Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի Հեզբոլլահի դեմ․ Լիբանանի կառավարությունը հետաքննության կոչ է անում

  • 10:20 30.07.2024

Իսրայելի անվտանգության կաբինետը լիազորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա պաշտպանության նախարարին որոշել, թե երբ և ինչպես պատասխան հարված հասցնեն ի պատասխան հրթիռային հարձակման, որն, ինչպես ասում են Իսրայելը և ԱՄՆ-ն, իրականացվել է շաբաթ օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից:

Նախարարները շտապ խորհրդակցության են հավաքվել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս քաղաքի վրա հարձակումից հետո։ Շաբաթ երեկոյան իրականացված հարձակման հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել դրուզե համայնքից։ «Հեզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը օպերացիային:

Նախօրեին Նեթանյահուն ընդհատել էր իր այցը ԱՄՆ և վերադարձել Իսրայել։

Հարձակումը մտավախություն է առաջացրել, որ մինչ այժմ համեմատաբար զուսպ մարտերը կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:

Արևմտյան կառավարությունները դատապարտեցին հարձակումը, սակայն Իսրայելին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իր պատասխանում: Սպիտակ տունը հայտնել է, որ «այս սարսափելի հարձակումից հետո շարունակական քննարկումների մեջ է եղել իսրայելցի և լիբանանցի գործընկերների հետ»:

ԱՄՆ վարչակազմը նաև ասել է, որ «աշխատում է Կապույտ գծի երկայնքով [Իսրայելի և Լիբանանի միջև ոչ պաշտոնական սահմանը] դիվանագիտական ​​լուծման վրա, որը մեկընդմիշտ վերջ կդնի բոլոր հարձակումներին»:

«Հեզբոլլահ»-ն պնդում է, որ չի հարվածել: Լիբանանի կառավարությունն իր հերթին կոչ է արել հետաքննել միջադեպը: Դիտավորյալ հարվածի տեսությունները ակտիվ քննարկվում են վերլուծական շրջանակներում, հատկապես այն բանից հետո, երբ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում կոչ արեց «բռնել քաղաքակրթության կողմը բարբարոսների դեմ պատերազմում»։

f