Ռուսական ռուլետկա միջուկային փամփուշտներով. եթե Ռուսաստանը չլինի, ապա ինչի՞ց մենք պիտի վախենանք

  • 11:38 21.06.2024

DW

Արևմուտքում «միջուկային զենքի կիրառման նվազման շեմի» ֆոնին Ռուսաստանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինան։ Այս մասին Հանոյում հինգշաբթի օրը՝  հունիսի 20-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամ կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Պուտինը, ռուսական դոկտրինում կանխարգելիչ միջուկային հարվածը ներառելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ «պատասխան հարվածի դեպքում հակառակորդին երաշխավորված կոչնչացնեն»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, արևմտյան երկրները «անընդհատ բարձրացնում են ջերմաստիճանը, սրում իրավիճակը» և ցանկանում են հասնել «ռազմադաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»։ Ռուսաստանի համար ռազմավարական պարտությունը կնշանակի «պետականության դադարեցում» և «ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ», – մեջբերում է The Moscow Times առցանց հրատարակությունը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ «Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ց պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Սա տարրական տրամաբանություն է»,- շարունակել է Պուտինը։