ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը

Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։

Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:

Սադիգովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր՝ հետևյալ տեքստով.

«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։

Սպիտակ տունն ու Պետդեպը վաշինգտոնյան բանակցությունների մասին

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:

Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:

Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Ի պատասխան հարցին՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Պատելը ասել է. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:

Ըստ փոխխոսնակի, արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա… ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»:

Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Պատելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում:

«Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելն կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․ «… Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»:

Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը:

Շաբաթն երկու անգամ կապ Ստեփանակերտի հետ

Շաբաթը երկու անգամ ավտոբուսային կապ է ապահովվում Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի միջև։ Դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ առաջին երթեւեկությունները կատարվել են անցած շաբաթ օրն ու այս երկուշաբթի։ Հաջորդը նախատեսված է շաբաթվա վերջին։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից Հաքարի գետի կամրջի վրա ապօրինի անցակետի տեղադրումից հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահոգ, Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր գյուղերի համայնքները հայտնվել են երկակի շրջափակման մեջ։ Հունիսի 15-ից իրավիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ դադարեցվել է սննդի մատակարարումը խաղաղապահների կողմից։

Շուշիի շրջանի վարչակազմում նշել են, որ ուղեւորափոխադրումները բոլոր կողմերի հետ համաձայնեցված են։ Փոխադրումները իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Շուշի քաղաքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետում մարդիկ անցնում են անձնագրային հսկողություն՝ ուղեկցող խաղաղապահները անձնագրերը հավաքում են, հանձնում ադրբեջանցի պարեկներին, ապա վերցնում փաստաթղթերը, հանձնում տերերին, որից հետո երթուղայինը շարժվում է։

Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի խոսքով՝ տրանսպորտային կապը հնարավորություն է տվել բնակչությանը ապահովել կենցաղի համար անհրաժեշտ սննդով և այլ ապրանքներով։ Լուծվել է նաեւ դեղորայքի, բուժօգնության հարցը՝ այս համայնքներ է գալիս շտապօգնության մեքենա՝ կրկին խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղարկվում են աշխատավարձերն ու թոշակներ։

Հովհաննիսյանը նշեց, որ համայնքներում որոշ բաներ արտադրում են այգիներում եւ բանջարանոցներում, իսկ ալյուրն ու որոշ ապրանքներ՝ մակարոնեղեն, ձավարեղեն, միայն վերջերս են մատակարարվել։

«Համայնքներում կրկնակի շրջափակման առաջին օրվանից ի վեր իրավիճակը ծանր է, մարդասիրական աղետին մոտ։ Եվ միայն անցած շաբաթ օրը տրանսպորտային կապը հնարավորություն տվեց լուծել սոցիալական կարևոր խնդիրներ։ Կարմիր խաչը նաև օգնություն է ցուցաբերել սննդի և անձնական հիգիենայի պարագաների տեսքով։ Այս ամենը, իհարկե, լավ է, բայց դա չի նվազեցնում մեր հոգսերը՝ մեզ համար առաջնային են մնում ապաշրջափակման և, իհարկե, անվտանգության հարցերը»,- ասաց վարչակազմի ղեկավարը։

Միրզոյանը Սալիվանի և Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի կատարած հերթական ագրեսիայի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։

Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։

Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական  անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։ Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում  է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության  պայմաններում։

Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ շուրջ 200 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից: Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝  վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական ​​պահանջները։

Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը: Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ  Ադրբեջանի ԱԳՆ կողմից  արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում:  Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի   ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման  լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։

Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության: Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում  Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը»։

Զախարվան չի ասել, ո՞վ է լարում իրավիճակը

Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը:

Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:

«Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։

«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», – նշել է Զախարովան։

Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել երդվյալ թշնամիները՝ Կարաբեկյան

Ադրբեջանա-Արցախյան դիմակայության գոտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ կապված Արցախի խորհրդարանի պահանջը՝ դադարեցնել Վաշինգտոնյան բանակցություններին Հայաստանի մասնակցությունը աբսուրդի է հասնում։ Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել կա՛մ երդվյալ թշնամիները, կա՛մ ծայրահեղ նեղմիտ ու ստրկամիտ մարդիկ…
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
Իսկ ի՞նչ կմտածեր մեզանից յուրաքանչյուրը՝ լինելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ, սենատոր, կոնգրեսական, ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամ՝ կարդալով Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունը հենց այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Արդյո՞ք միանշանակ չէ, թե ով եւ ում միջոցով է փորձում խորամանկություն անել Արեւմուտքի հանդեպ։
Իհարկե, Բաքվին ձեռնտու է ահաբեկել Երևանը և ստիպել ընդունել իր սահմանազատման բանաձևը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տարբերակը, բայց ի՞նչ ենք ստանալու դրանից մենք։ Ի՞նչ կտա մեզ բանակցությունների ընդհատումը։
Բաքվի սադրանքը, ընդհակառակը, հնարավորություն բացեց նոր լույսի ներքո բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության միջազգային երաշխիքների և դրանց ապահովման մեխանիզմների հարցը։ Եվ այն, ինչ մենք արեցինք՝ հարված է ԱՄՆ խաղաղարար նախաձեռնություններին…
Բնականաբար, 2020 թվականին Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպելուց հրաժարվելուց հետո երկու կարծիք չի կարող լինել, թե ինչ և ում կողմից է թելադրվել պաշտոնական Ստեփանակերտի այս քայլը։ Ավելին, Արցախի պետնախարարի և ԱԳ նախարարի հայտարարությունները, թե արևմտյան խաղաղ նախաձեռնությունները (ներառյալ Արցախը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը) խաթարում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ջանքերը , և պաշտոնական Ստեփանակերտի առաջարկը՝
ռուս խաղաղապահներին տալ միջազգային մանդատ, որը արվել է արցախյան պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, հանում է բոլոր կասկածները։
Ո՞ւմ կարող է ձեռնտու չլինել Արցախում միջազգային ներկայությունը։
Իսկ հիմա ամենատհաճի մասին՝ Փարիզից Մոսկվա կատարած այցից հետո, հենց այն այցից, երբ մենք միջազգային մանդատ էինք մուրում ռուս խաղաղապահների համար, նույնիսկ ռուսալեզու փաբլիկները հեգնում էին, թե ինչպես էր Արցախի ներկայացուցիչը Կրեմլում պատնում Արեւմուտքի հետ բանակցությունների մասին, մանրամասնորեն ներկայացնելով ընթացքը…

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր

Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, նախագահությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի:

Կատարված աշխատանքների ամփոփումից առաջ հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:

Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներին, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայ, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:

«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»,- նշել է Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք: Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել և կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության, պաշտպանության, արտաքին գործերի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների, քննչական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի պատասխանատուները, ինչպես նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» և «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ նախագահները:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ:

Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները:

Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա․ Փաշինյանը կոչով դիմում է միջազգային հանրությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի շրջափակված մնալ, այսօրվա դրությամբ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա 4 զոհ: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին ետղեկացրին կառավարությունից, վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Ումից է Արցախի խորհրդարանը «երաշխիքներ» պահանջում. արցախյան աթոռն առանց էդ էլ երկու ոտք ունի

Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում, ըստ էության, ասվում է, որ Բաքվից հրետակոծությունն ու էսկալացիան ուղղակիորեն կապված են Վաշինգտոնի բանակցությունների հետ։ Այսինքն՝ Բաքուն չի ցանկանում բանակցություններ վարել Վաշինգտոնում եւ ուզում է վերադառնալ ռուսական «եռակողմ» ձեւաչափին, ինչի համար էլ կրակում է։

«Վաշինգտոնում հայկական պատվիրակությունն անհապաղ դադարեցնել ընթացող բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմանին ամբողջական հրադադարի հաստատելը։ Եվ դրա պահպանման փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։

Ո՞վ պետք է փաստաթղթային երաշխիքներ տրամադրի: Ռուսական խաղաղապահ զորքե՞րը։ Արցախը պատրաստվում է ինչ-որ «երաշխիքներ» ստորագրել Բաքվի և Մոսկվայի հետ, իսկ Վաշինգտոնի բանակցությունները դրան խանգարո՞ւմ են։

«Մենք պետք է ոչ թե կոչ անենք Հայաստանին դադարեցնել բանակցությունները, այլ Ռուսաստանին՝ որ կատարի իր պարտավորությունները կամ անկեղծորեն ընդունի իր անվճարունակությունը, իսկ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է բարձրացնի միջազգային ուժեր ներգրավելու հարցը, քանի որ Կրեմլի անկարողությունը պատասխանատվություն կրել ստորագրած հայտարարության համար ակնհայտ է։ Կարծես թե ԱԺ պատգամավորական կուսակցությունները կա՛մ կույր են, կա՛մ շիլ, միջազգային հարաբերություններից ոչ մի բան չեն հասկանում։ Արցախի համար գլխավոր սպառնալիքը՝ Արցախի Ազգային ժողովն է»,- գրում է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։

Միևնույն ժամանակ, խորհրդարանը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ կոչ անելով «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, զսպել նրա ագրեսիվ ոտնձգությունները» (ոչ թե խաղաղապահներ ուղարկել)։ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության շրջանակներում ավելի կոշտ միջոցներ կիրառեք Ադրբեջանի անմարդկային, ցեղասպան գործողությունները կասեցնելու համար»,- ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։

Ի՞նչ ասես։ Արցախյան աթոռակը առանց դրա էլ ընդամենը երկու ոտք ունի, եւ եթե մեկը ջարդես, ապա …

Արցախի ԱԺ հայտարարությունը

«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի;

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;

Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»: