Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել հեռախոսազանգերով տարածվող ապատեղեկատվությանը

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին Արցախի քաղաքացիներն ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։

Արցախի ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության:

Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Արային Հարությունյանը դիմել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրող կողմերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023 թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած տեքստն ամբողջությամբ հրապարակում ենք ստորև.

«Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:

Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը:

Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների : Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:

Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները:

Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։

Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»:

Արարատ Միրզոյանը հուլիսի 25-ին կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 25-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ բացի եռակողմ բանակցություններից տեղի են ունենալու նաև երկկողմ բանակցություններ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության դեէսկալացիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի   եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ակտիվացման ուղիները։ Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, մնացյալ հարցերի լուծումների որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս աջակցել։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային հարցեր՝ այդ թվում և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հասարակության և փորձագիտական գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ արդեն երկկողմ հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկվելու են հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական օրակարգի ակտուալ հարցեր, որոնք առնչվում են քաղաքական, առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներին։

Ինչ է ակնարկում Սերժ Սարգսյանը Բայդենին, Պուտինին ու Մակրոնին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է գրել Բայդենին, Մակրոնին և Պուտինին, որը պարունակում է մի շարք ուշագրավ հատվածներ։

«Դիմում եմ ձեզ, առաջին հերթին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե որտեղ էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության մասին պատկերացում չունեցող գործչին։ Ես հասկանում եմ, որ շատերը հնարավորություն ստացան փորձել յուրովի լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այս մարդու անտրամաբանական քայլերից, որոնք կապ չունեն սեփական երկրի շահերի հետ։ Բայց փաստն այն է, որ խնդիրը չի լուծվել, և հակամարտությունը սրվել է։ Բացի այդ, այս անձը չունի մեր ժողովրդի մանդատը՝ ճանաչելու Արցախը որպես որևէ այլ երկրի մաս, իսկ Արցախի ժողովրդի կողմից բացարձակապես չունի մանդատ՝ իր ճակատագիրը կամայական որոշելու համար»,- ասված է կոչում։

Սարգսյանը նշել է. «Այն, ինչ այսօր կատարվում է, չի բերի այն լուծումներին, որոնք դուք անկեղծորեն պատկերացնում եք»։ «Այսօր լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի խնդրին, նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված կլինեն ժամանակ հատկացնել «Հայկական հարցին»։

Ելնելով վերը նշված մեջբերումներից՝ Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ իր նամակի հասցեատերերը 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել՝ Արցախի հարցը իրենց պատկերացումներին համապատասխան լուծելու ակնկալիքով։ Բայց նրանք սխալվեցին, քանի որ Փաշինյանը, ով ձեւացնում է, թե իրենցից յուրաքանչյուրի «պատկերացումների» համապատասխան է գործում, իրականում ամեն ինչ այլ կերպ է անում։ Ավելի հեռուն գնալով ասենք՝ Փաշինյանը ոչ թե իրենց կամակատարն է, ինչպես իրենք են կարծում, այլ բոլորովին այլ ուժերի կամքը կատարողը։ Բացի այդ, նրա կայացրած որոշումները լեգիտիմ չեն լինի։

Եթե ​​Արցախի հարցը չլուծվի, ապա ստիպված կլինեք ջանքեր գործադրել Հայկական հարցը լուծելու համար, ասում է Սարգսյանը։ Նա, փաստորեն, նախագահներին ասում է, որ մինչ իրենք Արցախի հարցի «ցավոտ լուծման» հույս ունեին, Փաշինյանը «բացեց» Հայկական հարցը, և վաղը կարող է առաջանալ Հայաստանի ինքնիշխանության խնդիր։

Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հուլիսի 24-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959 թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Բարեբախտաբար,  ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի եւ անընդունելի է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը նշել է, որ սուպերմարկետների դատարկ դարակների տեսանյութերը, շտապօգնության մեքենաների վառելիքի պակասի մասին լուրերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի օրակարգում Լեռնային Ղարանաղի հայերին էթնիկ զտման ենթարկելն է։

«Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Լաչինի միջանցքով։ Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Ադրբեջանը ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար։ Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանի կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար», – ասել է Զոնեբորնը։

Ըստ եվրախորհրդարանականի՝ քանի դեռ Եվրամիությունը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա դատարանի որոշումը կատարելու հարցում, մեղսակից է Ադրբեջանի անմարդկային օրակարգին։

Միջանցքը փակ է, Ադրբեջանը ստում է համաշխարհային հանրությանը

«Միգուցե հայ լրագրողներին թույլ չեն տվել գնալ Հաքարի գետի կամուրջ՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Բայց ինչո՞ւ ռուս խաղաղապահները նրանց չեն ուղեկցել, հարցեր են ծագում»,- ասաց արցախցի հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ գնացել էին Կոռնիձոր՝ փորձելով մտնել Բերձորի միջանցք։ Մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված են եղել վերադառնալ Երեւան։

Ավաեսյանի խոսքով՝ ցանկացած գործողություն պետք է ընկալվի որպես քաղաքացիական հասարակության զարթոնքի նշան։ Մենք պետք է համաշխարհային հանրությանը ցույց տանք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը։

«Հենց սկզբից, երբ միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը սկսեց քննարկել երթը դեպի Հաքարի կամուրջ, մենք եկանք այն եզրակացության, որ երթը պետք է լինի խաղաղ, որպեսզի ցույց տանք, որ Ալիևի հայտարարությունները միջանցքի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Լրագրողների ակցիան ամբողջ աշխարհին ցույց տվեց իրական իրավիճակը՝ միջանցքը փակ է, Ադրբեջանը ստում է համաշխարհային հանրությանը”։

Քաղաքացիները Երեւանում տարբեր փողոցներ են փակել՝ ի պաշտպանություն Արցախի

Մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն Արցախի, փակել են Երեւանի մի շարք փողոցներ:

Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք»:

«Ժողովուրդ, պետք է միանաք  մեզ ու մեր Արցախը պահենք, պաշտպանենք։ 120 հազար մարդ բլոկադային մեջ է սոված, ծարավ,  մարդիկ այստեղ չգիտեմ ինչով են զբաղված։ Խնդրում ենք ժողովրդին՝ միանալ մեզ, մեր Արցախը պահենք, մեր Արցախը պահելու համար պետք է պայքարենք։ Դա մեր հայկական հողն է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք վանկարկում են՝ «Միացում», «Արցախ»: Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։

Ոստիկանները բարձրախոսով հորդորում են բացել պողոտան:

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով հասել են Աբովյան փողոց եւ փակել նաեւ Աբովյան փողոցը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ քաղաքացիենրը որոշ ժամանակով փակել էին նաեւ Բաղրամյան պողոտան: Նրանք հայտարարել են, որ սա իրազեկման ակցիա է, իրենք իրազեկում են վաղը Ազատության հրապարակում ժամը 20-ին կայանալիք հանրահավաքի մասին։

Երևանում և Ստեփանակերտում համաժամանկյա հանրահավաքներ տեղի կունենան

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում հուլիսի 25-ին, ժամը 20:00-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:։ Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»,- գրել է Ներսիսյանը:

Պուտինի և Լուկաշենկոյի «լեհական արշավը». ինչպես միշտ, կշահի Էրդողանը

Պուտինին չի հաջողվի փչացնել Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունները. այսպես է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մեկնաբանել Պուտինի վերջին հայտարարությունները, թե իբր Լեհաստանի իշխանությունները ցանկանում են օկուպացնել ուկրաինական տարածքները։ «Կիևի և Վարշավայի միջև սեպ խրել Պուտինի փորձերը նույնքան ապարդյուն են, որքան նրա անհաջող ներխուժումն Ուկրաինա»,- գրել է նա Twitter-ում։

«Ի տարբերություն Ռուսաստանի, Լեհաստանը և Ուկրաինան դասեր են քաղել պատմությունից և միշտ հանդես կգան որպես միասնական ճակատ ընդդեմ ռուսական իմպերիալիզմի և միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի»,- ընդգծել է նախարարը։

Պուտինն ու Լուկաշենկոն անցել են «հատուկ ռազմական գործողության» հաջորդ փուլը՝ հիմա էլ հայտարարելով Արևմտյան Ուկրաինան «փրկելու» մտադրության մասին։

