Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։
«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք և միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– ասաց Գրիգորյանը։
Սա իրոք նոնսենս է միջազգային պրակտիկայում․ երկու պատերազմող /առանց պատերազմ հայտարարելու եւ ընդունելու/ երկիր ստեղծում են քննչական մարմին։ Ո՞ւմ դեմ։ Ո՞րն է դրա իմաստը, բացի «ընդհանուր թշնամի» ունենալը եւ միջազգային միջամտություն թույլ չտալը։ Հնարավո՞ր է այդ “Քննչական կոմիտեն” հետագայում հայերի “ռազմական հանցագործությունները” քննի։
Համատեղ «կոմիտեն» կարող է լինել «ընդհանուր պետության» կամ «տարածաշրջանային ինտեգրման» սկիզբը, որը հետագայում «ընդհանուր կառավարության» կվերածվի։