Էրդողանը պայթեցրեց Ալիևի և Փաշինյանի սուտի փուչիկը

  • 17:51 29.07.2024

Ստեփանակերտ, 2023, սեպտեմբերի 19

Էրդողանն ասել է, որ Անկարան «պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արեց անցյալում Լիբիայում և Ղարաբաղում»:

Այդ մասին Էրդողանը հայտարարեց նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի եւ Քըլըչի 5-րդ հանդիպումը։

Հայկական կողմը չարձագանքեց Էրդողանի խոստովանական հայտարարությանը և չմեղադրեց Թուրքիային ագրեսիայի մեջ՝ ընդունելով Թուրքիայի ներխուժումն Արցախ որպես “օրինաչափ” և կապ չունեցող Ռուբինյանի եւ Քըիլիչի հանդիպման հետ։ Ավելին, օրերս Նիկոլ Փաշինյանը, ընդհատելով արձակուրդը, այցելել է Մարգարայի անցակետ՝ նախանշելով հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը «երրորդ երկրների քաղաքացիների համար»։

Ավելի վաղ Փաշինյանը արցախյան վերնախավին անվանել էր «վախկոտ դասալիքներ», որոնք պետք է փտեն բանտում։ Իսկ իշխանամետ շրջանակներում ակտիվորեն տարածվում էր թունավոր թեզն այն մասին, որ արցախցիները չեն կռվել ու լքել են իրենց տները Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։

Ի տարբերություն Էրդողանի, Հայաստանի իշխանությունը քաղաքական գնահատական ​​չի տվել 2020-2023թթ. պատերազմին և պատասխանատվության չի հրավիրել Ռուսաստանին, Թուրքիային և Իսրայելին, որոնք անմիջականորեն մասնակցել են պատերազմին։ Հայաստանի կառավարությունը չի հայտարարել, որ Արցախի ժողովուրդը և հայկական բանակը կռվել է ոչ թե Ալիևի զորքերի, այլ չորս երկրների դեմ։

Բայց Բաքուն անսպասելիորեն հակադարձեց Էրդողանի հայտարարություններին։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», – ասել են Բաքվի ՊՆ-ում։

Տեսեք, թե ինչպես միանգամից թփրտաց Բաքուն։ Ի վերջո, Էրդողանը պատահաբար կամ միտումնավոր պայթեցրեց Ալիևի փքված փուչիկը, որը դես ու դեն է գնում «ամենազոր» տեսքով, բռունցքը թափահարելով, եւ ահա պարզվեց՝ որ ոչ մի բռունցք էլ չկա․ Էրդողանն ասում է, որ ամեն ինչ Թուրքիան է արել։

Էրդողանի հայտարարությունը ապտակ է նաև Պուտինին և Նեթանյահուին, որոնք, ըստ ամենայնի, խոստացել էին, որ եթե Թուրքիան Ղարաբաղ մտնի, նրանք կլուծեն քաղաքական խնդիրները և կհասնեն ագրեսիայի և ցեղասպանության արդյունքների միջազգային ճանաչմանը։ Բայց այստեղ էլ չստացվեց, և այժմ աշխարհի ուղեղային կենտրոնները լրջորեն քննարկում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի փլուզման հնարավորությունը: Իսկ Արցախի հարցը ինչպես չլուծված եղել է, այդպես էլ մնում է։

Ղարաբաղի հայկական արմատներն այնքան խորն են, որ դուրս են գալիս երկրագնդի մյուս կողմից։

Նաիրա Հայրումյան

f