
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Մասնավորապես՝ առաջարկվում է առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։ Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։