Ասյան իր բրենդի համար ընտրել է «Սալոմե» անունը, որը նշանակում է խաղաղություն

  • 13:26 05.06.2024

Ասյան 21 տարեկան է, մինչ բռնի տեղահանումը ապրում էր Արցախում, որտեղ էլ սկսել էր իր գործը, ստեղծելով յուրահատուկ ձեռագործ իրեր: Պատերազմի ողջ ծանրությունը զգացած Ասյան իր բրենդի համար ընտրել է «Սալոմե» անունը, որը նշանակում է խաղաղություն:

« Նկարելն ու ձեռագործությունը մանկուց  իմ կյանքի անբաժանելի մասն էին: 2020 թվականից հետո սկսել եմ ավելի շատ ստեղծագործել աշխարհից կտրվելու համար: Մի օր ընկերոջս հետ տուն էինք վերադառնում և նա առաջարկեց առանձին էջ բացել և այնտեղ տեղադրել իմ աշխատանքները: Նույն պահին ես պատկերացրի, որ առաջին նկարը պետք է վզնոց լիներ, մտքիս մեջ արդեն ցուցակ եմ կազմել, թե ինչ է պետք այդ ամենը կյանքի կոչելու համար: Արդեն ուշ էր, և ես ամբողջ գիշեր սպասում էի լուսաբացին: Առաջին աշխատանքներս կարում էի տատիկիս կարի մեքենայով»:

Հիմա էլ Ասյան սիրում է ստեղծագործել գիշերը: Ասում է, որ սկզբնական շրջանում չէր մտածում վաճառքի մասին, բայց ժամանակի ընթացքում հետաքրքրությունը նրա ստեղծագործությունների հանդեպ աճուն էր և այն հոբբիից վերածվեց բիզնեսի:

Ասյան շատ չի խոսում պատերազմի, շրջափակման, տարհանման և դրանց ուղեկցող դժվարությունների մասին, բայց մի դրվագ ընդմիշտ մնացել էր նրա սրտում` Ստեփանակերտում վերջին օրերը։

«Գիշեր էր, երբ նկատեցինք հարևանի տանը մոտեցող Վանք գյուղից բարեկամների մեքենան` տեղահանել էին: Այդ օրերին Ստեփանակերտում դեռ ընտանիքներ կային․ ով կմտածեր, որ մի քանի օրից Ստեփանակետն էլ կդատարկվի: Մի աղջիկ մթության մեջ նկատել էր վերնաշապիկիս վրա պատկերված «տատիկ, պապիկը»: Հաջորդ օրը մեր տուն եկավ, օգնեց թելերս դասավորել,պարզվեց, որ ծանոթ է իմ աշխատանքներին: Հետո ցույց տվեց իր սիրելի տաբատը, որը պատռվել էր ճանապարհին, և մենք միասին որոշեցինք, որ պետք է երիցուկներ լինեն այդ տաբատին` պատռվածքի փոխարեն»:

Շրջափակման վերջին ամիսներին Ասյան փորձում էր տարբեր տեղերից ներկեր, կտորներ հայթայթել ստեղծագործելու համար և երբ արդեն մեկնում էին Հայաստան, փոքր պայուսակի մեջ հավաքել էր իր բոլոր ներկերը․

«Այնպիսի տպավորություն ունեի, որ շրջափակումը անվերջ է, որ Երևանում ևս շրջափակում է, ու այս փոքրիկ պայուսակի ներկերը վերջինն են»:

Անկեղծանում է` Երևանում դժվար էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես` հայրենիքի կորուստը, դժբախտությունները, նաեւ ստեղծագործելու տարածքի բացակայությունը: Այս ամենը կարծես փորձում էր սպանել իր մեջ ստեղծագործելու ցանկությունը, բայց Ասյան հասկացավ, որ պետք է շարունակել ստեղծագործել՝ Արցախի մոտիվներով, պետք է ունենալ սեփական ներդրումը արցախյանի պահպանման գործում:

Նա նաև ուրախ է, որ այսօր շուկայում մենակ չէ, եւ էլի մարդիկ կան, որ ստեղծագործում է Արցախի մասին, Արցախի հոգով, բայց դա մրցակցություն չէ, քանի որ բոլորի նպատակը միաձուլվում է մեկ ընդհանուր նպատակի մեջ` Արցախի մասին պատմելու, Արցախի մասին չմոռանալու:

Քրիստինա Ալավերդյան

f