Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, աշխարհը մեզ է նայում, ամոթ է, ես գետինն եմ ուզում մտնել

«Պետական մակարդակով եղել է հանցագործություն ու դավաճանություն՝ մեկը ցեղասպանություն է մատուցել, մեկն էլ ցեղասպանությունն իրականացրել է։ Խնդիրը մեր մեջ է, որովհետեւ եթե մենք այս ծանր գործողություններից հետո, կործանումից հետո չենք հասկացել, թե ինչ է կատարվել մեզ հետ, նույն իրավիճակը շարունակվելու է կրկնապատիկ»,- այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Նա հայ ժողովրդին կոչ արեց ուշքի գալ ու հասկանալ՝ Արցախը մեկ օրում կորցրեցինք, Հայաստանի վերաբերյալ եւս այդ ծրագրերն են, թրքացման ծրագիր է իրագործվում։

«Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, աշխարհը մեզ է նայում, ամոթ է, ես գետինն եմ ուզում մտնել։ Արցախը բազմահազար տարիների պատմություն ունեցող մեր պատմական երկիրն է, ո՞նց ենք թողել, որ սա իրականացնեն, որովհետեւ առիթավորվել է։ Անպատիժ է մնացել, դրա համար շարունակում է դավաճանություն կատարել։ Արցախը կորցրել ենք, եկել այսօր Սյունիքից ենք խոսում։ Չէ, մենք պիտի Արցախից խոսենք, մենք պիտի միշտ սրանց աչքը կոխենք Արցախը, սրանք Արցախից սարսափում են, նույնն էլ Ալիեւն է սարսափում»,- հայտարարեց նա։

Անաստաս Իսրայելյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ այսօր էսքան ժողովուրդ է հավաքված, բայց Նիկոլ Փաշինյանի դեմը չենք կարողանում առնե՞լ։ Չեմ հավատում, ինքն էդքան չկա, որ սաղ ազգին էսպես մոլորեցրած պահի, ինքն առիթավորվում է մեր անգործությունից»։

 

Իրավական անորոշությունը արցախցիներին դարձրել է ստվերային ու գոյատեւող խավ

«Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի իր հայրենիք չվերադառնալու որեւէ սցենար, Արցախը չի վերածվի մոռացված հողակտորի»,- այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն չի իրականացնում որեւէ նպատակային քաղաքականություն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլ նաեւ բացահայտորեն փորձում է փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, թե իբր այն լուծված է։ Սա, Մետաքսե Հակոբյանի խոսքով, կատարյալ անարգանք է ոչ միայն արցախահայության միջազգային անքակտելի իրավունքների նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակի նկատմամբ։

«Նիկոլ Փաշինյանի կառավարության համար Արցախն այլեւս գոյություն չունի՝ ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։ Երբ պետության ղեկավարը լեգիտիմացնում է էթնիկ զտումը իր հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ, դա այլեւս պարզապես սխալ չէ, դա հանցավոր ոտնձգություն է ազգի իրավունքների նկատմամբ։ ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն լուռ հետեւել է արցախցիների բռնի տեղահանմանը, այլ նաեւ հետեւողականորեն խեղաթյուրել է իրականությունը, ոչնչացրել է բանակցային ողջ ժառանգությունը։ Իսկ այժմ փորձում է պատմության էջից ջնջել Արցախը՝ որպես ազգային քաղաքական միավոր։ Սակայն Արցախը չի մոռացվելու, արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ։ Այդ իրավունքը երաշախվորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով՝ մարդուն իր բնակության վայր վերադարձնելու իրավունքով, էթնիկ զտումների արգելքով, ինքնորոշման իրավունքով եւ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատվորեն ապրեու իրավունքով»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաեւ սոցիալապես լքված է, իսկ իրավաբանորեն անորոշ վիճակում է։ Այսօր մոտ 160 հազար բռնի տեղահանված արցախցի մերժված ու մոռացված են, նրանց ճնշող մեծամասնությունը չունի կայուն ապրուստի միջոց, բնակվում է ժամանակավոր կացարաններում, շատերը գոյության կռիվ են տալիս։

«Սոցիալական աջակցության մեխանիզմները ոչ միայն թերի են, բյուրոկրատական, խեղաթյուրված եւ արժանապատվությունը նվաստացնող, այլ հանդիսանում են արցախցիների նկատմամբ Հայաստանից արտագաղթի ծրագրի մաս։ Աշխատանքի եւ կրթության հնարավորությունը գրեթե բացակայում է, մարդիկ, ովքեր Արցախում եղել են պետական ծառայողներ, մասնագետներ, այսօր աշխատաշուկայում անպաշտպան են, չունեն նույն իրավաբանական կարգավիճակը։ Եվ իրենց ամբողջ կենսագրությունը կարծես ջնջվել է։ Իրավական առումով արցախցիներն այսօր կախվածության մեջ են մի համակարգից, որը նրանց չի ճանաչում որպես ամբողջակաան քաղաքացիներ՝ իրենց պատմությամբ, տարածքով ու անցած ճանապարհով։ Նրանք այլեւս ոչ Արցախում են, ոչ էլ ամբողջությամբ Հայաստանում։ Այս իրավական անորոշությունը մարդկանց դարձրել է ստվերային ու գոյատեւող խավ՝ առանց ապագայի հստակ տեսլականի։ Այս ամենը պետական հանցավոր քաղաքականության հետեւանք է»,- հայտարարեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն  ու Արցախն այլեւս հնարավորություն չունեն սպասելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օր ոչ միայն բերում է նոր կորուստներ, այլ նաեւ անհնար է դարձնում հետ բերել կորցրածը։ «Եվ եթե այս ամենը բավարար չէ կառավարության հրաժարականի հիմք հանդիսանալու համար, ապա ի՞նչն է բավարար լինելու։ Այսօր հայկական օրակարգում պետք է լինի մեկ հարց՝ կանգնեցնել շարունակվող անկումը եւ վերականգնել վստահությունը պետության, նրա ապագայի նկատմամբ»,- նշեց Հակոբյանը։

 

Արցախցիների աղքատության ցուցանիշը ընկնում է, քանի որ 100 հազար մարդ վարձով է ապրում

Այս տարվա ապրիլից, հետո արդեն հուլիսից սկսած Արցախի ժողովրդի հումանիտար-սոցիալական վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետեւանքով, տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է։ Այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին աղքատությունը շուրջ 23 տոկոս է։ Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եվ գնալով խորանում է այդ աղքատության ցուցանիշը, քանի որ մեր ժողովուրդը շարունակում է վարձով ապրել՝ ավելի քան 100 հազար մարդ։ Մոտ 20 հազար արցախցի աշխատում է, սակայն միջին աշխատավարձը Հայաստանի միջին աշխատավարձից մոտ 40 տոկսով ավելի ցածր է, այն դեպքում, որ սպառողական զամբյուղն ու կարիքներն ավելի բարձր են, քան ՀՀ միջին բնակչի սպառողական զամբյուղը։ Այսինքն՝ աղքատության շեմը ոչ թե պետք է հաշվել 78 հազար դրամով, այլ 78 հազար դրամ, գումարած բնակվարձ։ Եվ այս պարագայում ամռանը մենք ունեցել ենք լրացուցիչ արտագաղթի ալիք, որովհետեւ մարդիկ ցանկանում են ապրել մայր Հայաստանում՝ արժանապատիվ ու կայուն կեցությամբ, բայց չեն կարողանում։ Եվ արտագաղթը գնալով մեծանալու է արցախցիների շրջանում»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ այս պայմաններում պետք է խոսել երկու հիմնական ձախողված ծրագրի մասին՝ բնակարանային ծրագիր, եւ զբաղվածության ծրագիր։ Հայաստանի գործող կառավարության՝ արցախցիների համար նախատեսված զբաղվածության ծրագիրը տոտալ ձախողվել է։

«Եվ դա իշխանության բարձրագույն ներկայացուցիչները մեզ հետ փակ հանդիպումներում բառացի ընդունել են։ Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, ապա այդ ծրագիրն ընդունվել է զրո ներառականության պայմաններում։ Ընդունեցին, 7-8 ամիս շարունակ տեսան, որ ոչ ոք չի դիմում, չեն էլ կարողանում ընթացակարգային առումով դիմել, ստանալ վկայականը։ Ստիպված որոշ տեխնիկական բարելավումներ արեցին։ Հետո մենք սկսեցինք փողոց դուրս գալ, բողոքել, կիսատ-պռատ, ձեւական ձեւով մեզ հետ սկսեցին ինչ-որ ձեւով բանակցել, պայմաններ թելադրել, հետո մարել փողոցային պայքարը եւ այն։ Ինչ բանակցություններում ընդունել են, դրա մեծամասնությունը նույնիսկ չկատարեցին։ Արդյունքում՝ մեկ ու կես տարի անց բնակարանային ծրագրից օգտվել է մի քանի հարյուր ընտանիք, եթե չեմ սխալվում՝ 500-600։ Այն դեպքում, երբ շահառուները 25-30 հազարն են։ Եվ այս պայմաններում ոչ միայն իրենք չեն ցանկանում սկզբունքները վերանայել, որոնք շատ էական են՝ դա կլինի համայնքային բնակեցում, առաջնային շուկայի խթանում, այլ նաեւ որեւէ կերպ կայուն արժանապատիվ կեցության պայմաններ չեն ապահովում, թեկուզ ժամանակավոր»,- ասաց նա։

Բեգլարյանն ասաց, որ արհեստական կերպով խթանում են երկրորդային շուկայից տների գնումը, դրա միջոցով արհեստական գնաճ են ստեղծում։ Այդ գումարը հիմնականում դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ բնակարան վաճառողները տունը վաճառում են, գումարը վերցնում եւ արտագաղթում են։ Ոչ տնտեսական արդյունք կա, ոչ էլ ժողովրդագրական։ «Այնինչ, մենք առաջարկում էինք այդ 2 մլրդ դոլարով կառուցել տներ, ապահովել տնտեսական ավելացված արժեք, թարմացնել բնակֆոնդը, ապահովել ժողովրդագրական արդյունք, բայց իրենք դա չարեցին»,- հավելեց նա։

Նա ասաց, որ երբ արցախցիներն իրենց ձայնը բարձրացնում են, ատելության տարափ է սկսվում արցախցիների դեմ։ «Հենց այս ելույթից հետո կտեսնեք, թե իմ դեմ ինչ արշավ են սկսում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք ՀՀ օրենսդրությամբ դիմում ենք դատախազությանը, քննչական մարմնին եւ պատշաճ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ոչ մի հանցագործության հիմքով վարույթ չի սկսվում, մեղադրյալ կամ կասկածյալ չկա, բայց երբ իրենց է վերաբերում ատելության խոսքը, լավ էլ գործերը կարում են»,- հավելեց նա։

 

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է. Mediahub.am

MediaHub-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է:

Կայքի աղբյուրը հայտնել , որ սպանություն կատարելու մեջ կասկածյալը  նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից:

Մեզ պատմեցին, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել  են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Մեզ ասացին, որ իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով:

ՆԳՆ-ն դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Ներկայացվեցին հիմքերը, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից

ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցությունն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ, քննարկվում է «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հիմքերը, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.

Արցախի կորուստը․

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և անգործություն:

Պետությունը՝ ի դեմս գործող կառավարության, լրջորեն ձախողել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140,000 մեր հայրենակիցների սոցիալական պաշտպանվածությանը, հումանիտար աջակցմանը և երկարաժամկետ ինտեգրման քաղաքականությանը միտված ծրագրերը։ Չկան ամբողջական ռազմավարական մոտեցումներ և տեղային համակարգված ծրագրեր, որոնք կապահովեն նրանց կենսապահովման նվազագույն պայմանները, աշխատանքի և կրթության հասանելիությունը, բժշկական և սոցիալական ծառայությունները։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։

Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։

Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Մի շարք այլ հիմքեր եւս ներկայացվում են նախագծում, բարձրաձայնվում է նաեւ հայ գերիների հարցի մասին։

«Մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։

Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.

  1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
  2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
  • կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
  • վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
  • վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
  • կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
  • կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
  • զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
  • միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը»,- ասաց Աբրահամյանը։

 

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է գերիներին և արցախցիներին վերաբերող պահանջ

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայաստանին վերաբերող կոնգրեսական Ամոյի առաջարկած փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2026թ․-ի ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի վերալիազորման ակտի քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամ Գեյբ Ամոյի կողմից առաջարկված H.R.3000-ի փոփոխությունն ընդունվեց միաձայն համաձայնությամբ։

Փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համագործակցի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ խրախուսելու հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական կրոնական և պատմական վայրերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի փախստականների անվտանգ վերադարձը և ռազմական հակամարտության խաղաղ ավարտը։

Կառավարությունը հաստատեց արցախցիներին աջակցության ծրագրերը

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով աջակցության ծրագրեր են նախատեսված նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։

Մասնավորապես, 2026 թվականին արցախցիների համար նախատեսվել են տարբեր օժանդակության ծրագրեր, այդ թվում․

Կրթության ոլորտի գծով՝ 1 մլրդ 228.1 մլն դրամի չափով, որից՝ 1 մլրդ 025.3 մլն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 202.8 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվում է ծախսել 62 մլրդ 686.6 մլն դրամ։

Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրման գծով կծախսվի 7 մլրդ 686.6 մլն դրամ։

Կշարունակվի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 մլրդ դրամի չափով։

Մոսկվան թաքցնում է Ղրիմում իրականացվածի արդյունքները. այսօր ռմբակոծվել է Արմյանսկը

Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան և սեպտեմբերի 26-ի գիշերը մի քանի պայթյուններ ցնցեցին օկուպացված Ղրիմի տարբեր հատվածներ՝ ավերելով Արմյանսկում գտնվող ԱԴԾ շենքը։ Այս մասին հաղորդել է «Կրիմսկիյ Վետեր» Telegram ալիքը։

Իսկ մի քանի օր առաջ Ղրիմում իրականացվեց եզակի գործողություն։

Ուկրաինական գործողության թիրախը բարձրաստիճան ռուս պաշտոնյաների փակ հանդիպումն էր։ Հարվածի վայրի մոտ գտնվում է կառավարական թիվ 11 տնակը, որը հայտնի է որպես «Գորբաչովի տնակ» կամ «Զարյա» օբյեկտ, որը շուրջօրյա հսկվում է ԱԴԾ կողմից և ունի սեփական ՀՕՊ համակարգ։ Բայց պաշտպանական համակարգերը չեն ակտիվացել։ Ռուսական աղբյուրները անուղղակիորեն հաստատել են, որ հարվածներ են հասցվել բարձրաստիճան պաշտոնյաների։ Պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս տասնվեցը վիրավորվել են, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Զոհերի ինքնությունը և միջադեպի մանրամասները գաղտնի են պահվում։

«Փարոս հյուրանոցի վրա հարձակումը ցույց է տալիս երկու բան։ Նախ՝ թշնամու հետախուզության լուրջ աշխատանքը, քանի որ այս հարձակումը ոչ միայն սինխրոնացվել է տոնակատարության հետ , այլև (…) հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ բացարձակապես ոչ ոք չէր կարող սպասել դրան, և երբ դրա ազդեցությունը առավելագույնս թաքցվել էր… Հարվածը տեղի է ունեցել հրավառության ժամանակ», – գրել է Իգոր Ստրելկովը։

Պուտինը երկար և դժվար պատերազմ է մղում. նրանք կորցրել են մեկ միլիոն զինվոր, և չնայած վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած այս ծանր ռմբակոծություններին, նրանք գործնականում ոչ մի առաջընթաց չեն գրանցել։ Մտածեք այդ մասին։ Նրանք գործնականում ոչ մի առաջընթաց չեն գրանցել։ Ռուսաստանը նույնիսկ տարածքներ է կորցնում, այլ ոչ թե ձեռք բերում, հայտարարել է Դոնալդ Թրամփը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Այսօր՝ լսումներ իմպիչմենտի հարցով և ակցիա ԱԺ-ի մոտ

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից, երեկ հայտարարել է Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թենածու Դավիթ Համբարձումյանը։

«Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։

Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։ Օր առաջ»,- նշել է Համբարձումյանը։

Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։

Բայց եթե թողնեն գոնե այստեղ ապրենք` էլի գոհ ենք․ արցախցիները Գորիսում

Գորիսում այսօր գրեթե ոչ ոք չէր հիշում, որ երկու տարի առաջ այս օրը ամբողջ Արցախի բնակչությունն իրենց քաղաքում էր:

Չէին հիշում նաեւ այստեղ ապրող արցախցիները: Քաղաքն իր հերթական առօրյան էր սկսել առավոտյան: Երեխաներն ինչ-որ համերգի փորձեր էին անում հրապարակում, ավելի փոքրերին դասվարը էքսկուրսիա էր տանում, աշնան արեւն էլ ավելի միապաղաղ էր դարձրել օրը, թվում էր, թե կիրակի է, ինչպես շաբաթվա մյուս բոլոր օրերն այստեղ:

Արցախցիները կխոստովանեն, որ այս քաղաքը նրանց համար պարզապես “տարանցիկ մի վայր” էր Երեւան գնալու ճանապարհին, եւ դժվար թե հայերի մեջ ներքին տուրիզմը բավական զարգացած էր՝ միմյանց բնակավայրերի մասին ավելին իմանալու համար: Արցախի պողոտայում այլևս չկան Ստեփանակերտից եկող մարշրուտկաներ, որոնք սովորաբար այստեղ կանգնում էին սրճի ընդմիջման համար, ոչ էլ այլ մեքենաների շարժ կա․ հույլ նախիրը մայրուղով արոտավայր էր բարձրանում:

Step1.am-ը շրջել է Գորիսում եւ փորձել “հիշեցնել” տեղացիներին եւ արցախցիներին 2023թ. այս օրը, հասկանալ, ինչպես են ապրում արցախցիներն այսօր, ինչ ընթացք է ստացել նրանց կյանքն անցած երկու տարում:

Վարդան, տաքսիստ, Գորիս: Ի՞նչպես կարող են լավ լինել, եթե մարդիկ սեփականություն չունեն, ոչինչ չունեն: Ես քսան տարի Մոսկվա եմ ապրել, այնտեղ շատ եմ հանդիպել հարուստ ղարաբաղցիների: Չգիտեմ, գուցե թալանով են հարստացել, գուցե սեփական քրտինքով: Մեր գյուղում էլ կան ղարաբաղցիներ, շատ լավ էլ ապրում են: Պետությունը փողերը տալիս է` նրանք էլ ապրում են: Ով վարձով տուն է վերցրել, պետությունը փողերը փոխացնում է: Լավ են:

Էդիկ, ստեփանակերտցի: Ճիշտն ասած չեմ հիշել, որ այսօր 25-ն է: Մոռացել էի: Հիմա Ղարաբաղում մենակ նրանք են (ադրբեջանցիները), մեր կյանքն էլ այստեղ «վըշի է, վըշի»: Ի՞նչ ասեմ:

Տիկին Երջանիկ, Ակնաղբյուր, Արցախ: Ես ամենավերջին օրն եմ եկել: Ամսի քանի՞սն էր, երեսո՞ւնը: Ես անգամ վախենում էի, որ կմնամ այնտեղ: Ի՞նչ է փոխվել ղարաբաղցիների կյանքում: Ոչինչ: Ավելին, օր օրի վատանում է: Մի տան բնակվարձ էին տալիս, դա էլ են կտրել: Իսկ դուք որ նայում եք, առաջխաղացո՞ւմ եք տեսնում: Ես` ոչ: Բայց եթե թողնեն վատ էլ ապրենք, թողնեն գոնե այստեղ ապրենք` էլի գոհ ենք: Դուք այստեղից էլ վախեցեք:

Տիկին Նվարդ, Գորիս: Ինքս էլ Բաքվից փախստական եմ, իհարկե, սկզբից շատ դժվար է լինում: Տուն տեղ կորցնելը հեշտ բան չէ, ես դա շատ լավ եմ հասկանում: Մենք գոնե կարողացել ենք մեր տունը վաճառել եւ գալ այստեղ: Իսկ արցախցինե՞րը: Ի՞նչ ասեմ արցախցիների մասին, հո չեն վտարելու մեր հողից: Տեսնում եք, չէ՞ ինչ наглый են, вот что значит чужие земли раздавать. Այնպիսի բաներ է ասում այդ Ալիեւը, ասես клоун լինի:

Տիկին Սուսան, Մարտակերտ: Եթե սա ապրել է, բա մեռնելը ո՞րն է: Ես անգամ այդ մասին այլեւս չեմ կարողանում խոսել, այլեւս ուժ չունեմ: Իմ անցած օրերը… երբ հիշում եմ, նորից ներվայնանում եմ` ճնշումս բարձրանում է: Հաց ենք ուտում` այդ ցավը մեր հետ, ջուր ենք խմում` մեր հետ: Մեր հետ բերած գթալը վերցնում` այնտեղի տունն եմ իսկույն հիշում: Ղարաբաղցիները Ղարաբաղ են ղարաբաղցի եղել, ապրել են, իսկ այստեղ աշխատավարձը կոպեկներ է, նրանք այստեղ նույն կերպ ապրել չեն կարող այլեւս:

Մերի, Գորիս: Այս պատերազմը շատերին է փոխել: Մենք հարեւան ունենք, ով շատ էլ գոհ է: Ասում է՝ ես Ղարաբաղում այսքան լավ կյանք չեմ տեսել (կլխան հափռա՞ծ ա տա, ընդհանտում տիկին Սուսանը): Ես էլ նրան ասում եմ՝ դուք ձեր հողը կորցրել եք, տունը կորցրել եք, ինչպե՞ս կարող ես այդպես մտածել: Նա էլ ասում է, ի՞նչ տուն եմ ունեցել, չոբան մարդ եմ եղել, ոչինչ չեմ ունեցել, իսկ այստեղ ես մարդավարի ապրում եմ: Այսինքն նրանք ունեն այն կարծրատիպը, որ ոչինչ, թող երկիրը կորչի, միայն թե ես լավ ապրեմ: Բայց իհարկե, ուրիշներն էլ կան, տեսնում ես, որ ամբողջ օրը մտամոլոր են: Ես գործընկեր ունեմ ղարաբաղցի, որ ամեն անգամ խոսակցության մեջ իրենից անկախ աչքերը լցվում են. ասում է՝ իմ տունը, իմ հողը, ասում է՝ այստեղ աշխատանքն ասես սրտանց չանեմ, ես իմ աշխատասենյակն եմ ուզում: Բայց իհարկե, ադեկվատ մարդիկ շատ կան: Ինձ թվում է՝ ղարաբաղցիները չեն հարմարվել Գորիսում: Շատերին են կացարան առաջարկել, բայց ասել են՝ մենք հո հիմար չենք, որ մնանք այստեղ, ասում էին համբերեք` ձեր հերթն էլ է գալու: Ես այդ արհայտությունը շատ եմ լսել եւ շատ վատ զգացել ինձ: Ինչպե՞ս էին ասում իրենց բարբառով… գալու են ձեր խոխոցը կտորին, արունլվիկ անեն, ասում էին՝ մենք այստեղ չենք ուզում մնալ: Ի՞նչ ասեմ, ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ:

Յուրա պապիկ, Գորիս: Շատ լավ էլ ապրում են: Նրանց ի՞նչ է եկել, ամբողջ փողը նրանց են տալիս: Ամեն ձեւի նրանց պահում են, օգնություն են տվել, շոր են տվել, ամեն ինչ տվել են, սառնարան են տվել, գազ են տվել, մարդիկ ապրում են, պետությունը նրանց պահում է: Ի՞նչ անենք, հիմա դարն այդպիսին է:

Տիկին Լաուրա, Գորիս: Ես շատ եմ հավանում ղարաբաղցիներին: Աշխատասեր, խելոք, ընդունակ մարդիկ են, բայց թե ինչու այսպես եղավ` մենք էլ չհասկացանք: Թե ինչպես Արցախը տվին` չհասկացանք: Բայց ի՞նչ անել, ժողովուրդը մի կերպ պետք է ապրի, յոլա գնա, մարդն ամեն դժվարության հարմարվում է: Չենք կարողանում հավատալ, որ Արցախը տվեցին: Հիմա էլ Սյունիքի վրա է նրանց աչքը, բայց թող այդպես էլ աչքները վրա մնա, այդքան բան: Ղարաբաղն են տվել, Սյունիքն էլ չտան:

Նելի, Գորիս: Ճիշտն ասած, ես շատ չեմ հանդիպում արցախցիների, բայց գիտեմ, որ քաղաքում կան: Ավելի շատ հեռու տեղ են գնացել, չգիտեմ Երեւան գուցե: Հիմնականում աշխատանքի պատճառով երեւի: Շատ բան չգիտեմ, չեմ կարող ասել: Հենց մեր խանութի դեմն էր այդ սարսափելի տեսարանը երկու տարի առաջ: Ես երեք օր չեմ կարողացել հաց ուտել, այդ ապրումներն այնքան եմ վերապրել… շատ վատ էր ինձ համար, նկարագրել չեմ կարող:

Սլավա, Գորիս: Իհարկե, կարոտում են: Հարեւանս ղարաբաղցի է: Ես ի՞նչ կարող եմ անել, ասում եմ՝ լավ է լինելու, համբերիր, փորձում եմ հուսադրել: Տուն է գնել, բայց որքան տեղյակ եմ, որոշել է վաճառել եւ գնալ: Ուզում են գնալ: Որքան տեղյակ եմ, եղբայրներն արտերկրում են ապրում, նա էլ որոշել է գնալ նրանց մոտ, չի հարմարվել:

Արմեն, Գորիս: Արցախցիների չեմ հանդիպում գրեթե, չեմ կարծում, որ մնացել են: Հիմնական մասը հաստատ հեռացել է: Բայց ես հստակ բան ասել չեմ կարող, չեմ կարող ինչ-որ սխալ տպավորություն ստեղծել: Հիմա էլ Սյունիքից են խոսում, բայց ես ոչինչ ասել չեմ կարող, քանի մարդ` այնքան կարծիք: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, ես ոչինչ չեմ որոշում, բայց չեմ կարծում, որ կա գեթ մեկ գորիսեցի, որ կթողնի իր տունն ու հեռանա:

Տիկին Գայանեն (Աթայան)Մարդը կարիքի մեջ” կազմակերպությունում է աշխատել, որպես Երեխաների զարգացման կենտրոնի խմբակավար եւ արցախցիների դժվարություններին տեղյակ է դեռ 2020 թվականից:

Գիտե՞ք, կարծում եմ, ավելի շուտ արցախցիները պետք է զգան, թե ինչ ընթացք է ստացել նրանց կյանքը Հայաստանում: Հարմարվե՞լ են, ադապտացվե՞լ են նրանք: Ես աշխատել եմ արցախցի երեխաների, ծնողների հետ դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանք շատ ծանր օրեր էին: Յուրաքանչյուր գորիսեցի իր պարտքն է համարել թեկուզ մի փոքր օգնել նրանց, թեկուզ խոսքով, վերաբերմունքով: “Մարդը կարիքի մեջ” կենտրոնի աջակցությամբ Երեխաների զարգացման կենտրոն էր գործում: Արցախցի երեխաները միացել են տեղացիներին եւ մենք փորձել ենք արցախցի երեխաների համար ամեն ինչ անել մեր կարողությունների սահմաններում, որպեսզի նրանք իրենց մեկուսացված, օտար չզգան: Ես դա մեր հաջողությունն եմ համարում: Երեխաներն այնքան էին իրար հետ մերվել, որ հնարավոր չէր ասել մեկը գորիսեցի է, մյուսը` արցախցի: Միգուցե ծնողներն էլ են նրանց հետ տանն աշխատել` այս բարդույթները հաղթահարելու համար: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանկարծ արցախցի, գորիսեցի տարբերակում չլինի:

Հիշում եմ, մի միջադեպ էր եղել, երբ տեղացի երեխաներից մեկն արցախցի երեխայի մասին ասել էր՝ ամեն օր նույն շորերով է գալիս: Միանգամից ոչ միայն ես, այլ բոլոր իմ գործընկերները վրա տվինք, որ դու մոռանո՞ւմ ես, որ նա Արցախից է եկել: Ամեն դեպքում, արդեն երկու տարի է անցել, նրանց պետք է ասեն, թե ինչպես են իրենց զգում, երբ քայլում են Գորիսի փողոցներով: Ես հարեւան ունեմ Արցախից, նրանց երեխան շատ ընկճված էր այն ժամանակ, բայց այսօր շատ է բացվել, մայրն աշխատանք է գտել, նա էլ շատ հպարտ քայլում է Գորիսում:

Եթե անգամ մեկ երեխա արդեն ընկճված չէ, ես համարում եմ, որ մենք հաջողություն ենք գրանցել:

Ես ձեզ մի օրինակ բերեմ. 2020թ. պատերազմի ժամանակ, երբ կանայք ու երեխաները տեղափոխվել էին այստեղ, իսկ տղամարդիկ պատերազմում էին, մենք նրանց հետ աշխատելու փորձ չենք ունեցել: Պարզապես լսել էինք, որ Արցախում պատերազմ է, եւ կայանք ու երեխաները դուրս են եկել: Բայց այն ժամանակ կանայք գիտեին, որ ժամանակավոր բնույթ է կրում եւ վերադառնալու են: Ինչեւէ, մենք փորձել ենք նրանց մեր խոսքով շեղել, զբաղեցնել, երեխաների համար խաղեր էինք կազմակերպում, թատրոն տանում, բայց միեւնույն է, երեխաների համար հետաքիր չէր լինում: Տարիքային որոշ խմբի հետ ստացվում էր, բայց բարձր տարիքի երեխաները, հատկապես տղաների դեպքում չէր ստացվում:

2020թ. մենք մի դեպքի էինք ականատես եղել, որ մինչեւ հիմա սարսուռով եմ հիշում. հյուրանոցում արցախցի երեխաների համար ֆիլմի դիտում էինք կազմակերպել (տղաները չմնացին, իրենց սենյակներ գնացին, 14-15 տարիեկան երեխաներ էին), երբ աղջիկներից մեկը ֆեյսբուքից իմացավ, որ հորեղբոր տղան զոհվել է: Հենց ֆիլմի դիտման ժամանակ: Չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում, այլեւս հնարավոր չէր նրանց համար հեքիաթ պատմել, գիրք կարդալ:

Բայց այս անգամ, 2023 թվականին, ուրիշ էր, ավելի ծանր: Նրանք եկել են Հայաստան, հասկանալով, որ հետդարձի ճանապարհ չկա այլեւս:

Մարութ Վանյան

Փաշինյանը Ռուսաստանում, Էրդողանը ԱՄՆ-ում․ խաղաղ ատոմի բաժանում

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած «Խաղաղ ատոմի շաբաթ» միջազգային ֆորումի ժամանակ ասել է, որ Հայաստանը՝ ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ, կորոշի Մեծամորի գործող ատոմակայանի, որի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին, օպտիմալ փոխարինողը։

«Արդիականացման նախագիծը՝ «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունքն է», – ասել է վարչապետը։

«Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը որոշելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը», – ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Էրդողանին։

Թուրքիան և Միացյալ Նահանգները խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի։

«Նախագահների հանդիպումից հետո, նրանց ներկայությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մենք ստորագրեցինք խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր», – գրել է Բայրաքթարը X սոցիալական ցանցում։

«Մենք գերազանց հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության համատեքստում մենք կցանկանայինք, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը», – ասաց Թրամփը։

Փոխարենը, Վաշինգտոնը պատրաստ է աջակցել թուրքական շահերին Սիրիայում և վերանայել Թուրքիային Patriot հրթիռային համակարգերի, ինչպես նաև F-35 և F-16 կործանիչների մատակարարման հարցը։

Թրամփի կարծիքով, Էրդողանը կարող է զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման գործում։

«Կարծում եմ, որ նա (Էրդողանը – խմբ.) կարող է մեծ ազդեցություն ունենալ, եթե ցանկանա, հենց հիմա։ Նա բավական չեզոք է», – ասաց Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին հարցին։

Հրաժեշտի հոտը․ սպիտակ վարդ և վառվող անցյալ

Արդեն պարզ էր, որ դուրս ենք գալիս։ Այն ժամանակ լիովին դա գիտակցելը հեշտ չէր՝ անորոշությունը շատ էր։ Խառնաշփոթը, որ ստեղծվել էր Եվլախում հայ-ադրբեջանական հանդիպումից հետո, արագացրել ու ավելի ծանր էր դարձրել տեղահանման ընթացքը։

Լուրերը բերնեբերան հասնում էին՝ «ասել են` հստակ թիվ կա, թողնելու են դուրս գան, հետո փակելու են ճանապարhը, գերի ենք ընկնելու», «մնացածները դուրս գալու հնարավորություն չեն ունենա», սրանք թերեւս այն չհաստատված լուրերն էին, որոնց պատճառով մարդիկ նույնիսկ առանց հասկանալու անում էին քայլեր, որոնց համար հիմա շատ են զղջում։

Արխիվներ ոչնչացնելը առաջին կարեւոր կետերից էր։ Պետական կառույցների կարեւոր փաստաթղթերը ոչնչացվում էին, դրա հետ մեկտեղ մարդկանց կարեւոր փաստաթղթեր են այրվել, հիմա դատական հայցերի մի մեծ մասն էլ փաստաթղթերի վերականգնման համար է։

Տանն էինք՝ Մարտունում, քաղաքում, որ նոր էր կորցրել քաղաքապետին։ Լռության հետ այդ օրերին օդում միայն լացի ու հառաչանքի ձայն էր՝ ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ ենք գնում, ինչո՞ւ այսպես ստացվեց։ Մարդիկ լավագույն դեպքում մարդատար մեքենաներում հավաքում էին իրենց ողջ կյանքը՝ կապոցներով․․․

Այրվող փաստաթղթերի հոտը համատարած էր՝ սա անցյալի ու ներկայի ոչնչացում էր, սա մեր կյանքի ոչնչացումն էր, մեր ապրած լավագույն կյանքի։

Ամուսնուս տնից, որը քաղաքի կենտրոնական մասում էր, բարձրանում էի մեր տուն, որը Մարտունու ծայրամասում էր։ Ճանապարհին արժեքներ եմ տեսնում, որոնք միայն հպարտություն էին առաջացնում, իսկ հիմա՝ աղբամաններում։

Քայլում էինք փողոցներով, որոնցով երեւի վերջին անգամ էինք քայլում, փոորձում ամեն ինչ հիշել, ամեն մի ծառն ու քարը, հարազատ դպրոցը, փողոցը, որ տուն էր տանում, թաղը, որտեղ երջանիկ էինք․․․

Հրապարակում մեր հերոսի՝ Ավոյի կողքին մարդիկ էին կարմրած ու արցունքոտ աչքերով, բոլորս մտքում հավանաբար նույնն էինք կրկնում՝ «կներես, որ շրջում ենք այդ էջը»․․․ Ավոյի կողքին տասնյակ նրա նկարներն էին՝ արձանի կողքին դրված, սրանք այն մասունքներն էին, որ մարդիկ չկարողացան կրակը նետել։

2020թ պատերազմից հետո քանի՜ անգամ է խոսակցություն գնացել Ավոյի ու Նժդեհի արձանները քաղաքից հանելու մասին, բայց չթողեցին իրենք՝ Մարտունու ուժեղ բնակչները։

Վերջին օրերի նկարներում միայն տեսա, որ Ավոյի արձանը մերոնք են հանել, որ չսրբապղծվի, իսկ արձանի կտորները որպես մասունք են մարդիկ տեղափոխել իրենց հետ՝ կյանքի կարեւոր կապոցներում։

Այդ օրերին նաեւ գետնին ջարդվող իրերի ձայնն էր շատ, մարդիկ անզորությունից ուզում էին ոչնչացնել ամեն ինչ․․․

Բենզինը վերջապես Մարտունի էր հասել, բայց վառելիքի սպասումը ուզում էինք երկարի, որ մի քիչ էլ մնայինք ՏԱՆԸ։ Մենք էլ երբեք ոչ մի տան՝ վարձով, թե տարիներ հետո գնվելիք, ստանալիք ինչ-որ կերպ ձեռք բերվելիք տան չեն կարող նույն հանգստությամբ ու համոզմունքով տուն կոչել։ Մենք էլ տանը չենք։

Լուսադեմին դուրս էինք գալիս Մարտունուց եւ ճանապարհվում Ստեփանակերտ։ Վերջին գիշերն էր, ամուսնուս հայրական տանն էինք։

Վերջին բանը, որ հիշում եմ Մարտունուց` սպիտակ վարդի հոտն էր, որ դուրս գալու պահին զգացի։ Չգիտեմ ով, բայց այդ պահին անզորությունից ծաղկամանում սպիտակ վարդեր էր դրել․․․հրաժեշտի վերջին բույրը մեր քաղաքից։

Մարիամ Սարգսյան