Շրջափակումը լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում Արցախի երեխաների վրա

«Շրջափակումը լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Արցախյան բոլոր ընտանիքներում առկա է հոգեբանական սթրես, որն անմիջականորեն ազդում է երեխաների վրա։ Ծնողները երեխաների մոտ արդեն իսկ նկատում են հոգեբանական դեպրեսիա, հոգեբանական խնդիրներ։ Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ մանկական հոգեբաններին և նյարդաբաններին ուղղված դիմումներն աճել են 47%-ով»,- ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ եթե շրջափակումը երկարաձգվի, ապա հաջորդ ուսումնական տարում մենք կրկին խնդիրներ կունենանք երեխաների կրթության և առողջապահության իրավունքի անխոչընդոտ իրացման հետ կապված։
«Կրթության ոլորտը մնում է մեր ամենալուրջ խնդիրներից մեկը, քանի որ կրթության իրավունքի ճիշտ իրացումը բավականին երկար ժամանակ դժվար է եղել՝ համաճարակի, պատերազմի, գումարած հետպատերազմյան իրադարձություններն, այդ թվում՝ շրջափակումը»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Բաքուն կրակել է Արցախի, Սոթքի եւ Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 19֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Արցախի նկատմամբ ուժի կիրառման և էթնիկ զտման սպառնալիքը վնասում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հեռանկարին. Արցախի ԱԳՆ

Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակումը, ուժի կիրառման եւ էթնիկ զտումների աճող սպառնալիքները, ինչպես նաեւ Արցախի 120,000 բնակչությանը պատանդի կարգավիճակում պահելը վնասում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելու հեռանկարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությանը:

«Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության եւ խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում:

44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային եւ այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ եւ բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչեւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման եւ զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման եւ այլ հարցերում։ Այս ձեւաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետեւ դիմել է տարբեր սադրանքների եւ ագրեսիվ գործողությունների՝ հետեւողականորեն մերժելով նշված ձեւաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության եւ կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միեւնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական եւ ներկայացուցչական, ինչպես նաեւ ունենա համապատասխան կարողություններ եւ լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների եւ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված եւ կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ եւ արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների պահպանման եւ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում եւս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարեւորությունը։

Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական եւ անհատական ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը եւ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների եւ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակումը, ուժի կիրառման եւ էթնիկ զտումների աճող սպառնալիքները, ինչպես նաեւ Արցախի 120,000 բնակչությանը պատանդի կարգավիճակում պահելը վնասում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելու հեռանկարին»,-նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապացությամբ․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ միջադեպի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել Արտաքին գործերի նախարարություն։

«Հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասաց Բադալյանը։

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Նշվում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր։

Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի զինվորականները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը Հակարի կամրջի վրա։

Անտեղի խուճապ․ երբ հայտնի են իրական թվերը

Տիգրան Պետրոսյանը գրում է․
Քանի որ հանրության մեջ տարբեր ասեկոսեներ կան, Արցախից մեկնողների թվի կապակցությամբ, ներկայացնում եմ 01.06.2023 առ 16.06.2023 շարժի տվյալները
1) ԱՀ-ում գրանցված մեկնողներ – 1609 անձ
ԱՀ-ից փաստացի մեկնած անձինք -380, որից 213-ը ԱՀ քաղաքացիներ
2)ՀՀ-ում գրանցված ժամանողներ -300 անձ
ՀՀ-ից փաստացի ժամանած անձինք – 285 ԱՀ քաղաքացիներ
3) ԿԽՄԿ միջոցով ԱՀ-ից մեկնած -836
ԿԽՄԿ միջոցով ՀՀ-ից ժամանած – 1152
ԿԽՄԿ գրանցված մեկնման ենթակա – 175
ԿԽՄԿ գրանցված ժամանողներ – 32
Անտեղի խուճապ մի առաջացրեք…

ԱՄՆ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Այդ մասին հունիսի 15-ին ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հավատում ենք, որ կա [խաղաղության] համաձայնագիրը կնքելու հնարավորություն», – ասել Միլլերը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն անհամբեր սպասում է երկու կողմերի հետ հանդիպմանը, որը թույլ կտա առաջ շարժվել խաղաղության գործընթացում:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Եվ հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը հետաձգվել էր։

Ապօրինի անցակետը Բաքուն օգտագործում է որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք. Արցախի ԱԳՆ

Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների Արցախից Հայաստան նախատեսված տեղափոխումը և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող մեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։

Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։ Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։

Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի  համարժեք քաղաքական գնահատականին։

Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է։

ԱՄՆ կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կանցկացվեն

ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:

Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է:

Հաղորդագրությունում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:

«Մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է պահանջվում՝ պատշաճ կերպով պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել», – նշված է հաղորդագրությունում:

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը նաև հավելում է, որ հունիսի 21-ին նախատեսված լսումների ընթացքում պետք է քննարկվեն խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման և բանակցությունների ընթացքում պաշտպանելու համար անհրաժեշտ ջանքերը, ինչպես նաև պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս հարցում ԱՄՆ քաղաքականության համար:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։

Միացյալ Նահանգները պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։

«Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Հարցին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»: