Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին:

Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

«Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական քաղաքակրթության ամրոց և վաղ քրիստոնեության կենտրոն: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր, չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական հասարակություն, որին շատերն են ձգտում»,- շեշտված է նամակում:

Դավիթ Իշխանյանը ակնկալում է, որ այդ երկրների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խողովակներով ճնշումներ բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանության համար:

Կրկին շանտաժ․ Պեսկովը «հիշեցրել է» Ռուսաստանում ապրող հայերի մասին

«Ռուսաստանը այդ տարածաշրջանի (Հարավային Կովկասի ) անբաժանելի, անքակտելի մասն է, հետևաբար ոչ մի տեղ չի կարող հեռանալ։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»,- այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե Ռուսաստանը կարծես ինքն է հեռանում Հարավային Կովկասից։

«Վերջ ի վերջո չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանց մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակապես օրինակելի ու հայրենասիրական տրամադրություններով քաղաքացիներ են»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական շատ կարևոր դեր խաղալ իրավիճակը կայունացնելու և հակամարտությունը հարթելու ուղղությամբ և կշարունակի այդ դերակատարությունը։

Պեսկովը շատ կարևոր է համարել հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։ Սակայն նա որևէ բառ չի ասել, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, փոխարենը նշելով, որ իրավիճակ է փոխվել։

«Հաջողության գրավականը հավատարմությունն է այդ համաձայնությունների դրույթներին։ Իհարկե, դրանից հետո նոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, ավելին»,- շեշտել է նա․ – «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը»։

«Պետք չէ մոռանալ Ռուսաստանի ներդրումը ինտեգրացիոն գործընթացներում, որին մասնակցում է նաև Հայաստանը, դրանք, ի դեպ, մեծ մասամբ նպաստել են, որ անցած տարի զարգացման տեմպերով Հայաստանը ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Այն, ինչ տեղի ունեցավ Տողում 1990-ականների սկզբին, փոխեց ամեն ինչ

Նունե Արզումանյանը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։ Մանկուց հիշում է, որ իրենց գյուղում շատ թորքեր կային (ինչպես արցախցիներն են ադրբեջանցիներին անվանում)։

Նունեն պատմում է, որ ինքն 9 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և կտրուկ փոխվեց գյուղի ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ։

Քանի որ գյուղի մանկապարտեզում և դպրոցում կային և՛ հայկական, և՛ ադրբեջանական հատվածներ, նույնիսկ ադրբեջանցի երեխաները սկսեցին վիճաբանել իրենց հայ հասակակիցների հետ, որոնց հետ մի քանի օր առաջ միասին խաղում էին։

Նա հիշում է, թե ինչպես դպրոցում ադրբեջանցի տղան դանակով հարձակվեց իր հայ հասակակցի վրա, իսկ ծեծկռտուքի ժամանակ ընկավ սեփական դանակի վրա ու վիրավորվեց։ Ամբողջ դպրոցը հետևում էր, թե ինչպես է ադրբեջանցի երեխան արյունահոսում, իսկ դպրոցի տնօրեն Նիյազ մուալիմը այդպես էլ թույլ չտվեց նրան տեղափոխել հիվանդանոց, որպեսզի նա մահանա, և սկսվեն հայերի հալածանքնեը՝ գյուղից նրանց հեռացնելու նպատակով։

Ամբողջ օրը հայ երեխաները փակված են մնացել դպրոցի հայկական հատվածում՝ սպասելով մի քանի հարյուր ադրբեջանցիների հաշվեհարդարի։

Միայն ուշ երեկոյան կամավորականների զինված ջոկատներին հաջողվեց ազատել երեխաներին։

Իսկ հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը սպանեց Դանիելյանների ընտանիքի հինգ անդամներին, որոնք ապրում էին այսպես կոչված ադրբեջանական թաղամասում։ Այս սարսափելի դեպքը դարձավ ադրբեջանցիներին գյուղից վտարելու պատճառ։

Նունեն հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Սկզբում նրանք ապրում էին Տողի իրենց տանը։ Սակայն ավելի ուշ գյուղը սկսեց գնդակոծվել «Գրադ» հրթիռային կայաններից։ Գյուղից քիչ հեռու՝ մի բլրի վրա պապիկը հողիմեջ տեղ է սարքել, որի մեջ ռմբակոծությունների ժամանակ հարևան երեխաների հետ թաքնվել են իրենք՝ չորս երեխաներն ու մայրը։ Ձմռան սկսվելուն պես անտանելի դարձավ բլինդաժում ապրելը, և մայրը երեխաներին տեղափոխեց հարևան Տումի գյուղ, որտեղ նրանք ապրում էին հարազատների հետ։

Պապն ու մայրը (հայրը պատերազմում էր) շաբաթը մեկ անգամ իրենց այգուց ուտելիք, ալյուր, մրգեր էին բերում էշով։ Այսպիսով, նրանք գոյատևեցին մի քանի ամիս, մինչև թշնամու կրակակետերը ոչնչացվեցին, և արկերն այլևս չէին հասնում հայրենի գյուղ։

Չափահաս տարիքում Նունեն ամուսնացել է Տումի գյուղում, որտեղ ընտանիքի հետ ապրել է 23 տարի։

Այժմ նա ցավով է հիշում հետպատերազմյան ծանր տարիները։ Բայց մի քանի տարիների ընթացքում մարդիկ նորից հաստատեցին իրենց կենսակերպը, ինքնուրույն ստեղծեցին հարստություն, զբաղվեցին հողագործությամբ և անասնապահությամբ և իրենց երեխաներին կրթություն տվեցին համալսարաններում։

Ապրիլյան պատերազմի օրերին Նունեն անհանգստանում էր ՄՈԲ-ով զորակոչված ամուսնու համար։ Փառք Աստծո, պատերազմը երկար չտևեց՝ նրանք նույնիսկ գյուղից չլքեցին։

2020 թվականի պատերազմն ուրիշ էր. կանայք ու երեխաները ստիպված են եղել լքել գյուղը։ Նունեն պատմում է, որ իր հետ վերցրել է միայն երեխաների հագուստը, քանի որ չեր պատրաստվում գյուղից երկար բացակայել։ Նա այնքան վստահ էր, որ մի քանի օրից կվերադառնա իր տուն, որ իր հետ չվերցրեց փաստաթղթերը (նա երեք կրթություն ունի), ոսկյա իրեր…

Բայց Նունեի համար այժմ ամենամեծ ցավը՝ կրտսեր որդու հիվանդությունն է. որդին՝ Թաթուլը, սթրեսից շաքարախտով է հիվանդացել։ Բայց նա հույս ունի, որ երբ Հադրութը վերադարձնեն ու նա վերադառնա հայրենի Տումի գյուղ, իր հիվանդությունը հետ կգնա։ Նա նորից կբարձրանա իր ձին և կհասնի հայրենի լեռները, որտեղ մաքուր օդը կօգնի նրան ապաքինվել։

 

Ստիպված էի հեռանալ, այդպես էլ չհասկանալով, թե ո՞վ ինչի համար է պատասխանատու

Ալյուրի սղության պատճառով սեպտեմբերի 4-ից Արցախում սկսեցին բաժանվել հացի կտրոններ։

Ըստ կտրոնային համակարգի՝ Արցախի 1 բնակչին օրական հասնում է 200 գրամ հաց։

Կտրոնների բաժանումը իրականացվում է Ստեփանակերտի 9 կետերում, և դրանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ կետերից մեկը` անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով։

Այդ պրոցեսը նկարահանելու նպատակով այսօր այցելեցի կետերից մեկը, որտեղ ինձ խնդրեցին սպասել՝ նկարահանման համար թույլտվություն ստանալու համար։ Առաջին զանգը եղավ սոցապ նախարարություն, որոնք ինչպես պարզվեց, չունեն թույլատրելու արտոնություններ, և խորհուրդ տվեցին կապվել ոստիկանության հետ։ Տեղի ոստիկանության աշխատակիցը կապվեց ոստիկանության ղեկավարության հետ, և պարզվեց,որ վերջիններս նույնպես չունեին թույլտվության արտոնություն։ Ինձ կրկին խորհուրդ տվեցին կապվել սոցապ նախարարության հետ։

Կես ժամ այնտեղ կանգնելուց հետո ստիպված էի հեռանալ, այդպես էլ չհասկանալով, թե ո՞վ ինչի համար է պատասխանատու։

Հայկ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ  Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Դավիդ Վալադաոն:

Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների  կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք աջակցել ձեր ժողովրդին, որն անհավանական տոկունություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների համատարած պակասի պայմաններում: Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ-ին էական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում»-ասված է ուղերձում:

Կոնգրեսականները նշում են, որ կշարունակեն ճնշում գործադրել Վարչակազմի վրա, որպեսզի այն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու Ալիևի ռեժիմի անօրինական գործողությունները, որոնք, նրանց խոսքով, հստակորեն համապատասխանում են էթնիկ զտումների սահմանմանը։

«Շարունակվող հումանիտար ճգնաժամը ցույց տվեց միջազգային խաղացողների գործողությունների և Ալիևի վրա ճնշումների ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ստիպելու նրան վերադառնալ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններին:

Արցախը պետք է կարողանա անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին և ապահովել տ7ական ու կայուն խաղաղություն», -ասված է ուղերձում:

 

Շահմասուր․ «Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին»

 

Շահմասուր գյուղը գտնվում է Արցախի  Մարտակերտի շրջանում։ Հին ու պատկառելի պատմություն ունեցող գյուղ է, հարուստ պատմամշակութային հուշարձաններով, որոնք թվագրվում են 11-12-րդ դարերով։

15-16-րդ դարերի տվյալներով գյուղը ներկայացվում է “Մսերշին” և “Մսրշին” անուններով։ Ս․ Մելքումյանը գյուղանունը ստուգաբանում է երկու իմաստով  “Շահի մահը սրով” և Հասան Ջալալյան իշխանի մոտ ազգական և այդ տարածքների տիրակալ Շահ Մանսուրի անունով։

Ըստ Սլավա Սարգսյանի, Արցախում նման անձնավորություն գոյություն չի ունեցել, նման անվամբ հայտնի է միայն Խորասանի իշխանը։ Նա գյուղի անվան ծագումը կապում է հյուսիսային կողմից ձգվող “սուրբ” լեռնային բարձունքի հետ։

Շահմասուրի Կտողնութ թալա կոչվող տարածքում ընկած են բազմաթիվ մեծ ու փոքր ժայռաբեկորներ, որոնցից մեկը շատ ուշագրավ է իր վրա քանդակված խաչով ու արձանագրությամբ։ Ժայռաբեկորի չափսերն են  5,3 x3։ Քանդակված է մեկ մեծադիր խաչ, թևերի տակ երկու փոքր խաչեր, ներքևում արձանագրություն։  «Թիվ :ՈԼ: (1181)/: Յանուն Ա[ստուծո]յ, ես Խորեշահ/ կանգնեցի զխաչս ի բարեխաւս/ հոգոյ իմոյ եւ զաւակաց/ իմոց` բարեխաւս առ/ Ք[րիստո]ս: Աղաւթս յիշեցէք» Հ․Պ: Նման արձանագիր ժայռաբեկորների հանդիպում ենք Հարավ, Առաջաձոր և այլ գյուղերի տարածքներում։

Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին։

Արտակ Բեգլարյանի հայտարարությունը

ԱՀ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․

«Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին:

Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ:

Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի:

Ով էլ ընտրվի Հանրապետության նախագահ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջև ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով:

Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»:

Արայիկ Հարությունյանի ակնարկները. կարո՞ղ են անակնկալներ լինել

Սեպտեմբերի 8-ին Արցախի խորհրդարանը նոր նախագահ կընտրի. թեկնածուների անունները դեռ չեն նշվում, սակայն կարող են առաջանալ ամենաանսպասելի իրավիճակները։ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ դրա վկայությունն է։

“Հունիսից մի քանի անգամ մտածել եմ հրաժարական տալու հարմար պահի մասին, բայց արտաքին քաղաքական կարևոր իրադարձությունների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և օգոստոսի վերջին որոշում կայացրել»,- գրել է Հարությունյանը։ Խոսքը, ըստ երևույթին, վերաբերում է ՄԱԿ-ում և միջազգային դատական ատյաններում արցախյան հիմնախնդրի քննարկումներին, ֆրանսիական նախաձեռնություններին, որոնք, ըստ ամենայնի, կոչված էին վերջնականապես «փակելու» արևմտյան պատուհանը։ Պատահական չէ, որ Բաքվում ասում են, թե Ռուսաստանն Արցախում իշխանափոխություն է անում, որպեսզի չեզոքացնի միջազգային  միջամտությունը։

Հարությունյանը հորդորեց պատգամավորներին «հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել սեփական խղճով և չտրվել տարբեր նեղ խմբերի ազդեցությանը»։ Ի՞նչ խմբերի մասին է խոսքը։ Իսկ ի՞նչ խումբ է ներկայացնում ինքը՝ Հարությունյանը, ով Բակո Սահակյանի վարչակազմում եղել է պետնախարար, հետո նախագահ դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռնադրմամբ։

Խոսելով «նեղ խմբերի» մասին՝ Հարությունյանը, ըստ երևույթին, նկատի ունի «Արցախը ղեկավարող մի քանի հոգու», այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ինքը՝ Հարությունյանը, պնդում է, որ պատերազմից հետո դուրս է եկել իր «Ազատ հայրենիք» կուսակցությունից և որևէ ազդեցություն չունի խորհրդարանում նրա խմբակցության վրա։ Ի՞նչ նկատի ունի Հարությունյանը սրանով ։ Ասենք, կարո՞ղ է նրա խմբակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, միանակով «նեղ խմբի» մեջ չմտնող Սավել Բաբայանի խմբակցություն հետ, դեմ քվեարկել «նեղ խմբի» թեկնածուին։ Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում։

Արայիկ Հարությունյանի կուսակցության դիրքորոշումն, ըստ էության, դառնում է որոշիչ, և հենց այստեղ է «անակնկալը». Հարությունյանը (Փաշինյանի հետ կապով) փաստորեն իր ձեռքում է պահում վերահսկողության բոլոր լծակները։ Նա ասում է, որ լինելու է նոր նախագահի կողքին և իր աշխատանքն ուղղելու է Արցախի անվտանգության ապահովմանը (փակագծերը չբացելով)։

Սա կարևոր է, քանի որ երկիրը մշտապես գտնվում է սպառնալիքի տակ, որ «Երևանը կդադարեցնի սուբսիդիաները», եթե Ստեփանակերտը ներկայացնի Փաշինյանի ոչ լոյալ անձը։ Իսկ «լոյալ» է, ըստ երևույթին, Հարությունյանը։ Փաշինյանը ֆինանսական օղակով ստիպում է Արցախի ղեկավարությանը չշեղվել Արցախի «ինտեգրման» պլանից, որը գրված և ուղղորդվում է Մոսկվայում։

Այս արատավոր «հանգույցը» հնարավոր չէ արձակել, այն միայն կարելի է կտրել։ Իսկ Ստեփանակերտում արդեն մի քանի անգամ զինված մարդկանց միջամտությայն փորձեր են եղել։ «Եթե որևէ անձ կամ խումբ փորձի անկարգություններ հրահրել, դա լուրջ հարված կլինի սահմանադրական կարգին և Արցախի Հանրապետության ապագային»,- զգուշացնում է Հարությունյանը։

Առայժմ ոչ մի ուժ՝ ո՛չ «նեղ խումբը», ո՛չ էլ «Փաշինյանի խմբակցությունը» առաջարկներով չեն հանդես եկել, թե ինչպես են տեսնում հետագա իրադարձությունները՝ Բերձորի միջանցքի բացումը, կարգավիճակի հարցը և այլ բաներ։ Իմիջիայլոց խոսվում է անկախության ճանաչման պահանջի մասին, բայց միաժամանակ՝ այն, որ «Բաքուն այլևս չի հանի իր անցակետը»։

 

Ինչ որոշում կկայացնի Արցախի խորհրդարանը, պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին

Արցախում և նրա սահմաններից դուրս իրադարձություններն այնքան դինամիկ են զարգանում, որ դժվար է որևէ վերլուծություն, առավել ևս կանխատեսումներ անելը։

Անցած շաբաթը չափազանց հագեցած էր։

Արցախի նախագահը հրաժարական է տվել՝ երկրի համար նման ճակատագրական պահին իր հրաժարականի պատճառների մասին հստակ բացատրություններ չտալով։

Արցախյան հասարակության մի մասը կարծում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ապաշնորհությանը, ով ինչպես 2020 թվականի պատերազմի օրերին, այնպես էլ առավել եւս՝ պատերազմից հետո երեք տարիներին, պարզվեց, որ չի կարողանում լուծել պետության խնդիրները, նա չպետք է հրաժարական տար, քանի որ դա կարող է ձեռնտու լինել ռուսական և ադրբեջանական կողմին, որը վաղուց հայտարարել է Արցախի պետական ​​կառույցները ապամոնտաժելու անհրաժեշտության մասին։

Մի մասն էլ կարծում է, որ Հարությունյանն ինքն է խոչընդոտ հանդիսանում այսօր Արցախի իշխանությունների ու ժողովրդի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրների լուծմանը։

Հասարակության մեկ այլ հատված պնդում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը չպետք է հաստատի Հարությունյանի հրաժարականը, որպեսզի երկրում համակարգային կոլապս չլինի։ Բայց եթե խորհրդարանը, այնուամենայնիվ, վավերացնի նախագահի հրաժարականը, ապա նրա փոխարեն պետք է նշանակվի 2020 թվականի ընտրություններում Հարությունյանից հետո ամենաշատ ձայներ ստացած անձը։

Նրանց խոսքով՝ նոր նախագահը պետք է լինի լավ քաղաքական գործիչ, ունենա դիվանագիտական ​​տաղանդ և հմտություններ, բանակցելու փորձ, այլապես նոր ապաշնորհ անձն ավելի կսրի Արցախի ծանր վիճակը և կհանգեցնի նրա վերջնական կորստի։

Թե ինչ որոշում կկայացնի Արցախի խորհրդարանը, պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին.

Սեպտեմբերի 2-ին նշվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը։ Չգիտես ինչու, երեք տասնամյակ այս օրը կոչվում էր Անկախության օր, և շատերը կարծում են, որ հենց այդ որոշումն է մեր ազգային-ազատագրական պայքարը տարել սխալ ճանապարհով, քանի որ այդ որոշումը համարվում է անկախություն Հայաստանից։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից (Խորհրդային Միության Սահմանադրությունը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին և ինքնորոշված ​​ժողովուրդներին անջատվել ԽՍՀՄ-ից այնպես, ինչպես խորհրդային հանրապետություններին), իրենց հանրապետությունը հռչակեցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ միավորելով բոլոր հայաբնակ շրջանները։

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժել է հաստատել ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանի որոշումը՝ Ադրբեջանից անջատվելու և Հայաստանին միանալու մասին, ինչպես նաեւ երբ Հայաստանը հրաժարվեց անկախության հանրաքվեին դրանց մասնակցելուց։

Հենց ԼՂՀ հռչակումն էր հայության ինքնորոշման առաջին քայլը, որը 1921 թվականին անօրինական որոշմամբ հայտնվեց Ադրբեջան կոչվող արհեստական ​​միավորի կազմում։

ԼՂՀ Անկախության Հռչակագիրն ընդունվել է ավելի ուշ՝ 1992 թվականի հունվարի 6-ին, այն բանից հետո, երբ Հայաստանը միացավ ԱՊՀ-ին առանց ԼՂՀ-ի, թեև անկախ Հայաստանի ստեղծումը հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ հրամանագրի վրա։

Այսպես թե այնպես, 1991 թվականին Հայաստանի հրաժարումը Արցախից հանգեցրեց երկու հայկական պետությունների ստեղծմանը։

Բայց դա կարող էր փոխվել 1991-94 թվականների պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց, իսկ ԼՂՀ-ն հնարավորություն ստացավ ֆիզիկապես վերամիավորվել Հայաստանի հետ։ Թե ինչու հայկական կողմը հետագայում այդ արդյունքները չամրագրեց թղթի վրա, մեկ այլ թեմա է, որը եւ հանգեցրեց 2020 թվականի աղետին և Արցախի և բուն Հայաստանի ներկայիս անմխիթար վիճակին։

Արցախի նոր նախագահը պետք է պատասխանի այս հարցերին և որոշումներ կայացնի՝ հաշվի առնելով 1989-1991 թվականներին ամրագրված փաստաթղթային և իրավական դաշտը։

Մարգարիտա Քարամյան

Հինգ-վեց օր Ստեփանակերտի ոչ մի փուռ չի աշխատել․ գիշերվանից հնարավոր է որոշները վերսկսեն աշխատանքը․ Փաստինֆո

Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Մաքրությամբ մշտապես բոլորին հիացնող Ստեփանակերտը արդեն քանի ամիս է՝ նաև այս առումով է խեղճացել։ Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ քաղաքը մաքրվում էր, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։

«Առաջ 18 մեքենա էր աշխատում աղբահանության նպատակով, հիմա՝ 4։ Վառելիքի սղության պատճառով որոշ թաղամասեր երկու-երեք օրը մեկ են մաքրվում, բայց այսօրվա դրությամբ դեռ կարողանում ենք մաքրել, ոչինչ։ Ճիշտն ասած, այդքան շատ աղբ էլ չի հավաքվում, քանի որ այնքան սնունդ էլ չկա, որ աղբ գոյանա․․․»-ասում է Սարգսյանը։

Քանի որ քաղաքային տրանսպորտը վաղուց չի աշխատում, երեք էլեկտրոմոբիլ է գործարկվել՝ անհրաժեշտության դեպքում գոնե հղիներին ծննդատուն հասցնելու համար։

Միակ խնդիրը, որ, ի հեճուկս պաշարման հետևանքով առաջացած դժվարություններին, կարելի է համարել լուծված, մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի խնդիրն է։ Քաղաքապետը վստահեցնում է՝ հիմա արդեն խմելու ջուր բնակիչներն ունեն։

 

Բարին անելուց չհոգնենք

Շարունակվող պաշարման ընթացքում արցախցիները հարատևում են բարեգործությունների մեջ:

Արդեն մի քանի ամիս է, որ Ստեփանակերտից մի խումբ կամավորներ սնունդ են հասցնում ծերերին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին՝ անտեսելով բազմաթիվ խոչընդոտներ: Step1. am-ի հետ զրույցում  այդ մասին պատմեց «Ալյանս»-ի անդամ, կամավորական Յանա Ստեփանյանը:

«Շարժումը սկսվել է Արցախի անվտանգության և զարգացման  ճակատի կողմից: Սկզբից մենք փուռերից հաց էինք ստանում և տեղափոխում մեծահասակներին տալու համար, որպեսզի հերթերը թեթևանան: ժամանակի հետ իրավիճակն ավելի է բարդացել և սննդի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել: Ճակատի կողմից մեզ ուտելիք է տրամադրվում, որը տանում ենք սոցիալապես խոցելի խավի համար: Այս պահի դրությամբ ունենք մեծ կամավորական խումբ: Ամեն օր նոր հասցեներ են ավելանում»:

Կամավորների ընդհանուր թիվը հասնում է 120-ի : Նրանց մեջ կան նաև շրջաններից անդամագրվածներ, սակայն վառելիքի սղության պատճառով ոչ միշտ են կարողանում հասնել Ստեփանակերտ և միայն 50 հոգի են կարողանում ակտիվ մասնակցել սննդի մատակարարմանը: Որպես տրանսպորտի այլընտրանք ծառայում են հեծանիվները և ոտքերը:

«Կամավորների թիմը կազմված է դեռահասներից և դպրոցականներից: Ամենափոքր անդամը 12 տարեկան է: Էլեկտրականության պարբերական անջատումների պատճառով նրանք բոլորն էլ կենցաղային մի շարք դժվարությունների են բախվում: Անհրաժեշտ է լինում ամենօրյա անելիքներն այնպես դասավորել, որ ժամանակ մնա  ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար: Ծայրամասային փողոցներում ապրող կամավորները բավականին երկար ժամանակ են տրամադրում մինչև գրասենյակ հասնելու համար: Նրանք բոլորն էլ զոհաբերում են իրենց ժամանակը: Այս պահին ցանկացած աջակցություն մեզ համար կարևոր է»,-ասում է Յանան:

Շոգ եղանակին շուտով փոխարինելու են անձրևներն ու ձյունը, բայց կամավորներին դա չի կանգնեցնի: Նրանց ոգեշնչում է այն, որ ամեն մի դուռ բախելուց հետո լսում են օրհնություններ և երախտիքի խոսքեր:

«Յուրաքանչյուր տատիկի կամ պապիկի տուն մտնելով մենք հասկանում ենք, թե նրանք ինչքան են ոգևորվում, ինչքան են իրենց կարևոր զգում: Մենք միշտ պատրաստ ենք հասնել նրանց, օրվա ցանկացած ժամին»,-ավելացնում են կամավորները:

Շարունակում է ապրել Արցախը՝ անտանելի դարձած իրավիճակում և ծայրահեղ վատ պայմաններում: Շարունակում ենք բարի և օգնող լինել միմյանց հանդեպ, քանզի Սուրբ Գիրքն էլ ասում է.« Բարին գործելուց չթուլանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք»:

Տաթեւ Ազիզյան

«Արցախի նախագահի ընտրությունը սեպտեմբերի 8-ին է». խմբակցությունները դեռ չեն հայտնում՝ ում են առաջադրելու

Ազատություն

Արցախի նախագահի հրաժարականից 4 օր անց Ազգային ժողովի խմբակցությունները չեն բացահայտում՝ ում են նախագահի թեկնածու առաջադրելու։ Այս պահին միայն հայտնի է, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։

«Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածել, մի անգամ կտրել», – ասաց նա «Ազատության» եթերում։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում վարչության նիստ պետք է գումարեն ու որոշեն՝ առաջադրել թեկնածու, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը փոխանցեց՝ մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ ունեն. – «Եվ այդ ընթացքում է որոշվելու՝ մեր սեփական թեկնածուն խմբակցությունը առաջադրելու է, թե ոչ։ Մինչև գործադիրի նիստը չլինի, այդ հարցին որևէ թե՛ խմբակցության անդամ, թե՛ կուսակցութան չի կարող պատասխանել։ Դա մի անձի որոշելիք չի»։

Մյուս երեք խմբակցությունների հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Խորհրդարանի լրատվության բաժնից էլ փոխանցեցին միայն, որ թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ չունեն։

Արցախի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին կընտրի խորհրդարանը խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում, ընդ որում՝ այն կարող է երկու փուլով անցկացվել։ Սեպտեմբերի 8-ը վերջին ժամկետն է, «Ազատությանն» ասաց խորհրդարանի լրատվության բաժնի պետ Անահիտ Հայրիյանը։

Մինչ այդ նախագահի պաշտոնը լքած Արայիկ Հարությունյանն այսօր խմբակցություններին կոչ է արել չտրվել խմբային ազդեցությունների՝ առանց հստակեցնելու, թե ում և ինչ նկատի ունի։

«Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», – նշել է նա։

Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով պետնախարար նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, ում անունն ամենաշատն է շրջանառվում որպես Արցախի հաջորդ նախագահի թեկնածու։ Նորանշանակ պետնախարարը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։ Այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնից հեռացած Հարությունյանը հիշատակում է Շահրամանյանին, բայց ոչինչ չի ասում նրա թեկնածության մասին. «Նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»: