Հուլիսի 6-ին, ժամը 10.00 կանցկացվի Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
Հեղինակ՝ naira
Միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը. Արցախի ԱԳՆ-ը ԱՄՆ-ին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ։
Արայիկ Հարությունյանը “սեղմագույն ժամկետներում” քայլեր է ակնկալում Երեւանից եւ Մոսկվայից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները:
Տ․Պետրոսյան․ այս շաբաթ մենք պետք է ընտրություն կատարենք պետության քաղաքական կողմնորոշման մասով
Արցախյան հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի հարցազրույցը Step1.am-ին
-Պարոն Պետրոսյան, Դուք հանդիսանում եք Հակաճգնաժամային կոմիտեի նախագահ, ի՞նչ գործառույթներ է իրականացնում կոմիտեն:
– Հակաճգնաժամային կոմիտեի հիմնական գործառույթը՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի, հանրային բողոքների ուսումնասիրությունն է, դրանց հիման վրա որոշումների կայացումն և այդ որոշումների իրականացման պարտադրումը: Մենք ուսումնասիրում ենք գրեթե բոլոր ոլորտներին առնչվող հարցեր, այդ թվում նաև զոհվածների և տեղահանվածների ընտանիքներին առնչվող:
Կարծում եմ, հանրությունը դեռևս չի գիտակցում, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Մենք կանգնած ենք աղետի եզրին, ավելի լուրջ, քան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Նաև կցանկանայի նշել, որ այս շաբաթ մենք պետք է վերջանականապես կողմնորոշվենք պետության քաղաքական կողմնորոշման մասով:
-Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ, եթե հարցը վերաբերում է պետության համար այսպիսի ճակատագրական պահերի, արդյո՞ք ճիշտ է իրավիճակը գաղտնի պահել հանրությունից:
-Ոչ մեկ չի կարող որոշում կայացնել, օրինակ՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կամ պատերազմ սկսել: Այն կառույցները, որոնք պետք է կամ պետք չէ նման որոշում կայացնեն, լեգետիմություն չունեն հետպատերազմյան ժամանակաշրջանում, իսկ նոր ընտրություններ իրականացնել ևս չենք կարող:
-Կմեկնաբանե՞ք նախագահ Հարությունյանի վերջին հայտարարությունը բնակարաների հետ կապված:
-Այդ հայտարարությունը տեղի է ունեցել հենց հակաճգնաժամային կոմիտեի ջանքերով: Ոչ պետությունը, ոչ ժողովուրդը պարտավոր չեն պահել այն անձանց գույքը, ովքեր ապահով ապրում են Արցախից դուրս: Ամբողջ այդ գույքը պետք է օգտագործվի ի շահ պետության: Այդ անշարժ գույքը պետք է տրամադրվի տեղահանված անձանց, իսկ, օրինակ, վարձակալության տրված խանութների գումարը պետք է ուղղվի պետական բյուջե:
-Մենք նաև տեսնում ենք տարբեր շարժումներ Արցախում: Արդյո՞ք այդ շարժումները մեկը մյուսին չեն խանգարում:
-Իհարկե կան շարժումներ, որոնց նպատակը հստակ է և ճիշտ, քանի որ լռել չի կարելի, և կան շարժումներ, որոնք ստեղծվել են հանրության պառակտման, իշախանության համար:
Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում ծնունդների թիվը գերազանցել է մահացության դեպքերը, ընդ որում՝ բնական աճը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնված երեխաների 51,5 տոկոսը տղաներ են, իսկ 48,5 տոկոսը՝ աղջիկներ:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել է գրանցված ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիվը:
Փաշինյանը զանգահարել է Պուտինին
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցությունը հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի պատրաստման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Stepանակերտ N1
Հեղինակ՝ Հայկ Հարությունյան
Ճի՞շտ է արդյոք սննդի օբյեկտների գործունեությունը սահմանափակելը
Արցախի կառավարությունն ընդունել է որոշում, որն արդեն հաստատվել է նախագահի կողմից, 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքը խնայելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սննդի ծառայությունների սահմանափակումների մասին։
Կառավարության որոշման համաձայն.
1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է.
1) տոնական, ընտանեկան կամ անհատական այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում (բացառությամբ հարսանեկան ճաշկերույթների՝ մինչև 50 հոգու մասնակցությամբ).
2) 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո միջոցառումների կազմակերպում և անցկացում.
3) սննդամթերքի պատրաստում և վաճառք` մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառում), բացառությամբ սուրճի, թեյի, խմիչքի, պաղպաղակի, հրուշակեղենի մատուցման.
2. Սույն սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ հանրային սննդի կազմակերպիչները հանրային սննդի ծառայություններ են մատուցում հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի ընտրած վայրում):
3. Հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցների, զբոսաշրջային տների սննդի օբյեկտները:
Հրապարակումից հետո հայտնվեցին որոշման կողմնակիցներ ու հակառակորդներ։
Կառավարության որոշման կողմնակիցները կարծում են, որ լիակատար շրջափակման պայմաններում պետք է համեստ ապրել և խնայել սնունդը, քանի որ հայտնի չէ, թե որքան կտևի նման իրավիճակը։ Նրանք նաև կարծիք հայտնեցին, որ խանութները դատարկ լինելու դեպքում անընդունելի է խնջույքներ կազմակերպել, առավել ճիշտ է կիսել պաշարները։
Բայց կան մարդիկ, ովքեր կարծում են, որ անհնար է միջամտել անհատ ձեռներեցների աշխատանքին, և նրանք իրավունք ունեն ինքնուրույն կազմակերպել աշխատանքներն իրենց հայեցողությամբ, հնարավոր է, որ սննդի օբյեկտը գյուղաբնակներից է սնունդ գնում կամ ունի իր սեփական ֆերման կամ պաշարները։
Բայց մեծամասնությունը համաձայնեց, որ ժամանակի ընթացքում սննդի և վառելիքի բացակայության պատճառով հանրային սննդի բոլոր օբյեկտները կդադարեն ամբողջությամբ աշխատել, իսկ որոշներն ընդհանրապես կփակվեն։ Եվ լավ կլիներ, որ կառավարությունը դիտարկեր տեղական արտադրանքը գյուղերից քաղաքային շուկա հասցնելու հնարավորությունը։
ՉԹՕ Բաքվի երկնքում
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ՉԹՕ-ի մասին Բաքվի երկնքում։
«Հուլիսի 5-ին, առավոտյան ժամը 7-ին մայրաքաղաքի երկնքում նկատվել է չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ)։ Իր առանցքի շուրջը պտտվող ափսեի տեսք ունեցող օբյեկտը թռել է հյուսիսից հարավ։ Պտտվելիս օբյեկտից պայծառ լույս է արձակվել»,- նշել է «Թուրանը»։
Ոչ ոք չի ուզում պատասխանել մարդկանց հարցերին՝ ի՞նչ է բանակցվում, ի՞նչ է լինելու եւ ի՞նչ պետք է անել
Արցախում մի շարք հասարակական խմբերի ներկայացուցիչներ անհաջող փորձեր են անում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու։ Խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նրանցից ստացած նամակներին ընթացք չի տալիս, իսկ Արցախի խորհրդարանում, կառավարությունում և նախագահի աշխատակազմում ընդհանրապես հրաժարվում են ընդունել դիմումները։
Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, ինչի՞ պետք է պատրաստվի 200 օրից ավելի տոտալ շրջափակման մեջ ապրող հասարակությունը։ Շրջափակումը ոչ միայն ֆիզիկական է, այլեւ քաղաքական ու դիվանագիտական։ Հանցավոր դավադրության և ահաբեկչական պատերազմի արդյունքում Արցախում ապրող 120 հազար բնակիչների ճակատագիրը իրենք չեն որոշում, այլ նրանք, ում համար մարդկանց կյանքն ու իրավունքները ոչինչ չեն նշանակում։
Այսօր Ստեփանակերտում հավաքվածները չգիտեն, թե ում դիմեն. ոչ ոք չի ցանկանում պատասխանել պարզ հարցերի՝ ինչ է կատարվում բանակցային գործընթացում, ինչ կարող է լինել և ինչ է պետք անել։
Չգիտես ինչու, դիմումներ են գրվում ռուս խաղաղապահների հրամանատարությանը, թեև ակնհայտ է, որ խաղաղապահները՝ զինվորներ են, որոնք կատարում են քաղաքական ղեկավարության հրամանները։ Հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանն ասել էր, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Պուտինին։ Դժվար թե Պուտինը Հարությունյանին պատասխաներ, այլապես Արցախի խորհրդարանում նա անկեղծ չէր խոսի, որ անցած տարվա աշնանը ռուսների ճնշման տակ են հանձնել Քաշաթաղի շրջանի երեք բնակավայր ։ Եվ չէր ասի, որ պետք է հույսը դնել միայն մեզ վրա։
Անվտանգության «ռուսական» համակարգը, որին հավատում էր Արցախը, սպառել է իրեն (իրականում դա ի սկզբանե հայկական նախաձեռնությունները զսպող համակարգ էր), իսկ հնարավոր նոր, միջազգային համակարգը տորպեդահարվում է բոլոր կողմերից՝ Բաքվից, Մոսկվայից, Երևանից և նույնիսկ Ստեփանակերտից։ Ոչ մի երկիր չի ցանկանում կամովին պարտավորություններ ստանձնել այլոց անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին, Ստեփանակերտը Ռուսաստանից բացի ոչ մեկին չի էլ դիմում.
Ալիեւն այսօր կրկին հնչեցրել է Արցախում բանակի «զինաթափման» պահանջը։ Օրերս Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ այն մասին, ասելով, որ դա է հիմնական պայմանը։ Այսօր նա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։

Ապաշրջափակման շարժման անդամները չեն ստացել իրենց նամակի պատասխանը խաղաղապահներից եւ շարժվում են դեպի կառավարություն
Այսօր առավոտյան Ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները գնացել են ռուս խաղաղապահների հրամանատարության ներկայացուցչի մոտ՝ պարզելու իրենց ուղարկված նամակի պատասխանը։ Ինչպես հայտնի է դարձել, նամակը «խրվել» է ինչ-որ բաժանմունքում, ու նրան այդպես էլ ընթացք չեն տվել։ Շարժման անդամները հետ են վերցրել նամակն ու գնաում են դեպի կառավարություն։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը 6 ամսից ավելի շրջափակում է Արցախը, իսկ վերջին շաբաթներին անցել է Քաշաթաղի (Լաչին) միջանցքի ամբողջական շրջափակման, Համաժողովրդական շարժումը պահանջել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովից դիմել ՌԴ ուժերի հրամանատարությանը՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը՝ հարգելով հինգ կիլոմետրանոց գոտին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հակառակ դեպքում, եթե միջանցքը չբացվի, Արցախի Ազգային ժողովը պետք է հրապարակավ հայտարարի ռուս խաղաղապահների՝ իրենց պարտավորությունները չկատարելու անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին և Ֆրանսիայի Սենատին՝ ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելու խնդրանքով, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղադրել»։
Խորհրդարանը, հիշեցնենք, մերժել է շարժման անդամներին։
Ի՞նչ հարցեր են դրվելու իշխանությունների և հրամանատարության առաջ այսօր.
Շարժման անդամ Դավիթ Վանյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց.«Կոնկրետ և շատ պարզ հարցեր, որոնք հուզում են բոլորին․ նախ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ մենք չենք բանակցում, չգիտենք, թե ով ինչ է համաձայնեցնում։ Ուրեմն, առաջին խնդիրն այն է, որ հասկանանք, թե ինչ գործընթացներ են ընթանում շրջափակման շուրջ, ինչ գործողություններ են իրականացվում և ինչ է սպասվում։ Այս հարցերի պատասխանները ցանկանում ենք ստանալ կամ մեր ղեկավարությունից, կամ ռուսական զորքերի հրամանատարությունից։
Մեր հաջորդ քայլերը կախված կլինեն այս պատասխաններից: Անիրազեկ մարդը չի կարող ճիշտ կողմնորոշվել ու քայլ առ քայլ պլանավորել բոլոր հարցերը։ Մենք ցանկանում ենք լսել պատասխանները եւ արդեն հայտարարել կոնկրետ քայլերի մասին»։
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։







