ՌԴ ԱԳՆ․ ՀՀ իշխանությունը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, եւ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա

ՌԴ ԱԳՆ տարածել է հայտարաություն, որում ասվում է․

2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող վեհաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դրությունը։

Գտնում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ համալիրի խստիվ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր տրամադրվածությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական վեհաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար։

Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Այս տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքների հանգեցնել ղարաբաղահայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջան էներգակիրներ մատակարարելու համար։

Արցախցի կանայք դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Հարգելի տիկին նախագահ,

Կրկին օգնության խնդրանքով դիմում ենք ձեզ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կանանց անունից։

Ձեզ ուղղված մեր նախորդ կոչում 2023 թվականի հունվարին տեղեկացրել էինք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր երկրի շարունակվող շրջափակման մասին, որն իրականացվում է Ալիևի հրամանով։ Արդյունքում Արցախում 120 հազար մարդ տառապում է սովից ու ցրտից։ Խնդրել ենք աջակցել Արցախի կանանց և երեխաներին և անել հնարավորը Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու և նրան ստիպելու վերացնել մեր հանրապետության շրջափակումը։

2023 թվականի մարտի 16-ին մենք ստացանք Ձեր պատասխանը, որում վստահեցնում էիք, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակին և մոբիլիզացնում է դիվանագիտական ​​ջանքերը՝ ապահովելու ազատ տեղաշարժն ու անվտանգությունը միջանցքի երկանքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների։

Ձեր արձագանքը դրական փոփոխությունների հույս է արթնացրել մեզ մոտ:

Սակայն խորը ափսոսանքով հայտնում ենք մեր հիասթափությունը ձեր խոսքերին ուղեկցող շոշափելի գործողությունների բացակայության կապակցությամբ։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում ոչ միայն ձեր սրտացավության անկեղծությունը, այլև որպես Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ձեր անաչառությունը։

Այս նամակով ևս մեկ անգամ ձեր, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ այսօր՝ 2023 թվականի հուլիսի 14-ին, 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 տարեցներ, ենթարկվում են սովի և ֆիզիկական խոցման՝ բացառապես իրենց ազգության համար: Այս ողբերգությունը ծավալվում է քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ, թեկուզ Արցախի քաղաքացիները պարզապես ձգտում են ապրել իրենց հայրենիքում և իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը։

Ալիևի ռեժիմը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, ինչն արձանագրվել է բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումներով։ Երկու դատարաններն էլ Ադրբեջանից պահանջել են անհապաղ դադարեցնել այդ խախտումները։

Յոթ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է՝ հասնելով անշրջելիության կետին։

Ամբողջ միջազգային հանրությունը՝ բոլոր պետությունները, ներառյալ Եվրամիությունը, ստանձնել են ցեղասպանությունների կանխարգելման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պատասխանատվությունը։

Դա չկատարելը անուղղակիորեն առաջացնում է պատասխանատվություն և հետևանքներ:

Արցախի կանայք

Արթուր Թովմասյանը դիմել է բարեկամ երկրների խորհրդարաններին. Ճանաչում հանուն փրկության

Ս.թ. հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։

Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։

Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են, Արթուր Թովմասյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները, ստեղծված իրավիճակը գնահատել որպես լիակատար շրջափակման մեջ գտնվող արցախահայության հայրենազրկման վտանգ և այս կապակցությամբ ահազանգել է միջազգային հանրությանը։

Արցախի խորհրդարանի ղեկավարը խորապես համոզված է, որ ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։  Նա վստահեցրել է գործընկերներին, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան ու ներկայացրել է դրանցից ամենկարևորները։

Պարոն Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ բնակչության համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի նամակը

Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջում։

ՊԲ-ն չի ճնշում Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54֊12։07 Զանգիլան֊Ֆիզուլի, իսկ ժամը 13։02֊13։17 Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Դեկտեմբերից ավելի քան 100 000 արցախահայեր Ռուսաստանի գործակցությամբ շրջափակված են Ադրբեջանի կողմից. Նատալի Լուազո

Դեկտեմբերից ավելի քան 100 000 արցախահայեր Ռուսաստանի գործակցությամբ շրջափակված են Ադրբեջանի կողմից։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է եվրախորհրդարանական Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Le monde ֆրանսիական պարբերականի հոդվածը Արցախում բողոքի ցույցի մասին։

«Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ բողոքում են՝ պահանջելով բացել Հայաստան տանող միջանցքը»,- նշել է Լուազոն։

Հարյուրավոր Եվրոպական ՀԿ-ներ պահանջում են իրենց ղեկավարներից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։Հայտնում են Եվրոպացիներն Արցախի համար նախաձեռնությունից:

Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 Արցախահայեր՝  Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։

«Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի » եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․

Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։

Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։

Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։

Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը  որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։

Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը ։

Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։

Հիմա ամեն ինչ այլ է. Հայաստանը զենք մատակարարելու խնդրանքով դիմել է Ֆրանսիային

Ֆրանսիայի Սենատը

Այն բանից հետո, երբ Արցախում բողոքի ակցիաներ սկսվեցին ռուսական զորքերին ներկայացված կոնկրետ պահանջներով, և Արցախի օմբուդսմենը խոսեց Արցախում ԿԽՄԿ գրասենյակը փակելու կամ այն ​​Բաքվի ենթակայության սպառնալիքի մասին, տեղի է ունեցել Բաքվի արտգործնախարար Բայրամովի և ԿԽՄԿ ներկայացուցչի հանդիպումը։ Բայրամովը «տիրոջ ուսից» թույլ է տվել հիվանդներին տեղափոխել Լաչինի միջանցքով։

Երեկ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ են տեղափոխվել 11 հիվանդ՝ ուղեկցող անձանց հետ։ Պետպատվերի շրջանակում Հայաստան բուժման ուղարկված 8 հիվանդ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ.

