Նկարում Արմանը և Ամելին են՝ Արմանը Երևանից է, իսկ Ամելին` Արցախի Աշան համայնքից։
44 օրյա պատերազմից հետո որոշել են միասին տեղափոխվել Արցախ դասավանդելու, այն ժամանակ դեռ չգիտեին, որ մոտ ժամանակներում ընկերություն են անելու, իսկ 2023 թ․ հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականի վերնաշապիկներով ամուսնանալու են շրջափակված Արցախում։ Խոստովանում են, որ այս երկու տարիները բավականին դժվար էին․ Ամելին դասավանդում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում, իսկ Արմանը Մարտակերտի շրջանի Հաթերք համայքում։
Գյուղերի միջև հեռավորությունը մոտ 30 կմ էր, անձնական մեքենա չկար, հանրային տրանսպորտ ևս, և Արմանը ավտոստոպով ամեն ուրբաթ ուղևորվում էր դեպի Կոճողոտ, իսկ կիրակի վերադառնում Հաթերք։ Հետո, ինչպես Ամելին է ասում, սկսվեց «կյանք վարժապետանց»-ը՝ հետաքրքիր, արկածային, բայց և դժվար ու պարտավորեցնող, որը անհնար կլիներ հաղթահարել, եթե միմյանց չօգնեին։
Այդ ընթացքում նաև անձնական մեքենա ձեռք բերեցին, բայց դե․․․սկսվեց շրջափակումը և փորձությունների մի նոր փուլ՝ վերադարձավ հին և բարի ավտոստոպը։
Եվ ահա հետ նայելով և հասկանալով, թե ինչքան դժվարություն, ուրախություն, տխրություն և արկածային օրեր են ունեցել միասին, հարց են տվել միմյանց «զադերժկան ինչումնա՞» (հետաձգելու իմա՞ստը) և որոշեցին ամուսնանալ հենց շրջափակման պայմաններում՝ Հայաստանի հավաքականի շապիկներով, հարսանիքից 1 ժամ առաջ գնված մատանիններով, 2500 դրամով վարձով վերցված հարսի քողով ու լիքը լիքը սիրով։
Մենք գիտենք, որ գրեթե բոլորին հետաքրքիր է, թե ինչի ավանդական հարսանեական հագուստին Ամելին ու Արմանը նախընտրեցին Հայաստանի հավաքականի վերնաշապիկները, որոնք ի դեպ գնվել են 2008թ․ Հայաստան-Թուրքիա խաղից հետո։ Հարցի պատասխանը շատ կարճ է՝ սերը դեպի ֆուտբոլ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: