսկ 1992-ի աշնանը եկավ «սեւ լուրը»՝ զոհվեց Միրայի միակ որդին՝ Սերգեյը։ Հանգիստ, զուսպ, բարեկիրթ Սերգեյը պաշտպանեց իր հողը պատերազմով եկող թշնամիներից:

Որդու մահից հետո Բաբայանների կյանքը կանգ է առել. Սերգեյի հայրը՝ Ռոբերտը, մարեց, դարձավ ավելի լուռ, մռայլ։ Իսկ 1993 թվականի օգոստոսին նա ընկերոջ հետ զոհվեց հակատանկային ականի պայթելու հետետանքով։

Սերյոժկան (ինչպես նրան բոլորն էին անվանում) և Ռոբերտը թաղված են Հադրութի քաղաքային գերեզմանատանը, իրենց պապերի և նախապապերի կողքին։

Միրան ցավում է ոչ միայն հայրենի Հադրութի համար, այլ նաև այն պատճառով, որ իր որդու և ամուսնու միշտ խնամված գերեզմանները մնացել են անխնամ։ Նա հաճախ էր այցելում նրանց, բայց արդեն գրեթե երեք տարի է, ինչ շփվում է միայն հեռախոսում մնացած կամ Երևանում ապրող հարազատների մոտ մնացած նրանց լուսանկարների հետ։

Ադրբեջանցիների հետ կյանքը Միրան չի պատկերացնում. «Ապրել էլի 70 տարի, ինչպե՞ս կարող ես վերադառնալ անցյալ, որտեղ ապրել ես բանտում»,- ասում է Միրան։

Գնդակոծություն, Նոր Կիլիկիա և ծաղիկներ

«Քանի որ մեր գյուղը պարբերաբար գնդակոծվում է, ավելի ապահով վայրերից հարազատներս հաճախ են զանգահարում ու հարցնում, ինչի՞ չեմ ուզում երեխաներիս հետ տեղափոխվել: Հետաքրքիր է, բայց եթե ես ցանկանայի ապրել իմ տնից հեռու, կվերադառնայի՞ պատերազմից հետո: Միայն մի բան կարող է ինձ ստիպել հեռանալ իմ հայրենի վայրերից՝ եթե Արցախը չլինի։ Բայց ես, բոլորս իսկապես հույս ունենք, որ դա տեղի չի ունենա»,- ասում է ուսուցչուհի Գայանե Ալեքսանյանը։

Գայանեն ընտանիքի՝ ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ արդեն շուրջ վեց տարի է, ինչ ապրում է Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա գյուղում։ 44-օրյա պատերազմից հետո բնակավայրը դարձել է սահմանամերձ և պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից։ Կնոջ խոսքով՝ եթե նախկինում կրակել են հրազենից, ապա այս ամառ հրետանի են կիրառել։

Կինը հիշում է, որ հունիսի վերջին օրերից մեկի կեսօրից հետո երեխաները բակում անհոգ խաղում էին, իսկ գյուղի բնակիչները զբաղված էին առօրյա գործերով։ Կրակոցները ոչ ոքի չեն անհանգստացրել։ Բայց գիշերը ժամը 2-ին հրետանային հրանոթներից սկսվեց գնդակոծել։ Մտածեց, որ նորից պատերազմ է․ երեխաներին հագցրեց, փաստաթղթերը հավաքեց։ «Բայց ես չէի ուզում հեռանալ, սպասում էի՝ ամեն ինչ անելով, որ հանգիստ մնամ։ Առավոտյան ինտենսիվ հրետակոծությունը դադարեց։ Եվ մենք աստիճանաբար սկսեցինք վերադառնալ առօրյա կյանքին։ Բայց այդ օրվանից մենք երեխաներին թույլ չենք տալիս ազատ խաղալ բակում եւ միշտ զգոն ենք ու զգուշավոր»։

Շրջափակման վերաբերյալ Ալեքսանյանը նշեց, որ վառելիքի, դեղորայքի խնդիրը պետք է լուծվի, սակայն, ինչպես ցանկացած գյուղական ընտանիք, իրենք որոշ պաշարներ ունեն։ «Ես ամեն տարի պահեստավորում եմ: Ահա եւ այս տարի՝ չորացնել, զակատել, մարինացնել: Ընտանիքը դեռ ապահովված է սննդով, թեկուզ նվազագույն քանակությամբ, երբեմն թարմ սնունդ չկա, բայց հայտնի չէ, թե որքան կձգվի շրջափակումը, ուստի արդեն խնայում եմ»։

Նոր Կիլիկիայում գրեթե բոլորը բակում ծաղկանոցներ ունեն՝ գյուղը վերածվել է պարտեզի։ Գայանե Ալեքսանյանի բակը բացառություն չէ. ամուսնու հայրենի Քարին տակ գյուղից բերված սպիտակ վարդեր դարձան բակի զարդը։

«Շատ տարիներ առաջ ամուսնուս ծնողների տան բակում աճած թուփից բողբոջ եմ բերել։ Տնկել այստեղ: Գեղեցիկ սպիտակ վարդի թուփ է աճել։ Պատերազմից հետո, երբ Քարին տակն անցավ թշնամու օկուպացիայի տակ էր, այս վարդերը մեզ համար գանձ դարձան։ Ո՞վ կմտածեր, որ մեր և մեր շատ համագյուղացիների համար ծաղիկները միակ հիշողությունը կլինեն մեր հայրենի վայրերի մասին»։

Գեներալ Լենցովին գրավոր պահանջներ են ներկայացվել

Դեպի Հաքարի կամուրջ խաղաղ երթի նախաձեռնողները այսօր Ստեփանակերտում ռուս խաղաղապահների հրամանատարին են ներկայացրել պահանջագիր-նամակը։

Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի անդամները խաղաղ երթին մասնակցել ցանկացողների հետ միասին երեկ մեկնել էին Ստեփանակերտի օդանավակայան ՝ Ռուսական խաղաղապահ զորամասի հրամանատար գեներալ Լենցովի հետ հանդիպելու պահանջով։

Բազայում ակտիվիստները բարձրաձայնեցին իրենց պահանջները. մասնավորապես, ռուսական հրամանատարությունը պետք է հերքի այն լուրերը, թե խաղաղապահները, օգտագործելով խաղաղ երթը, մտադիր են ռազմական գործողություն իրականացնել միջանցքի ապաշրջափակման համար։ Երկրորդ պահանջը՝ երթին մասնակցող քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու խաղաղապահ ուժերի պատրաստակամության մասին տեղեկատվություն տրամադրելն է։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և խնդրել գրավոր ներկայացնել բոլոր պահանջները՝ խոստանալով պատասխանել երկուշաբթի։

Շարժման ներկայացուցիչ Արթուր Օսիպյանն ասաց, որ այսօր ռուս խաղաղապահներին է հանձնվել գեներալ-գնդապետ Ա.Լենցովին ուղղված պահանջագիր-նամակը։ Հուսով ենք, որ երկուշաբթի օրը կլինի կոնկրետ ու հստակ պատասխան, ասաց Օսիպյանը։