Հեղինակ՝ naira
10 միլիոն Նիկոլ եւ մի Մակրոն. Lragir
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին, որում խոսել է նաեւ Արցախի մասին։ Նախօրեին ֆրանսիական Ֆիգարոն գրել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ Աանվտանգության խորհուրդ՝ «օգնելու Բաքվի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին»։ Ֆրանսիական մի շարք քաղաքներ պատրաստվում են մարդասիրական շարասյուն ուղարկել Արցախ, քաղաքապետերն անձամբ են ուղեկցելու շարասյուները։
Խոսելով Արցախի շրջափակումից՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ «Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետեւանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, եւ մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի եւ դեղորայքի առաքումը եւ Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը»։
Լրագրողը հիշեցրել է Մակրոնի՝ 2020-ին արած հայտարարությունը, ըստ որի «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է»։ Ի պատասխան Մակրոնն ասել է․ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը եւ մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի տեւական խաղաղություն եւ պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»։
Մակրոնն, այսպիսով, օրակարգում պահում է Արցախի ինքնորոշման խնդիրը։ Նա «ինքնորոշման իրավունք եւ ժողովուրդների հավասարություն» բանաձեւի երկրորդ մասն է օգտագործում, որն ընդամենը շեշտում է առաջին մասը՝ ինքնորոշման իրավունքը։ Այս համատեքստում է պետք դիտարկել խաղաղության պայմանագրի՝ միջազգային իրավունքին համապատասխանության պնդումը։
Ավելի վաղ, հայ համայնքի հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել էր, որ օրակարգում է պահում Արցախի խնդիրը, եւ այս հարցում գրեթե մենակ է մնացել միջազգային համայնքում։ Հանդիպմանը ներկաների փոխանցմամբ, նա ասել էր, որ «հարցը Նիկոլ Փաշինյանն է»։ Եղիշեյան պալատը դա չէր հերքել։
Շարունակությունը՝ այստեղ
Մակրոնն առաջարկում է «ոչ դիվանագիտական մեթոդներ». կլինի՞ “հումանիտար ինտերվենցիա”
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում ասել է, որ դիվանագիտության համար ժամանակ չի մնացել, և Ֆրանսիան ամեն ինչ կանի Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Դա տեղի է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարարի՝ Երևան և Բաքու կատարած այցից հետո, որին Բաքվում չընդունեց Ալիևը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից Լաչինի միջանցքի մուտքը ստուգելուց գետո, երբ նրան թույլ չեն տվել գնալ Բաքու։ Ճնշման դիվանագիտական միջոցները մոտենում են ավարտին, և աշխարհը մտածում է այլ ձևերի մասին։
Ի՞նչ է նշանակում «ոչ դիվանագիտական ճանապարհով» մարդասիրական օգնություն հասցնել Արցախ։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին կազմակերպել մարդասիրական ավտոշարասյուն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս մասին հայտարարեց Մուրադ Փափազյանը։
Փարիզի, Ստրասբուրգի և այլ քաղաքների քաղաքապետեր Անն Իդալգոն, Քսավյե Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեղյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամն ու Միշել Ռուբիրոլան որոշել են ֆիզիկապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ի կեսօրին։
Ի՞նչ կլինի, երբ ֆրանսիական ավտոշարասյունը հասնի Կոռնիձոր, որտեղ արդեն կայանված են Հայաստանից մարդասիրական օգնություններով բեռնատարները։ Ինչպե՞ս են Ֆրանսիայի իշխանությունները մտադիր ապահովել դրա առաջմղումը։
Բերձորի միջանցքի բացումը առանցքային քայլ է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Եթե միջանցքը ֆիզիկապես բացվի, Արցախը կվերահաստատի կապերը Հայաստանի հետ և կմնա հայկական՝ տարածք թողնելով հետագա ինքնորոշման և քաղաքական որոշումների համար։ Եթե միջանցքը փակ մնա, կճանաչվեն ահաբեկչական պատերազմի արդյունքները, կսկսվեն էթնիկ զտումները, գաղթը և Արցախի հայաթափումը։ Այս մասին Արցախը խոսում է բաց տեքստով։ Հենց այս հիմքով էլ Արթուր Օսիպյանը պնդում է միջանցքի «խաղաղ» բացումը երթի միջոցով։
«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին», -ասել է Մակրոնը։
Միաժամանակ Figaro թերթը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Ելնելով Մակրոնի տրամաբանությունից՝ բանաձևը կարող է պարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկ՝ «մարդասիրական ինտերվենցիա» կիրառման համար։ Հիշեցնենք, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս նման ինտերվենցիա, եթե կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն:
Բաքվի պահանջներին զիջումների գնալն ավելի է խորացնելու ու բարդացնելու մեր իրավիճակը․ Արցախի պետնախարար
Ադրբեջանի պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ չի իրականացնելու իր ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի ժողովրդին նետվեց նոր մարտահրավեր։ Արցախը կեղծ բնապահպանական պատրվակով շրջափակվեց, արգելափակվեց Հայաստանի հետ կապող միջանցքը, այնուհետև փակվեց Հակարիի կամուրջը։
Հայաստանից զենք ներկրելու պատրվակով այնտեղ սարք տեղադրվեց, հետո այն հանվեց, տեղադրվեց անցակետ։ Հունիսի 15-ից դադարեցվեցին հումանիտար բեռնափոխադրումները, մարդկանց ազատ տեղաշարժը վերածվեց Կարմիր խաչի միջոցով հիվանդների տեղափոխության, իսկ բեռների փոխադրումը դադարեցվեց ամբողջությամբ։
Ավելի քան երկու ամիս այդ վիճակում արցախցիներին պահելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ դրեց՝ Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկում, Ադրբեջանի տարածքում հանդիպում Ղարաբաղում էթնիկ հայերի ներկայացուցիչների հետ։ Այս պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ ադրբեջանական ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու, Արցախը հայաթափելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը, չի հասցվել ավարտին։
Հետևաբար՝ դատարկ են այն պնդումները, որ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան զիջումների գնալը կարող է հնարավորություն տալ շունչ քաշելու, նոր ուժեր հավաքելու, դրանք անհիմն պատրանքներ են։ Ավելին՝ դրանք ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր վիճակը»,- ընդգծել է Ներսիսյանը։
Արցախի պետնախարարն անհրաժեշտ է համարում ընդունել այն իրողությունը, որ միջազգային հանրությունը, այդ թվում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերը Արցախում ապահովում են անբավարար անվտանգություն և չեն կարող ստեղծել պայմաններ պարզագույն մարդկային կենսագործունեության համար, և լռությամբ պաշտպանում կամ խրախուսում են ադրբեջանական այն օրակարգը, որը պետք է ավարտվի ցեղասպանությամբ։
Ոչինչ ուժով չի փոխվի. Հայաստանում Իրանի դեսպանը զգուշացնում է
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և մենք դեմ ենք սահմանների որևէ փոփոխության։ NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
-Պարո՛ն դեսպան, Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ Դուք նշեցիք, որ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր նկատի ունեիք։
-Մենք արդեն սկսել ենք անել այդ քայլերը։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք դեմ ենք սահմանների որևէ փոփոխության։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաև Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում։
-Բայց եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ կանի Իրանը, ի՞նչ օգնություն կարող է տրամադրել Հայաստանին։
-Ինչպես ասացի, մենք աջակցում են հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի կառավարության տիրապետության տակ։ Ոչինչ ուժով չի փոխվի։
-Իրանը քայլեր կձեռնարկի՞ նման զարգացում թույլ չտալու համար։
-Երբ ես ասում եմ՝ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դրանից ամեն բան պարզ է դառնում։
Արցախի Հանրապետության և Արցախի բնակչության պաշտպանության ճանապարհային քարտեզը ներառում է մի շարք փուլեր
Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախում տիրող իրավիճակին, բանախոսներն էին.
ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
ԱՐՓԻ ԹՈՓՉՅԱՆ, «Բերդ» ՀԿ ներկայացուցիչ, հանրային գործիչ
ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԻՅԱՆ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար
Ասուլիսի արդյունքում տարածում ենք հետևյալ մամլո հաղորդագրությունը.
2020 թվականին արցախյան երկրորդ պատերազմում ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի հաղթանակը, որին աջակցում էին պետական և ոչ պետական դերակատարների լայն դաշինք, այդ թվում՝ ջիհադիստներ, հանգեցրեց Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության փլուզմանը։ Լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով կնքված զինադադարի հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է անվտանգության և պարտավորությունների կատարման երաշխավորությունը, որը սակայն չի հանգեցրել ռազմական գործողությունների ավարտին։
Ռազմական գործողությունները ձեռք են բերել հիբրիդային պատերազմի բնույթ, որը վարում են Ռուսաստանը և Թուրքիան՝ Ադրբեջանի ներգրավմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ պրոքսի պատերազմ վարելու նպատակով։
Ընդ որում,լայնորեն կիրառվում են անկանոն ռազմական գործողությունները՝ կարճատև ռազմական փոխհրաձգությունների, դիվերսիաների, խաղաղ բնակչության գնդակոծման տեսքով, ինչը հանգեցնում է զոհերի՝ զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում։
Ավելի քան 200 օր շարունակ Արցախի շրջափակումը, չնայած միջազգային հանրության պահանջներին՝ նույնպես ռազմական գործողությունների ձև է։
Թշնամիները լայնորեն կիրառում են նաև հայ ժողովրդի և նրա պետականության դեմ տնտեսական, տեղեկատվական և հոգեբանական պատերազմի մեթոդները։ Շարունակվող ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը և Արցախը շարունակում են տարածքներ կորցնել։
Հիբրիդային պատերազմի նպատակն է՝ ստիպել Հայաստանին գնալ զիջումների աշխարհաքաղաքական ասպարեզում` հանգեցնելով հայ ժողովրդի պետական ինքնիշխանության վերացմանը։
Ագրեսիային նպաստում է Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս վերնախավը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի դերից՝ ձգտելով Արցախյան հիմնախնդիրը վերածել զուտ մարդասիրականի, որը հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ։
Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները անտեսում են Հայաստանի անկախության հռչակագիրը, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որի հիման վրա Արցախի բնակչությունը կառուցեց Արցախի Հանրապետությունը, փաստացի գոյություն ունեցող պետություն, որի միջազգային կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի անվերապահ ազդեցության ուղեծրում պահելուն և հայ ժողովրդի պետական ինքնիշխանության պահպանմանն ուղղված անկախ քաղաքականության և ռազմավարության ձևավորում բացառելուն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի և Արցախում Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներկայության ի հայտ գալու արդյունքում Ստեփանակերտի իշխանությունները մուտացիայի ենթարկվեցին՝ վերածվելով հակահայկական քաղաքականություն վարող կոլաբորացիոն ռեժիմի, որը ներկայացնում է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի շահերըը։
2020 թվականից հետո Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների աղետալի քաղաքականությունը հանգեցրեց 1991-94 թթ․ արցախյան առաջին պատերազմի արդյունքում հաղթահարված՝ արցախահայության ֆիզիկական ոչնչացման և Մեծ Եղեռնի /ցեղասպանության/ իրագործման ռազմական սպառնալիքի վերադարձին։ Արցախի պետականության կորուստը հայ ժողովրդի թշնամիները համարում են այս քաղաքականության իրականացման կարևորագույն փուլը։
Կասկածից վեր է, որ Արցախի բնակչության ճակատագիրը պետք է դիտարկել Հայկական հարցի պրիզմայով` գործադրելով բոլոր անհրաժեշտ ջանքերը միջազգային կազմակերպություններին և ուժային կենտրոններին փոխանցելու Ռուսաստանի և Թուրքիայի մտադրությունը՝ շարունակել Մեծ Եղեռնը Արցախում։
Երևանի և Ստեփանակերտի վարած քաղաքականությունը դժվարացնում է միջազգային հանրության կողմից արցախահայությանը օգնություն ցուցաբերելը՝ միջազգային քաղաքական ասպարեզում Արցախի ազգային շահերը ներկայացնելու պատրաստ պետական դերակատարի բացակայության պատճառով։
Արցախցիների համար ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետության՝ Արցախի Հանրապետության պահպանումն է, որի շրջանակներում նա իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Արցախի Հանրապետության քաղաքացիները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ՝ պաշտպանելու ազգային շահերն ու հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կյանքի, ինքնապաշտպանության, ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքը։
Միաժամանակ մեծ դեր են խաղում արցախյան հասարակության ինքնակազմակերպման գործընթացները։ Հասարակական նոր ուժերի և գործիչների ի հայտ գալը, որոնք ընդունակ են դիմակայելու Ստեփանակերտում և Երևանում հայ ժողովրդի թշնամիների և նրանց համախոհների մտադրություններին՝ վերացնելու հայ ժողովրդի պետական ինքնիշխանությունը Արցախում, վճռորոշ է դառնում Արցախում գոյատևելու համար։ Նման հասարակական ուժերի աջակցությունը դառնում է հրամայական հայ ժողովրդի համար՝ որպես համաշխարհային երևույթի։
Հույժ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև վստահության վերականգնումը, երբ արցախյան կարգավորման հարցում հայկական երկու պետությունների քաղաքականությունն ու ռազմավարությունը կրկին համաժամանակացվեն և միավորվեն։
Արցախի Հանրապետության և Արցախի բնակչության պաշտպանության ճանապարհային քարտեզը ներառում է մի շարք փուլեր, որոնց իրականացումը պետք է տեղի ունենա զուգահեռաբար։ Այդ փուլերը ներառում են՝ Ստեփանակերտում իշխանափոխություն, ռուսական ռազմական կոնտինգենտի փոխարինում միջազգային խաղաղապահ ուժերով, միջազգային մեխանիզմների մշակում, որոնք կերաշխավորեն արցախյան հասարակության՝ արտաքին աշխարհի հետ տեղաշարժվելու և շփվելու իրավունքը, պայմանների ստեղծում՝ Արցախը միջազգային հանրութուն և նրա ասպարեզներ՝ քաղաքական, մշակութային, հումանիտար վերադարձնելու համար։ Այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն ողջ հայ ժողովրդի ներուժի ու կարողությունների ներգրավմամբ։
«Ավագների խորհուրդ» ՀԿ-ի կոչը Արցախի իշխանություններին
ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ նախագահությունը հայտարարություն է տարածել։
“Վերջին օրերս հանրապետության քաղաքական ղեկավարության շրջանում, որպես Արցախում առկա հումանիտար խորը ճգնաժամային իրավիճակից ելքի ճարահատյալ միջոցներ, տարբեր մակարդակներով պարբերական քննարկման առարկա են դարձած մոտ ապագայում Ստեփանակերտ-Բաքու բանակցային երկխոսության հնարավոր մեկնարկի և Ստեփանակերտ-Գորիս միջանցքի հետ համաժամանակյա կամ նախորդիվ Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհի բացման հավանականության հարցերը, մի հանգամանք, որն ակնհայտ անհանգստություն ու տագնապ է հարուցում հասարակության տարբեր խավերում”, ասված է հայտարարության մեջ:
ԱՀ «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը այն կարծիքին է, որ այդ երկխոսությանը կոչված հանդիպումները պետք է կազմակերպվեն, նախ, ոչ թե երկկողմ, այլ միջազգայնորեն երաշխավորված բազմակողմ ձևաչափով և ոչ թե Ադրբեջանի, այլ որևէ երրորդ երկրի տարածքում: Հակառակ դեպքում միջազգային հանրության շրջանում կարող է այն թյուր տպավորությունը ստեղծվել, թե այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանն իրականում պարզապես փորձում է լուծել ինչ-ինչ ներպետական հարցեր կապված իր բնակչության մաս կազմող հայազգի քաղաքացիների` որպես «ազգային փոքրամասնության» ադրբեջանական օրենսդրության ներքո վերինտեգրման խնդրի հետ, ինչին, շարունակաբար ու հետևողականորեն ջանք ու եռանդ չխնայելով, ձգտում են Ապշերոնի թերակղզում:
“Դիմելով Արցախի Հանրապետության իշխանություններին, «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը հորդորում է կտրականապես մերժել Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհը բացելու Աղրբեջանի առաջարկը, պնդելով իրագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթը Լաչինի (Բերձորի) միջանցքի իրավական կարգավիճակի և ՈԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո այդ մայրուղով Արցախի քաղաքացիների երկկողմ ազատ երթևեկության, բեռնափոխադրումների ապահովման հրամայական անհրաժեշտության մասին”, ասված է հայտարարության մեջ:
Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրշիկի այցին Ադրբեջան
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։
Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։
Կարմիր Շուկայից՝ միրգ ու բանջարեղեն Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին
Արցախի պաշարման պայմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի և Թաղավարդի Կալերի դպրոցի կոլեկտիվների և մասնավորապես Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն՝ Զավեն Բադասյանի ջանքերով հավաքվել է գյուղում մշակված միրգ և բանջարեղեն, ինչպես նաև այլ գյուղմթերքներ, որոնք ուղարկվել են «Քերոլայն Քոքսի անվան վերկանգնողական կենտրոն»-ի սաներին:
Նման նախաձեռնությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նույնիսկ լիակատար շրջափակման և պաշարման պայմաններում ապրումակցումը և հոգատարությունը միմյանց համար անկոտրուն արժեքներ են:
Քրիստինե Ալահվերդյան
Նոր ուսումնական տարին հին տետրերով
Օգոստոսի վերջ է՝ մի քանի օրից արդեն սեպտեմբեր և նոր ուսումնական տարվա մեկնարկ է, որի կապակցությամբ ամեն տարի Արցախում յուրօրինակ ուրախությամբ եռուզեռ էր, նամանավանդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցում, որտեղ գտնում էր մայրաքաղաքի ամենահայտնի գրենական պիտույքների՝ «Կանցլեր»-ի տոնավաճառը:
Տոնավաճառը ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների համար էր, այլև Արցախի բոլոր դպրոցականների: Այդ օրերին Արցախի տարբեր գյուղերից ընտանիքներով գալիս էին Ստեփանակերտ, որպեսզի գնեն և՛ շորեր, և՛ գրենական պիտույքներ ամբողջ ուսումնական տարվա համար: Նամանավանդ դժվար էր դպրոցական պայուսակի ընտրությունը, որը պետք էր ընտրվեր այնպես, որ ամբողջ տարի ծառայեր:
Այդ հարցը իհարկե հայրիկներին էր վստահվում, որոնք մի հատ լավ ուսումասիրում էին պայուսակը, քաշում էին վերևից, ներքևից և ի վերջո, եթե պայուսակը անցնում էր որակի «թեստը», ընտրությունը կարող էին համարել փակված:
Թե՛ տոնավաճառը, թե՛ ընտանիքով նոր ուսումնական տարվան պատրաստվելը փոքրիկ ավանդույթ էր, որը մտել է մեր՝ արցախցիներիս կյանքը: Սակայն այս տարի շրջափակման պատճառով արցախցիները զրկվել են նաև այս ավանդույթից․ ո՛չ գյուղերից են գալիս, ո՛չ էլ գրենական պիտույքներ են առկա: Դպրոցականները և նրանց ծնողները մեծ դժվարությամբ են կարողանում որոշ գրենական պիտույքներ գտնել՝ այն էլ՝ հիմնականում օգտագործված:
Լ.Գ-ն սովորում է ավագ դասարանում, ասում է, որ անցած տարվա տետրերն է օգտագործելու, չնայած որ դրանք օգտագործված են արդեն, ուղղակի պոկելու է էջերը: Ուրախ է նաև, որ փոքր եղբայրը դեռ հաջորդ տարի է դպրոց հաճախելու, քանի որ խնդիրներն ավելի լուրջ կլինեին՝ պայուսակ, հատուկ տետրեր, նկարչության համար պարագաներ, որոնք անհնար է այս պայմաններում ձեռք բերել:
Քրիստինա Ալահվերդյան
Օկուպացված Քարվաճառում ավտովթարի հետեւանքով Թուրքիայի քաղաքացիներ են մահացել
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքի հատվածում։ Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ ստացել վնասվածքներ։
Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Վթարի հետեւանքով զոհվել են Ի. Ջերգյուլօղլուն (ծնված 1977թ.) եւ Ս. Չելիքը (ծնված 1995թ.), տուժել է Մ. Օկումուշը (ծնված 1993թ.)
Անջեյ Կասպրշիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։
Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռնիձորի հատվածում Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էին միացել նաև «Գրանդ քենդի» ընկերության և Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված բեռնատարները։ Բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքն ու թույլ չի տալիս դրանց մուտքը։
Լրագրողների հետ զրույցում Կասպրշիկն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։ «Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»,- ասաց Կասպրշիկը։
Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 22-ին Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և իրավիճակի վերաբերյալ իրեն զեկույցներ ներկայացնել։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն ամբողջովին զրկված է սննդի, դեղորայքի, վառելիք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից։




