Անդրանիկ Քոչարյան․ «Գյուղերի ուղղությամբ կրակոցի փաստեր արձանագրված չեն»

  • 12:43 09.04.2024

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Հայաստանի բանակն այս օրերին չի պատասխանում ադրբեջանական կրակոցներին։ «Այդ կրակոցները, որոնք դուք ներկայացնում եք, դրանք մշտական կրակոցների այն տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում։ Այդ կրակոցները ոչինչ չասող են։ Իհարկե, մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով, երեկ էլ Սեւ լճի հատվածում եղել են կրակոցներ, նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանում, նշանակում է այդքան մեծ վտանգ չենք տեսել դրա ուղղությամբ»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ գյուղերի ուղղությամբ կրակոցի փաստեր արձանագրված չեն։ Հարցին, եթե նույն ինտենսվիությամբ կառավարական ամառանոցի կամ իրենց տների վրա կրակեին, արդյոք հանգիստ կնստեի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ոչ մի տեղ պետք չէ կրակել, ո’չ ամառանոցների վրա, ո’չ մեր բնակավայրերի ուղղությամբ։ Եվ անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ կատարվելիք եւ կատարվող աշխատանքներով։ Կրակոցները 30 տարի կան, պետք է վերջիվերջո կանգնեն, իսկ դրան հասնելու համար մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետեւ այս թշնամանքը հաղթահարելը հեշտ չէ»։

Հարցին, հակահարված տալու դեպքում գուցե թշնամին զսպվի՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Կպատասխանենք, երբ որ զգանք, որ այդ կրակոցներն այնպիսին են, որ արդեն նրանց լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնենք։ Այս պահին մեր պատշպանական գերատեսչությունը եթե չի կրակում, նշանակում է՝ դրա կարիքը չի տեսնում։ Չկրակելու որեւէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխանի, ինքն այդ պատասխանը կտա»։

 

f