«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»․ գրքի շնորհանդես

  • 20:19 18.04.2024

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»  (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։

Գիրք-ալբոմը, որտեղ լուսանկարներով և համառոտ ստուգաբանությամբ ներկայացված են  Սյունիքի շարք գավառների և ԼՂ-ի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները, հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

Զոհրաբ Ըռքոյանը պատմեց, որ Քաշաթաղի շրջանում աշխատանքի բերումով տարիներ շարունակ լուսանկարել է տարբեր հատվածներում գտնվող, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր ու տապանաքարեր հայերեն արձանագրություններով։

«Հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվելն ինձ ավելի շատ ոգեշնչել է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը՝ մեր լավագույն հուշարձանագետը։ Այս ոգեշնչումը եղավ այն, որ եթե չեմ սխալվում 1999 թվականին տպագրվեց Սամվելի գիրքը, որում շատ էին մեր տարածք՝ Քաշաթաղի շրջանի հուշարձաններ ընդգրկված։ Ես սկսեցի նաև այդ հետքերով գնալ»,-վերհիշեց Ըռքոյանը՝ հավելելով, որ Քաշաթաղի բնակիչների շնորհիվ հետագայում գտնվեցին նաև այնպիսի հուշարձաններ, որոնք երջանկահիշատակ հուշարձանագետը չէր կարողացել գտնել։

 

f