Ստեփանակերտը գործուն քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու հարցում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության հեղինակավոր դերակատարներին կոչ է անում չբավարարվել հայտարարություններով ու կոչերով և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը դադարեցնելու համար։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման կոչերը որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի ղեկավարության վրա, որը, ամենաթողության և լիակատար անպատժելիության պայմաններում, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և սովամահ անում Արցախի 120 000 բնակիչներին՝ նրանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ:

Միջազգային կառույցների, առանձին պետությունների և կազմակերպությունների պարբերական կոչերում և հայտարարություններում բոլորն առանց բացառության արձանագրում են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման փաստը և նշում միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտությունը, սակայն, այդ ուղղությամբ գործուն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Այնինչ, Արցախի Հանրապետությունում ստեղծված մարդասիրական աղետը և մարդու իրավունքների ճգնաժամն օրեցոր ավելի են վատթարանում։

Արցախ հումանիտար օգնություն հասցնելու համար այլընտրանքային ճանապարհների օգտագործման հնարավորության մասին վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն շրջափակումն օգտագործում է որպես զենք և Արցախի ժողովրդին ճնշելու միջոց։ Ադրբեջանը մարդկանց տառապանքներն ու իր իսկ ստեղծած հումանիտար ճգնաժամը օգտագործում է սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի նման գործողությունները և գործելակերպը հակամարդկային լինելու պատճառով  պետք է ամենավճռական ձևով մերժվեն միջազգային հանրության կողմից։

Այս կապակցությամբ հերթական անգամ հաստատակամորեն կոչ ենք անում բոլոր շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին և մյուս միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին։ Հիշեցնում ենք, որ ցեղասպանության հանցագործության կանխարգելումը պետություների erga omnes (բոլորին վերաբերող) պարտավորություն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի՝ նման հանցագործության կանխման համար։

Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական աղետի և մարդու իրավունքների ճգնաժամի դադարեցումը իրական մարտահրավեր է ներգրավված միջազգային դերակատարների գործունակությունը։ Համոզված ենք, որ իրենց հանձնառությունների համաձայն, նրանք ի վիճակի են վերացնել Ադրբեջանի կողմից միջազգային իրավակարգի նման ակնհայտ ու կոպիտ խախտումը և կանխարգելել ցեղասպանության հանցագործության իրականացումը։  Այլապես, հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման վերաբերյալ բոլոր կոչերը կլինեն իրականությունից կտրված, բովանդակազուրկ ու անհեռանկար»։

 

Երթի համար ռիսկեր կան, բայց այլընտրանքն ավելի տխուր է

Հենց որ միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը հայտարարեց դեպի Հաքարի կամուրջ խաղաղ երթի նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասին, սոցցանցերի արցախյան հատվածը լցվեց  կասկածներով նման գործողության նպատակահարմարության վերաբերյալ։ Իսկ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչերով հրապարակում ավտոբուսների հայտնվելուց հետո՝ սրտացավ հայրենակիցների ճամբարը սկսեց մեծանալ։

Նախաձեռնության նկատմամբ թերահավատությունն արտահայտվում է հիմնականում մտավախությունների տեսքով, որ խաղաղ երթը անվտանգ չէ, ադրբեջանցի զինվորականները կարող են գնդակահարել խաղաղ բնակիչներին կամ պատանդ վերցնել նրանց։ Ակցիայի նախաձեռնողների ելույթները, թե իրենք գիտակցում են բոլոր ռիսկերը, այդ պատճառով էլ ցանկանում են, որ երթը լինի բազմաթիվ, իսկ անվտանգությունն ապահովի ռուսական խաղաղապահ զորախումբը, որը ստանձնել է երաշխավորի պարտավորությունները, չհամոզեցին «զգույշ» քաղաքացիներ։

Երկու օր առաջ տեղեկատվական դաշտում հայտնվեց տեքստ, որտեղ ադրբեջանական կողմը մեղադրում է ռուս խաղաղապահներին խաղաղ երթից օգտվելու և կամուրջը գրոհելու մտադրության մեջ։ Ժողովրդական շարժման շտաբն անհապաղ բացատրություն է պահանջել ռուսական խաղաղապահ զորախմբից Ադրբեջանի մեղադրանքների վերաբերյալ և կոչ է արել միջոցներ ձեռնարկել խաղաղապահների կողմից դեպի Հաքարի կամուրջ խաղաղ երթի անվտանգությունն ապահովելու համար։

Բայց սպառնալիքների մասին հայտարարությունները միայն ավելացան։ Անգամ պաշտոնական տրիբունաներից ու տարբեր քաղաքական ու հասարակական խմբերից։ Օգտագործվում են ագիտացիայի, քարոզչության տարրեր, իսկ ինչ-որ տեղ՝ հոգեբանական ճնշման։

Ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն: Նստե՞լ ու սպասել, որ ռուս խաղաղապահները կսկսեն իրենց անմիջական “առաքելությունը”։

Արցախում հայտնի քաղաքական գործիչներն ուղղակիորեն ասում են, որ միջանցքի ապաշրջափակման գործողությունը «ուղղված է ռուս խաղաղապահների դեմ»։ Ակցիան ուղորդված է Հայաստանի իշխանությունների կողմից՝ ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ կազմակերպելու նպատակով, ասում են նրանք։

ՌԴ ԱԳՆ-ն միանշանակ հայտարարեց, որ իր ջանքերն այլեւս ուղղված են «Ղարաբաղի հայերին որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում ինտեգրելուն», համապատասխանաբար, խաղաղապահները պետք է «երաշխավորեն» այդ «ջանքը», և նրանց առաքելությունը սա է։ Բայց Արցախում դեռ կան ուժեր, որոնք լուռ կամ բարձրաձայն պաշտպանում են Ռուսաստանի շահերը՝ ի վնաս հայկական շահերի։ Սա արդեն համոզմունք կամ սթափ վերլուծություն չէ, այլ ագենտուրային ծառայություն։

Ի՞նչ են ուզում ռուսների դեմ սադրանքներ հայտարարող մարդիկ․ որ ոչ ոք չխանգարի՞ ռուսական կոնտինգենտին ավարտին հասցնելու իրենց առաքելությունը, որը բարձրաձայնել է Լավրովը։

Եթե ​​երթի դուրս եկողները գիտակցում են ռիսկերը և պատրաստ են անձնազոհության, քանի որ հասկանում են, թե ինչով է հղի անգործությունը, ապա ինչո՞ւ խանգարել։

Ըստ երևույթին, մարդիկ ապահովագրում են իրենց և արդարացնել անգործությունը՝ եթե երթի մասնակիցներին մի բան պատահի, կասեն՝ ահա, մենք զգուշացրել ենք։ Առանց մտածելու, որ ինչ-որ մեկը պարզապես չի կատարել իր պարտականությունները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչների անվտանգությունը։

Երկրորդ շարժառիթը հակառակորդին օգնելն է. նրանք, ովքեր խանգարում են միջանցքի ապաշրջափակման գործողություններին, ինչպես ակտիվիստներից մեկն է ասում, «ջուր են լցնում թշնամու ջրաղացին», կամ ուղղակի սպասարկում են նրան։

Ռուս խաղաղապահները խոստացել են պատասխանել նամակին երկուշաբթի

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Բերձորի միջանցք խաղաղ երթին մասնակցել ցանկացողների մի  խումբ գնացել է Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովի հետ հանդիպելու պահանջով։

Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և խնդրել գրավոր ներկայացնել բոլոր պահանջները՝ խոստանալով պատասխանել երկուշաբթի։

Ժամանողները խոստացել են վաղը նամակ ուղարկել։

Գլխավոր պահանջը՝ ռուս հրամանատարները պետք է հերքեն տարածված լուրերն առ այն, որ ռուսական զորախումբը պատրաստվում է, օգտվելով խաղաղ երթից, գրողել կամուրջը։

Միջանցքի ապաշրջափակման ակցիայի մասնակիցները ընթանում են դեպի Ստեփանակերտի օդանավակայան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակման խաղաղ երթին մասնակցելու ցանկացողները որոշել են հանդիպել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովի հետ։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի ներկայացուցիչ Վրեժ Բալասանյանը։

Երկու ավտոբուս՝ մոտ 50 հոգի մարդ գնում են դեպի Ստեփանակերտի օդանավակայան, որի մոտ գտնվում է Ռուս խաղաղապահների հիմնական բազան։ Մասնակիցները մտադիր են պահանջել հանդիպում Լենցովի հետ և պատասխան երկու հիմնական հարցի. պատրա՞ստ են արդյոք ռուս խաղաղապահները ապահովել խաղաղ երթի անվտանգությունը, և արդյոք նրանք մտադիր են հերքել տարածված լուրերն այն մասին, որ ռուսական զորքերը, օգտվելով խաղաղ երթից, իբր մտադիր են գրոհել ադրբեջանական անցակետերը։

Եթե ​​մասնակիցների պահանջները չկատարվեն, նրանք մտադիր են փակել օդանավակայանի մուտքերն ու ելքերը։

Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման շտաբի նախաձեռնությամբ նախապատրաստվող երթի օրը դեռ չի հայտարարվել, սակայն նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։

Հայտարարվեց նաև, որ հրապարակի ավտոբուսներին ավելացվել են ևս մոտ մեկ տասնյակ մեքենաներ։ Տրանսպորտը տրամադրել են մասնավոր ընկերությունները։

Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ է ուզում «մարդասիրություն» մատուցել Արցախի ժողովրդին

Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր:
Դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին, Եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս ու այն ստորագրելիս, մասնակից կողմերը իրավացիորեն եկել էին այն եզրահանգման, որ Արցախի ժողովրդի գոյությունը, նրա անվտանգությունը, նրանց կարիքների համար անհրաժեշտ և անվտանգ ապրանքներ ձեռք բերելը, պատշաճ բուժօգնություն ստանալը, արտաքին աշխարհի հետ անվտանգ կապն ապահովելը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ անխոչընդոտ կապի առկայության պայմաններում, որի համար նախատեսվել է Լաչինի միջանցքը:
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով:
Արցախի ժողովրդի կողմից հումանիտար օգնությունը ՀՀ-ից ստանալու և ՀՀ հետ կապ ունենալու պահանջը ոչ թե կամակոր ցանկություն է, այլ սեփական անվտանգության և պարզապես ինքնապահպանության գիտակցում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ: Մարդուն չի կարելի պարտադրել՝ գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն, այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին:
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:
Իսկ այսօր Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին:
ԱՀ Պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Ֆրենկ Փալոնը այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։

«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ տա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների մուտքն Արցախ»,- գրել է Փալոնը:

Ադրբեջանի ձեռնարկած շրջափակումը նոր տեսակի պատերազմի կիրառում է

Հարցազրույց Արցախի Հոգեբանների միության նախագահ, ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի հետ

 Սա նոր տեսակի պատերազմ է։ Այսինքն, պատերազմ ոչ մահացու զենքի, ոչ լեթալ զենքի կիրառմամբ, սակայն որը ոչ պակաս վտանգավոր և կործանիչ է, քան, ասենք, «տաք» պատերազմը: Սա կարելի է համեմատել «սառը» պատերազմի հետ, երբ կիրառվում են ոչ թե մահացու զենքեր, պայթեցնող միջոցներ, այլ տեղեկատվական, հոգեբանական պայքարի մեթոդներ, հնարքներ:

-Շրջափակումն ի՞նչ ազդեցություն է ունեցել արցախցիներիս հոգեբանության վրա: Թշնամին ինչ ստրատեգիաներ է կիրառել մեր հոգեբանությունը կազմաքանդելու ուղղությամբ, և ինչքանով է դա նրան հաջողվել:

– Շրջափակումը կարելի է դիտարկել որպես ֆիզիկական բռնության կամ ներազդեցության տեսակ։ Այն ուղեկցվում է նաև լավ մտածված հոգեբանական տեռորով, տարբեր հնարքների կիրառմամբ, որոնք ուղղված են մեր դիմադրողականության և հոգեբանական որակների թուլացմանը: Ցավոք սրտի, նախնական շրջանում և դեռ այսօր էլ թշամուն հաջողվում է ամենատարբեր հնարքների կիրառմամբ հասնել իր նպատակներին: Մասնավորապես, անընդհատ կիրառվող անորոշության զգացում առաջ բերող փոփոխությունները, որոնք ուղղված են մարդկանց բազային պահանջմունքների խաթարմանը: Ըստ Մասլոուի բուրգի հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքների՝ ներկայումս անբավարարվածություն է, և ամենաբարձր ինտելեկտուալ, մտավոր պահանջմունքների մասին խոսելն անիմաստ է: Երբ մարդն անկյուն է մղվել և նրա ֆիզիկական անվտանգությունը, տեղաշարժվելու, ընտանիքի հետ միավորվելու, բուժվելու ամենատարրական իրավունքներն են ոտնահարված, ապա նա հայտնվում է իր համար լեթալ սթրեսային իրավիճակներում, որոնց դեմ պայքարելը մեր ունեցած միջոցներով բարդ է:

-Ի՞նչ կարող ենք անել հակառակորդի ներազդեցությունը հնարավորինս թուլացնելու համար։

-Անհրաժեշտ է մեր մտածելակերպի, մոտեցումների որոշակի փոփոխություն: Մարդկանց կրթելով, տարրական հմտություններ, հոգեբանական առաջին օգնության հնարքներ ուսուցանելով գուցե և ստացվի մեղմել այդ ազդեցությունները: Օրինակ, երբ որ տունը փլուզվում է՝ ի՞նչ են անում մարդիկ: Միանգամից նոր ապարանք կամ դղյակ կառուցելը դժվար է: Պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ վերականգնել հոգեբանական կեցության տվյալները, բազային տվյալները, ռեսուրսները, մոբիլիզացնել այն, ինչը քեզ ուժեղ է դարձնում: Ի՞նչ է մնացել այդ կորուստներից հետո: Այդ ինչ-որ բանը կարող է դառնալ ելակետ, որպեսզի մեր հետագա հոգեկանը կայունացնենք և վերականգնենք այդ կորուստները:

-Եթե զուգահեռներ անցկացնելու լինենք 90-ականների և մերօրյա շրջափակման միջև, ապա ի՞նչ օրինակներ պետք է վերցնենք մեզ համար, որոնք կօգնեն այս խոչընդոտների հաղթահարման հարցում:

-Առաջին պատերազմի տարիներին հաղթական ելքն ապահովել է այն էյֆորիկ վիճակը, որն ունեցել է մեր ժողովուրդը: Մեր նպատակին հասած լինելը փոխհատուցել է կորուստները: Ընդ որում, այն ժամանակ շրջափակումը շատ ավելի դաժան էր: Կար միավորող գաղափար, կար այն գիտակցումը, որ այս ամենը երբևիցե կավարտվի, և մենք կհասնենք մեր նպատակների իրագործմանը: Այսօր մի փոքր անորոշության իրավիճակում ենք և չգիտենք, թե ինչ է լինելու վերջում, և մեր պայքարի միավորող այդ գաղափարն էլ խաթարվել է, որովհետև հասարակությունը բևեռացվել է, առաջ են բերվել թշնամական թեզեր՝ հներ, նորեր, արցախցիներ, հայաստանցիներ: Հասարակությանը բաժանել են տարբեր շերտերի, որպեսզի միասնական գաղափար չլինի: Վնասվել է ազգային գաղափարը, հենասյուները՝ եկեղեցին, հավատը, պետական ինստիտուտները:

-Ի՞նչ է «մարտական ոգի» հասկացությունը: Ներկայումս ժողովուրդը երբեմն փորձում է «սնվել» պաթոսախառը ասույթներով: Որքանո՞վ է դա մեզ խանգարում տեսնել իրականությունը:

-Ներկայումս այն շատ կիրառելի է: Բաղադրյալ հասկացություն է, այսինքն՝ ձևավորվում է հենց այդ գաղափարից, հնարավորությունների, միջոցների գիտակցումից, հենց այն նպատակից, որն իր առջև դնում է պայքարող անձը: Մեր ժամանակներում,  երրորդ պատերազմից հետո, կորցրինք կողմնորոշիչները, ինչը և հանգեցրեց այս անցանկալի, կործանիչ հետևանքներին:

-Ինչու՞ ենք ընդունել «զոհի կարգավիճակ» և հարատևում դրա մեջ:

– Ես երկու ասպեկտ եմ առանձնացրել, որոնցից մեկը բխում է մեր պատմական էթնոնկարագրից է: Դա մեր ազգային տեսակի ձևավորման պատմությունից է կախված ՝ ցեղասպանությունը, պատմության ընթացքում մշտապես հարձակումների ենթարկված լինելը նպաստել են զոհի կարգավիճակ ձևավորելուն: Այս ամենը հայի մեջ ձևավորել է համբերատարություն, Աստծուն ապավինելու ներքին մղում: Երկրորդը մեր դաստիարակչական ներազդեցության համակարգի բացթողումներն են: Մենք չենք ներարկել մատաղ սերնդի մեջ ինքնավստահություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ, սեփական ռեսուրսները ճանաչելու, գնահատելու, դրանց ապավինելու և դրանց վրա հաջողությունը կառուցելու դիրքորոշումներ չենք զարգացրել: Մենք կրկին գովերգել ենք մեր տառապանքը, մենք կրկին գնացել ենք դեպի անցյալը՝ ֆետիշացնելով զոհաբերությունը և ասելով, որ հայրենիքի համար պետք է զոհվել: Այդ խնդիրը տեսնում եմ նաև կրթական համակարգում: Օրինակ, մեր միջին վիճակագրական աշակերտը համարվում է հաջողակ, երբ նա բարեհաջող է կատարում հանձնարարությունը, այսինքն՝ պարտադիր չէ լինել նախաձեռնող, յուրահատուկ, այլ պետք է լինել կատարողական և պարտաճանաչ: Սա կաշկանդում է երեխային, և հետագայում անձը դառնում է մի տեսակ վախվորած, կրավորական: Անհրաժեշտ է լավատեսություն, ուժ, նախաձեռնողականություն, կարողությունների ճիշտ գնահատում, ներքին ինքնագնահատական: Անձը պետք է խոհածություն ունենա և կարողանա համեմատել իր վարքը հաջողակության մոդելի հետ, ձևավորել անձնային իր ուղեգիծը: Անհրաժեշտ է լինել յուրատիպ, չկրկնօրինակել ուրիշներին: Մենք վստահաբար պետք է մեր ազգային, մտավոր, ռազմական կարողությունները ճիշտ գնահատենք և ձևավորենք մեր յուրատիպությունը, ինչպիսին միշտ եղել է հայը: Քաջալերանքի բացակայության դեպքում մարդ ֆրուստրացվում է: Խրախուսել շարունակելով՝ աճեցնում ենք մի ինքնասիրահարված փասիան, հակառակ դեպքում՝ կոտրված ոջիլ կունենաս՝ մեկին, ով ունի հավակնություններ, բայց չի ստանում այն, ինչին ձգտում է: Երկու դեպքում էլ չենք ունենա ռացիոնալ, իր գործողությունները պլանավորող, հնարավորությունները գնահատող անձ: Սա է, ըստ երևույթին, մեր անհաջողությունների պատճառներից մեկը: Պետք է գտնել այն, ինչի շնորհիվ կարողացանք գոյատևել այս աշխարհում: Օրինակ՝ լեզուն, հավատը, ճկունությունը, ավանդույթները, աշխատասիրությունը: Սրանք մեր ազգային արժեքներն են, որոնք  գլոբալիստը  կուզենա կոխկրտել:

-Ի՞նչ գործունեություն են ծավալել հոգեբանական ծառայությունները շրջափակման ընթացքում:

-Հոգեբանություն գիտության նկատմամբ դիլետանտ վերաբերմունք և թյուր պատկերացումներ կան: Հոգեկան խնդիր ունեցող մարդն անլիարժեք է համարվել: Մեր երկրում հոգեբանական ծառայությունները դեռ ձևավորված ավանդույթներ չունեն:  Չունենք մշակած ռազմավարություն, խնդիրներ, պետական կառույցների ադեկվատ վերաբերմունք; Պետք է լուծվեն համակարգային մոտեցման խնդիրները, այնպես, ինչպես սովորաբար ձևավորվում են պետական կառավարման համակարգի մյուս բաղադրիչները՝ կրթությունը, դաստիարակությունը, իրավական ոլորտը, կառավարումը և այլն: Ահա թե ինչու մենք մեր գործընկերներով նախաձեռնել ենք և հիմա Արցախում ստեղծել ենք Հոգեբանների միություն, որն իր առջև այդպիսի նպատակներ է դրել, օրինակ՝ ո՞վ է հոգեբանը, որո՞նք են նրա գործառույթները, ինչպիսի՞ն պետք է լինի հոգեբանական ծառայությունը: Այս խնդիրները Հոգեբանների միության առաջնակարգ ծրագրում են: Փորձել ենք քարտեզագրել ներուժը, ռեսուրսները, համատեղել ջանքերը: Անելիքներ շատ կան: Լրատվամիջոցներին հորդորում ենք ձեռնամուխ լինել հոգեբանական գիտելիքների տարածմանը։

-Սպառվում են մարդկանց ներքին ռեսուրսները: Ի՞նչ անի հասարակ արցախցին՝ իրավիճակից հոգեբանորեն առողջ դուրս գալու համար:

-Հետպատերազմյան իրավիճակի համար ես մի հասկացություն եմ հայտնագործել, որն անվանել եմ «զանգվածային ֆրուստրացիա»: Ամբողջ հասարակությանն առնչվող իրավիճակ է, երբ մեր ընդհանուրի վնասում է տեղի ունեցել, ոչ միայն անձնային մակարդակում, այլ նաև մեր խմբային գիտակցության մակարդակում: Սա շատ բարդ իրավիճակ է, որի լուծումը չի ենթադրում կոնկրետ մեկ միջամտություն: Անհրաժեշտ է  տևական, համբերատար աշխատանք հնարավոր բոլոր ինստիտուտների համագործակցությամբ՝ պետական մարմինների համապատասխան վերաբերմունքից սկսած:

-Ստեղծված անորոշությունն առաջացնում է տագնապային զգացողություններ: Ինչպե՞ս վարվել,  երբ հակառակորդի ներազդեցությունը շարունակում է ճնշել:

– Այստեղ հոգեբանները մեկ գլխավոր խորհուրդ են տալիս՝ ձերբազատվել ապագայի տագնապներից, քանի որ տագնապը վատ խորհրդատու է: Տագնապը կործանում է մարդու հոգեկան ռեսուրսները: Տագնապից ի հայտ են գալիս անցանկալի երևույթներ՝ դեպրեսիվություն, ընկճախտ, անադեկվատություն: Տագնապներից պետք է խուսափել առօրյա գործունեության մեջ ներգրավվելով: Այստեղից էլ թերապևտիկ բազմաթիվ միջոցներն են գալիս օգնության; Փոքրիկ, հասանելի խնդիր դրեք ձեր առջև և հասեք դրա կատարմանը; Օրինակ՝ տագնապները լքելու են ձեզ, եթե զբաղվեք մարմնամարզությամբ և ակտիվացնեք ձեր նյութափոխանակությունը: Պլանավորեք շաբաթվա անելիքները, և դա կբերի իրավիճակին տիրապետելու, գերիշխանության հասնելու զգացողություն: Սովորաբար ապագան կանխատեսելիության ցածր մակարդակ ունի, իսկ տագնապները ակնհայտորեն մեզ ընկճում են: Ծանր դեպքերի, խնդիրներ ունենալու դեպքում մասնագետները կարող են արագացնել կազդուրվելու ընթացքը, բայց ինքնակարգավորման հնարքների կիրառումն այն ուղին է, որը անձին կբերի ներքին հանդարտություն, ինքնատիրապետում:

Հարցազրույցը վարեց Տաթև Ազիզյանը

 

Ռուսաստանն Արցախին “խորոված” է առաջարկում, ոչ թե ծուխ

ՌԴ ԱԳՆ-ն գիշերը կոշտ հայտարարություններ է տարածել՝ ասելով, որ Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» «հապճեպ» ստորագրումը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման։ Նշվում է, որ Երևանն ու Բաքուն եռակողմ համաձայնագրերի համար հիմք են ընդունել «տեղում ստեղծված իրավիճակը» եւ եռալողմ պայմանավորվածությունները, և առանց դրանց կատարման չի կարող լինել «խաղաղության պայմանագիր»։

Մի քանի օր առաջ, երբ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն ասաց, որ «Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը որպես ազգային փոքրամասնության տեսնում է Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում», և Ռուսաստանը կարող է, բայց հարկ չի համարում բացել Բերձորի միջանցքը, Արցախում կոշտ հայտարարություններ են հնչել Մոսկվայի դեմ։

Նախագահն անընդունելի է անվանել Ռուսաստանի մոտեցումները, պետնախարարը՝ անտանելի Ռուսաստանի դատարկ խոստումները, խորհրդարանի նախագահը, ով ավելի վաղ կոչ էր անում ՄԱԿ-ի մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին, վշտից հրաժարական տվեց։

Օրերս ելույթ ունեցավ Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի ղեկավարը և հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու հանդիպում Եվլախում, իսկ ԱՄՆ-ն հանդիպում է նախապատրաստում Բրատիսլավայում։ Նա ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչը շուտով կժամանի տարածաշրջան և «մենք կքննարկենք ԱՄՆ առաջարկները», քանի որ ռուսական առաջարկներն անընդունելի են։

Երեկ Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոն, որին Հայաստանի արտգործնախարարն ու վարչապետը չընդունեցին, միայն Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հանդիպել է արդյոք նա Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հայտնի չէ։ Բաքվում նրան ընդունել են Բայրամովն ու Ալիևը, որից հետո գիշերը ՌԴ ԱԳՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել «հակամարտությունը վերսկսելու» մասին։

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը կարծում է, որ Արցախը մերժել է ռուսական ծրագիրը, իսկ Ռուսաստանը փորձում է համոզել Արցախին «ինտեգրվել» Գոլոդոմորով։

Արցախը դեռ հավատո՞ւմ է ռուսական միջնորդությանը։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Արեւմուտքի խոստումները պարունակում են «ավելի շատ ծուխ, քան խորոված»: Ռուսաստանի գործողություններում, ըստ երեւույթին, ավելի շատ «խորոված» կա՝ տապակված մարդկային ճակատագրերի վրա։

Շրջափակման պատճառով Ստեփանակերտի մի քանի տասնյակ հազար բնակիչներ կմնան առանց ջրամատակարարման

Ստեփանակերտի ամբողջ 9-րդ գոտին զրկվել է ջրամատակարարումից՝ հոսանքազրկման և պոմպերի վառելիքի բացակայության պատճառով։

«Ջրմուղ» ՓԲԸ-ն օգոստոսի 3-ի երեկոյան հայտնել է. «Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտու ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով։ Քանի որ իրավիճակը եղել է արտակարգ, ջրօգտագործողներին նախապես զգուշացնել հնարավոր չէր։ Ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի խնդիրները հնարավորինս արագ լուծվեն»։

9-րդ գոտին ներառում է տներ և բնակարաններ Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Զավոդսկայա, Սարոյան հասցեներում։

Ուկրաինա-Ղարաբաղ․ «Խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է»

Ռադիո Ազատություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, խաղաղ բնակչությանը սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա․ այս հայտարարությունները հնչել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ երեկ ուշ երեկոյան տասնյակ երկրների դիվանագետներ, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, հավաքվել էին՝ քննարկելու պատերազմական իրավիճակներում սովի բացառման, անվտանգության ապահովման ուղիները։

Բանախոսների ելույթների, մեղադրանքների մեծ մասի հասցեատերը Ռուսաստանն էր, որն անցած ամիս միակողմանիորեն խզեց հացահատիկային գործարքը, ինչի հետևանքով ուկրաինական պարենի մատակարարումներից զրկված աֆրիկյան տարածաշրջանում բախվել են լրջագույն խնդիրների։

Որոշ երկրների, այդ թվում՝ Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքականության հետևանքով սովի, զրկանքների, տառապանքների մասին խոսելիս հիշեցին նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ ութ ամիս շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։

Հայաստանի փոխարտգործնախարարի դիտարակումը, թե սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել, նաև ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերստն է իր խոսքում հիշատակել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին։

Ֆրանսիացի դիվանագետն ընդգծելով, որ խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա՝ կոչ է արել վերացնել ԼՂ-ի համար հումանիտար օգնության մատակարարման բոլոր խոչընդոտները։

Լաչինի միջանցքով մարդասիրական առաքելություն իրականացնելիս խոչընդոտների է բախվում անգամ Կարմիր խաչի միջացգային կոմիտեն, հայտարարել է մարդասիրական կազմակերպության խոշորագույն նվիրատուներից՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ նիստի մասնակիցներին հորդորելով քայլեր ձեռնարկել սնդդի կարիք ունեցողներին մատակարարումներ ապահովելու ուղղությամբ։