Բողոքի ցույցերը չխանգարեցին «սահմանազատմանը». Արցախի հարցը փակվում է կոնսենսուսով

  • 08:29 16.05.2024

Փաստորեն, բողոքի ակցիաները Հայաստանում չխանգարեցին Տավուշի «սահմանազատմանը»։ Երեկ, ինչպես և սպասվում էր, հենց սահմանին տեղի ունեցավ համատեղ հանձնաժողովի նիստ, և վերջապես հայտնի դարձան այն քարտեզները, որոնց հիման վրա գծվում է «սահմանը»։

Խոսքը ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի մասին է։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ «սահմանային գծի վերարտադրումն այս հատվածներում ավարտված, համաձայնեցված, ստորագրված է, և այդ հատվածներում սահմանը համարվում է սահմանազատված»։

Սա իսկապես նոնսենս է միջազգային հարաբերություններում, բայց Հայաստանում ամեն ինչ հնարավոր է. կամավորությունը որոշումների կայացման հարցում բացարձակ է։

Երեկ «Հայաքվե» նախաձեռնությունը ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Հայաստանի սահմանների կամավոր «սահմանազատման» հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մի օր, իհարկե, կհայտնվի դատարանի առաջ, սակայն հարց է, թե մինչ այդ ինչ կմնա Հայաստանից “սահմանազատման” նման տեմպերով։

Տավուշում «սահմանազատման» գործընթացը կասեցնելու բավական հաջող փորձ կատարած ցուցարարները ժամանել են Երևան, որտեղ եւս խոսում են անօրինական գործընթացը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Բայց հիմնական շեշտը տեղափոխվեց Հայաստանում իշխանափոխության, իմպիչմենտի ակնհայտ ապարդյուն ընթացակարգի վրա, եւ արդար բողոքը ոչ միայն չկանգնեցրեց երկրի փլուզման աղետալի ընթացքը, այլեւ դրդեց իշխանությանը ավելի արագ գործել։

Վարչապետի աշխատակազմը նույնիսկ «լավ լուր» է հայտնել Կիրանցի համար, որտեղ դեռ երեք սյուն չի տեղադրվել՝ գյուղին, պարզվում է, կվերադարձնեն շուրջ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք անմատչելի են եղել վերջին 33 տարում։

Վարչապետը չի թաքցնում, որ ճանապարհը պետք է տեղափոխվի, «ինչը կարելի է անել 2-3 ամսում», իսկ N-26 մայրուղուց Աճարկուտ, այնուհետև Կիրանց տանող ճանապարհը, որը Կիրանցի այլընտրանքային ճանապարհն է, կվերանորոգվի։ Կառավարությունը խոստանում է փոխհատուցել բնակիչներին հասցված գույքային վնասը, «ծավալը մեծ չի լինի, և կառավարության ներկայացուցիչներն առավոտից կսկսեն հնարավոր խնդիրների գույքագրումը և քննարկումներ կսկսեն Կիրանցի բնակիչների հետ»։

Կառավարությունը ուրախ է տեղեկացնել, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը «ամբողջությամբ լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Առաջիկա 8-9 օրերի ընթացքում սահմանապահները կտեղակայվեն, իսկ Կիրանցի ամենազգայուն հատվածում՝ մի փոքր ուշ, քանի որ այնտեղ որոշ մանրամասներ լրացուցիչ ճշտման ենթակա են”։

Կառավարությունը պնդում է, որ սահմանը վերարտադրվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և «գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով սահմանի մյուս հատվածներում»։

Չի ասվում, թե որ հատվածների մասին է խոսքը, բայց ակնհայտորեն ոչ օկուպացված հայկական տարածքների մասին։ Հեշտությամբ կարելի է կռահել, որ հաջորդը լինելու է Տիգրանաշեն-Քյարքին, որը նույնպես «Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան» կհանձնվի։ Որովհետեւ իրականում ամեն ինչ արվում է ոչ թե կասկածելի քարտեզներով ու հռչակագրերով, այլ Հայաստանի բոլոր ռազմավարական կետերը Բաքվին հանձնելու հանցավոր դավադրության համաձայն։

Հայաստանի իշխանությանը «Ալմա-Աթայի հռչակագիրը» պետք է միայն մեկ նպատակով՝ ամբողջությամբ փակել Արցախի հարցը։ Եվ դատելով նրանից, որ բողոքի ակցիաները միայն արագացրին հանցավոր դավադրության իրականացումը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահին Երևանում Մինսկի խմբի մասին ուղղված պահանջներ չներկայացրին, Արցախի հարցը «կոնսենսուսով» կփակվի։ Լավրովը, Շոլցը, Բլինքենը եւ Նեթանյահուն վկա։

Նաիրա Հայրումյան

f