Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 6-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Շուշի։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։
Նրա խոսքով՝ Շուշիում Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ։ Հունգարիան 2018 թվականից Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունի։ Հա, Էրդողանը հրաժարվել է այս անգամ Շուշի գնալ։
Օրբանը՝ 2010-ին Հունգարիայի վարչապետ կրկին դառնալու պես Պուտինի ընկերոջ փողերով եւ խնդրանքով Բաքվին հանձնեց հայ զինվորականին Բուդապեշտում 2006-ին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Հայատստանն այն ժամանակ այնքան արժանապատվություն ունեցավ, որ խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը։
Այդ կապերը վերականգնվեցին վերջերս, այն պատռվակով, որ Հունգարիան 2024-ի հուլիսից կես տարով ստանձնում է /ստանձնել է/ ԵՄ նախագահությունը, եւ հարիր չէ հետը կապ չունենալ։ 2023-ի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից եւ տեղահանումից հետո Հունգարիան նույնիսկ խոստացավ 1000 արցախցի երեխայի հանգիստ ապահովել։ Դժվար թե արցախցի երեխաների ծնողներն նրանց Սաֆարովի երկիր Հունգարիա ուղերկեն, բայց կարեւորը PR-ն էր։
Իմիջայլոց, 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Էրդողան հայտնի հանդիպմանը ներկա է եղել նաեւ Օրբանը։
Հունգարիան արգելափակել եւ այսօր ապաարգելափակել է ԵՄ ֆոնդից Հայաստանին 10 մլն․ եվրո օգնության տրամադրումը։ Երեւի որպես վճար՝ Շուշի գնալու համար։
Ոչնչացված Քարին տակի մատույցներում Օրբանին կդիմավորի Սաֆարովը հայտնի կացնով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: