Եթե դու լռում ես, Ալիեւը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի պատմական հողերի» մասին

  • 10:07 26.07.2024

Հայկական կողմը պետք է առնվազն հակընդդեմ խոսույթ ձեւավորի ադրբեջանական պահանջների դեմ։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Շուշիի համաժողովում Ալիեւի հնչեցրած պահանջներին։

Օրինակ, երբ Ալիեւը խոսում է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին, ըստ Պապյանի, հայկական կողմը պետք է ասի՝ այո՛, Սովետական Հայաստանից եղել են մեկնողներ, բայց իրենք գաղթական չեն եւ հատուցումներ են ստացել։

«Եթե չեմ սխալվում՝ ադրբեջանցիները ժամանակին 240 մլն դոլար փոխհատուցում են ստացել, այդ փաստաթղթերը պետք է հանել։ Պետք է հակընդդեմ ասել՝ Բաքվի, Սումգայիթի, այլ բնակավայրերի հայերի հարցը կա, շատ ավելի մեծ թվով հայեր են գաղթել։ Եվ եթե այդ հարցը բարձրացվում է, պետք է բարձրացվի զուգահեռ, բայց միեւնույն ժամանակ պետք է ասել, որ Ղարաբաղի հայության ճակատագիրը չի կարող դրվել նույն հարթության վրա ինչ-որ գաղթականների հարցի հետ։ Ղարաբաղի հայությունն անգամ ԽՍՀՄ կազմում ուներ վարչական ինքնավարություն, դա առանձին հարց է»,- ասաց Պապյանը։

Ըստ նրա՝ պետք է լուծվի Արցախի հայության՝ միջազգային երաշխիքներով վերադարձի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը բարձրացնում է ադրբեջանցի մեկնողների հարցը, այդտեղ պետք է հակընդդեմ նշվի, որ այդ ամենը հետեւանք է Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերի կոտորածի, որի մասին արեւմտյան մամուլը հեղեղված է եղել։ Եվ այդ ամենի վերաբերյալ պետք է համապատասխան փաթեթ պատրաստվի։

«Այսինքն՝ այդ մարդիկ մեկնել են ոչ թե այն պատճառով, որ հայերը որոշել են իրենց նկատմամբ հալածանքներ սկսել, այլ մեկնել են, որովհետեւ Ադրբեջանում հայությանը կոտորել են, ցեղասպանության են ենթարկել, որի հետեւանքով էլ առաջացել է այդ լարված իրավիճակը։ Դրա հետեւանքով ադրբեջանցիները գաղթել են, բայց հատուցումներ են ստացել։ Եվ պետք է անպայման շեշտվի, որ որեւէ ադրբեջանցի չի սպանվել՝ ի տարբերություն հայերի։ Էլ չեմ խոսում ծեծված ու հալածված հայերի մասին»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարքագծին՝ Պապյանն ասաց․ «Այն մտայնությունը, որ եթե չխոսենք Ալիեւի հայտարարությունների մասին, այս ամբողջը կանցնի, կգնա, դա սխալ նիկոլական տեսակետ է։ Ինքը մտածում է, որ իբր Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է Հայաստանի քաղաքականությամբ Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ եթե Հայաստանը ոչ մի պահանջ չներկայացնի, ապա Ադրբեջանն էլ չի ներկայացնի։ Այսինքն՝ եթե Ղարաբաղը տալիս ենք Ադրբեջանին, Ադրբեջանը մեզ հետ կլինի եղբայրական ազգ, այդ մտայնությամբ էլ տվել է ու տալիս է։ Բայց մենք տեսնում ենք, որ անընդհատ պահանջներ են ներկայացվում։ Անտառային մեծ հրդեհները մարելու համար հակընդդեմ հրդեհ են անում, նույնն էլ քաղաքականության մեջ է, դու չպետք է լռես, անընդհատ պետք է պահանջներ ներկայացնես»։

«Երբ ես երկար տարիներ խոսում էի Վիլսոնի իրավարար վճռի մասին, շատերը չէին հասկանում, որ դա կարեւորագույն գործիք է քաղաքական եւ դիվանագիտական դաշտում։ Երբ դու ցույց ես տալիս, որ քո հարեւանները քեզանից հազարավոր քառակուսի կիլոմետրեր գրավել ու օկուպացրել են, դու դրանով արդեն կանխում ես նրա հավակնությունները քո նկատմամբ։ Իսկ եթե դու լռում ես, Ալիեւը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի պատմական հողերի» մասին, եւ իրենք սա շարունակելու են։ Հետեւաբար, միակ տարբերակը հակընդդեմ գործընթաց սկսելն է։ Ոմանք գուցե կասեն՝ սա կհանգեցնի պատերազմի։ Բայց վստահեցնում եմ ձեզ՝ Ալիեւը եթե հնարավորություն ունենա անպատիժ պատերազմ մղելու, հազար պատրվակ կգտնի պատերազմ սանձազերծելու համար»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

f