Փաշինյանը չասաց, կա՞ մի տեղ, որտեղից Բաքուն մեկ մետր հետ է քաշվել

  • 16:21 12.06.2024

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ Բերքաբերի հողերը չեն վերադարձվել Հայաստանին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին կվերադարձվեն 33 գյուղերի կենսական նշանակության հողատարածքները։ «Այդ հատվածում սահմանազատում տեղի չի ունեցել։ Մայիսի 19-ի արձանագրությունը երբ ստորագրվել է, մենք նաեւ հրապարակել ենք քարտեզ, որպեսզի ձեզ տեսանելի լինի՝ որտեղ է արվում եւ որտեղ չի արվում։ Այդ քարտեզը ձեւավորվել է այդ թվում՝ բնակիչների հետ մեր ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց նա։

Հարցին, թե բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչեւ «խաղաղության պայմանագրի» կնքումը ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, նա պատասխանեց․ «Հարցը դրված է հետեւյալ կերպ։ Նախ՝ մենք Հայաստանի 33 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել եւ չենք հանելու։ Երկրորդ, սեղանին դրված է հետեւյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով։ Եվ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձեւավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշում»։

Կոնկրետ հարցին, թե Տավուշում ադրբեջանցիների ցանկությամբ տարածքներ հանձնվեցին, հայկական կողմը կպնդի՞, որ հաջորդ փուլով ադրբեջանական զորքերը դուրս գան Վայոց Ձորի եւ Սյունիքի տարածքներից, Փաշինյանը նման պատասխան տվեց․ «Ձեր ընկալումը, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է, այնքան էլ օբյեկտիվ չէ։ Իրենք այդպես են ներկայացնում, ես էլ ձեզ ասում եմ, թե ինչ է տեղի ունեցել՝ ինչքան դա Ադրբեջանի նախաձեռնությունն է, առնվազն այդքան էլ Հայաստանի նախաձեռնությունն է։ Ինչո՞ւ պիտի Հայաստանն այդպիսի բան նախաձեռներ, որովհետեւ կարծում եմ, որ այդ թվում՝ Ոսկեպար, Կիրանց ու մյուս գյուղի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցը սահմանազատված սահմանն է։ Եվ մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ»։

Փաշինյանն այդպես էլ չասաց, թե երբ են ադրբեջանցիները դուրս գալու Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի տարածքներից։