Աշխատանք վեց ամսով, ի՞նչ է մնում ծրագրի ավարտից հետո

Պաշտոնական թվեր. առաջընթա՞ց, թե՞ վիճակագրություն

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածությանն ուղղված պետական ծրագրերը շահառուների մոտ որոշակի հարցեր են առաջացնում։ Բարձրաձայնվում են այնպիսի առանցքային  թեմաներ, ինչպիսին են՝ ծրագրերի կարճաժամկետ լինելը, արդյունավետության գնահատման վերաբերյալ համապարփակ վիճակագրության բացակայությունը, ծրագրերից օգտվելու ընթացակարգերի բավարար չափով և հասանելի ներկայացնելը, ծրագրերի երկարաժամկետ ազդեցությունը շահառուների զբաղվածության վրա և այլն։

Նշենք, որ այս պահի դրությամբ տեղահանվածների համար Զբաղվածության ծրագիրն իրականացվում է երեք բաղադրիչով՝

  • Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում
  • Աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում
  • Մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում:

Իրականացվում է նաև Ինքնազբաղվածության խթանման պետական ծրագիր, որի  նպատակն է աջակցել ԼՂ-ի փախստականների ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Ծրագիրն ունի բիզնես ուսուցման, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսավորման բաղադրիչներ։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, e-request հարթակով մեր ուղարկած հարցմանն ի պատասխան նշել է, որ ՀՀ կառավարության 11.01.2024 թվականի թիվ 57-Լ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության» ծրագրի շրջանակում՝

  • 2024 թվականին իրականացվել է 1800 ծրագիր, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 1764 անձ,
  • 2025 թվականին իրականացվել է 952 ծրագիր, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 917 անձ,
  • 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է 272 ծրագիր, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 258 անձ:

ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1955-Լ որոշմամբ հաստատված «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագրի (մեկնարկել է 2026 թվականի փետրվարի  18-ին) շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընդգրկվել է 270 անձ։

Նշենք, որ ՀՀ ԱԲ նախարարությանն ուղղված հարցերը մի քիչ ավելի լայն շրջանակ էին ընդգրկում, իսկ նախարարության տված պատասխանը վերաբերում էր միայն ծրագրերի և աշխատանքի տեղավորված շահառուների քանակին: Այն հարցին, թե, արդյոք, իրականացվե՞լ է մշտադիտարկում, թե այդ շահառուներից քանիսն են շարունակել աշխատել, արդյոք, արդյունավե՞տ են ծրագրերը՝ հաշվի առնելով, որ դրանք կարճաժամկետ են, նախատեսվու՞մ են, արդյոք, փոփոխություններ մտցնել՝ արդյունավետությունը բարձրացնելու համար, պատասխաններ չստացանք:

 

 

Պաշտոնական թվերն, իհարկե, ոգևորող են, բայց, արդյոք, դրանք ցո՞ւյց են տալիս զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը, ներկայացված տվյալները արտացոլո՞ւմ են տեղահանվածների զբաղվածության խնդրի լուծման իրական պատկերը, դրանք պարզապես վիճակագրական ցուցանիշնե՞ր են, թե՞ իսկապես ներկայացնում են մարդկանց իրական կարիքներն ու ծրագրերի փաստացի ազդեցությունը։

Որպեսզի քիչ թե շատ հասկանանք իրական պատկերը մենք հարցրինք շահառուներին և անցկացրինք օնլայն հարցում թեմայի վերաբերյալ:

Շահառուների ձայնը

Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Բարսեղյան.

«Մասնակցել եմ Զբաղվածության պետական 6-ամսյա ծրագրին: Աշխատանքի եմ ընդունվել «Մանե» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր: Պայմաններն այսպիսին էին՝ առաջին 3 ամիսը պետությունը վճարում է և՛ աշխատավարձը, և՛ հարկերը, հաջորդ 3 ամիսը՝ միայն հարկերը, գործատուն տալիս է իմ աշխատավարձը, որից հետո, ըստ պայմանագրի, պիտի շարունակեի աշխատել:

Ծրագրի դրական կողմն այն է, որ մեզ հնարավորություն է տրվել ունենալ աշխատանք, ադապտացվել, փորձել մի քանի ամիս աշխատել և խորացնել գիտելիքները: Սակայն խնդիրն այն է, որ 6 ամսվա ժամկետը լրանալուց հետո գործատուն այդպես էլ չշարունակեց մեզ հետ աշխատանքը: Ծրագիրը դիտարկվում է որպես այդ պահի օգնություն՝ 6 ամիս ժամկետով տեղահանվածի ֆինանսական վիճակը բարելավելու համար, բայց ոչ  երկարաժամկետ աշխատանք ունենալու միջոց: Կառաջարկեի, որ եթե ծրագրի մասնակիցը անխափան աշխատում է, որևէ խոչընդոտ չկա աշխատանքի մեջ, գործատուին հորդորվեր տեղահանվածին աշխատանքից չազատել, քանի որ ստացվում է՝ ծրագիր է արվում, բայց 6 ամսից հետո նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվում»:

Իրինա Բադունց.

«Մասնակցում եմ ինքնազբաղվածության խթանման ծրագրին: Ես ընտրել եմ անասնաբուժական դեղատան բիզնես-գաղափարը, որտեղ կլինեն նաև համակցված կերեր: Քանի որ Արցախում նույնպես նման գործունեություն էինք իրականացնում, այստեղ՝ արդեն Վանաձորում, նույնպես ուզում եմ ունենալ այդ բիզնեսը, քանի որ արդեն փորձ ունեմ այդ ոլորտում:

Ներկա պահին օնլայն դասընթացների փուլում եմ: Այնուհետև բիզնես-ծրագիր եմ ներկայացնելու, որպեսզի ստանամ դրամաշնորհ: Ծրագրին կարող է մասնակցել նա, ով ունի քաղաքացիություն, իրացրել է սերտիֆիկատը: Պայմաններից մեկն այն է նաև, որ պետք է անպայման ԱՁ բացես: 3 ամսվա դասընթացից հետո պետք է ներկայացվի բիզնես- ծրագիր, հետո արդեն եթե հաջող բիզնես-ծրագիր է, ստանում ես դրամաշնորհ: Խնդիրն այն է, որ 2 մլնի դրամաշնորհը  տրվում է երկու փուլով: Սկզբից 50 կամ 70 տոկոսն են տալիս: Ստացվում է, այսպես թե այնպես, առնվազն 30 տոկոս դու պետք է ներդրում ունենաս: Եթե բիզնեսը մի տարի գործում է, հաջորդիվ տրվում է համապատասխանաբար 50 կամ 30 տոկոսը: Ինչպես նաև, եթե շրջանառության հարկը գերազանցում է 12 մլն, նորից տալիս են 6-ամսյա դրամաշնորհ: Շատ գոհ եմ իմ մենթորից, մատչելի ձևով բացատրում է: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չգիտեն ինչպես բիզնեսով զբաղվեն, խորհրդատվություն են անցնում՝ կողմնորոշվելու համար: Դասընթացների տեղերը սահմանափակ են, քիչ քանակի մարդկանց համար է նախատեսված»:

 

Հարցման արդյունքներ

Տեղահանված արցախցիների շրջանում իրականացրել ենք օնլայն հարցում՝ հետևյալ հարցադրումներով՝ օգտվե՞լ եք պետական զբաղվածության ծրագրերից, որքանո՞վ են արդյունավետ դրանք, ի՞նչ առաջարկություններ ունեք:

Պատկերը հետևյալն է՝

  1. Հարցվածների 72. 4%-ը չի օգտվել ծրագրերից (իրազեկվածության կամ վստահության խնդիր կա)։
  2. 48.3%-ը կարծում է, որ փոփոխությունների դեպքում ծրագրերն արդյունավետ կլինեն։

 

Հարցումներից պարզ է դառնում, որ «արդյունավետ չեն» և «արդյունավետ են» կարծիքների միջակայքում, ի վերջո, գերակշռողը «որոշակի փոփոխությունների դեպքում այդ ծրագրերն արդյունավետ կլինեն» կարծիքն է: Սա նշանակում է, որ տեղահանված արցախցիները բավականին դրական են տրամադրված զբաղվածության ծրագրերից օգտվելուն, սակայն հաճախ մատնանշվում է ծրագրերի երկարաժամկետ լինելու և ծրագրերը որոշակի փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը: Առաջարկների մեջ տեղահանվածները նշում են, որ անհրաժեշտություն կա վերանայել գոյություն ունեցող ծրագրերը՝ այլ ծրագրեր ավելացնել, ավելի դետալիզացված ներկայացնել դրանք նախարարության կայքում և այլն:

Առաջարկներ

Ելնելով անցկացված հարցումներից և տարբեր հարթակներում շահառուների ներկայացրած կարծիքներից, առաջարկությունների այսպիսի կետեր են ձևավորվել.

 

  • Զբաղվածության 6-ամսյա ծրագրերը որոշակի փորձի ձեռքբերման համար կարևոր սկիզբ են, բայց 6 ամսից հետո տեղահանվածը մնում է նույն գործազուրկը: Ավելի արդյունավետ կլիներ մշակել երկարաժամկետ ծրագրեր, որտեղ 6-12 ամսվա ընթացքում գործատուին տալով որոշակի հարկային արտոնություններ, տեղահանվածը կպահպանի աշխատատեղը:

 

  • Ինքնազբաղվածության ծրագրերում ֆինանսական աջակցությունը դարձնել ավելի ճկուն և հասանելի:

Ծրագրից օգտվելու չափանիշներից մեկը՝ նախքան ծրագրին դիմելը վերջին 3 ամիսների ընթացքում  հարկ վճարող աշխատող չհանդիսանալն է: Նախարարության ներկայացուցիչներն այդ չափանիշը հիմնավորում են, որ այդպես ծրագրին մասնակցելու են նրանք, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն: Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տեղահանված այդ ծրագրից օգտվելու կարիքը ունի: Տեղահանված արցախցին, որը ցածր աշխատավարձով է աշխատում, չպետք է 3 ամիս գործազուրկ մնա, որպեսզի կարողանա ծրագրից օգտվել:

  • Նախարարությունը տրամադրում է միայն աշխատանքի տեղավորման պահին առկա թվերը։ Ներդնել մոնիթորինգային համակարգ, որը կչափի ցուցանիշները 1 տարի անց, ենթադրենք քանի՞ հոգի է պահպանել աշխատանքը 12 ամիս հետո։ Սա թույլ կտա հասկանալ ծրագրերի իրական արդյունավետությունը։
  • Հարցվածների մեծ մասը չի օգտվում ծրագրերից կամ չունի բավարար տեղեկատվություն։ Նախարարության կայքում և սոցիալական էջերում տեղադրել պարզ ու մատչելի, քայլ առ քայլ ներկայացնող ուղեցույցներ։

Եզրակացություն

 Ի մի բերելով, կարելի է ասել, որ խնդիրը ոչ թե աշխատանքի տեղավորելն է, այլ աշխատանքը պահպանելը, ոչ թե քանի մարդ է աշխատանքի ընդունվել, այլ քանի մարդ է մնացել աշխատաշուկայում:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հազարավոր տեղահանվածներ աշխատանքի են տեղավորվում, սակայն միայն այդ թվերով հնարավոր չէ գնահատել ծրագրերի իրական արդյունավետությունը։ Շահառուների պատմությունները և իրականացված հարցումը ցույց են տալիս, որ զբաղվածության ծրագրերը կարևոր աջակցություն են, բայց հաճախ լուծում են միայն կարճաժամկետ խնդիրներ։ Եթե պետական քաղաքականության նպատակը պարզապես աշխատանքի տեղավորելը չէ, այլ մարդկանց կայուն զբաղվածությունն ու տնտեսական ինքնուրույնությունը ապահովելը, ապա ծրագրերը պետք է վերանայվեն՝ հիմնվելով երկարաժամկետ արդյունքների գնահատման վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ պետական աջակցությունը ոչ թե ժամանակավոր օգնություն է, այլ իրական ներդրում մարդկանց ապագայի մեջ։

Հովիկ Գևորգյան