Արցախից բռնի տեղահանված անձինք պահանջատիրական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի եւ 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։
Ադրբեջանն Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները: Ակցիայի մասնակցիները պահանջելու են ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը։
«Առհասարակ Արցախի տարածքում մենք թողել ենք 6 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ են, նաեւ իսլամացման վտանգի տակ են: Սա այն քաղաքականությունն է, որն Ադրբեջանը սկսած 1920-ականներից իրականացնում է Արցախում, էթնիկ զտումներին զուգընթաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց հուշարձանների պահպանման մասնագետ Արմինե Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հիմա, երբ Ադրբեջանը հասել է նրան, որ էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հայկական հետքի վերացման խնդիրն է դրված։ «Նա ամենուրեք ֆիզիկապես ոչնչացնում է հայկական հոգեւոր շինությունները, արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահտակ ավերված։ Առաջինը Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որը 44-օրյա պատերազմից հետո հիմնահատակ ավերեցին։ Մյուսները՝ Բերձորի եկեղեին եւ Շուշիի Հովհաննես Մկրիչ եկեղեցինեն, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է որպես «Կանաչ ժամ», որը հիմնահատակ ավերվել է: Եթե առաջին երկուսի դեպքում Ադրբեջանը հայտարարում էր, որ դրանք նոր են կառուցվել, ապօրինի են կառուցվել իբր թե իր տարածքում, սակայն Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 18-րդ դարում կառուցված եկեղեցի է։ Եվ բավական վերջերս՝ ապրիլի 5-ին օդատիեզերական լուսանկարներից պարզ դարձավ, որ վերացվել է։ Մասսայաբար վերացվում են գերեզմանոցներ, օրինակ, Մեծ թաղերի, Սղնախ գյուղի գերեզմանոցները։ Իսպառ վերացվում են բնակավայրեր, օրինակ, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, որը հիմնահատակ ավերվել է եւ որպես այդպիսին չկա: Եվ միայն շենք շինությունները չեն բարբարոսաբար վերացվում, դրա հետ մեկտեղ վերացվում են մարդկային պատմությունները, մարդկանց կեսանգրությունը։ Այսինքն՝ տարածքն ազատվում է հայկական շնչից»,- նշեց Արմինե Հայրապետյանը։
Նա ասաց, որ ՄԱԿ-ի գրասենյակին նամակ են հանձնում, որ ՄԱԿ-ը ստիպի ու ճնշի, որպեսզի Ադրբեջանը հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: