Իսկ ի՞նչ կասեք Ակնայում ռուս-թուրքական կենտրոնի մասին

Մարդասիրական օգնությամբ «ռուսական մեքենան» արցախցիներին այդպես էլ չի հասել, իսկ Բաքվում նոր «բանաձևեր» են հորինում՝ հայտարարելով, որ դա Լաչինի միջանցքի հետ կապ չունեցող«առանձին համաձայնագիր է»։

Արցախի ղեկավարությունը մերժել է Ռուսաստանի առաջարկը այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ դա «առանձին համաձայնագիր» է։ Մնում է, որ Արցախի ղեկավարությունը հրապարակավ հարցնի Ռուսաստանին՝ ինչո՞ւ են նրանք պնդում, որ ռուսական բեռներն անցնեն Ակնայով, այլ ոչ թե Բերձորի միջանցքով, որը, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Ռուսաստանը պետք է վերահսկի։ Ո՞րն է տրամաբանությունը:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի իրական դերը դառնում է առանցքային գործոն Արցախի հիմնախնդիրների լուծման գործում։ Նախկին իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, մի քանի անգամ, խոնարհված աչքերով ասում էին, որ Ռուսաստանը չի կատարում իր առաքելությունը Արցախում։ Դա վերաբերում էր Արցախի կողմից վերահսկվող տարածքների հետպատերազմյան օկուպացմանը և Բերձորի միջանցքի փակմանը։

Հիմնական հարցն այն է. «Ռուսաստանը չի՞ ցանկանում թե՞ չի կարող կատարել իր պարտավորությունները»: Եվ այս հարցին պետք է պատասխանի Արցախի նոր ղեկավարությունը։

Մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ Արցախի նոր ղեկավարությունն ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը։ Խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանն ասաց, որ սա միայն զինադադարի մասին փաստաթուղթ է։ Այսինքն՝ սա վերջնական կարգավորում չէ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։

Հայկական կողմը չի հրաժարվում այս փաստաթղթից, թեև դրա դրույթներն արդեն բազմիցս խախտվել են Մոսկվայի և Բաքվի կողմից։ Կատարվել է միայն երկու հիմնական կետ՝ Աղդամի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների առանց կռվի հանձնումը և Արցախում ռուսական զորքերի տեղակայումը։ Եվս մեկ “իրականացված “կետ կա, որը չկա հայտարարության մեջ՝ Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգի» կենտրոնի ստեղծումը։ Այս հարցը եւս պետք է դառնա Արցախում քննարկման առարկա՝ եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ պատերազմում է Ուկրաինայում եւ կշտամբում է Հայաստանին ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, ապա ինչպե՞ս է Ակնայում գործում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ կենտրոնը։ (Ի դեպ, Եռակողմ հայտարարության 5-րդ կետում ասվում է. «Հակամարտող կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խաղաղապահ կենտրոն է տեղակայվում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար»։ Այսինքն՝ Թուրքիայի մասին խոսք չկա։)

Նոր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական բախումներին և արցախյան հիմնախնդրին դրանց անդրադարձին։ Նա ասաց, որ չի կարելի հույս դնել միջազգային իրավունքի վրա՝ ըստ երեւույթին համարելով, որ ավելի ճիշտ կլինի կառչել Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանը, ինչպես գիտեք, Թուրքիայի հետ համատեղ կենտրոն ունի Ակնայում, որը ստեղծվել է անհասկանալի հիմքերով։

Իսկ ի՞նչ կասեք Լավրովի պլանի մասին։ Ակնայով ճանապարհի բացումը Լավրովի «ինտեգրացիոն» ծրագրի իրականացման սկիզբն է. սա հիանալի հասկանում են բոլորը։ Բայց քանի դեռ սա բարձրաձայն չի ասվել, Արցախի ղեկավարությունը (անկախ անձերից) մեղսակից է լինելու ռուս-թուրքական գործարքին։

Դիվերսիոն ներթափանցման մասին կեղծիքով Բաքուն իրականացնում է սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն. Արցախի ՊՆ

Բաքվի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։
«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Բաքվի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Բաքվի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն», ասվում է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը Էրդողանին կասի՞, որ «ճանաչում է Արցախի ընտրությունները»

Էրդողանն ասել է, որ խոսել է Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարի պարոն Փաշինյանի հետ։ Այս մասին նա հայտարարել է G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրելու է Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունների «անընդունելիության» վրա։

Արցախում ընտրությունները երբեք պաշտոնապես չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից, բացառությամբ Հայաստանի։ Բայց այս անգամ պաշտոնական Երևանը չշնորհավորեց շաբաթ օրը խորհրդարանում ընտրված Արցախի նախագահին և ընդհանրապես չմեկնաբանեց Արցախում կայացած ընտրությունները։

Եվ բանն այն չէ, որ Փաշինյանին հավատարիմ համարվող Արայիկ Հարությունյանին փոխարինեց Սամվել Շահրամանյանը, ով անմիջապես հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի ինքնորոշման և անվտանգության երաշխավորի իր պարտավորություններից։ Խոսքը Փաշինյանի քաղաքականության մեջ է, որն այդպես էլ հետ չկանչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ Ղարաբաղը նեռարյալ”  ճանաչման մասին չարաբաստիկ հայտարարությունը»։ Ու թեև սեպտեմբերի 2-ին նա շնորհավորեց Արցախին Անկախության տոնի առթիվ, բայց ոչ մի խոսք չասաց ինքնորոշման ու քաղաքական կարգավորման մասին։

Փաշինյանը կտրականապես հրաժարվում է խոսել Արցախի ինքնորոշման մասին՝ պնդելով միայն ոչ առանց իր մասնակցության ծագած հումանիտար ճգնաժամի լուծումը։ Վաղը Փաշինյանը Էրդողանին կասի՞, որ ճանաչում է ընտրությունների արդյունքները: Սակայն դա այլևս նշանակություն չի ունենա, քանի որ Արցախը փորձում է վերակենդանացնել իր նախկին սուբյեկտությունը։

Էրդողանն ասում է, որ ոչ ոք չի ճանաչի ընտրություններն Արցախում։ Իրականում դա ճիշտ չէ։ Այսօր մի քանի հայտարարություններ եղան միջազգային առաջատար դերակատարների կողմից, և միայն ՌԴ արտգործնախարար Լավրովն ասաց, որ «Ղարաբաղի հարցը փակված է»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ «Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չլուծված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար»։

«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջև»,- ասել է Բլինկենը:

Նա ոչինչ չի ասել ընտրությունների մասին, սակայն «Բաքվի և Ղարաբաղի միջև երկխոսության» մասին նրա հայտարարությունը ենթադրում է, որ «ԼՂ բնակիչները» պետք է ներկայացված լինեն օրինական իշխանություններով։

Մոտավորապես նույն բանն է ասվում ԵՄ հայտարարության մեջ։ «Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում այն ​​սահմանադրական և իրավական դաշտը, որի շրջանակներում անցկացվել են ԼՂ-ում նախագահական ընտրությունները։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքների ուղղված քննարկումներին: ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու այս գործընթացին», – ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը, թե «կարևոր է, որ Ղարաբաղի հայերը համախմբվեն փաստացի ղեկավարության շուրջ», ևս հուշում է, որ ԵՄ-ն չի կարող անտեսել Արցախում օրինական կառավարության ձևավորումը։

Երեկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։

Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փաստորեն, ասում են, որ «հարցը փակված չէ», կան «չլուծված հարցեր», որոնք պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա, և մերժում են Բաքվի «պահանջները»՝ Արցախում պետական մարմիններն ու ուժային կառույցները կազմաքանդելու մասին։

Նաիրա Հայրումյան

 

Բլինքենը խոսել է “չլուծված” խնդիրների մասի եւ կոչ արել բացել “երկու ուղիներն էլ”

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Հիշեցնելով, որ մարդասիրական օգնություններով բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ՝ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

«Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը լարվածությունն է բարձրացնում կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է», – շեշտում է Բլինքենը։

Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին՝ Միացյալ Նահանգները նշում է, որ կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չլուծված խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության:

«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։

Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է առաջընթացի միակ ճանապարհը՝ խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա», – ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարության մեջ։

Հերթը հասավ մակարբաշուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակին, հայտնել է, որ պատրաստվում է բանակցություններ վարել  Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Վաղը, հավանաբար, կբանակցեմ պարոն Փաշինյանի հետ: Մենք այլ ելք չունենք, քան տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քայլերը, որ արվում են այնտեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը կայանալիք բանակցություններին մենք պարոն Փաշինյանին կասենք, որ նման ընտրություններ ընդունելը բացարձակապես անհնար է։ Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները։ Սա ընտրություն չէ, որը կարելի է ընդունել», – ասել է Էրդողանը։

