Այսօր հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը զեկույցը ներկայացրեց որպես ընտրությունների ճանաչում, սակայն զեկույցում տեղ գտած դիտարկումները, հատկապես ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու վերաբերյալ, արտացոլում են ԵԽԽՎ կասկածները ընտրությունների օրինականության վերաբերյալ:
Կոնջորյանը, մասնավորապես, նշել է. «Զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված: Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրության օրվա ընթացքը գնահատվել է չափազանց դրական։
Զեկույցում արձանագրվում է, որ ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում:
Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»։
Զեկույցը շեշտում է Հայաստանի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցները և դիվանագիտական կոշտ հռետորաբանությունը՝ ընտրությունների արդյունքներն ուղղորդելու դեպի ընդդիմադիր կամ հակակառավարական կուսակցություններ։
Քարոզարշավի ընթացքում արտերկրից դիտարկվել են առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների ուղղակի ճնշումներ, որոնց նպատակը, ըստ զեկույցի, ազդելն էր ընտրողների վրա` ընդդիմադիր ուժերի օգտին:
ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,- նշել է նա։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցում նշվում է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ ընտրողներին ընտրության իրական հնարավորություն են տվել և անցել են կազմակերպված, սակայն Վեհաժողովն արձանագրել է մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվում՝ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, վարչական ռեսուրսի կիրառում, տեղեկատվական դաշտի բևեռացվածություն և արդյունքների բողոքարկման արդյունավետ մեխանիզմների թերություններ:
ԵԽԽՎ զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեք՝ թիվ 10/51, 35/65 և 12/13 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը: Ըստ զեկույցի՝ երկու տեղամասում զինծառայողներին թույլատրվել է քվեարկել օրենքով սահմանված քվեարկության ժամանակի ավարտից հետո, իսկ մեկ տեղամասում օրվա մեծ մասը բացակայել են «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի քվեաթերթիկները:
ԵԽԽՎ-ն որպես ամենալուրջ խնդիր դիտարկում է այն, որ ԿԸՀ-ն, անվավեր ճանաչելով այս տեղամասերի արդյունքները, վերաքվեարկություն չի նշանակել և իր որոշման համար բավարար հիմնավորում չի ներկայացրել:
Զեկույցում նշվում է, որ առանձին հաշվարկների համաձայն՝ եթե այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը և մանդատներ ստանալ խորհրդարանում: Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքել է ձայների 3,99 տոկոսը՝ 58 287 քվե:
Այսպիսով՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու իր ընտրազանգվածը հայտնվել են խորհրդարանից դուրս, մինչդեռ մանդատների վերաբաշխումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը թույլ է տվել ստանալ երեք հինգերորդի սահմանադրական մեծամասնություն:
ԵԽԽՎ-ն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ այդ տեղամասերի արդյունքների չեղարկման և «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից մանդատներ կորցնելու հարցով դատական քննությունները իրավիճակը չեն շտկել: Զեկույցում խոսվում է այն ռիսկի մասին, որ ընտրողների զգալի մասը մնացել է առանց արդյունավետ ներկայացվածության, քանի որ կուսակցության գրանցած արդյունքը խիստ մոտ է եղել 4 տոկոսանոց շեմին:
Որպես հիմնական խնդիրներ՝ ԵԽԽՎ-ն առանձնացրել է աշխարհաքաղաքական առանձնահատուկ լարված համատեքստն ու աննախադեպ արտաքին ճնշումը, ընտրակաշառքի շարունակվող դեպքերը, վարչական ռեսուրսի կիրառումը, դատական պաշտպանության թերությունները, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցություններից մեկի ընտրազանգվածին խորհրդարանում ներկայացվածությունից զրկելը՝ մանդատների բաշխման վրա դրա թողած էական ազդեցությամբ հանդերձ:
Բացի այդ, զեկույցում խոսվում է ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 200 քրեական վարույթների մասին, որոնք հարուցվել են գերազանցապես ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Դա, ըստ դիտորդների, տպավորություն է ստեղծել, որ իրավակիրառ պրակտիկան ընտրողական բնույթ է կրում:
ԵԽԽՎ-ն մատնանշում է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումները՝ իշխող կուսակցության միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով, նախընտրական արշավների ֆինանսավորման ոչ բավարար վերահսկողությունը, լրատվամիջոցների խիստ բևեռացվածությունն ու մանիպուլյատիվ բովանդակության, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի կիրառումը: