«Մեզ փորձում են համոզել, որ Արցախը դա ժողովրդավարացման գինն է։ Մենք երբեք չենք ընդունի այս կեղծ գաղափարը եւ պայքարելու ենք ոչ միայն փախստական դարձած արցախցիների իրավունքների, այլ նաեւ նրանց վերադարձի իրավունքի համար՝ համաձայն միջազգային օրենքի, որը շատ հստակ ձեւավորվեց ՄԱԿ-ի գլխավոր քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դատավճռում»,- այսօր հրավիրած «Հանուն ՀՀ եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Ըստ նրա՝ եվրաինտեգրումը հնարավորություններից մեկը չէ, այլընտրանք չունեցող ազգային քաղաքականություն է։ Այս ընտրությունը, որը հիմա մենք կատարում ենք, այն պատմական որոշումը, որը պետք է կայացնենք, ոչ թե Ռուսաստանի քաղաքական նենգության, ծավալապաշտության ու Արցախի ժամանակավոր կորստի արդյունք է, դա մեր ժողովրդավարական նկրտումների, ազգային ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունն է։
«Ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ մասի՝ որեւէ վերպետական կառույցի անդամակցելու համար, ինչպես նաեւ Հայաստանի տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե։ Ուստի, մենք առաջարկում ենք սկսել աշխատանքները՝ հանրաքվե անցակացնելու ուղղությամբ։ Եվրոպական ընտրությունը ոչ թե մեկ մարդու, մեկ կուսակցության, այլ ողջ ժողովրդի ցանկությունն ու ընտրությունն է։ Համենայնդեպս մենք աշխարհին եւ ինքներս մեզ դա պետք է ապացուցենք։ Որպես խիստ անհրաժեշտ միջոց՝ Երեւանում եւ բոլոր մարզերում պետք է հիմնվեն Եվրոպայի տներ, որպեսզի եվրաինտեգրման գաղափարը վերացական ծրագրից դառնա գործնական»,- հավելեց Խզմալյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: