Լիլիթ․ ես հասկացա, որ պատասխանատվությունն ինձ վրա է, եւ նստեցի ղեկին

  • 21:20 05.03.2024

2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո արցախցիները ստիպված էին լքել իրենց հազարամյա հողը։ Լիլիթը ամուսինը, ինչպես շատ շատերը, վառելիք էր հայթայթում ընտանիքը տարհանելու համար:

Լիլիթը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ամուսինը ընկերների հետ գնացել էր վառելիք բերելու: Մի քանի ժամ անց հիվանդանոցը արդեն լցվել էր պայթյունից տուժած բնակիչներով: Սկզբում չէին պատկերացրել պայթյունի մասշտաբը: Ամուսինը ծանր վնասվածքներով վերակենդանացման բաժանմուքում էր, հետո նրան օդային ճանապարհով տեղափոխեցին Երևան: Տեղեփոխումը Երևան տուժածների փրկության միակ հույսն էր:

Ամուսնու ընտանիքը երկար էր փնտրում մարդկանց, ովքեր կարող էին վարել իրենց մեքենաները և հանել ընտանիքները: Բայց որոնումները արդյունք չտվեցին և, ինչպես Լիլիթն է ասում, այդ պահին ինքը հասկացավ, որ պատասխանատու է ընտանիքների համար։

«Ես ինքս ինձ ասացի, որ այդպես կաներ ամուսինս, և նստեցի մեքենայի ղեկին: Իրականում հիմա հետ նայելով հասկանում եմ, որ այլ տարբերակներ չունեի: Առջևից ես էի վարում, իսկ իմ հետևից գալիս էր կիսրայրս՝ երկրորդ մեքենայով: Ճանապարհին մեքենան փչացել էր, մի կերպ սարքեցինք։ Մեկ օրվա հաց ունեինք՝ մի կերպ հերիքեց, բայց այդ ամենը այնքան անիմաստ էր, անկարևոր՝ ի համեմատ նրան, ինչի միջով ենք անցել մինչ այդ և պիտի անցնեյինք հետագայում»։

Հարցին, թե ինչ էր զգում այդ պահին՝ լարվածությո՞ւն, գուցե նաև վա՞խ, պատասխանում է՝ «Ճանապարհը չեմ հիշում, ընթացքը ևս, սով էլ առանձնապես չէի զգում: Երևի ամուսնուս կողքին լինելու ցանկությունը ավելի ուժեղ էր»:

Մի քանի ամսվա բուժումից հետո Լիլիթի ամուսինը փորձում է կյանքի վերադառնալ։

Քրիստինա Ալավերդյան

f