Արկադի Մկրտչյան, 67 տարեկան, Ստեփանակերտի նախկին բնակիչ։ Արկադիի ընտանիքը, ինչպես և մյուս ղարաբաղյան ընտանիքները, 2023 թվականի սեպտեմբերի վերջին ստիպված էր տեղափոխվել Հայաստան։ Պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ տուն՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։
— Ծնվել եմ 1957 թվականին վրացական ԽՍՀ Թկիբուլի քաղաքում, բայց ամբողջ կյանքս ապրել եմ Ստեփանակերտում։ Իմ արմատները Լեռնային Ղարաբաղից են՝ ծնողներս, պապերս, նախապապերս և այլն, բոլորն էլ Արցախից են։
1975 թվականից որպես նկարիչ աշխատել եմ Ղարաբաղի մետաքսի կոմբինատում, այնուհետև Ասկերանի նկարչական արհեստանոցում։ Քիչ անց աշխատանքի եմ ընդունվել Շինանյութերի գործարանում (ԿՍՄ)՝ որպես քարի արհեստավոր։ Չնայած ես նախկինում զբաղվել էի քանդակագործությամբ, բայց Շինանյութերի գործարանում աշխատելիս իմացա քարի իսկապես տեխնոլոգիական հատկությունները (մշակելիություն, հղկվածություն, անիզոտրոպություն և այլն):
Մի անգամ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական ակադեմիկոս Գաբրիելյանցը տեսավ իմ աշխատանքը եւ սկսեց ինձ պատվերներ տալ, ինչով շատ աջակցեց ինձ։ Աշխատանքիս շնորհիվ կարողացա ընտանիքս պահել, ներկեր ու կտավ գնել, որպեսզի զբաղվեմ այն գործով, որը սիրում եմ։ Հետո սկսեցի լրջորեն սովորել նկարչություն։
Ես շատ էի կարդում, ունեի հիանալի գրադարան, որտեղ կային թե՛ գեղարվեստական, թե՛ մեծ արվեստագետների ու քանդակագործների գործերին վերաբերող գրքեր։ Բախտ է վիճակվել շատ շփվել և աշխատել մոտ և հեռավոր արտասահմանցի լավ վարպետ քանդակագործների հետ և շատ բան սովորեցի նրանցից: Մենք դեռ կապ ենք պահպանում ինտերնետի միջոցով։
Իմ ընտանիքը կինս է՝ Գալինան, երկու դուստրերը՝ Տատյանան և Իրինան, որդիս Սամվելը։ Կինս աշխատել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ քաղաքային եկեղեցում որպես գրադարանավար և մոմավաճառ։ Տատյանան լրագրող է, Սամվելն ավարտել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, Իրինան՝ տնային տնտեսուհի։
Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, ես ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող էի։ 1997 թվականին առողջական պատճառներով անցել եմ թոշակի։
Լուսանկարները՝ հեղինակի
Իրականում սա իմ առաջին ցուցահանդեսն է։ 2015 թվականին ես Իսպանիայից ցուցահանդես կազմակերպելու առաջարկ ստացա, բայց հրաժարվեցի, քանի որ որոշեցի իմ աշխատանքները նախ ցույց տալ արցախցիներին, իսկ հետո միգուցե Իսպանիայում։ Բայց մինչ ես որոշում էի, պատերազմներ տեղի ունեցան (2016 թ․ 4-օրյա ապրիլյանը, 2020-ի 44-օրյա պատերազմը), այնպես որ դա չստացվեց: Հիմա որոշել եմ ցուցահանդեսն անցկացնել Երևանում, հետո կտեսնենք։ Ես հրաժարվեցի ցուցահանդեսում վաճառել աշխատանքներս, իմ ցանկությունն է, որ այցելուները տեսնեն մեր բնությունը, մարդկանց, իմանան, թե ով ենք մենք՝ արցախցիներս։
Լուսանկարները՝ հեղինակի
Ցուցահանդեսներն անցկացվում են կոնկրետ նկարչի կամ քանդակագործի գովազդի, նրանց աշխատանքները ներկայացնելու և այն վաճառելու նպատակով: Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել և չունեմ։ Իմ նկարները կամ քանդակները նվիրելով երախտագիտությունս եմ հայտնել մարդկանց, ովքեր բարի գործեր են անում։ Ինձ դուր է գալիս շնորհակալություն հայտնել նրանց ոգու և մարդասիրության համար:
Իմ աշխատանքներից շատերը գտնվում են արտասահմանում՝ ԱՊՀ երկրներում։ Սրտանց նվերներ էի մատուցում արժանավոր մարդկանց։
Ես որևէ միության անդամ չեմ։ Չեմ ուզում շարունակել այս թեման։ Տեսել եմ ոչ այնքան հաճելի բաներ և որոշել, որ ինձ ոչ մի միություն պետք չէ… Ես ազատ արվեստագետ եմ։
Հետ նայելով կարող եմ ասել, որ այնտեղ եմ թողել Հայրենիքս, հարազատներիս գերեզմանները, տունս, երկու արհեստանոցս։ Այնտեղ՝ Արցախում, ստիպված թողել եմ տարբեր չափերի 50 քանդակ, 500-ից ավելի նկարներ (դիմանկարներ, բնանկարներ և այլն)։ Ավաղ, այս ամենը մարդատար մեքենայով հնարավոր չէր հանել, ուստի ամեն ինչ մնաց Ստեփանակերտում։ Ես կարողացա շրջանակներից մի երկու գործ հանել ու հետս բերել։ Մի քանի փոքր քանդակներ էլ վերցրեցի։ Իսկ երբ հասանք Երեւան, փեսաս ինձ անակնկալ մատուցեց՝ պարզվեց, որ կարողացել է բերել իմ նկարներից մի քանիսը։ Սա հաճելի անակնկալ էր ինձ համար։ Դա այն աշխատանքներն են, որոնք այժմ ցուցադրված են իմ անհատական ցուցահանդեսում։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից մեկնեցինք Հայաստան։ 36 ժամ անցկացրինք ճանապարհին։ Մեքենայի մեջ մեր չորս հոգանոց ընտանիքն էր, որոշ իրեր և սնունդ: Բնակարան ենք վարձել Երևանում և բոլորս միասին ենք ապրում։ Պետական թոշակով ու նպաստով կարողանում ենք բնակարանի համար վճարել ու գոյատևել, ինչպես կարող ենք։ Տղաս ու իր ընկերները փորձում են բիզնես սկսել։ Կյանքը ցույց կտա, թե ինչպես նրանք գլուխ կհանեն։
Հաճախ մտածում եմ՝ կվերադառնանք Արցախ, մեր տները։ Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը դրա համար։ Յուրաքանչյուր մարդ իր աշխատավայրում պետք է աշխատի, քիչ խոսի, ավելի շատ աշխատի, և միայն այդ դեպքում կարող ենք ավելիին հասնել։ Եթե տուն վերադառնալու հնարավորություն լինի, բոլորից առաջ կգնամ։ Բայց անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է լինեն։ Եթե երաշխիքներ չլինեն, ինչպե՞ս կարող ենք երեխաներին տանել այնտեղ։ Ի վերջո, մեր հակառակորդների համար առաջին թշնամին հայերն են…
Ալբերտ ՈՍԿԱՆՅԱՆ
Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: