Բաքվի դատախազությունից հայտնում են, որ Բերձորի միջանցքում առևանգված հայերը պետք է արտաքսվեն Հայաստան

Բաքվի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։

Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Բաքվի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի,  և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,-հայտնել են Բաքվի գլխավոր դատախազությունից։

 

Մակրոնը բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
«Այս շաբաթ ես բանակցելու եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- հայտնել Է նախագահը՝ ելույթ ունենալով դեսպանների ամենամյա խորհրդաժողովում։ Հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի X–ի (նախկինում` Twitter) պաշտոնական էջում։

Վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ տեղափոխումը Արցախում, հայտնում է 1lurer.am-ը։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների կապակցությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո։ Ես վերահաստատում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախորդ կոչը»,- նշված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հրապարակած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել, հատկապես ազդելով առավել խոցելի խմբերի վրա՝ մարդկանց տեղաշարժի, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվել է կյանքեր փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի խնդրի հետ:

Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ ու ազատ անցում նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:

Դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են արեւանգվել

Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են ևս երկու երիտասարդի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

Մեզ հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք ներկայացնի, պատմեց, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանցիներից մեկն անգամ հրացանի բռնակոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին։

Ավտոբուսի մյուս ուղևորներն արդեն Գորիսում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է, որ դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են առևանգվել։

 

Ադրբեջանցիները 22 տարեկան ուսանողին առևանգել են, մյուսին էլ հարցաքննում են․ Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ մանրամասնեց՝ մոտ 1 ժամ առաջ Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցիները Արցախից Հայաստան տեղափոխվող  22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին էլ հարցաքննում են:

Տիգրան Պետրոսյանը կոչ արեց երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում ու միասնական որոշում կայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Բերձորի միջանցքից առեւանգել են Արցախի քաղաքացու

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Այդ մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը

Կրակոցներ նախագահի նստավայրի ուղղությամբ

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
Видео
https://www.facebook.com/arcakh24/posts/pfbid0hauYPszhfBwEPrrYAJ4gh6dk98A7eMTFVoSudisbgERe9t115xbnm8oLFGRqpXbhl

Երևան-Ստեփանակերտ. Հումանիտար ողբից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացում

Lragir

Եթե Արցախի խնդիրը «ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ու դրանց հասցեագրման» և  հումանիտար ճգնաժամի խնդիր է, ինչպես ներկայացնում են Նիկոլից մինչև աշխարհով մեկ ցրված լոբբիստական կառույցներ, այդ դեպքում պետք է պատասխանել նույն միջազգային հանրության և Բաքվի տրամաբանական հարցադրմանը՝ իսկ ինչու չեք օգտվում Ակնայի ճանապարհից: Կարճ, էժան, հարմարավետ՝ ինչ տարբերություն, թե սնունդը, էներգակիրները, մնացած ապրանքները որտեղից կգան։ «Ակնայի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանքը լինել» պնդումն այս դեպքում ավելի շատ տվյալ հարցադրման օգտին է. հատկապես ինչու չի կարող:

Իսկ եթե Երևանը և Ստեփանակերտը պնդում են Բերձորի միջանցքի 5+5 կմ արտատարածքային կարգավիճակի և ազատ տեղաշարժի վրա, պետք է նույնպես բացատրեն, թե ինչու։ Իրավունքների ու անվտանգության հասցեագրման ու հումանիտար ճգնաժամի վկայակոչումները, ինչպես քիչ առաջ ցուցադրեցինք, բոլորովին հիմնավորում չեն։ Ավելին, Երևանի այդ հայտարարությունները և գործողությունները միջանցքի կարգավիճակի վերացման առաջնորդություն են նշանակում: Դրանք լրացնում են ավելի վաղ տեղի ունեցածը. հայկական բանակը 5+5 կմ հատվածում, այսինքն Լաչինի էքստերիտորիալ միջանցքի եզրին, սահմանապահներով փոխարինելը պետական սահմանի կարգավիճակ տվեց 10 կմ մի հատվածի, որն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության այդպիսին չէր՝ չէր կարող ազերբայդժանական սահմանային անցակետ ունենալ, քանի որ սահման չէր։

Նոյեմբերի 9-ի թղթին հղումը նույնպես հիմնավորում չէ՝ գետնի վրա Երևանի գործողությունները հակասում են այդ թղթի համապատասխան կետին։ ՄԱԿ ԱԽ-ին Երևանի դիմումի մեջ բացակայում է միջանցքի 5+5 կմ լայնությամբ արտատարածքային կարգավիճակի, այսինքն՝ այն ազերբայդժանին չպատկանելու մասին հիշատակումը և այդ տարածքը Բաքվի ռազմական ու ոստիկանական ներկայությունից ազատելու պահանջը։ Իսկ ՄԱԿ դատարանին երկրորդ դիմումով Երևանը հաջողությամբ օրինականացրեց Բաքվի անցակետը։

Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի պահանջը բխում է միայն մեկ բանից. Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքից։ Եթե պահանջների հիմքում այս բանաձևը չէ՝ միջազգային հիմնարար երեք սկզբունքների հավասարության հիմքով Արցախի խնդրի կարգավորմամբ, մնացյալը թշնամական ագենտուրային քայքայիչ գործունեություն է՝ գիտակցված թե ոչ, այլ հարց չէ։

Եթե պահանջների հիմքում դրվում է այս բանաձևը, այդ դեպքում առաջանում է կոնկրետ գործողությունների խնդիր՝ հայկական խորհրդարանում հայկական հիմնարար իրավունքների քննարկումից մինչև ուժային գործողություններ՝ այդ իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև լոբբիստական գործունեության բնույթի ու բովանդակության արմատական փոփոխություն։

«ԼՂ բնակիչների իրավունքներ և անվտանգություն և դրանց հասցեագրում» դեբիլության, հումանիտար ողբի, մոմավառությունների համազգային հեշտանքից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացում եւ նպատակային գործողություններ։ Ահա ուղղությունը:

Ահա այստեղ է խնդիրը․ քաղաքական ա՞զգ՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցմամբ, թե այստեղ- այնտեղ, մոտ ապագայում արդեն՝ իր «ինքնիշխան տարածքում» ծիսական համայնք՝ ենթակա վերացման։ Առաջինը մերժված է հայկական վերնախավերի ճղճիմ ծագման ու ծախու նկարագրի հետևանքով: Երկրորդին հակումը աչքի առաջ է։

 

Արցախում տնական լվացքի հեղուկ են սարքում․ մանկության լվացքը

Օճառ, սոդա, ջուր: Շատերի համար ուղղակի ինչ- որ կենցաղային նյութեր, իսկ շատ արցախցիների համար լվացքի համար նախատեսված հեղուկի պատրաստի բաղադրատոմս՝ տնական պայմաններում:

Շրջափակման պայմաններում արցախյան շուկայում բացակայում են նաև կենցաղային նյութերը, մասնավորապես՝ լվացքի փոշին: Բայց, ինչպես ասում են, արցախյան կանանց հնարամտությունը չունի սահմաններ՝ ընդամենը մի քանի նյութ և վերջ՝ տնական լվացքի փոշին պատրաստ է:

Երբ այս ամենի մասին պատմում ենք ավագ սերնդին, նրանք հիշում են իրենց երիտասարդությունը, երբ նույն ձև էին լուծում լվացքի խնդիրը՝ մի քանի կոպեկով գնում էին լվացքի համար նախատեսված հեղուկը, ապա այն խառնում ջրի հետ և հետո արդեն օգտագործում: Ի դեպ մենք՝ երտասարդներս, գուցե, վերջին սերունդն ենք, որը հիշում է «ձեռքով լվացք»-ի արարողակարգը:

Հիշում ենք, որ բակում դրվում էին մի քանի թասեր, մայրիկները և տատիկները ամբողջ ուժով տրորում էին շորերը, ընթացքում սրբելով հոգնածությունից քրտնած դեմքը, իսկ երեխաները իբր թե օգնելու պատրվակով խաղում էին ջրով:

Լվանալուց հետո այդ նույն, նոր լվացված հագուստը կախում էին պարաններից, փայտե, երբեմն նաև գույնզգույն ամրակներով, իսկ երբ սպիտակեղեն էր, մենք՝ երեխաներս անցնում էինք այդ սպիտակեղենի միջով և պատկերացնում էինք մեզ հայտնի ֆիլմերում:

Իհարկե առանձին պատմություն էր սպիտակեղենի լվացումը, որն առանձնապես ծանր էր՝ պետք է եռացվեր դրա համար նախատեսված մեծ թասում, իսկ հետո հանվեր հատուկ այդ արարողակարգի համար նախատեսված փայտիկներով:

Այդպես անցնում էին օրերը, տարիները, երբ չնայած «ձեռքով լվացք»-ներին, փայտե վառարաններից սևացած պատերին, մենք երջանիկ էինք և ազատ:

 

Հետպատերազմյան տեղեկատվություն․ ինչպես լուր ստանալ Արցախից

2020 թվականի պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում կրած պարտությունը ազդակ էր Արցախի ղեկավարության համար քայլեր ձեռնարկելու ոլորտի բացերը լրացնելու համար։

Հետպատերազմյան 3 տարիների ընթացքում տեղեկատվական ոլորտում կատարվեց մեծ աշխատանք, ինչպես պետական, այդպես էլ մասնավոր մակարդակով, ինչը, հարկ է նշել, որ այդքան էլ էֆֆեկտիվ չէր, քանի որ մենք դեռ ունենք Արցախում տեղի ունեցողը արտաքին աշխարհին հասցնելու խնդիր։

Որպես օրինակ կարող ենք հիշել Արցախի տոտալ շրցափակման առաջին ամիսները, երբ ամբողջ աշխարհը ընդունում էր Ադրբեջանի դիրքորոշումը այն մասին, որ շրջափակում չկա։ Միայն վերջին ամիսներին արտասահմանյան մեդիայում սկսեց նկատվել դիրքորոշման փոփոխություն և Արցախում տիրող իրավիճակի ճշգրիտ նկարագրություն, ինչը մեծ մասամբ Արցախում գործող անկախ լրատվամիջոցների, լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքն է։

Հիմա պարզենք, թե ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տեղեկատվական ոլորտում վերջին 3 տարվա ընթացքում։

Պաշտոնական տեղեկատվություն և լրատվամիջոցներ

2020 թվականի մարտի 18-ին ստեղծվեց «Արցախի տեղեկատվական շտաբը», որը ԱՀ մարմինների միասնական տեղեկատվական հարթակ է, որտեղ տարածվում է միայն պաշտոնական տեղեկատվություն։ Մինչև տեղեկատվական շտաբի ստեղծվելը Արցախում մեծ հեղինակություն ուներ Artsakhpress լրատվականը, որը գործում էր 2014 թվականից և ներկա դրությամբ Facebook կայքում ունի 9.6 հազար հետևորդ։ Պատերազմից հետո Ստեփանակերտում բացվեց նաև Civilnet-ի գրասենյակ և ունեցանք «Հետք»-ի թղթակիցներ։

Ոչ պաշտոնական և անկախ մեդիայի աղբյուրների քանակի ավելացումը Արցախում բերեց նրան, որ սկսեց տարացծվել ոչ պաշտոնական տեղեկատվություն, ինչը երբեմն ձեռնտու չէր Արցախի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով վերջերս պետության կողմից սահմանվում են տեղեկատվության տարածման նոր կանոններ։

2023 թվականի օգոստոսի 21-ին ընդունվել է հրամանագիր, որով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման նոր կանոնները։

2023 թվականի օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:

Տելեգրամյան ալիքներ

Տելեգրամյան ալիքները իրենց հայտնիության գագաթնակետին հասան պատերազմի ժամանակ, և ներկայումս ամենից շատ կարդացվողն են։ Հայկական և Արցախյան տելեգրամյան արիքների մեծ մասն անկախ են, չեն վերահսկվում ղեկավարության կողմից և տարածում են արագ և էքսկլյուզիվ տեղեկատվություն։ Ամենահայտնիներից են «Republic of Artsakh» անկախ ալիքը, որը ունի 55.9 հազար հետևորդ, «Spitak Arch» անկախ ալիք`10.9 հազար հետևորդ, «Баграмян 26» ալիքը, որը հովանաորվում է ՀՀ ղեկավարության կողմից` 115 հազար հետևորդ, «Mika Badalyan», որը ֆինանսավորվում է ՌԴ-ին հարող մարմիններից` 31.000 հետևորդ։

Ֆրիլանս լրագրողներ

Ֆրիլանս լրագրողները Արցախում աշխատում եմ հիմնականում սոցցանցերում գրառումներ կատարելու միջոցով։ Իրենց աշխատանքի պտուղները քաղում ենք շրջափակման օրերին, երբ արտասահմանյան մեդիաները խոսում են Արցախում տիրող ճգնաժամի մասին` հղումներ կատարելով հենց այդ լրագրողների գրառումների և լուսանկարների վրա։

Նորերս բացվել է նաև Step1.am կայքը։

Հայկ Հարությունյան

Արցախում թշնամիները չեն կարող պառակտել հասարակությունը, կանայք չեն թողնի իրենց տղամարդկանց

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը կարող էր, բայց չի ներկայացրել բանաձևի նախագիծ, որ բոլոր երկրները, բացառությամբ Ռուսաստանի, պահանջում են բացել Բերձորի միջանցքը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կներկայացնի նոր բանաձև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բացի այդ, օգոստոսի 30-ին Կոռնիձորում կլինի մարդասիրական ավտոշարասյունը՝ Ֆրանսիայի քաղաքների, այդ թվում՝ Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ուղեկցությամբ։ Խոսում են «մարդասիրական ինտերվենցիայի» հավանականության մասին, որը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

Այս ֆոնին Բաքուն և Մոսկվան ակտիվացրել են ջանքերը  մինչև հավանական հումանիտար ինտերվենցիա Արցախը կոտրելու, բնակչության մեծ մասին արտաքսելու, «ադրբեջանցի փախստականներին» “ազատված” տներում տեղավորելու և մնացած հայերին ֆիլտրումից հետո «ինտեգրելու» ուղղությամբ։

Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է Արցախի հասարակությանը բաժանել նրանց, ում կարելի է տարհանել, եւ նրանց, ով պիտի մնա։

Սկզբում հին ձայնասկավառակը հանեցին՝ «հայրենակիցների» և ռուսական աշխարհի մասին։ Սակայն ծրագիրը բախվել է ընտանիքների բաժանման խնդրին, շատերը հրաժարվել են «տարհանվել» նույնիսկ եթե ունեն ռուսական անձնագիր: Ավելին, ինչպես ասում են, շատերը չեն կարող իրենց դա թույլ տալ. ռուսները «քթից» պահանջում են 2,2 հազար դոլար և թույլ են տալիս վերցնել միայն երկու ուղեբեռ։ Իսկ այսօր, օգոստոսի 29-ին, Ստեփանակերտում տեղի կունենա «հայրենակիցների» հանդիպում, որտեղ կքննարկվեն բաժանման հարցերը։

Կա «պլան Բ»՝ տարհանել կանանց, երեխաներին ու ծերերին։ Ինչ-որ տեղ ինչ-որ մեկը նույնիսկ հերթ է կազմում։ Բայց այս ծրագիրը նույնպես բախվեց անհաղթահարելի խոչընդոտի` ընտանիքին և իրենց նախնիների երկրում ապրելու իրավունքին:

Ռուսները թեև հնարավորություն ունեն ալյուր ներկրել, բայց դա դիտմամբ չեն անում՝ մարդկանց քաղցած հիստերիայի մեջ գցելով։

Ստեփանակերտի բնակիչ, փաստաբան Ժաննա Արզումանյանը կոչով դիմեց հանրությանը` հորդորելով օգոստոսի 29-ի երեկոյան գալ Վերածննդի հրապարակ՝ փրկելու երեխաներին։ «Արդեն պարզ է, որ մենք ինքներս պետք է բացենք միջանցքը՝ մեր պահանջներով ու գործողություններով։ Առաջարկում եմ հավաքվել և իշխանություններից պահանջել անհապաղ լուծել մեր երեխաների անվտանգության և բարեկեցության հարցերը։ Իսկ մենք՝ հանուն երեխաների, պետք է ամեն ինչ անենք, որ միջանցքն ապաշրջափակվի։ Եվ դրա համար մենք բոլորս պետք է միասին լինենք»,- ասաց նա: Արզումանյանը դիմեց քաղաքական ուժերի, ճակատների ու շարժումների, ճամբարների՝ դադարեցնելու «պետական ​​պաշտոնների համար պատերազմը»։

Սոցցանցերի օգտատեր Գոհար Հայրապետյանը գրում է. “Կանանց, երեխաներին և հիվանդներին ու մեծերին տարհանելու կոչեր անողներ, զգույշ արտահայտվեք, հետագայում դուք այլևս չեք տեսնելու ձեր տղամարդկանց: Այդ կոչերի իրականացման հնարավորությունը տեսնող իշխանության ներկայացուցիչներ, կորեք գրողի ծոցը: Ընտանիքները կամ միասին պետք է դուրս գան, կամ պետք է մնան այստեղ մինչև հարցի հանգուցալուծումը”:

Օգտատեր Նունե Առաքելյան. «Սիրելի՛ արցախցի կանայք և երեխաներ։ Հիշեցնեմ, որ երեք տարի առաջ մենք մի անգամ թողեցինք մեր տղամարդկանց։ Եվ հիշեցնեմ, թե ինչպես դա ավարտվեց, հիշեցնեմ նաև, որ 1991-92 թվականներին մենք չթողեցինք մեր մարդկանց։ Իսկ թե ինչպես ավարտվեց, ես լավ հիշում եմ։  Եզրակացություններ արեք և ոչ մեկին մի լսեք, հատկապես վախկոտներին և սադրիչներին։ Մենք մեր տղամարդկանց ուժն ու ոգեշնչումն ենք: Որտեղ մենք, այնտեղ նրանք, որտեղ նրանք, այնտեղ մենք ենք, հենց որ մեզ դուրս հանեն, Ալիևը մնացած տղամարդկանց ահաբեկիչ կհայտարարի, ռազմական պաշտպանություն կսկսի և կսպանի մեր մարդկանց։ Արդյո՞ք սա բացատրության կարիք ունի»:

Օգտատեր Անի Մաթևոսյան․«Տուք հասկանումը՞ք հինչըք անում, տուք գոնե պատկերացնումը՞ք հինչ հետևանքների կարե պերե ծեր պահանջը։ Էս պահին Արցախում բոլորն էլ՝ անկախ սեռից, համարվումն խոցելի, բոլորս նույն վիճակումննք։ Հարցը մենակ սովըչի, նույն վտանգն էլ կա ցեղասպանության դեպքում։ Իմ կլխումս տեղավորվումչի՝ տուք իրոք պատրաստըք ծեր եղբայրներին, ամուսիններին, հայրերին, տարիքավ մեծ տղա խոխորցը թողիք քինա՞ք…

Հասկանումը՞ք, վեր Աստված չանե ծեր պահանջնեն իրականացնին, մնացողներին դատապարտելուվք ցեղասպանության։ Ադրբեջանին էլ հենց էտա պետք, ասելուվա ռազմական հանցագործնեյն, իմ տարածքում ապօրինի զինված կազմավորումա։

Վիճակը ծանրա ու ստի էրկան կարելչի շարունակվե։ Իհարկե տուք օնիք պահանջնե ներկայացնելի բոլոր իրավունքները, բայց սխալ պահանջնեն էս պահին ճակատագրականա ինելուվ։ Ծեր միակ պահանջը պիտի ինե՝ Արցախի հարցի լուծումը, առաջին հերթին, առանց նախապայմանների ճանապարհի (Լաչինի միջանցքի) բացումը, մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնումը։ Իշխանություններից պահանջեցիք՝ ամենասեղմ ժամկետներում հարցին լուծում տան ու տա ըրեցիք միասնական»։