Կիրանց
ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկն ասել է, թե ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի եւ «ադրբեջանի» սահմանը գծվում է այնտեղ, որտեղ զորքը կանգնած է», օրինակ բերելով Ջերմուկը, Ներքին Հանդը։ Սա խոստովանություն է, որ Ալմաթի-29,8-ը չեղարկված են պաշտոնապես, դրանք հանրության աչքին թոզ փչելու համար են։
«Սահմանազատման» անվան տակ տեղի է ունենում ՀՀ Սահմանադրական տարածքի օտարումը։ Պաշտոնական Երեւանը ոչ միայն չի պահանջում Բաքվի զորքերի դուրսբերումը ՀՀ «ինքնիշխան տարածքից», այլեւ օրինականացնում է օկուպացիան եւ պաշտոնապես հրաժարվում ՀՀ տարածքը պաշտպանելու իր պարտավորությունից։
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին հայտնված Ալեն Սիմոնյանը պարզ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ տարաձայնություն չկա, իսկ ովքեր դեմ են «սահմանազատմանը», եւ «եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, եւս մեկ քայլով հարձակվելը, չգիտեմ, թող ջոկատներ կազմեն»։
Սա վկայությունն է այն իրողության, որ, կրկնենք, «սահմանազատում» որպես այդպիսին չկա, տեղի է ունենում ՀՀ տարածքի օտարման եւ մայրուղիները Բաքվի վերահսկողությանը հանձնելու շարունակական գործընթաց։
Փաշինյանի կառավարությունն արդեն չի թաքցնում, որ եթե «սահմանազատման» գործընթացում հանդիպի ներքին դիմադրության, առաջնորդելու է Բաքվի զինված ներխուժումները շփման գծի ողջ երկայնքով, ռուսական զորքերի տեղակայման վայրերում։ Ռուսական զորքի գործառույթը մեկն է՝ գետնի վրա Բաքվի ներխուժումների օպերատիվ երաշխավորումը։
Հայկական բանակին տրվելու է չկրակելու եւ նահանջի հրաման, իսկ հայկական հողի հերթական կտորի օկուպացիան օրինականացվելու է։ Ահա այս մասին են վերջին օրերին բացահայտ խոսում Փաշինյանն ու իր սպասարկուները։
Ավելորդ է ասել, որ այս ողջ գործընթացը անօրինական է, առանց որեւէ օրինական հիմքի, չնայած Ալեն Սիմոնյանի բարբաջանքներին, թե ամեն ինչ արվում է միջազգային սկզբունքների հիման վրա։ Սա հերթական մանիպուլյացիան է, ինքը Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանը չունի միջազգային ճանաչված սահմաններ»։
Թերեւս, բոլորին է հասկանալի, թե ինչու է արվում նման հայտարարություն՝ ՀՀ տարածքի օտարման վերը նկարագրված սխեման արդարացնելու համար։
Շատերը կարող են հարց տալ՝ ինչ եղավ Ալմաթին, եթե Փաշինյանը նման տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում։ Մի պարզ պատճառով՝ Փաշինյանն առաջնորդում եւ իրականացնում է ՀՀ պետականության վերացման ծրագրերը, իսկ դա «հիմնավորելը» բարդ է, առավել եւս, որ իրավունքը հայկական կողմում է։
Առջեւում մեծ պատերազմն է, որը փոխելու է աշխարհի քարտեզը, ինչին դեռ կանդրադառնանք։ Մեծ պատերազմը նաեւ հնարավորություն է այն հանրությունների համար, ովքեր պատրաստ են ստանձնել աշխարհի վերաձեւման իրենց բաժին պատասխանատվությունը, լուծելով ներքին խնդիրները։
Հայաստանը իշխանություն չունի, կա օկուպացիոն ռեժիմ, որը ստանձնել է հայկական պետականության վերացման առաջնորդությունը։