«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքը» (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի ղեկավարությամբ, որը ստացել է 143 մանդատ։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։
Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։
«Ազգային հանրահավաքը» գրավեց առաջին տեղը առաջին փուլում և հույս ուներ ուժեղ արդյունքի հասնել կիրակի օրվա քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:
Երկու օրվա ընթցքում Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում իշխանությունը փոխվեց. ձախերը վերադարձան։ Առանցքային երկրներում իշխանափոխության հետ կապված բարձրացված հիմնական հարցերից մեկը Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն է։
«Իսրայելի և Գազայի հատվածի դեմ սանձազերծված բոլոր բռնությունները միայն մեկ բան են ապացուցում. բռնությունը բռնություն է ծնում և ինքն իրեն վերարտադրում։ Մենք սարսափում ենք, և մեր մտքերն ու կարեկցանքը ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են դրանից: Անհրաժեշտ է զինադադար. Ֆրանսիան պետք է դրան հասնի քաղաքական և դիվանագիտական ուժերով», – ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը, նրա խոսքով, տարածաշրջանը պետք է վերադառնա Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, ինչպես նշված է ՄԱԿ-ի բանաձեւերում:
Բացի այդ, ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը Հայաստան է ժամանել 2024 թվականի ապրիլի 24-ին և մեղադրել Իսրայելին Ադրբեջանին զենք մատակարարելու մեջ՝ դրա դիմաց Իսրայելի գործողությունների համար հարթակ ստանալով։
«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության, որ արգելվում է ցանկացած ցեղասպանական գործողություն։ Այն փաստը, որ դա չի արվել մինչ այսօր, թույլ է տրվել, որ Գազայում տեղի ունենան նույնատիպ ցեղասպանական գործողություններ»,- ասաց Մելանշոնը։
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառվի, որպեսզի կասեցվի նրա ծավալապաշտական նկրտումները։
«Երբ տեսնում եմ, որ եվրոպական իշխանությունները, որոնք, որպես կանոն, պետք է ի վիճակի լինեն ամեն ջանք գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քաղաքակիրթ ճանաչմանը հասնելու համար, ոչինչ չեն անում և նույնիսկ պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ, ինչը երաշխավորում է Ադրբեջանի անպատժելիությունը։ Դա չպետք է անել։
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ։ Եթե մեկ անգամ Ադրբեջանը պատժվի, դա այլևս չի կրկնվի, ուրեմն պետք է կիրառվեն պատժամիջոցներ ամբողջական ձևով»,- եզրափակեց նախկին պատգամավորը։
Մեծ Բրիտանիայում իշխանության եկած լեյբորիտները մոտավորապես նույն կարծիքին են Իսրայելի վերաբերյալ։
Իսրայելի եւ Հայաստանի հարցը համարվում է առանցքային նոր աշխարհակարգ կառուցելու համար, իսկ ձախերի և լեյբորիստների հաղթանակը Ֆրանսիայում և Բրիտանիայում վկայում է այն մասին, որ աշխարհում միտումները փոխվում են: