Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԱԽ-ում ներկայացրել է Արցախում տիրող սոսկալի իրավիճակը

Բաքուն սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։

«Մինչ միջազգային հանրությունը այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղիներ, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ–ի  դեմ՝ կոպտորեն խախտելով Նոյեմբերի 9–ի համաձայնության դրույթներն ու միջազգային նորմերը։

Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, քաղաքները, մյուս բնակավայրերը ինտենսիվ եւ առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով եւ ավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով։ Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական եւ կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով բնակչությունը կտրված է իրարից եւ չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղում իրավիճակը։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել եւ տվյալներ ստանալ տեղում իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը՝ 400, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց եւ երեխաների շրջանում։ «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այդ փաստը ընդունեց»։

Նրա խոսքով՝ ավելի քան 10,000 մարդ հարկադրաբար տեղահանվել է. «Նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի եւ գոյատեւման պայմանների։ Հազարավոր ընտանիքների անդամներ են իրարից բաժանված։ Մոտ 20,000 մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10–ամսյա շրջափակման պատճառով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է։ Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերը իսկապես ցնցող են։ Մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին։ Կանայք արտասվում են՝ վախենալով, որ Ադրբեջանը կբանտարկի իրենց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21–րդ դարում։ Դրսերում եւ ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլեւս տուն չունեն»։

Միրզոյանը պատմել է, որ  ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8–ամյա մի տղա։ Նրա 10–ամյա եղբայրը սպանվել է, եւ անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է. «Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանիսն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, եւ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց մայրերի, տատիկ–պապիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, մասնատել եւ կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի կանանց պրոֆիլները սոցցանցերում եւ խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»։

Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար կարևորեց միջազգային առաքելության տեղակայումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը այս մասին նշեց ՄԱԿ ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ հրավիրված նիստում:

«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զարգացում: «Սակայն այս պահին  իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,-ասաց նա:

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների և ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին»,-նշեց ԱՄՆ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, որ ԱՄՆ-ն իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից ի վեր՝ արձագանքելով ճգնաժամին:

«Բայց եկեք հստակ հասկանանք իրավիճակը՝ ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությանը վերջ տալու և տևական խաղաղության միջոցով, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, թե որքան կարևոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին՝ առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ»,-ասաց նա:

ԱՄՆ ներկայացուցիչը վստահեցրեց նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում:

ՌԴ․ պետք է ճանապարհային քարտեզ՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար»։

Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասաց, որ չնայած բարդ իրավիճակին, ռուս խաղաղապահները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը և ամեն ինչ անել՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

«ՌԴ  շարունակում է առաջատար դեր խաղալ ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման գործընթացին»,-ասաց Պոլյանսկին՝ հավելելով, որ  իրենք բոլորից առավել են շահագրգռված իրավիճակի հանգուցալուծմամբ և որ  ՌԴ կանի հնարավորը՝  ապահովելու կայունություն ԼՂ-ում և բնակիչների կյանքում։

Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար»։

«Այս գործընթացին ակտիվորեն կաջակեն ռուս խաղաղապահները։ Հայերի անվտանգությունն ու իրավունքները մեծ կարևորություն ունեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով, որոնց շուրջ համաձայնության են եկել երեք առաջնորդները», ասաց ՌԴ ներկայացուցիչը։

Ոչ ոք չի կարող հավատալ, որ Բաքվի գործողությունը կանխամտածված չէր․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան անվտանգության խորրդի հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջությունը։ Շաբաթներ շարունակ մեծաքանակ զորքի և զինամթերքի կուտակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել լայնածավալ ռազմական գործողություն սկսել, գործողություն, որի ընթացքում կիրառվել են ցամաքային և օդային միջոցներ, որոնք ազդել են խաղաղ բնակչության վրա։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց Ֆրանցիայի Արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը կանխամտածված չէր, չնայած՝ բանակցային լուծումներ գտնելու ջանքերը ավելի էին ինտենսիվանում և նախորդ օրը 3 ամսվա մեջ առաջին անգամ հումանիտար օգնության մատակարարումը վերականգնվել էր»,- ասել է նա։

