Դոնի Ռոստովում ԱԹՍ-ի կործանման պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել

Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, փոխանցում է infoport-ը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռոստովի մարզում ոչնչացրել են ուկրաինական երկու ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Վասիլի Գոլուբևի խոսքով՝ ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչու սարքերից մեկն ընկել է քաղաքից դուրս՝ արևմտյան մասում, երկրորդը՝ կենտրոնում՝ Պուշկինսկայա փողոցում։
Վնասվել են երեք շենքերի ճակատային հատվածը և մեքենաներ, ոտքերի կտրած վերքերով բուժօգնության է դիմել մեկ անձ, ով հրաժարվել է հոսպիտալացումից:
«ԱԹՍ-ի կործանման վայրում՝ Պուշկինսկայա փողոցի 39,41,42 տների հատվածում, ժամը 9.00-ից հայտարարվել  է արտակարգ ռեժիմ։ Այս երեք շենքերում բնակվում է 99 մարդ, նրանց սնունդի հարցը կկազմակերպենք»,- ասել է Գոլուբևը։

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումները փաստեցին՝ Բաքուն Արցախում ցեղասպանություն է իրականացնում

Ազատություն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Նյու Ջերսիից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին լսումներ անցկացվեցին Ղարաբաղի հարցով, ինչպես բացման խոսքում նշեց Սմիթը՝ հասկանալու, թե ինչպես կարող են պաշտպանել Ղարաբաղի բնակիչներին, ինչ կարող է անել ԱՄՆ-ի կառավարությունը:

Լսումներին հրավիրվել էին ու ելույթ ունեցան, հարցերի պատասխանեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2000 թվականի սկզբներին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգողն էր։ Լսումներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։

Լուիս Օկամպոն իր խոսքում նշեց, որ հիմա հրատապը Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելն է։ Չպետք է սպասել ցեղասպանության լիակատար իրականացմանը, պետք է անհապաղ գործել այն կանխելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն, որ ցեղասպանությունն այլևս երբեք իրականություն չդառնա, իսկապես՝ երբեք նորից, որովհետև այն նախկինում տեղի է ունեցել 1915 թվականին», – Մարդու իրավունքների հանձնաժողովում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։

«Մենք արդեն ուշացել ենք, հունվարին արդեն զգացվում էին ցեղասպանության վտանգները», – ասաց Օկամպոն՝ նշելով Լաչինի ճանապարհի փակումը էկոակտիվիստների կողմից, որոնք հեռացան միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն անցակետ տեղադրեց։

Օկամպոն առաջարկեց, որ հանձնաժողովը տեղեկատվություն ուղարկի գործադիր մարմնին, տեղեկացնի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է բանակցություններում, բայց Ալիևը ցեղասպանությունը որպես գործիք է օգտագործում բանակցությունների համար։ Պետք է դադարեցնի ցեղասպանությունը, հետո նոր բանակցություններ ընթանան, ընդգծեց նա:

Դեյվիդ Ֆիլիպսն ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան մտադրություններ ունի, գործողությունների նպատակն է ֆիզիկապես բնաջնջել մարդկանց, վերացնել հայերի մշակութային և կրոնական ներկայությունը Ղարաբաղում ու վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ կասկած չկա նրանց ցեղասպան մտադրությունների մասին, ասաց Ֆիլիպսը՝ նշելով, որ Ադրբեջանում Ալիևի ստեղծած մթնոլորտում ադրբեջանցիները կարծում են, որ հայերը կա՛մ պետք է մահանան, կա՛մ տեղահանվեն։

Ջոն Էվանսն ասաց, որ Արցախից ստացվող մեսիջները տագնապալից են, ինչպես նաև այդ խեղճ մարդկանց իրավիճակը: Ներկա պահին իրավիճակը շատ լուրջ է։

Ելույթների ընդհանուր եզրահանգումն այն էր, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է շտապ կանխվի։ Հանձնաժողովը նամակ կուղարկի գործադիր մարմնին։

 

Արցախի ժողովրդի ամուր կամքը հանգեցրեց իշխանափոխության, և հիմա փորձում են այդ կամքը “հեծել”

Արցախի խորհրդարանի 5 կուսակցություններից 4-ը, այդ թվում՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կապված «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նախագահի թեկնածու են առաջադրել ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանին։

Ինտրիգը հենց Հարությունյանի կուսակից պատգամավորների դիրքորոշման մեջ էր, թեև ինքը՝ Հարությունյանը, հրաժարականից մի քանի օր անց հայտարարություն արեց և հրաժարվեց այս կուսակցության որոշումների վրա ազդելուց՝ ասելով, որ սատարելու է ցանկացած ընտրված նախագահի։

Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի քվեարկությունը, սակայն Հարությունյանի կուսակցության կողմից Սամվել Շահրամանյանի թեկնածությանը սատարելը հուշում է, որ կոնսենսուս է ձեռք բերվել։ Հարցն այն է, թե որն է կոնսենսուսի առարկան։

Ընտրությունները և «իշխանափոխությունն» Արցախում դիտարկվում են հիմնականում արտաքին քաղաքական ազդեցության (Երևան, Մոսկվա) կամ բուն Արցախում կլանների միջև ներքին բախումների լույսի ներքո։ Այս գործոններն անշուշտ առկա են, բայց այն պայմաններում, երբ գոյատևման էքզիստենցիալ հարց է առաջանում, որպես կանոն, որոշիչ է դառնում երրորդ գործոնը՝ ինքնապահպանման հավաքական բնազդը և կամքը։

Արցախում որոշումը կկայացվի առաջին հերթին՝ հաշվի առնելով այն, որ սեղանին է դրված ճակատագրական հարց՝ Արցախի լինել-չլինելը, և այս ֆոնին իշխանության, բյուջեի, դրսից ճնշումների հարցերը դառնում են երկրորդական՝ իրենց տեղը զիջելով հավաքական կամքին։

Ինքնապահպանման բնազդն ու սեփական հողի վրա ապրելու իրավունքը պահպանելու կամքը առաջնորդեցին արցախցիներին 1990-ականների սկզբի Առաջին պատերազմի ժամանակ, երբ թվում էր, թե Արցախը պատերազմում է ողջ աշխարհի հետ։ Բայց «Արցախի հայկական լինել-չլինել» հարցը ստիպեց որոշումներ կայացնել, որոնք ի վերջո կոտրեցին տարածաշրջանի անսասան թվացող անվտանգության համակարգը։ 30 տարի Արցախն է որոշել այս համակարգը՝ հետ պահելով ամբողջ կայսրություններ։

Այս ընթացքում Արցախն իր կամքն ու ինքնապահպանման բնազդը պատվիրակեց ուրիշներին՝ Մոսկվային, Երևանին, և դա անխուսափելիորեն հանգեցրեց աղետալի հետևանքների՝ կործանարար պատերազմի։

Հետպատերազմյան շրջանը, երբ Արցախն իր անվտանգությունը պատվիրակեց ռուս խաղաղապահներին և Փաշինյանի «խաղաղ» օրակարգին, ավարտվեց լիակատար շրջափակմամբ և Ակնայից ճանապարհ բացելու փորձերով։ Մոսկվան, իսկ դրանից հետո Եվրոպան սկսեցին խոսել այս ճանապարհների համարժեքության, այսինքն՝ Արցախի մոտալուտ վերջի մասին։

Սակայն Արցախում արթնացավ «բնազդը»՝ ոչ թե իշխանությունների, այլ հասարակ քաղաքացիների մոտ. մարդիկ հայտարարեցին, որ թույլ չեն տա բացել «Աղդամի» ճանապարհը, կոտրեցին իրենց վախը ռուսների հանդեպ և սկսեցին ստուգել խաղաղապահների մեքենաները՝ հայտարարելով, որ սա մեր հողն է, և մենք ենք այստեղ տերը։

Արցախի սահմանին հերթապահություն անող տղաների,  մարդկանց, որոնք կոչ են անում շարասյունով գնալ ու բացել Բերձորի միջանցքը, Ասկերանի մոտ կանգնած քաղաքացիների, այն մարդկանց, ով պատրաստ է սովամահ լինելու, բայց չհնազանդվելու ուժեղ կամքն էր, որ հանգեցրեց Արայիկ Հարությունյանի հեռանալուն, ով մարմնավորում է պարտությունը՝ պատերազմում և դրանից հետո։ Նրանք, ովքեր նստած են Մոսկվայում և Երևանում, զգացել են այս կամքի ուժը և փորձում են հեծել այն։

Ինքնապահպանման բնազդով ամրապնդված այս կամքը կհանգեցնի նրան, որ Արցախի եւ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը կրկին կորոշվի Արցախում։

Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։ Բանախոսները միաբերան պնդում են՝ տեղի ունեցողը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով

«Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ես կասեի՝ նախագահ Ալիևի կողմից, ով ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես բռնապետ: Ես Ալիևին հանդիպել եմ երկու անգամ Բաքվում, նրա հետ շատ անկեղծ եմ խոսել իր կառավարության և հենց իր կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների մասին…»,-ասաց նա:

Քրիստոֆեր Սմիթը նաև հայտնեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների առնչությամբ նոր օրինագծի պատրաստման մասին, դրա ուղղությամբ հիմա աշխատում են:

Իր փորձագիտական կարծիքը ներկայացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Նա դիմեց հավաքվածներին՝ Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք՝ հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին:

Ամփոփելով իր զեկույցը՝ նա ասաց. «Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ցեղասպանության ժամանակ շատ մարդ պետք է սպանվի, մահանա: Սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան: Մի ձևը 0 զոհ է պահանջում, պարզապես պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման համար»:

Նա հիշեցրեց, որ դեռ հունվարին Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել միջանցքը, սակայն Ալիևը չի լսել: Ալիևը գիտի, որ շրջափակումը մահվան վտանգ է պարունակում, սակայն դա անում է:  «Այս փուլում կասկած չկա, որ ցեղասպանության մտադրություններ կան»,-նշեց նա:

Խոսելով ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նշեց, որ ԱՄՆ-ն, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը Ցեղասպանության հանցագործության կանխման կոնվենցիայի մասնակից պետություն են, ինչը ենթադրում է կանխել ու պատժել: Նա ընդգծեց այն հրատապ կերպով կանխելու անհրաժեշտությունը:

Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն էլ շեշտեց՝ Ալիևի և նրա պաշտոնյաների խոսքերը որևէ կասկածի տեղ չեն թողնում նրանց ցեղասպանական մտադրության վերաբերյալ:

Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար․ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին, ժամը 19։50-ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին տեղեկացնում են  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ ։
Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն. ԵԽ-ում քննարկվել է Արցախի հումանիտար ճգնաժամը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։

Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։

Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը: Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի և ՄԻԵԴ իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։

«Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգին գրավոր հարց էր ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, և արդյոք առկա սպառնալիքը հետևանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին և ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։

Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաև այլ հեղինակային կարծիքներ և զեկույցներ, ինչպես օրինակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետևանք թողնել Ադրբեջանի անդամակցության և կոնվենցիոն պարտավորությունների ակներև խախտումները։

ԵՄ-ն արդեն չի պահանջում, որ “Բաքուն Ղարաբաղի հայերին բացատրի Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները”

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:

«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։

ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։  ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:

« ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն:

2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։

Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձնառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում: Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։

ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելի անունից հայտարարություն էր տարածվել, որտեղ ասված է, որ “Բաքուն Ղարաբաղի հայերին պետք է բացատրի Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները”։ 

 

Ղարաբաղ Տելեկոմը բաժանորդներին զգուշացնում է վայբերի միջոցով հաքերային հաղորդագրությունների մասին

Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը:

 Այս մասին տեղեկացնում են Ղարաբաղ Տելեկոմից:
«Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets:
Եղեք զգոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կյանքը լի է խոչընդոտներով, բայց նա վճռականորեն որոշել է մնալ Արցախում

Շուշանը ծնվել է 1997 թվականին, հայրը զոհվել է հակատանկային ականի պայթյունից, երբ նա ընդամենը երկու ամսական էր։ Մանկուց նա շատ ակտիվ երեխա է եղել։ Հարազատներին միայն մեկ բան էր անհանգստացնում՝ ժամանակն անցնում էր, իսկ երեխան չէր կարողանում շարժվել առանց աջակցության եւ պահել հավասարակշռությունը: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ճիշտ ախտորոշում տալ։ Պարզվելց, որ երեխան մանկական ուղեղային կաթված ունի։

Մանկության մի մասը Շուշանն անցկացրել է մոր հետ Երևանի և Ստեփանակերտի բուժհաստատություններում։ Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում նա համոզվել է, որ ախտորոշումը դատապարտում չէ. Կենտրոնում նրա հետ աշխատել են տարբեր պրոֆիլների մասնագետներ։

Վերականգնումը տվել է դրական արդյունքներ։ Վիճակը նկատելիորեն բարելավվել է։ Կենտրոնում Շուշանը տարբեր խմբակների էր հաճախում։ Նա շատ հոբբիներ ունի: Սիրում է հյուսել և մերսումներ անել: Նա երազում է սեփական սպա-կենտրոն բացելու մասին։ Սպորտով է զբաղվում, մասնակցել է bocce մրցումներին՝ գրավելով առաջին տեղը։

Շուշանը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում, ապա տեղափոխվել Թողուտ, որտեղ ապրել է մինչև 44-օրյա պատերազմը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա հանգստանում էր Սևանում, երբ լսեց պատերազմի լուրը։ Այդ պահին ժամանակը կարծես կանգ առավ ինձ համար,- պատմում է Շուշանը։

Ընտանիքն այդ ժամանակ Արցախում էր, և նրա համար շատ դժվար էր։ Շուտով նա գնաց Գորիս, որտեղ ճանապարհները խաչվեցին ընտանիքի հետ։ Որոշ ժամանակ անց իմացել են, որ Հադրութի շրջանը գավթվել է։

Նոյեմբերի 9-ին կյանքիս ամենադժվար գիշերն եմ ապրել,- ասում է Շուշանը։ Պատերազմից հետո մեկ տարի ապրել է Գորիսում։ Բայց նա երբեք չի կարողացել ընտելանալ հայրենիքից հեռու կյանքին։ 2021 թվականին նա ընտանիքի հետ վերադարձել է Արցախ։ Շուշանի խոսքով՝ Արցախը ձգում է։ Չեմ ափսոսում, որ վերադարձա, քանի որ միայն այստեղ ապրելով կարող ես ամբողջ աշխարհին ապացուցել, որ հազարավոր զինվորներ իզուր չեն թափել իրենց արյունը, ասում է Շուշանը։

Այժմ նա ապրում է Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում։

Վառելիքի և հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով Ստեփանակերտի հետ կապ չկա, ամենասուր հարցը հացն ու դեղերն են, բայց ոչինչ ինձ չի ստիպի լքել հայրենիքը, վստահորեն պնդում է Շուշանը։

Արսեն Աղաջանյան

Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:

Պետքարտուղար Բլինքենը ընդգծել է նաև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունն ու կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։

Արցախում քննարկել են անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, Հանրապետության նախագահի ընտրությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր:

Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Ստեփանակերտի N10 դպրոց. վիրավոր, բայց երեխաների կենարար ոգով ապաքինվող