Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանի հարցազրույցի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով․ Սահակյան

  • 09:29 02.04.2024

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով։ Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Մեր գնահատմամբ պատճառը քաղաքական է, նրանք հետեւում են ներկա քաղաքական զարգացումներին, որոնք տեղի են ունենում տարբեր կենտրոնների հովանու ներքո։ Նման իրավիճակում նպատակահարմար չի եղել այդ ֆիլմի ցուցադրումը, բայց կարծում եմ՝ այլ պայմաններում, այլ ժամանակահատվածում նմանատիպ ֆիլմեր ցուցադրվելու են»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվի նպատակը բացառապես քարոզչական է։ «Այստեղ նարատիվներ կան, որոնք Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշել Արցախի հետ կապված այս ղեկավարների ներգրավման մասով։ Կարծում եմ՝ այս հարցազրույցների միջոցով նրանք փորձում են հիմնավորել ադրբեջանական թեզերը»,- ասաց նա։

Փաստաբանը հայ հանրությանը կոչ արեց չտրվել այդ սադրանքներին․ «Մենք չենք կարող ադրբեջանական տեղեկատվության անմիջական եւ ուղիղ սպառող լինել։ Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ ինքնախոստովանական որոշ ցուցմունքներ, որոնք հրապարակային տրվել են մեր գերիների կողմից, հանգեցրել են այնպիսի հանրային քննարկման, երբ այդ անձինք անվանվել են դավաճաններ եւ այլն։ Կամ այդ հանրային քննարկումներն այլ ուղիով են ընթացել՝ առանց հաշվի առնելու, որ այս անձինք գտնվում են կյանքի անմիջական սպառնալիքների ներքո։ Եվ նրանց ասածը միջազգային իրավունքի ներքո չունի որեւէ ապացուցողական նշանակություն։ Այսինքն՝ մենք տրվել ենք այդ սադրանքին եւ մեր ներքին հանրային քննարկումները ծավալել ենք այն ուղիով, ինչը գտնվել է ադրբեջանական պլանի շրջանակում»։

f