Կոլոննայի խոսքով՝ Ֆրանսիան անմիջապես ուղղակիորեն դատապարտել է այս անընդունելի հարձակումը, որը հակասում է հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման`ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքին․ «Մենք միակ երկիրը չենք, որ այսպես է կարծում։ Այս սեղանի շուրջ գտնվող շատ երկրներ նույնպես անդրդվելիորեն մերժել են այս բռնությունն ու կամայական վարքագիծը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել զսպվածություն և հարգել միջազգային իրավունքը։ Ինչպես և սպասելի էր, այս քայլի արդյունքը հատկապես ծանր էր հարյուրավոր վիրավորներով և տասնյակ զոհերով՝ ներառյալ քաղաքացիական անձինք՝ ներառյալ երեխաներ։ Երեկ հրադադար է հայտարարվել։ Դա անհրաժեշտություն էր և կարևոր է, որ այն հարգվի»։

«Ադրբեջանը պարտավոր է շոշափելի երաշխիքներ տալ, որ չի գործադրի ուժ, կմտնի խաղաղ երկխոսության մեջ՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը, բացի միջանցքը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական առաքելությանը», ասել է նա։

Կոլոննան նշեց նաև, որ Բաքուն հարցականի տակ է դնում նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան

Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի  տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող մեր շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Անշուշտ, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», – գրել է նա։

Lragir. Արցախցիները պատանդ են՝ Հայաստանի սահմանադրական տարածքի վրա առաջիկայում նախատեսված գրոհների համար

«Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Meduza-ն երեկ հրապարակեց ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական ​​և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում Բաքվի ագրեսիայի համար մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից։

Այս թեզերի վրա է կառուցված ռուսական պետական ողջ քարոզչությունը։ Բաքվի ագրեսիան դատապարտող որեւէ հայտարարություն բացառվում է։ Դատապարտում չեղավ նաեւ այն ժամանակ, երբ սպանվեցին ռուս «խաղաղապահներ»։ Ավելին, ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այս կապակցությամբ արված հայտարարությունը նախատինք է «ապերախտ հայերին», որոնց փրկելիս զոհվել են իրենց խաղաղապահները։

Կրեմլի քարոզչության ածանցյալ երեւանյան միջոցները տարածում են այս թեզերը՝ զուգահեռ տարածելով ողբ ու հուսալքություն՝ այդ համատեքստում Արցախից սրտաճմլիկ տեսարանների անմաքուր շահարկմամբ։ Ընդհանուր առաջադրանքն այս միջոցներին ու իշխանաընդդիմադիր քաղդասին մեկն է՝ Արցախի հարցը փակված է, Կրեմլի ձեռնարկի համաձայն։

Այս ամենը, ինչպես նաեւ Մոսկվայում գրված կապիտուլյացիայի փաստաթուղթը, պարզապես վկայություն են, որ Ռուսաստանն է Արցախի ցեղասպանության նախաձեռնողն ու առաջնորդողը։ Մնացածն ընդամենը պատրվակ են՝ իրենց ագենտ Նիկոլի շնորհած, որովհետեւ 1․ եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, 2․ չկա ստորագրված փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Ղարաբաղի պատկանելությունը։

Ինչ է այս ֆոնին նշանակում Կրեմլի հայտարարությունը, ըստ որի՝ եռակողմ հայտարարությունների դրույթները պետք է պահպանվեն, այն պարագային, երբ Մոսկվան ու Բաքուն հրաժարվել են այդ թղթերով պարտավորություններից։ Նշանակում է մի բան՝ դրանց դրույթները կատարվելու են միակողմանի՝ միայն Հայաստանի պարտավորությունները։ Օրինակ, փախստականների վերադարձը, ճանապարհների ապաշրջափակումը եւ մնացածը հայերին չի վերաբերում։

Ալիեւի հետ հեռախոսազրույցում Պուտինը հրահանգել է Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի․ արցախցիները պատանդ են՝ Հայաստանի սահմանադրական տարածքի վրա առաջիկայում նախատեսված գրոհների եւ «խաղաղության պայմանագրի» համար։

«Մարտակերտի բնակչին խաղաղապահները համոզել էին, տարել էին դաշտ, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր նրան՝ խաղաղապահն էլ կողքը նստած»

Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ տարի Մարտակերտի բնակչին խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները համոզել էին, տարել էին դաշտ ու ասել, որ մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը, կարող ես քո տրակտորով դաշտը հերկել, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր նրան՝ խաղաղապահն էլ կողքը նստած»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, թե շատ բաներ կան, որ հայկական կողմը չի ցանկացել բարձրաձայնել, խոսել այդ մասին՝ հասկանալով, որ իրավիճակը բարդ է։

«Բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, տասը…ըստ էության, այս վերջին բռնկումը ինչո՞ւ է տեղի ունեցել, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, ու մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,- ասաց նա։

Արցախում հեռախոսակապի խնդիրը հնարավոր կլինի լուծել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում

Արցախի Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն:

«Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:

Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:

Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»,-ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում»,-ասաց վարչապետը:

Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար» , – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունն այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա։

Էվակուացիան այս իրավիճակի «պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ «պլան Բ»-ն, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց պետք է լինի անպայմանորեն «պլան Գ»-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա, մանավանդ, հրադադարի պայմաններում։

«Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- ասաց նա։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն այլևս Ադրբեջանի օրակարգում չէ, նրա նպատակը չէ: э

Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրն է ասել, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Սա նաև նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել: Այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այն այլևս այն մարդկանց օրակարգում չէ, որոնք բերել էին օրակարգ»,-ասաց Փաշինյանը:

ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների բանակցություններին  ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել, այդ տեքստի պայմանների քննարկման կողմ չի եղել:

«Մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Եվ ես այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում  է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ-ից դուրս բերելու մասին՝ այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,-ասաց վարչապետը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ՝ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը, համապատասխանաբար, վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին, ցավոք, Ստեփանակերտի մոտակայքում մի միջադեպ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են:

Արցախցիները Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անում

2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիները եւ նրանց միացած անձինք բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը, իրենք պահանջում են, որ ռուսական զորքերը անվտանգ միջանցք ապահովեն Արցախից մարդկանց տարհանման համար, որոնց Ռուսաստանը օգտագործում է որպես պատանդ։

Ցուցարարները պահանջում են Ազգային ժողովից արտահերթ նիստ գումարել եւ քննարկել Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրը։

Հաջորդ օրը պատերազմ էր, հղի կանաց մասին նյութս ուշացավ

Նկարում՝ պատերազմի օրը Ստեփանակերտում ծնված երեխան

Աղետից մեկ օր առաջ խոսում էի շրջափակման մեջ գտնվող հղիների հետ, նյութ էի պատրաստում, թե ինչպես են դիմակայում շրջափակմանը, պլանավորել էի հաջոդ օրը նյութը հրապարակել, բայց հաջորդ օրը պատերազմ էր:

Առաջին միտքս հարազատներս են, ընկերներս, որոնց հետ կապ հաստատել չի ստացվում, բայց հետո՝ այդ երիտասարդ կանայք, որոնք մոռացել են շրջափակման դժվարությունների մասին, և միակ բանը, որի մասին մտածում են՝ իրենց երեխաների, ամուսիների կյանքն է:

Տղամարդիկ նորից պատերազմում են, կանայք կրկին պետք է ուժեղ լինեն, դիմակայեն, կյանքեր փրկեն, սպասեն իրենց եղբայրներին, ամուսիներին, հայրերին:

Երեկ մեր ընկերները պատմում էին մի երիտասարդ կնոջ մասին, ով 2 փոքր երեխաների հետ տեղահանվել էր իր հարազատ գյուղից, սկզբում ամուսնուն էր սպասում՝ ասում էին վիրավոր է, հանգստացնում էին։ Բայց կինը մի բան զգում էր․ Ստեփանակերտ էր եկել ամուսնուն փնտրելու, իսկ ամուսինն արդեն զոհվել էր Արցախի 120.000 հայի համար։

Քրիստինա Ալավերդյան

ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Նման սցենարի սպասարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։