Մարատ Մեհրաբյան․ «Հողի հետ աշխատելը ինձ համար հաճույք է, նրա հետ պետք է խոսել»

  • 11:19 01.06.2024

Մարատ Մեհրաբյանը Ստեփանակերտ քաղաքից է։ Արցախից տեղահանվելուց հետո ապրում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Հողագործությամբ սկսել է զբաղվել 2022 թվականից։ Երբ Ադրբեջանի կողմից փակվեց դեպի Հայաստան տանող կյանքի ճանապարհը, նա հասկացավ, որ պետք է հույսը դնել նախևառաջ սեփական ուժի ու արտադրանքի վրա։

Ասկերանի շրջանի Այգեստանի վարչական տարածքում մոտ 6000 քառ․ մետր հողատարածքի վրա սկսեց իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։

Առաջին անգամն էր նման գործունեություն ծավալում, ցանքսը բարեհաջող էր։ Արդեն վաղահաս բերքը պիտի հավաքեր, երբ 2023 թվականի հունիսի 30-ին տեղացած կարկուտն ու սելավները միանգամից գետնին հավասարեցրին նրա տքնաջան աշխատանքը։ Սկսնակ հողագործը չվհատվեց ու ամեն ինչ սկսեց զրոյից․․․ Այդ ժամանակ Մարատը չգիտեր, որ 2023-ի սեպտեմբերը շրջադարձային կլինի ամբողջ արցախահայության համար, ու նա վերստին ամեն ինչ կսկսի զրոյից, սակայն արդեն մայր Հայաստանում։

Այսօր նա շուրջ 1․5 հա հողատարածքի վրա իրականացնում է գյուղատնտեսական աշխատանքներ՝ աճեցնելով բանջարաբոստանային կուլտուրաներ։

-Երբ եկանք Հայաստան ու բնակություն հաստատեցինք Արտաշատ քաղաքում, անմիջապես մտքովս անցավ շարունակել Արցախում սկսած գործը։ Այստեղ հողը շատ բերրի է ու կան բոլոր բարենպաստ պայմանները առատ բերք ստանալու համար։

Հայաստանաբնակ ծանոթներիցս մեկը տրամադրեց ինձ այս հողատարածքը, որտեղ նա նորատունկ այգի է հիմնել։ Ծառերի միջև եղած հեռավորությունը թույլ է տալիս արանքներում աճեցնել տարբեր տեսակի բանջարեղեն։ Ցանել եմ բանջարեղենի մի շարք տեսակներ։ Տարածքում անց է կացված ոռոգման կաթիլային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անհրաժեշտ քանակության ջրով։

2022 թվականին, երբ Արցախում սկսեցի զբաղվել հողի մշակմամբ, այնքան էլ բանիմաց չէի, այժմ ունեմ բավարար փորձ ու հմտություններ։ Հույս ունեմ, որ լավ բերք կստանամ ու կկարողանամ արտադրանքն իրացնել։

Հողի հետ աշխատելը ինձ համար հաճույք է, ես հասկացել եմ, որ նրա հետ պետք է խոսել, գուրգուրել ու լեզու գտնել, և նա անպայման վարձահատույց կլինի քեզ,- ասում է վճռականորեն տրամադրված Մարատը ու ավելացնում՝ ցանկացած դժվարություն մարդու համար է։ Հարկավոր է ուժեղ կամք ու հավատ։

Մարատն ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թ․ սեմտեբերի 19-ի պատերազմների մասնակից է։ Մարտական դիրքերում էր, երբ սկսվեցին թշնամու հանկարծակի հրետակոծությունները։ Աստծո կամոք նա ողջ մնաց ու վերադարձավ տուն, սակայն շատ ընկերներ կորցրեց, որոնց հիշում է ցավով ու կարոտով։

ԱՀ ՊԲ նախկին զինծառայողը շատ ծանր է տանում Արցախի կորուստը․- “Արցախի համար սրբադասվել են հազարավոր հայորդիներ, հողը շաղախված է նրանց արյամբ։ Մեր կերտած հաղթանակները ավարտվեցին ամոթալի պարտությամբ, մեր սքանչելի երկիրը մնաց թշնամուն”․․․

Այնուհանդերձ, Մարատ Մեհրաբյանը պատրաստ է հավաքել իր բոլոր ուժերը, ոտքի կանգնել կրկին՝ իհարկե, չկորցնելով տուն վերադառնալու հույսն ու հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

f