Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Շանթ և Մարինե Չարշաֆճեաններին նմանեցնում են նոր սերնդի Մոնթեի և Սեդայի հետ։
Ամերիկայում ծնված և մեծացած Շանթը Հայաստան էր եկել 2020թ. պատերազմից առաջ։ Արցախի գեղատեսիլ վայրերն այցելելուց հետո զգաց, որ Մարտունին յուրահատուկ ձգողականություն ունի։ Նորաստեղծ ընտանիքը որոշեց «արմատներ գցել »Մարտունիում։
Սովորեցին բարբառը։ Զուգահեռ հասցնում էին օգնություն ցուցաբերել 2020 թ. պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Շրջափակման օրերին հնարավորություն ունեին Կարմիր Խաչի օգնությամբ դուրս գալու Արցախից, բայց նախընտրեցին մնալ ու շարունակել պայքարը։
2023թ. պատերազմից հետո ապրած հիասթափությունը նրանց չստիպեց հեռանալ երկրից, այլ ոգևորեց զբաղվել հայրենանվեր գործով, նպաստել, որ հայը մնա հայրենիքում։ Շանթի ջանքերով ստեղծված Lorik humanitarian fund մարդասիրական հիմնադրամի օգնությամբ Արցախից բռնի տեղահանված 6 ընտանիք արդեն ապահոված է մշտական բնակության վայրով։
«Պատերազմից հետո տեսանք, որ արցախցիները Հայաստան եկած են և տուն ու տեղ ապահովելու շատ մեծ խնդիրներ կան: Եթե ուզում ենք, որ արցախցիները մնան Հայաստանում, պետք է փորձենք կարողություների չափով օգնել, օգտագործել բոլոր առիթները, որ մարդիկ մնան երկրում, ապահովել տնով: Սա 6-րդ ընտանիքն է, որ կարողացել ենք ապահովել մշտական տնով: Շատ կարևոր է ինձ համար, որ պահենք մեր սրբությունները, մեր բարբառը: Ուրախ ենք, որ տեր հայրը եկավ և օրհնեց տունը: Հուսով ենք, որ կկարողանանք միասնաբար վերադառնալ Արցախի մեր տները: Մի քանի տուն էլ վերանորոգման փուլի մեջ է, հուսով ենք շուտով կավարտենք և էլի ընտանիքներ կտեղավորենք: Սփյուռքում կան տարբեր կազմակերպություններ, որոնք փորձում են դրամահավաքների միջոցով օգտակար լինել: Ողջունելի կլինի, որ ավելի շատ մարդիկ ներգրավեն և փորձեն իրար օգնել»,-ասաց նա:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: