Պայթյուն Կապանում. կա զոհ (լրացված է)

  • 20:52 20.07.2024

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա: Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն:

Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:

«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում:

f