Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոն կփոխարինի Տոյվո Կլաարին

  • 19:07 17.07.2024

Եվրոպական միության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս պաշտոնում նա կփոխարինի Տոյվո Կլաարին, հայտարարել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը վերջերս հավանություն տվեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,- գրել է Չեխիայի ներկայացուցչությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Մայիսին Գրոնոն նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական։ Նախկինում նա աշխատել է որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության ավագ խորհրդական։

Մագդալենա Գրոնո քաջատեղյակ է Հարավային Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի իրավիճակին՝ նա երկար տարիներ եղել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար։