Ռուս խաղաղապահները արցախցիներին և լրագրողներին չեն ուղեկցել մինչև Հաքարի կամուրջ. տոտալ շրջափակում

Այսօր, ինչպես արդեն գրել էինք, մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ գնացել են Կոռնիձոր՝ փորձելով հասնել Հաքարի կամուրջ։ Մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված են եղել վերադառնալ Երեւան։

Ահա թե ինչ է Step1.am-ի հետ զրույցում պատմել ակցիայի համահեղինակ Մարգարիտա Քարամյանը.

«Հասանք հայկական դիրք, որտեղ մեզ լավ դիմավորեցին, ցույց տվեցինք ԱԱԾ-ի թույլտվությունը, և աշխատակիցներն ասացին, որ այստեղ արդեն այլ կանոնակարգ է գործում, և պետք է դիմել ռուսական հրամանատարությանը։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչները պետք է ժամանեն չեզոք գոտի, դիմավորեն մեզ և ուղեկցեն անցակետ։

Այնտեղ սպասեցինք 4 ժամ, փորձեցինք մեզ տրամադրված համարով կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, բնականաբար չպատասխանեցին, փորձեցին կապվել այլ կերպ, բայց սկսեցին տարբեր պատճառներ բերել։ Անհրաժեշտ էր իբր նախապես դիմել, պաշտոնական նամակ գրել, սպասել պատասխանի։ Այսինքն՝ ուղղակի ցրում էին, և նրանք ապացուցեցին, որ չեն կատարում իրենց խաղաղապահ գործառույթը եւ մարդկանց ու բեռները չեն ուղեկցում դեպի Հաքարի կամուրջ։ Նաեւ եղեկացանք, որ ռուս խաղաղապահներն իրենք չեն կարող Արցախից այս անցակետով անցնել դեպի Հայաստան։

4 ժամվա ընթացքում բոլոր լրագրողները համոզվեցին, որ ճանապարհը չի աշխատում, երկու ուղղությամբ ոչ մի մեքենա չի անցել։ Մարդիկ չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին, ապրանքներ չեն տեղափոխվում, Արցախն ամբողջությամբ բլոկադայի մեջ է»։

Այդ հատված մուտքը միայն հնարավոր է ռուսական կողմի ներկայությամբ․ Factor-ը լրագրողների արշավից

Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հասել են հայկական վերջին անցակետին, որից հետո սկսվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքը։ Factor TV-ի նկարահանող խումբն այս պահին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հայկական վերջին անցակետի մոտ է, որտեղից արդեն շուրջ հինգ ժամ արցախցիները չեն կարողանում առաջ գնալ։ Նրանք մի քանի ժամ է՝ սպասում են անցակետում, որպեսզի իրենց մոտենան ռուս խաղաղապահները։ Հայաստանի ուժային ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ այդ հատված մուտքը միայն հնարավոր է ռուսական կողմի ներկայությամբ։ Արցախ մեկնող քաղաքացիներից Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս այցով ցանկանում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ալիևի` Լաչինի միջանցքի բաց լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

© factor.am

Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները:

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Ռուսաստանը պայմաններ է առաջ քաշել. Ռուբեն Վարդանյանը Հայաստանին հանել է բանակցությունների ձևաչափից

Ռուսաստանը վերջապես ասաց, թե որ դեպքում «եռանդուն» կդադարեցնի հումանիտար ճգնաժամը Արցախում

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստում հայտարարեց, որ «մենք ելնում ենք այն փաստից, որ համաձայնագրի անբաժանելի մասը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) պետք է լինի… Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ իրականացումը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մեկնարկը”։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ եռանդուն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը», – ասել է ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։

Այս հայտարարությունն ուղղակիորեն համադրվում է այն հայտարարությունների հետ, որոնք հնչում են Արցախի տարբեր ուժերի ներկայացուցիչների շուրթերից։ Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Հայաստանին «անհապաղ» դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու պահանջով։

Ռուբեն Վարդանյանն էլ ավելի հեռուն գնաց և Հայաստանին դուրս մղեց բանակցությունների ձևաչափից՝ պահանջելով նոր եռակողմ համաձայնագրի ստորագրում «Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան»։ Միաժամանակ նա հայտարարեց նաև, որ Արցախում կարող են լինել կա՛մ միայն ռուս խաղաղապահներ, կա՛մ նաեւ չինական։

Ռուս և արցախյան «դիվանագետները» նման զարգացման մասին սկսեցին խոսել բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո, որտեղ Բաքուն, Նիկոլի ձեռմամբ /Արցախը Ադրբեջանի մաս է/, միտումնավոր մաքսիմալ ու անիմաստ պահանջներ առաջ քաշելով, խափանեց բանակցությունները։ Հենց տանդեմի ճնշման ներքո Շառլ Միշելը հայտարարեց «Աղդամով անցնող ճանապարհի» մասին, Հայաստանի կողմից Ադրբեջանի, այդ թվում՝ Արցախի «տարածքային ամբողջականության» ճանաչումը և այլն։ Սա, իհարկե, բացասական վերաբերմունք առաջացրեց Արցախում, և բոլորը «ուրախությամբ» վերադարձան ռուս-թուրքական հուն՝ ակնկալելով Ռուսաստանի «եռանդուն ջանքերը»։

Ինքը՝ Փաշինյանը, բրյուսելյան հանդիպումից հետո ասաց, որ «չի կարող ներկայացնել եռակողմ հանդիպման կոնկրետ արդյունքները»։ Միջանցքը չհաջողվեց բացել, հնարավոր չեղավ պայմանավորվել կոմունիկացիաների ու սահմանազատման մասին։

Բայց եթե համաձայնություն չկա, ուրեմն ի՞նչ։ Փաշինյանն ասաց, որ այժմ գլխավոր խնդիրն է «համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում հումանիտար ճգնաժամի վրա»։ Ստեփանակերտում, պարզվեց, ավելի արագաշարժ են՝ անմիջապես հայտարարեցին, որ ոչ մի Բրյուսել, ոչ մի Ֆրանսիա մեզ չի օգնի, և միայն ռուս խաղաղապահներ են պետք։

Լուկաշևիչի, Ռուբեն Վարդանյանի և Արթուր Թովմասյանի հայտարարությունների համեմատությունը ցույց է տալիս, որ դրանք նախապատրաստվել են նույն կենտրոնում՝ Արցախի խորհրդարանը հայտարարություն է անում ռուսական պլանին հավատարիմ մնալու և Միշելի պլանից հրաժարվելու մասին, Հայաստանը դուրս է գալիս բանակցությունների ձևաչափից, իսկ ռուսները վերադառնում են «իրենց պարտականությունների կատարմանը» և մեղմացնում ճգնաժամը։ Գուցե նույնիսկ գազ տան։ Իսկ հիվանդներին Հաքարիի անցակետում կբուժեն ադրբեջանցի բժիշկները։

Հատկանշական է, որ Արցախում, որտեղ Շառլ Միշելին քննադատել են Աղդամը հիշատակելու համար, ուշադրություն չեն դարձրել Մարիա Զախորովայի խոսքերին Աղդամի մոնիտորինգի կենտրոնում «թուրքերի հետ համակարգված աշխատանքի» մասին։

Նաիրա Հայրումյան

ԼՂ հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն. Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկում են ունեցել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 21-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:

Ճանապարհ դեպի փակուղի. Արցախի խորհրդարանը անիմաստ վատնում է իր վերջին փամփուշտները

Արցախի խորհրդարանը ուղերձ է հղել, որում ասվում է, որ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը չունի միջազգային մանդատ, ինչը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումների և տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքի համար։ Արցախի խորհրդարանը կոչ է անում Հայաստանին հրատապ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահների առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային»։

Ինչո՞ւ է Արցախի խորհրդարանը իրավիճակը տանում փակուղի. ի վերջո, ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ոչ ոք Ռուսաստանին ՄԱԿ-ի մանդատ չի տա։ Դա պարզից էլ պարզ է: Այսինքն՝ Արցախի խորհրդարանը կոչ է անում, որը հաստատ չի ընդունվի։ Ինչու՞ այդ դեպքում կազմակերպել այս ակցիան:

Ուղերձն ընդունվել է «ռուսական գնդացիրների տակ», թե խորհրդարանականների «խորին համոզմամբ», էական չէ։ Կարեւորն այն է, որ խորհրդարանը աննպատակ ու ապարդյուն վատնում է առկա պարկուճները՝ բաց թողնելով իրավիճակը շտկելու իրական հնարավորությունները։

Ո՞վ էր թշնամին․ կառուցված ՀԷԿ-երից 10 տոկոսն է պահպանվել

Արցախում էներգետիկ ճգնաժամի ֆոնին հարցեր է առաջանում մինչեւ պատերազմը ՀԷԿ-երի «տառափ» կազմակերպողներին։ Մի քանի տարվա ընթացքում ահռելի գումարներ են ծախսվել ՀԷԿ-երի կառուցման մեջ, ընդ որում՝ պետական աջակցությամբ։ ՀԷԿ-երի սեփականառերերի եւ պատերազմից հետո նրանց ստացած փոխհատուցման մասին բաց տվյալեր չկան։

Այն ժամանակ էլ մասնագետները խորհուրդ էին տալիս արեւային էներգետիկայում ներդնում անել։ Սակայն ընտրվել է ՀԷԿ-երի տարբերակը։

Մինչպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ակտիվ ընթանում էր ՀԷԿ-երի շինարարությունը, որոնց կառուցման հիմնական ջատագովներից էր ԱՀ թերևս այն ժամանակվա նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ 2020 թ. ապրիլին նա հայտարարել էր, որ նրանք, ովքեր դեմ են ՀԷԿ-երի շինարարությանը, պետության թշնամիներն են:

2020 թվականանին Արցախի տարածքում գտվում էին 36 ՀԷԿ, իսկ մի քանի փոքր ՀԷԿ-եր դեռ շինարարության փուլում էին։ Դրանք ոչ միայն լրիվությամբ բավարարում էին Արցախի բնակչության պահանջները, այլև մի մասը արտահանվում էր ՀՀ:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտրարությունից հետո Արցախի 36 ՀԷԿ-ից 30 օկուպացվել են Ադրբեջանի կողմից:

ՀԷԿ-երի շինարարությունը իրականացվում է վարկավորման միջոցով: Ըստ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 2020 թվականի տարեկան հաշվետվության, կազմակերպության կողմից նոր վարկերի ծավալը կազմել է 1 600 000 000 ՀՀ դրամ, իսկ վարկերի մարումը կազմել է 375 777 777.9 ՀՀ դրամ և 55 599.73 եվրո:

Չնայած այս ամենին, Արցախի վերահսկողության ներքո են մնացել Թրղիի կասկադի 4 փոքր ՀԷԿ֊եր, Գետավանի “Թարթար” ՀԷԿ և “Սարսանգ”֊ի ՀԷԿ, որոնք իհարկե չեն կարողանում լրիվությամբ բավարարել Արցախի բնակչությանը, ինչի արդյունքում Էլեկտրաէնեգիայի մեծ մասը Արցախը ստնում էր արդեն ՀՀ-ից:

Ամեն ինչ վատթարացավ Ադրբեջանի հերթական ագրեսիայի արդյունքում, երբ Ադրբեջանը խաթարեց ՀՀ-ից Արցախ եկող միակ բարձրավոլտ էլեկտրագծի աշխատանքը: Եվ չնայած երբեմնի մեծ ծավալի ներդրումներին ու ՀԷԿ-երի թվի մեծացմանը, Արցախը այսօր էլեկտրաէներգիա ստանում է խիստ սահմանափակ ռեժովով չորացող Սարսանգի ֆոնին:

25-հոգանոց լրագրողների խումբը Գորիսի կողմից շարժվում է դեպի Հաքարի կամուրջ

25-հոգանոց լրագրողների խումբը Գորիսի կողմից շարժվում է դեպի Հաքարի կամուրջ։ Ինչպես Step1.am-ին ասաց համանախաձեռնող Մարգարիտա Քարամյանը, խումբը նպատակ ունի հասնել Կորնիձորից Հաքարի կամուրջ եւ մուտք գործել անօրեն շրջափակված Բերձորի միջանցք։ Այս ամենը լուսաբանվելու է։ Խմբում ընդգրկված են եւ հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողները, եւ արտաքին լսարանի համար աշխատողները։

 

Հինգ ամսվա ընթացքում՝ խաղաղ բնակչության գնդակոծման ավելի քան 30 դեպք

Գարնան գալուստով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումները հաճախակիացել են, այդ թվում՝ պարբերաբար գնդակոծվում է խաղաղ բնակչությունը։

Դաշտերում ու այգիներում աշխատող բնակիչների պարբերական ​​գնդակոծությունների պատճառով վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում խաղաղ բնակիչների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների, տների գնդակոծման 4 դեպք է արձանագրվել։

Մասնավորապես, հուլիսի 11-ին Չարեքտար գյուղում գնդակոծվել է բնակելի շենք և հողամաս, որտեղ աշխատում էր սեփականատեր Ա.Ա.

Հուլիսի 13-ին Ամարասի հովտում ադրբեջանական մարտական ​​դիրքերից կրակոցներ են արձակել բերքահավաք կատարող քաղաքացիների ուղղությամբ։

Հուլիսի 14-ին ադրբեջանական դիրքերից Մաճկալաշեն գյուղի մերձակայքում ականանետային արկեր են արձակվել գյուղատնտեսական ցանքատարածությունների ուղղությամբ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և տեխնիկան։

Հուլիսի 15-ին Վերին Սզնեք համայնքի տարածքներում հունձի ժամանակ ադրբեջանցի զինվորականները կրակել են տրակտորի և բանվորների ուղղությամբ։

«Բոլոր դեպքերում գնդակոծության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,- ասաց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նա հավելեց, որ ոստիկանությունն արձանագրում է հրադադարի խախտման այն դեպքերը, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց։

Ընդհանուր առմամբ, այս տարվա գարնանից Արցախի ՆԳՆ-ն արձանագրել է ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակչության գնդակոծման ավելի քան 30 դեպք։ Արցախի գյուղատնտեսության նախարարությունը նշել է, որ առաջնագծի գյուղերի մեծ մասում գյուղացիների գնդակոծության պատճառով համայնքային հողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Կամ հրետակոծությունից հետո այս տարածքներում աշխատանքներն այլեւս չեն իրականացվել։

Մասնավոր հատվածի աշխատողների կեսն առանց աշխատանքի են՝ հերթեր կաթնամթերքի, ձվի և կանխիկ գումարի համար

Արցախում հումանիտար ճգնաժամի սրման հետ մեկտեղ հերթերն ավելանում են, թեև ապրանքների տեսակները, որոնց համար մարդիկ ժամերով կանգնում են, արագորեն նվազում են։

Այսօր մեծ հերթեր են միայն հացի փռերի մոտ, կաթնամթերքի գործարանի, ձվի համար և բանկոմատների դիմաց։ Խանութներում հերթեր չկան, քանի որ վաճառասեղանները դատարկ են։

Արցախի կառավարությունը նշում է, որ վառելիքի սղության պատճառով հացաբուլկեղենը և կաթնամթերքը չեն կարող համակարգված բաշխվել մանրածախ առևտրի կետերին, ուստի մարդիկ գալիս են արտադրության վայր։

Բանկոմատների մոտ հերթերը կապված են այն բանի հետ, որ ճգնաժամի մեջ գտնվող մարդիկ վախենում են բանկերում գումար թողնել և կանխիկ գումարի պակաս զգան, ուստի հակված են կանխիկացնել իրենց աշխատավարձերը կամ թոշակները։

Ստեփանակերտի բնակիչ, տնտեսագետ Մ.Գրիգորյանը կարծում է, որ եթե առևտուրն իրականացվեր անկանխիկ, ապա մարդիկ չէին գնա գումար հանելու, և բանկոմատներում նման հերթեր չէին լինի։

«Շրջափակման սկզբում փորձեր արվեցին խանութներում անկանխիկ քարտով վճարումներ մտցնել։ Շատ հարմար էր։ Բայց հետո ինչ-որ կերպ անհետացավ: Ըստ ամենայնի, մեր առևտրի ոլորտը միայն կանխիկ գումար է ուզում»,- ասաց կինը։

Ստեփանակերտի բնակիչ Է.Սարգսյանի կարծում է, որ հացի արտադրամասերը կարող են կազմակերպել հացի առաքումը իրենց մոտ գտնվող խանութներին, թեկուզ փոքր քանակությամբ, այդ դեպքում հացի հերթերն ավելի քիչ կլինեն։

Իսկ կաթնամթերքի և ձվի հետ կապված, երկու երեխաների մայր Նունե Գ.-ն կարծում է, որ իրավիճակը շատ լուրջ է. կաթնամթերքը արտադրվում է մեկ գործարանում, և միշտ չէ, որ հերթում բոլորին հասնում է արտադրանքը: Նույն պատմությունը ձվի վաճառքի հետ ՝ կապված՝ շրջափակման ժամանակ փակվել են թռչնաֆաբրիկաները։

Արցախի կառավարության տեղեկատվական շտաբի տվյալներով՝ վերջին 7 ամիսներին Արցախի 860 տնտեսվարող սուբյեկտներ (ընդհանուրի 20.1%-ը) դադարեցրել են իրենց գործունեությունը շրջափակման մեջ աշխատելու անհնարինության պատճառով, իսկ մնացած տնտեսվարողներն աշխատում են մասնակի կամ պետական ​​աջակցությամբ։ 11,000 մարդ (ներառյալ կառավարության կողմից աջակցվող ժամանակավոր զբաղվածությունը) կորցրել են իրենց իրական աշխատանքը և եկամուտը շրջափակման և կենսական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով, ինչը ներկայացնում է մասնավոր հատվածի աշխատողների ավելի քան 50 տոկոսը:

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. ԱՄՆ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի  հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները, եւ, ըստ միջազգային բոլոր կանոնների, դա պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն և ֆաշիզմի դրսեւորում։ Համոզված եղեք, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Արցախում, կդառնա միջազգային հետաքննության առարկա և կարժանանա միջազգային իրավական գնահատականի։

Սա մարդասիրական ճգնաժամ չէ, այլ քաղաքական և իրավական, սա միջազգային իրավունքի ճգնաժամ է, որը չի կարող պաշտպանել մի բուռ մարդկանց, ովքեր պարզապես ուզում են ապրել սեփական հողի վրա, որտեղ բոլորը կարող են գծել իրռնց տոհմածառ՝ արմատացած ոչ թե դարերով, այլ հազարամյակներով։

Մարդիկ ստիպված ժամերով հերթեր են կանգնում սովորական սննդի համար, տարեցներն ու անօգնականներն արդեն առանձնապես դժվարություններ են ապրում։ Գյուղատնտեսական աշխատանքներ չեն տարվում, աղբը հանելու հնարավորություն գրեթե չկա, ու արդեն խոսում են համաճարակային իրավիճակի վատթարացման մասին։

Բժիշկներն ասում են, որ հղի կանայք թերսնման պատճառով անառողջ երեխաներ են ծնում, մարդիկ մահանում են, քանի որ շտապօգնությունը չի կարողանում ժամանակին ժամանել։

Երկար ժամանակ ֆաշիզմը չարիք համարող քաղաքակիրթ աշխարհում և նույնիսկ Հայաստանում չէին հավատում շրջափակմանը։ Բոլոր բացատրությունները հանգում էին կա՛մ թերահավատ վերապահումներին, ասենք՝ այս ամենը կրկես է, և դուք եք մեղավոր, կա՛մ իշխանությունը, կողմնորոշումը փոխելու խորհրդներին։

Միայն վեց ամիս անց իրավասու միջազգային կազմակերպություններն ու դատարանները պաշտոնապես հաստատեցին, որ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում՝ մի ամբողջ ժողովրդին քաղաքական հնազանդության պարտադրելու համար։ Սա ռազմական հանցագործություն է, և այն պետք է որակվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Միջազգային քաղաքական դատարանը որոշել է ձերբակալել Պուտինին, ով արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայում՝ սեփական անառողջ հավակնությունները բավարարելու համար։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, կներառվի Հաագայի դատարանում Ալիևի գործում և կմիացվի «Պուտինի գործին»։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից։