Կիրանց
Տավուշում այսօր տեղի է ունեցել հանդիպում, բայց դեռ հստակ տեղեկություն չկա, թե ինչ որոշում է կայացվել սահմանագծի վերաբերյալ։
Այս մասին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Ինչպես հայտնի է, մայիսի 15-ը Տավուշի մարզում այսպես կոչված սահմանազատման վերջնաժամկետն է։ «Այսօր տեղեկություններ ենք ստացել, որ Տավուշում հանդիպում է տեղի ունեցել։
Այսօր հատվածական, միակողմանի եւ այդ ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ գործընթացի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել, եւ չգիտենք՝ մեր ժողովրդի կյանքի վրա էքսպերիմենտը ուր է հասել։ Տեղեկություններ չունենք, բայց ըստ այդմ պետք է այդ տարածքները, դիրքերը զիջվեն, չակերտավոր սահմանագիծ լինի եւ սահմանապահ զորքեր գան։ Այս պահին տեղեկություն չունենք, թե ինչ է եղել արդյունքում։ Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն։
Սիրելի ժողովուրդ, այս ընդվզումը, անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը, ինքներդ ձեզ գնահատեք, այդ արժեքը գնահատեք։ Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չունենք՝ այդ արձանագրություններն ստորագրվել են, թե՞ ոչ, սակայն այս շարժումը, որը Տավուշից սկիզբ է առել ու հասել է Երեւան, ոչ միայն խախտել է այս մարդու եւ իր գործընկերոջ ծրագիրը, այլ նաեւ խառնել է արտերկրում գտնվող բոլոր շահառու ուժերի ծրագիրը։ Սա այս պահի դրությամբ մեծագույն ձեռքբերում է եւ այն հաղթանակը, որի վրա մենք պետք է կանգնենք ու շարունակենք մեր աշխատանքը»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։