Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- գրել է նա:
Նշենք, որ Կիրանց գյուղում լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել գյուղի տարածք: Գյուղացիները պատմում են, որ մարդկանց նկատմամբ ուժ կիրառելով բերման են ենթարկել:
Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:
Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):
Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, այդ պատճառով փակվել են ճանապարհները: