«Ես շուռ եմ տալիս աշխարհը». «Դիզակ արտի» սաները պատրաստվում են բեմադրության

  • 21:35 25.06.2024

Մասնագիտությամբ դերասանուհի Սրբուհի Բալայանը «Դիզակ արտ»-ի թատերարվեստի մասնագետն է: Խումբը 3 տարվա աշխատանքի ընթացքում հանդես է եկել տարբեր ժանրային առանձնահատկություններով: «Ես շուռ եմ տալիս աշխարհը» նրանց առաջին դոկումենտալ, վավերագրական ստեղծագործությունն է, որով հանդես են գալու հուլիսի 9-ին:

– «Դիզակ արտի» երեխաները յուրօրինակ են և ուժեղ: Մեր նպատակն է պահել բարբառը ու այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ: Թատերարվեստը հիշողությունների պահպանման լավագույն եղանակն է։ Արցախցի փոքրիկները հետաքրքիր գեղարվեստական միջոցներով պատմում են իրենց տներից հեռանալու, թողած անձնական իրերի, տագնապն ու անորոշությունը հաղթահարելու, մի օր Արցախ վերադառնալու երազանքի մասին:

-Ես Նառան եմ: Մի արջուկ ունեի` Լունա անունով: Պատերազմի երկրորդ օրն էր, մայրս իրերն էր հավաքում ու որոշել էր, որ այս նոր, կապույտ վերնաշապիկս պիտի վերցնեի: Դարակս բացեցի, հանեցի շապիկը ու այդ պահին տեսա արջուկներիս: Գրկեցի և ասացի` ոչինչ, ես շուտով հետ եմ գալու…

-Ես Արմանն եմ: Պատերազմից մի օր առաջ հայրս ինձ հեծանիվ էր նվիրել` դեղին գույնի: Ես շատ էի սիրում այն: Մի օր, երբ պատերազմը սկսվեց, ու մենք դուրս եկանք տնից, ես տեսա իմ հեծանիվը` դեղին գույնի, «սկարաստնոյ»: Հայրիկին խնդրեցի, որ վերցնենք: Ասաց` տեղ չկա մեքենայում…

 

Նառան, Արմանը, Կարոլինան, Կարինեն, Բելլան, Էլինան եւ մնացած ընկերները

-Ես  Կարոլինան եմ: Հայրս ինձ համար մոտոցիկլ էր գնել` կանաչ գույնի: Ես այն շատ էի սիրում: Պատերազմը սկսվեց, մենք եկանք Երևան, հայրս մնաց Արցախում: Ես խնդրել եմ, որ հետը բերի, բայց տան դուռը կողպել ու բանալիներն է բերել ինձ համար…

-Ես Կարինեն եմ: Պապիկս մի մեծ ճոճանակ էր պատրաստել ինձ համար` վրան էլ 5 ծաղիկ նկարած: Գիտե՞ք ինչու է հինգ ծաղիկ նկարել: Տանը 5 աղջիկ էինք: Երբ պատերազմը սկսվեց, վերջին անգամ նայեցի ճոճանակին ու տեղափոխվեցի Երևան: Բակում ամեն օր ճոճանակ նստելիս ես մերն եմ հիշում…

– Ես Բելլան եմ: Մեր մեքենայում շատ մարդիկ կային` հայրիկիս ընկերների ընտանիքները և մենք: Ճանապարհին տեսանք, որ մեր շենքերն ու դպրոցը պայթեցրել են: Մենք շատ դանդաղ էինք շարժվում ու ես զարմանում եմ: Այս մեծ աշխարհում, այս մեծ ճանապարհին այսքան մարդ մի մեքենայի մեջ…. Մենք ահավոր դանդաղ էինք առաջ գնում, ու ես ատում եմ աշխարհում ամեն դանդաղ բան…

-Ես Բելլան եմ: Հայրս ԱԻՆ-ում էր աշխատում: Մի զինվորական մեքենա ուներ, որը մենք շատ էինք սիրում: Ես ու եղբայրս այդ մեքենայի շուրջ միշտ պտտվում էինք, խաղում: Պատերազմի ժամանակ հայրս մեքենան կանգնեցրեց, մի քանի քայլ հեռացավ, ու մեքենան պայթեցրին: Հայրս բերեց մեքենայի համարները` 92406…

-Ես Աննան եմ: Մեր տանը հինգ երեխա էինք` Նառան, Մարիամը, Էլինկան, Սյուզին ու ես: Քանի որ ես առաջին թոռն էի, պապիկն ինձ համար մի աթոռ էր պատրաստել, վրան Վիննի Թուխ էր նկարած: Ես այն շատ էի սիրում: Լավ, Սյուզին էլ էր սիրում, վերցնում էր փախչում: Ես տխուր ժամանակ նստում էի վրան ու լացում: Պատերազմի օրը նստեցի աթոռին ու նայեցի սենյակիս: Գիտե՞ք ինչ տպավորություն էր, որ ես էլ չեմ գալու իմ սենյակը և չեմ նստելու իմ աթոռին…

-Ես Մարիամն եմ: Ես ու Աննան քնած էինք: Մայրս դուռս բացեց ու ասաց` պատերազմ է, հագնվեք, դուրս եկեք: Մենք բարեկամի տանը նկարում էինք: Հեռուստացույցով օդային տագնապ հայտարարեցին…

-Ես Աննան եմ: Շուն ունեի` Տեձի անունով: Ես ու եղբայրս քնելիս շանը դնում էինք մեջտեղում, որ երբ գողերը գան` մտածեն, որ իսկական է ու փախչեն: Երբ պատերազմը սկսվեց, ուզում էի վերցնել: Նունիսկ մեքենան խնդրեցի կանգնեցնել, որ վերցնեմ: Հայրս ասաց, որ արդեն ուշ է:

Տաթև Ազիզյան

f