Բեգլարյան․ Բաքուն վերջին պահին բարձրացրել է նշաձողը, միջնորդները պետք է խոսքից անցնեն գործի

Արցախի Հանրապետության պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Թվիթթերի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ՝ նախապես չհամաձայնեցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։

Գրառման մեջ նշվել է, որ ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում, իսկ Լաչինի միջանցքը մնում է ամբողջությամբ արգելափակված։

«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելու ռուսական առաջարկը՝ պայմանով, որ Լաչինի միջանցքը բացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը մշտապես վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ անընդհատ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը և պահելով ճնշումը արցախյան կողմի վրա։ Բոլոր միջազգային դերակատարների համար հրամայական է հրապարակայնորեն փաստագրել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ անցնելով զուտ խոսքերից անդին և գործնական ճնշում գործադրելով նրա վրա։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»,- գրել է Ա. Բեգլարյանը` որպես հետգրություն հիշեցնելով, որ ինքն այլևս պաշտոնական անձ չի հանդիսանում, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են։

Ղարաբաղը մենք չենք հանձնել․ Լավրով

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ-որ գործիչ, կարծում եմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել խոսել այն առումով, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա անդրադարձավ այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», -լրագրողներին ասել է Լավրովը:

«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են լինելու։ Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են»,- հավելել է Լավրովը։

Նա պարզաբանել է, որ այդ կերպ Հայաստանի վարչապետը «ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում»։

«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը զիջելու մեջ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- եզրափակել է Լավրովը։

 

Ինչո՞ւ է Ազգային ժողովը թաքնվում ազգից

Երեկ Արցախի խորհրդարանն ընտրեց նոր նախագահ, ապա կարճ պաշտոնական հաղորդագրություն տարածեց, իսկ ուշ երեկոյան հրապարակվեց նախագահի այն ժամանակվա թեկնածու Սամվել Շահրամանյանի ելույթը։

Իշխանությունները, ըստ երևույթին, կարծում են, որ մարդկանց կարելի է տեղեկատվություն տրամադրել պոստֆակտում։ Քանի որ ընտրություններն անցկացվեցին «արտակարգ» կարգով, առանց ընտրարշավի, առանց լայն զանգվածների մասնակցության, առավել ևս արժեր ժողովրդին ծանոթացնել ապագա նախագահին, թեկուզ խորհրդարանում նրա ելույթի ժամանակ։ Ժողովուրդը գոնե որպես հանդիսատես չի կարողացել մասնակցել «ընտրական» գործընթացին։ Նախագահն այսօր էլ երդում է տվել, սակայն այս արարողությունը ևս ուղիղ եթերով չի հեռարձակվել։

Սա առաջին խորհրդարանական նիստն է ՝  առանց ուղիղ հեռարձակման։ Թեկուզ ժամանակին բոլոր նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում, և մարդիկ տեսնում էին, թե ինչպես պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում հանուն ազգի։

Ինչո՞ւ խորհրդարանը վերջերս հրաժարվեց ցուցադրել իր գործունեությունը:

Սահմանադրության հետ իշխանությունների կողմից և՛ պատերազմից առաջ, և՛ դրանից հետո իրականացված մանիպուլյացիաները հանգեցրին նրան, որ Ազգային ժողովը այլևս ազգային չէ. մարդկանց մեծ մասը չգիտի իր խորհրդարանը, չի տեսել կամ լսել դրա ձայնը և ճանաչում է միայն լուսանկարներից:

Նորընտիր նախագահը համարվում է ներքաղաքական ինտրիգների զավակ, այլ ոչ թե ժողովրդի ընտրությունը։ Չնայած, որ նրան ընկալում են որպես դրական մարդ։ Ժողովուրդը չի մասնակցել նրա ընտրությանը, իսկ պատգամավորները ժողովրդի հետ կապ չունեն։