Ուկրաինայի մասնատման և նրանից արևմտյան հատվածի օկուպացման ծրագրերը, որոնք մշակվել են, այդ թվում՝ Վարշավայում, անընդունելի սցենար են։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ստրելնայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն ասել է նաեւ, որ «վագներցիները սկսել են լարել իրեն»։ «Մենք ուզում ենք գնալ դեպի Արևմուտք: Թույլ տվեք մեզ»: Ասում եմ՝ ինչի՞ն է ձեզ պետք Արևմուտքը։ «Դե, գնացեք էքսկուրսիա Վարշավա, Ժեշով», – պատմեց Լուկաշենկոն:

«Արևմտյան Ուկրաինայի անջատումը, Ուկրաինայի մասնատումը և հողերի փոխանցումը Լեհաստանին անընդունելի են։ Եվ, եթե Ուկրաինայի արեւմտյան բնակչությանը դա անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք նրանց»,- ասել է Լուշենկոն, փոխանցում է Belta-ն։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը հիմնավորեց իր ներխուժումն Ուկրաինա՝ «Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանը» փրկելու մտադրությամբ։ Արդյունքում՝ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո, Ռուսաստանը իր կազմում ներառեց Ուկրաինայի ևս չորս մարզ։ Պատերազմը շարունակվում է մեկուկես տարի և աստիճանաբար տեղափոխվում է բուն Ռուսաստանի տարածք։

Փորձագետները նշում են, որ Պուտինի և Լուկաշենկոյի «լեհական արշավը» բլեֆ է, որով նրանք փորձում են խաղադրույքները բարձրացնել գալիք բանակցություններին ընդառաջ։ Բանակցությունների մասին ավելի ու ավելի հաճախ են խոսվում, սակայն մինչ այժմ դրանք չեն կայանում բանակցությունների համար առաջ քաշված պայմանների անհամաըեղելիության պատճառով։ Իսկ «կարմիր գիծը» Ղրիմն է։

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ վստահում են միայն մեկ միջնորդի՝ Էրդողանին։ Թուրքիան արդեն հսկայական շահույթներ է ստացել «միջնորդությունից»՝ հացահատիկի գործարք, գազային հանգույց, ատոմակայան, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման նշաններ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ակտիվացում։ Սակայն Թուրքիայի համար գլխավոր «մրցանակը» կարող է լինել Ղրիմը։

Ռուսաստանն ու Ուկրաինան մտադիր չեն միմյանց զիջել Ղրիմը. Բայց նրանք կարող են փոխանցել այն Էրդողանին՝ «ժամանակավոր պրոտեկտորատի» տակ։ Ինչպես 100 տարի առաջ Նախիջեւանը։

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը Բելառուսի հետ սահմանին և պատրաստ է տարբեր սցենարների։

Բելառուսն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր ժամանած Wagner-ի վարձկանները համատեղ վարժանքներ են անցկացնում Բրեստսկու պոլիգոնում։ Այս փորձադաշտից՝ 40 կմ է մինչև Ուկրաինայի սահման և մոտ 30՝ մինչև Լեհաստանի սահման:

Լուկաշենկոն Պուտինին բերել է Բելառուսի վրա հարձակման նոր քարտեզ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին Լուկաշենկոն նույնպես ժամանել էր քարտեզով. «Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե որտեղից են հարձակվելու Բելառուսի վրա», – նրա այս խոսքերը մեմ են դարձել։

Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է հուլիսի 23-ին Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը։

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել Արցախօ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարը՝ տեղադրելով Ադրբեջանի վերոնշյալ սադրանքի վերաբերյալ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Որտե՞ղ կորավ կարգավիճակը․ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործ

Հուլիսի 21-ին Արցախի Ազգային ժողովը երեք ուղերձ է հնչեցրել, որոնք բացասաբար են անդրադարձել արցախյան հիմնախնդրի հանրային ընկալման վրա։ Հայ հասարակության դանդաղ զարթոնքի, Արցախին աջակցող մի շարք ակցիաների ֆոնին Ստեփանակերտում պատգամավորները որոշել են ամեն ինչ փչացնել։

«Համաժողովրդական շարժման» հանդիսվոր հանրահավաքների և մեկ շաբաթից «կոշտ քայլերի» խոստումներից հետո Արցախի Ազգային ժողովը կոչ արեց Հայաստանին «անհապաղ դիմել ՄԱԿ՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու պահանջով» (Զախարովան անմիջապես ասաց, որ նրանց մանդատ պետք չէ)։ Ինչպես ասում են՝ սարը մուկ է ծնել։

Այս, մեղմ ասած, անհիմն քայլից նստվածքը չհասցրեց նստել, եչբ Արցախի խորհրդարանի նախագահը կամ թյուրիմացությամբ, կամ պատվերով նկատեց, որ «հազարավոր տարիներ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրել են»։

Այնուհետեւ մի կին պատգամավոր հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, որում քաղաքական պահանջների բացակայությունը լրացվում էր Հայաստանի ղեկավարների հասցեին բացահայտ վիրավորանքներով։ Հայտարարությունը բացասաբար են ընկալվել նաեւ Արցախում, թեեւ այնտեղ, մեղմ ասած, չեն այրվում Փաշինյանի հանդեպ սիրուց։

Կասկածից վեր է, որ Հայաստանի ղեկավարությանը ուղղված կոշտ կոչերի պատճառ կա։ Բայց հուլիսի 21-ի ուղերձների շեշտադրումներն ու տոնայնությունը, միտումնավոր թե անգիտակցաբար, ընտրվել են այնպես, որ այրվեն Երեւանի հետ վերջին կամուրջները։

Ինչո՞ւ պետք է Ստեփանակերտը այրի Երեւանի հետ քաղաքական կամուրջները։ Որպեսզի չդնեն պահանջներ, որոնք, ինչպես ասում են, ակնհայտ են։ Գլխավոր հարցն Երեւանին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի՞ ճանաչել «Արցախը որպես Ադրբեջանի մաս», այն դեպքում, ու կա Արցախի Հանրապետություն և նրա Սահմանադրությունը։ Նա իրավունք ունե՞ր ստորագրելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ո՞վ է Արցախի ինքնիշխանության կրողը։

Ստեփանակերտը պարտավոր է գործ հարուցել Փաշինյանի՝ Արցախի Սահմանադրությանը հակասող հայտարարությունների առնչությամբ։ Այ դա կլինի իրավական և քաղաքական քայլ, որը կհաստատի Արցախի քաղաքական կամքը՝ պահպանել պետական ​​կարգավիճակը և թույլ չի տա Փաշինյանին տնօրինել Արցախի տարածքներն ու կարգավիճակը։

Բայց խորհրդարանը դա չարեց՝ հանդես գալով այս պահին ոչ տեղին հայտարարություններով։ Ալեն Սիմոնյանը զանգահարեց Արթուր Թովմասյանին (որն ասում են, հուլիսի 21-ին հանկարծակի հիվանդացել էր), ըստ երևույթին հարցնելու՝ արդյո՞ք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ, և բացասական պատասխան ստանալով՝ հանգիստ անջատեց հեռախոսը՝ մաղթելով, որ Թովմասյանն այլեւս չնյարդայնանա։

Ալիևը, Փաշինյանը, միջնորդները կարող են ամեն ինչ առաջարկել, բայց Արցախի ինքնիշխանության կրողները՝ ի դեմս Արցախի խորհրդարանի, պետք է ելնեն միայն մեկ կարգավիճակից՝ Արցախի Հանրապետությունից։

Արցախի ղեկավարության կողմից վախկոտ մերժումը՝ պնդել Արցախի պետական ​​կարգավիճակը, որը ամրապնդված է  ժողովրդի կամքով, Սահմանադրությամբ, Ղարաբաղյան Առաջին պատերազմի արդյունքներով և միջնորդների առաջարկներով, չի նշանակում, որ պետականությունն ինքնին կլուծվի։ Նա կմնա, և բոլորը դրա հետ ստիպված են հաշվի նստել: Արցախի խորհրդարանը կա՛մ պետք է ելնի ինքնիշխանությունից, կա՛մ ընդունի օրենք, որը կլուծարի  Արցախի պետականությունը։ Պատգամավորները պատրա՞ստ են ընդունել նման օրենք։