Իրադարձությունների այս ընթացքը հուշում է, որ չարժե սահմանափակվել ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին տեղափոխելու պահանջով: Խնդիրը՝ միայն հիվանդներին տեղափոխելն ու նույնիսկ սննդի մատակարարումը չէ: Խնդիրը՝ Հայաստանի և Արցախի միջև մշտական ​​և անխափան հաղորդակցության անհրաժեշտությունն է, ինչը հայերի համար Արցախում ապրելու հիմնական պայմանն է։

Միջանցքի բացման, Արցախի «Ադրբեջանի կազմում» որոշակի կարգավիճակի և անվտանգության երաշխիքների պահանջներ են առաջադրվել Ալիևին՝ որպես այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման՝ միջազգային հանրության համաձայնության պայմամ։

Ալիևը կտրականապես չի ընդունում այս պայմանները. Բաքվուն բացահայտ ասում են, որ եթե միջանցքը, միջազգային երաշխիքները և կարգավիճակը մնան, դա կլինի հայերի իրավունքների յուրատեսակ ճանաչում։ Եվ ինչպես գիտեք, իրավունքների մեջ է նաև ինքնորոշումը։

Բացի այդ, Բաքուն, ամրապնդելով կապերն իր դաշնակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի հետ, ակնկալում է, որ այս անգամ եւս, եթե չստորագրի համաձայնագիրը (որը Ալիևն անվանում է Հայաստանի կապիտուլյացիա), նա կգործի ուժով։

2020 թվականի սեպտեմբերին դա այդպես էր, և Թրամփը, ով ավարտում էր իր նախագահական ժամկետը, դարձավ Բաքվի ուժ կիրառելու իրավունքի գլխավոր «երաշխավորը»։ Հիշվում է, երբ Թրամփին հարցրին՝ ինչպե՞ս է, հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը, նա ասաց՝ տեսնենք՝ հայերը կարո՞ղ են ինչ-որ բան անել։

Հայաստանը 2020 թվականին դաշնակիցներ չուներ, այդ թվում՝ «շնորհիվ» հայկական դիվանագիտության անտաղանդ աշխատանքի, որն անվերապահ վստահում էր Ռուսաստանի երաշխիքներին։ Փաշինյանը վերջերս խոստովանեց, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին «հավատարիմ գործընկերները» իրեն վստահեցրել են, որ ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է։ Հայաստանը բոլոր ձվերը լցրեց մեկ զամբյուղի մեջ և հանձնեց Պուտինին պահելու։ Եվ նա միանգամից կոտրեց բոլոր ձվերը։ Հայաստանի պոտենցիալ դաշնակիցները, չստանալով Երևանի ռազմական օգնության խնդրանքը, ոչինչ չարեցին։ Դեռ մեկ տարի առաջ, երբ Նենսի Փելոսին եկավ Հայաստան, Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց այն հարցին, թե ինչ է ուզում Հայաստանը Ամերիկայից։

Ինչպե՞ս են այժմ պոտենցիալ դաշնակիցների վերաբերմունքը: Այն, որ Ալիեւը, որը դեռ սպառնում է ռազմական գործողություններով, չի ձեռնարկում լայնածավալ օպերացիա, չի նշանակում, որ նա ողջամիտ է կամ Մոսկվան, Անկարան եւ Թել Ավիվը փոխել են իրենց դիրքորոշումները։ Սա խոսում է այն մասին, որ ուժի իրավունքին հավատացող Ալիևը կարող է ավելի մեծ ուժի է բախվել։

Սա չի նշանակում, որ ինչ-որ պահի նա չի դիմի ուժային լուծման։ Բայց այս անգամ չի կարող լինել նույնը, ինչ Թրամփի օրոք։ Թեև Էրդողանի և Բայդենի վերջին հանդիպումը հուշում է, որ ԱՄՆ-ը կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը Հայաստանում փոխարինվի Թուրքիայով, եւ պատահական չէ, որ Էրդողանը վստահորեն հայտարարեց, որ Ռուսաստանը 2025 թվականին կլքի Արցախը։ Մոսկվան, ի դեպ, չի մեկնաբանել այս հայտարարությունը։

Միաժամանակ Մոսկվան, Բաքուն և Անկարան կոշտ արշավ են տանում Մակրոնի դեմ՝ կոչ անելով չմիջամտել։ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո թվիթերում գրել է. «Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի խնդրանքով կա ֆրանսիական զենք մատակարարելու ծրագիր Հայաստանին, և կա դրա արագացման անհրաժեշտություն։ Իսկ դա նշանակու՞մ է, որ ռուս-թուրքական արատավոր ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում կարող է խախտվել, եթե տարածաշրջանում հայտնվեն արեւմտյան ժամանակակից զենքեր։ Եւ ամենակարեւրը՝ դա կարվի՞ մինչև Հայաստանի «ընդունել-հասցնելը» Ռուսաստանից Թուրքիա։ Այս արարքից հետո ոչ մի զենք չի օգնի, իսկ հյուրընկալ Ֆրանսիան ստիպված կլինի ընդունել հայ փախստականների նոր ալիքը։

Step1

Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

« Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասաց Մարտիրոսյանը։

Հուլիսի 14-ին Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Արցախից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան

Արցախից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։

«8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։