ԱՄՆ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Այդ մասին հունիսի 15-ին ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հավատում ենք, որ կա [խաղաղության] համաձայնագիրը կնքելու հնարավորություն», – ասել Միլլերը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն անհամբեր սպասում է երկու կողմերի հետ հանդիպմանը, որը թույլ կտա առաջ շարժվել խաղաղության գործընթացում:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Եվ հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը հետաձգվել էր։

Ապօրինի անցակետը Բաքուն օգտագործում է որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք. Արցախի ԱԳՆ

Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների Արցախից Հայաստան նախատեսված տեղափոխումը և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող մեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։

Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։ Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։

Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի  համարժեք քաղաքական գնահատականին։

Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է։

ԱՄՆ կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կանցկացվեն

ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:

Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է:

Հաղորդագրությունում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:

«Մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է պահանջվում՝ պատշաճ կերպով պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել», – նշված է հաղորդագրությունում:

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը նաև հավելում է, որ հունիսի 21-ին նախատեսված լսումների ընթացքում պետք է քննարկվեն խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման և բանակցությունների ընթացքում պաշտպանելու համար անհրաժեշտ ջանքերը, ինչպես նաև պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս հարցում ԱՄՆ քաղաքականության համար:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։

Միացյալ Նահանգները պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։

«Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Հարցին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»:

Հերթական մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ,https://m.facebook.com/CaucasusHW/posts/582071750740567?device_id=0a3f6868-1f1b-4c1e-88a4-618a638d56fc&wtsid=rdr_08D6sFYUF1uce5ln8 որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։
Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որտեղ գրված է.
ՙՅիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./՚:
Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով:
Մանրամասները՝

Artsakh Monuments

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զինծառայող է վիրավորվել

Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին հայտնում է ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բոլոր հումանիտար փոխադրումներն Բերձորի միջանցքով արգելված են

Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է, հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում:

Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ:

Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախում միասնական քննություններ են հանձնում 570 դիմորդներ

Հունիսի 9-ին Արցախում մեկնարկել է պետական ​​միասնական քննությունների առաջին փուլը, որոնք կտևեն մինչև հունիսի 27-ը։ Պետական ​​քննություններին դիմել է 572 դիմորդ։

Հանրապետության կրթության նախարարությունը Ստեփանակերտում բացել է պետական ​​միասնական քննության 5 քննական կենտրոն։

Ինչպես տեղեկացրին Արցախի կրթության նախարարությունից, քննությունները նախատեսված են, ինչպես Հայաստանում, հունիսի 9-ին, 13-ին, 16-ին, 20-ին, 23-ին և 27-ին «Քիմիա» և «Ռուսաց լեզու», «Անգլերեն լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

572 դիմորդներից 198-ը դիմել են Հայաստանի բուհերում սովորելու համար։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշել է, որ «մեր երեխաների կրթության իրավունքը պետք է վերականգնվի, Հայաստանում սովորել ցանկացող դիմորդների խնդիրը պետք է լուծվի»։ Ստեփանյանը նշեց, որ արցախցի մինչև 700 երիտասարդ՝ դիմորդներ և ուսանողներ, շրջափակման պատճառով զրկված են Հայաստան գնալու հնարավորությունից՝ բուհ ընդունվելու կամ ուսումն ավարտելուց, ամառային արձակուրդներին չեն կարող վերադառնալ Արցախ։ Նրա խոսքով, հանրապետության իշխանությունները հնարավորություններ են փնտրում այս հարցը լուծելու համար։