Առանց ուղիղ եթերի մարդիկ զրկվեցին երկրի կյանքում նման կարևոր իրադարձությանը մասնակցելու հնարավորությունից։ Խորհրդարանի նիստից հետո Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները պահանջ են ներկայացրել, որ նախագահը դուրս գա ժողովրդի մոտ, ընդունի նրանց առաջարկը և ժողովրդին ներկայացնի Արցախը փրկելու ծրագիր։ Բայց պատասխան չստանալով՝ մարդիկ ցրվեցին հիասթափված։

Իսկ նորընտիր նախագահը, չգիտես ինչու , դուրս եկավ խորհրդարանի շենքից՝ շրջապատված մի քանի տասնյակ ԱԱԾ աշխատակիցներով։

Ի՞նչ է սա, եթե ոչ խոսքի ազատության, լրատվամիջոցների աշխատանքի և իշխանության ձևավորմանը  մասնակցելու սահմանափակում։

Ալվարդ Գրիգորյան

Ստեփանակերտում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Սամվել Շահրամանյանին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Ներկա էին Արցախի Հանրապետության երեք նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

Բաքուն խախտել է պայմանավորվածությունը, Արցախի իշխանությունները մերժել են բեռնատարի մուտքը

Lragir

Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ըստ հայտարարության` օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ էր ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

«Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,-ասված էր հայտարարության մեջ:

168.am-ի տեղեկություններով` ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվախությունը, ինչը ենթադրում էր ռուսական Կարմիր խաչի մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք Ակնայով Ստեփանակերտ և դրանից հետո` Լաչինի միջանցքի գործարկում ապրանքների տեղափոխմամբ:

Բաքուն երեկ ուշ երեկոյան չեղարկել է պայմանավորվածությունը` ասելով, որ միայն Ակնայով մուտքն է լինելու` բացառելով Լաչինի միջանցքի որևէ ձևով գործարկումը: Այս պայմաններում Արցախի իշխանությունները մերժել են նրանց այդ առաջարկը, և փաստացի այն բեռը, որը պետք է Ակնայով հասներ Արցախ` մուտք չի գործել։

Ակնան կբացվի, Բերձորը՝ ոչ. նոր պայման` իշխանության մարմինների լուծարում

Ասում են, որ այսօր ռուսական բեռնատարը Ասկերանով կհասնի Ստեփանակերտ։ Դա շատ նման է  ռուսական մուլտին՝ «прилетит к нам волшебник в голубом вертолете и бесплатно покажет кино»։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ կապված մեր հանրապետությունում հումանիտար ճգնաժամի հետ։ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլատրել Ասկերան քաղաքով ռուսական ապրանքների ներմուծումը մեր հանրապետություն։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների փոխադրումը կվերականգնվի ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,- ասված է Արցախի նոր կառավարության որոշման մեջ։

Այսինքն՝ պատկերը հետևյալն է՝ «մարդասիրական բեռով» ռուսական մեկ մեքենա, որը չի կարողացել անցնել Բերձորի միջանցքով, Ակնայից կգա և կլուծի Արցախի բոլոր խնդիրները, և միայն խաղաղապահներն ու Կարմիր Խաչը ապրանքներ և մարդիկ կփոխադրեն Բերձորով։ Այսինքն՝ Բաքվի անցակետը մնում է և որպես ֆիլտրացիոն գոտի։

Ասկերանում կանգնած քաղաքացիները խոստանում են Ակնայից մեքենաները չթողնել, թեև պարզ է, որ Հերմինե Խաչատրյանն ու մի քանի համախոհներ միայնակ ոչինչ չեն անի, եթե իշխանությունները ոստիկաններին հրամայեն հեռացնել նրանց ճանապարհից և թույլ տալ, որ «ռուսական օգնությունը» անցնի։

Թեև ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ. երեկ Բաքվի ներկայացուցիչը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում առաջ քաշեց Բերձորի միջանցքի բացման պայմանները՝ զինաթափում և Արցախում կառավարական մարմինների լուծարում։

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ում առաջին քայլը Ակնայից ճանապարհ բացելու ռուսական «նախաձեռնության» հետ համաձայնությունն էր, ստիպված է լինելու կատարել երկրորդ պահանջը՝ խորհրդարանի և զինված ուժերի ինքնալուծարումը։

Երեկ, խոսելով իր առաջնահերթությունների մասին, Սամվել Շահրամանյանն ասել է, որ պետք չէ հենվել միջազգային իրավունքի վրա, և հայտարարել է, որ այժմ «Արցախյան կարգավորումը դիտարկվում է Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցության համատեքստում»։ Ըստ երևույթին, Արցախի նոր ղեկավարությունն այս մրցակցության մեջ ընտրել է Ռուսաստանին և Լավրովի պլանը։ Հիշեցնենք, որ Լավրովն ինքն է բացահայտել իր ծրագրի էությունը. «Ղարաբաղի հայերի՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքները պետք է պաշտպանվեն Ադրբեջանի օրենսդրության համատեքստում»։

Հենց սա էր Ռուսաստանի խնդիրը՝ չեզոքացնել միջազգային իրավունքը։ Բերձորի միջանցքը փակ պահել, չափաբաժիններով հանել Արցախից հեռանալ ցանկացողներին, իսկ մնացած «փոքրամասնությունը» օգտագործել Արցախում իրենց ռազմական ներկայությունն արդարացնելու համար։ Ինչ-որ մեկը պետք է կերակրի վանդակում գտնվող մարդկանց.

Ասում են, որ 10 օր առաջ առևանգված երեք տղաների վերադարձից հետո Ստեփանակերտում կրկին սկսվել են մեկնել ցանկացող «հայրենակիցների և ուսանողների» գրանցումը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց աշխարհի առաջատար առաջնորդներին և խոսեց ռազմական էսկալացիայի և դրա կանխման անհրաժեշտության, Լաչինի միջանցքի շրջափակման մասին, բայց համառորեն չանդրադարձավ արցախյան խնդրին։

Պաշտոնական Երևանը չի “նկատել” երեկվա արցախյան ընտրությունները. թեկուզ Փաշինյանի կողմնակիցները կտրականապես պնդում են, որ Արցախում իշխանափոխությունն իբր հանել է Արցախի համար պատասխանատվությունը Փաշինյանի վրայից, իբր Հայաստանը պատասխանատու էր միայն Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համար։ Ու քանի որ նրանք հիմա չկան, ուրեմն Հայաստանի իշխանությունն անելիք չունի, թող արցախցին իր սիրած ռուսների հետ բանակցի, ու մենք մեղավոր չենք։ Մենք դա ուզում էինք «միջազգային իրավունքի համաձայն» անել, բայց արցախցիները հրաժարվեցին։ Թեև Փաշինյանը վերջին 2 տարիների ընթացքում արել է ամեն ինչ՝ ինքնորոշման միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծումը մարդասիրական խնդիրներով փոխարինելու համար։

Հայաստանի իշխանությունը չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից այն բանի համար, որ Արցախը 3 տարվա ընթացքում ապաշնորհ և դավաճան քաղաքականության արդյունքում հայտնվել է Հայաստանից լիակատար մեկուսացման մեջ՝ ֆիզիկապես և քաղաքականապես։ Իսկ ռազմական էսկալացիայի քողի տակ մեղքը Արցախի ժողովրդի վրա բարդելու փորձերը չեն կարող խաբել ոչ մեկին, այդ թվում՝ Հայաստանի միջազգային գործընկերներին։

Արդյո՞ք սա այն չէ, ինչին ձգտում էր Փաշինյանի կառավարությունը՝ «խաղաղության օրակարգ, ինտեգրում, ապապետականացում և ապառազմականացում»։ Գլխավորն այն է, որ «մենք մեղավոր չենք».

 

Արդեն 10 օր է Արցախի մանկապարտեզները փակ են սննդի բացակայության պատճառով

Արցախի մանկապարտեզներն արդեն տասներորդ օրն է փակ են։

«Մանկապարտեզները փակվել են բացառապես սննդի պակասի պատճառով»,- նշել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Ավելի քան 10 հազար երեխա շրջափակման պատճառով զրկվել է նախադպրոցական կրթության իրավունքից։ Եթե ​​օգոստոսին մեզ հաջողվում էր ինչ-որ կերպ սնունդ տրամադրել նախադպրոցական հաստատություններին, ապա սեպտեմբերին դա անհնար դարձավ, քանի որ տոտալ շրջափակումը հանգեցրեց բոլոր պարենային ապրանքների պակասի»։

Որոշ գյուղական մանկապարտեզներ շարունակում են գործել, քանի որ համայնքի բնակիչների ջանքերով հնարավոր է երեխաներին ապահովել սննդով, իսկ ծնողները կարող են տնտեսությամբ զբաղվել։