Հունիսի 16-17-ին «Հատուկ նախագծերի խմբագրություն» ծրագրին մասնակցող արցախցի լրագրողների համար կազմակերպվեց մեդիա-տուր Դիլիջան – Վանաձոր – Գյումրի ուղղությունով։ Մասնակիցներից մի քանիսն առաջին անգամ էին այս քաղաքներում։ Սա լավ հնարավորություն էր տեսնելու, ճանաչելու այս քաղաքները, հանդիպելու այստեղ ապրող արցախցիների հետ, նյութեր պատրաստելու նրանց և ճամփորդության մասին։
Հատուկ նախագծերի խմբագրությունը 2023թ-ին բռնի տեղահանված արցախցի լրագրողներին հասցեագրված նախաձեռնություն է, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Արագ արձագանքման» ծրագրի շրջանակում՝ Conciliation resources կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Արցախցի լրագրողների այս ժամանակավոր խմբագրությունը գործում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում 2024 թ-ի հունվարից։ Սա վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն է արցախցի լրագրողների համար, որն օգնում է նրանց ձեռք բերել նոր հմտություններ, փորձառություն և մասնագիտական կապեր։
Ծրագրում ընդգրկված լրագրողները մասնակցել են ամենշաբաթյա խմբագրական հանդիպումների, դասընթացների, աշխատել են մենթորների հետ, յուրացրել են լրագրողական նոր ֆորմատներ, գործիքներ, հմտություններ։ Նրանց պատրաստած նյութերը հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում՝ step1, Հետք, Մեդիալաբ, Առավոտ, Հանրային ռադիո․․․
Նախագծին միացել են 2023 թ․ Արցախից բռնի տեղահանված 20-ից ավելի լրագրողներ, բովանդակություն ստեղծողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։
Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարները՝ Վիկտորիա Գրիգորյանի